ՈՐԱԿՅԱԼ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ԴԱՐԲՆՈՑԸ
Հզոր ու մարտունակ է այն բանակը, որն օժտված է բարոյահոգեբանական բարձր հատկանիշներով, ունի գերազանց մարտական պատրաստականություն ու վայելում է հարազատ ժողովրդի սերն ու աջակցությունը։ Արցախում երբ խոսք է գնում հնարավոր պատերազմի մասին, բոլորից նույն բանն ես լսում՝ գնալու ենք կռվենք, բա ի՞նչ ենք անելու, կռիվը չի պրծել։ Էս ջահել զինվորներին հո չենք թողնելու մենակ, առանց մեզ ո՞նց կլինի… Զգում ես, որ «պաշտպանության բանակ»-ը հարաբերական հասկացողություն է։ Այստեղ բոլորն են իրենց հայրենիքի պաշտպան, զինվոր զգում, ու առաջին հերթին այդ միասնությունն է բազմապատկում բանակի մարտունակությունը։
♦♦♦
Կենտրոնական պաշտպանական շրջանում շատ դժվար է որոշել, թե որ ստորաբաժանումը, որ գումարտակն է առավել մարտունակը։ Յուրաքանչյուրն իր խնդիրն ունի, ու բոլորն էլ աչքի են ընկնում առաջադրանքները կատարելու նպատակասլացությամբ։
-Քանի որ անցած ուսումնական տարում տանկայինը բարձր արդյունքներով մի քանի կարևոր «քննություն» հանձնեց, որոշեցինք հենց այդ գումարտակին հանձնել լավագույնի փոխանցիկ դրոշը,- ասաց հրամանատարի տեղակալ փոխգնդապետ Գ. Ավանեսյանը։
ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ
Փոխգնդապետ Գառնիկ Մնացականյանը ծնվել է Ասկերանի շրջանի Շոշ գյուղում։ Ավարտել է դպրոցը և անդամակցել Արգամ Հարությունյանի ինքնապաշտպանական ջոկատին։ Երկու տարի ջոկատի մարտական գործողություններին մասնակցելուց հետո՝ գործուղվում է ՌԴ զինվորական բուհերից մեկը, որտեղ էլ ձեռք է բերում տանկիստի մասնագիտություն և վերադառնալով հայրենիք։ Զբաղեցնելով տարբեր պաշտոններ՝ 2011թ. օգոստոսին նշանակվում է գումարտակի հրամանատար:
ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԴՐՅԱԼՆԵՐԸ
-Գումարտակը համալրվում է ուսումնական զորամասերից ժամանած երիտասարդ տանկիստներով, որոնք սովորաբար ունեն բավարար գիտելիքներ ու հմտություն, և մեր խնդիրն է զարգացնել նրանց կարողությունները, որպեսզի ուսումնական կարճ ժամանակաշրջանում պատրաստ լինեն վստահորեն վարելու տեխնիկան, կարողանան հայտնաբերել հակառակորդին ու ճիշտ նշանառությամբ կրակ բացեն և այլն։ Գլխավորը զինվորի նկատմամբ սպայի, հրամանատարի ցուցաբերած վերաբերմունքն է. սիրեցիր զինվորին, ջերմորեն վերաբերվեցիր նրան, նա էլ վարձահատույց կլինի իր բարեխիղճ ծառայությամբ, տրված հանձնարարությունները լավագույն ձևով կատարելու պատրաստակամությամբ,- ասում է փոխգնդապետ Գ. Մնացականյանը։
Գումարտակի հրամանատարը նշեց, որ հաջողության հասնելու գործում շատ մեծ է կապիտան Արայիկ Աբաղյանի վաշտի դերը։ Առաջադրանքների կատարման ընթացքում ամենաբարձր արդյունքներն են ցույց տվել սերժանտներ Տիգրան Վարդանյանի, Մարգար Հովհաննիսյանի, կրտսեր սերժանտ Գրիգոր Բարսեղյանի անձնակազմերը։ Բոլոր զորավարժությունների ժամանակ կրակայինից «գերազանց» գնահատականներ են ստացել նշանառու-օպերատորներ, եֆրեյտորներ Ռազմիկ Մովսիսյանը, Արմեն Ձավարյանը, Արամ Հարությունյանը և շարքային Ալեքսան Հարությունյանը։ Մեխանիկ-վարորդներից գումարտակի հրամանատարն առանձնացրեց եֆրեյտորներ Հարություն Աղաբեկյանին, Գևորգ Սարգսյանին, շարքայիններ Հարություն Խաչատրյանին և Ռուբիկ Գրիգորյանին։
ՀԱՎԱՔԱԿԱՅԱՆՈՒՄ
Ուսումնական փուլի մեկնարկի նախօրեին հավաքակայանում շարունակվում էին նախապատրաստական աշխատանքները։
Այժմ հիմնականը մարտկոցների վերալիցքավորումն է, որին կհաջորդի տեխնիկայի գործարկումն ու աշխատանքի ստուգումը։ Մենք պետք է պատրաստ լինենք, որովհետև ուսումնական փուլի մեկնարկային պարապմունքների ընթացքում, հնարավոր է, տեխնիկայի դուրսբերման հրաման ստանանք,- պարզաբանեց վաշտի հրամանատար Գեորգի Կարապետյանը։
Շվաքարանում փորձառու մասնագետի իմացությամբ ջանադիր աշխատում էին շարքայիններ Արսեն Ստեփանյանը, Կարեն Գրիգորյանը, Անդրանիկ Հարոյանը, Մանուկ Վարդանյանը…
Զրուցում ենք զինվորների հետ։
Տանկի հրամանատար Վիգեն Վարդանյանը մեկուկես տարի ծառայած փորձառու տանկիստ է։
-Անցած տարի իմ անձնակազմը մասնակցել է երկու զորավարժությունների և ցույց տվել բարձր արդյունքներ, ինչի համար խրախուսվել եմ արձակուրդով։ Իմ նշանառուն շարքային Արսեն Աթոյանն է, իսկ մեխանիկ-վարորդը՝ շարքային Հարություն Աղաբեկյանը, որն արդեն զորացրվել է,- ասաց Վիգենը։
♦♦♦
Հավաքակայանում աշխատանքներ էին կատարում նաև մյուս գումարտակների, ստորաբաժանումների զինծառայողները։ Փոխգնդապետ Ա. Մկրտչյանի հրամանատարությամբ գործող ստորաբաժանումներից մեկը մարտկոցի ավագ սպա, ավագ լեյտենանտ Հայկ Պապոյանի ղեկավարությամբ, վերալիցքավորելով մարտկոցները, անցած թեմաների կրկնություն էր կատարում։
-Այստեղ մնացել են մարտական տեխնիկայի հաշվարկների հրամանատարները, միասին պարապում ենք, որ լավ պատրաստվենք ուսումնական փուլին։ Հաշվարկներում ընդգրկված են երիտասարդ հրետանավորներ, ուստի պիտի այնպես անենք, որ նրանք կարճ ժամանակում տիրապետեն իրենց գործին,- պարզաբանեց ավագ լեյտենանտը։
Սերժանտներ Հովհաննես Աղաջանյանը, Տարոն Գրիգորյանը, կրտսեր սերժանտներ Դավիթ Բաղդասարյանը, Էդգար Զաքարյանը և մյուսները, գոհունակություն հայտնելով իրենց ծառայության ընթացքից, ասացին, որ լավ են պատրաստվել ուսումնական փուլին և ուզում են, որ այն շուտ սկսվի, որպեսզի նաև դաշտ դուրս գան։
ԱՆԲԱԺԱՆ ԸՆԿԵՐՆԵՐԸ
Լավագույն վաշտի հրամանատար, կապիտան Արայիկ Աբաղյանը և լավագույն դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Արմեն Ադամյանը ծնունդով Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղից են, երկուսն էլ քսանվեց տարեկան։ Դպրոցում սովորել են նույն դասարանում, կողք կողքի նստել նույն նստարանին։ Հետո՝ միասին ընդունվել են Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի տանկային բաժինը։ Ավարտել են ուսումը և ծառայության նշանակվել։ 2010թ. երկուսին էլ տեղափոխել են Կենտրոնական պաշտպանական շրջան։ 2011 և 2012թթ. վաշտը գումարտակի կազմում ճանաչվել է լավագույնը, շահել փոխանցիկ դրոշը, իսկ վաշտի և լավագույն դասակի հրամանատարները խրախուսվել են պատվոգրերով, պաշտպանության նախարարի սահմանած դրամական պարգևով։
Կարևորն այն է, որ երիտասարդ սպաները չեն չարաշահում ընկերության գործոնը, ընդհակառակը, միմյանց նեցուկ լինելով, ամեն ինչ անում են, որ առաջադրանքները կատարվեն պատշաճ կերպով։
Ա. ՆԵՐՍԻՍՅԱՆ
Փոխգնդապետ
Լուս.՝ հեղինակի