Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅԱՆ ԴԵՐԸ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ



«Յալթա-1945» կոնֆերանսի ծածուկ էջերը

«Երկիրն առանց հետախուզության կույր է,

իսկ առանց հակահետախուզության՝անպաշտպան»։

ԵՐԵՄԵՅ ՍԱՐԳՍՅԱՆ

20-րդ դարի գաղտնիքներից են հետախուզական ու հակահետախուզական այն օպերացիաներն ու դրանց անհայտ մասնակիցները, որոնց շնորհիվ ապահովվել է հակահիտլերյան դաշինքի պետությունների ղեկավարների անվտանգությունը Յալթայի և Պոտսդամի կոնֆերանսների ժամանակ (օպերացիաների անվանումներն են համապատասխանաբար «Արգոնավտ» և «Արմավենի»)։ Այս հոդվածում փոքր-ինչ մանրամասն կանդրադառնանք Յալթայի կոնֆերանսին, որն անցկացվել է 1945թ. փետրվարի 4-11-ը։

ԿՈՆՖԵՐԱՆՍԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆԸ

Կոնֆերանսի աշխատանքի և բոլոր պատվիրակությունների անվտանգության ապահովումը հանձն առավ խորհրդային կողմը։ Կոնֆերանսի նախապատրաստությունն ու աշխատանքը պարուրված էր գաղտնիության անթափանց քողով։ Դրա տեղը խիստ գաղտնի էր պահվում։ Արգելվել էր լրագրողների մուտքը Յալթա։ Կատարված պատմական իրադարձության մասին համաշխարհային հանրությունն իմացավ միայն պաշտոնական հաղորդագրությունից…

Մինչև վերջերս համարվում էր, որ առանձնահատուկ հսկողության գոտիներ էին միայն Սակին, Յալթան և Սևաստոպոլը։ Սակայն արխիվային նյութերը վկայում են, որ կարևորագույն գոտի էին բոլոր խճուղային ճանապարհներն ու Սիմֆերոպոլը, քանի որ Ստալինն օգտվում էր երկաթուղային հաղորդակցությունից և ինքնաթիռ չէր սիրում։ Նրա 501 լիտերային գնացքը ժամանեց Սիմֆերոպոլ, իսկ արտասահմանյան հյուրերը ինքնաթիռով եկան Ղրիմ։ Բարձրաստիճան եռյակի համար որպես վահան էին նախատեսված Կարմիր բանակի և Սևծովյան նավատորմի ՌՕՈՒ 160 կործանիչներ, ներքին գործերի ժողկոմի (ՆԳԺԿ) 4 գնդեր, 100 օպերատիվ աշխատակիցներ և 500 մարտիկներից բաղկացած պահպանության ջոկատը՝ Ստալինի պահպանության համար նախատեսված համահավաք գնդից, ՆԳԺԿ Մենժինսկու անվան ռազմատեխնիկական ուսումնարանի կուրսանտներ, ՆԳԺԿ 3000 մարտիկներ ու սպաներ, սևծովյան ամբողջ էսկադրան (նավատորմիկը), Պրիմորիեի առանձին բանակը, որն այն ժամանակ Ղրիմում էր։ Հաշվի առնելով թեհրանյան փորձը՝ ԽՍՀՄ-ը բարձրաստիճան հյուրերին անհատական սպասարկման համար տրամադրեց իր վարորդ-չեկիստներին։ Եվ դա ամենը չէ։ Ստալինը դիվերսիաներ ակնկալելու պատճառներ ուներ։ ԽՍՀՄ ՆԳԺԿ-ի ղեկավարությունը Ժնևում անլեգալ հետախույզներից տեղեկություն էր ստացել Յալթայում եռյակի առաջնորդների դեմ նախապատրաստվող մահափորձի մասին։ ՆԳԺԿ-ում գիտեին, թե ինչ վտանգ կարող են ներկայացնել Եվպատորիայի և Օսիպենկոյի դիվերսիոն-հետախուզական դպրոցներում պատրաստություն անցած գերմանացի դիվերսանտները. չէ՞ որ այդ հատուկ դպրոցների շրջանավարտների կեսից ավելին մեր նախկին հայրենակիցներն էին՝ ռուսներ, ուկրաինացիներ, վրացիներ և հայեր։ Նրանք իրենց հինգ մատների նման գիտեին Յալթայի պալատներն ու դրանց ելումուտը և պետք է հենահարթակ նախապատրաստեին գերմանական հիմնական մարտիկների համար, որոնք կհարձակվեին հակահիտլերյան դաշինքի առաջնորդների վրա, երբ վերջիններս Յալթայից տեղափոխվելիս լինեին Սևաստոպոլ։ Սակայն խորհրդային հետախուզության ու հակահետախուզության արդյունավետ գործունեության շնորհիվ «Դնեպր» օպերացիան հաջողվեց կանխել…

ՌԱԴԻՈԽԱՂ՝ ՀԱՆՈՒՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ

Երբ Կարմիր բանակի զորամասերն ազատագրեցին Սիմֆերոպոլը, 1943թ. ապրիլի 13-ին 4-րդ Ուկրաինական ռազմաճակատի «ՍՄԵՐՇԻ» (ռազմական հակահետախուզության) վարչություն մեղայականով կամավոր ներկայացան գերմանական հետախուզության երկու կապավոր-գործակալներ՝ Սարիբեկ Կարապետի Հովհաննիսյանը և Նորայր Գարեգինի Թոռլաքյանը։

Սարիբեկ Հովհաննիսյանը ծնվել է 1923թ. հունվարի 22-ին, ներկայիս ՀՀ Գեղարքունիքի մարզի Դդմաշեն գյուղում։ Եղել է 89-րդ հրաձգային դիվիզիայի հրետանային գնդի կապավոր, 1943թ. Կուբանում գերի է ընկել, պահվել Սիմֆերոպոլի ռազմագերիների ճամբարում, 1943թ. հունիսին գերմանական հետախուզության կողմից հավաքագրվել է, հետախուզական դպրոցում անցել կապավոր-գործակալի հատուկ ուսումնառություն։

Նորայր Թոռլաքյանը համշենցի Միսակ Հակոբի Թոռլաքյանի հորեղբոր որդին է (Միսակ Թոռլաքյանը ռուսական կայսերական բանակի նախկին սպա էր, ռազմական հակահետախույզ, հայկական ազգային-ազատագրական շարժման հայտնի գործիչ)։ Ն. Թոռլաքյանը ծնվել է 1917թ. Սոչիում, 442-րդ հրաձգային գնդի նախկին կարմիրբանակային է, գերի է ընկել 1941թ. Պերեկոպի շրջանում, պահվել Սիմֆերոպոլի ռազմագերիների ճամբարում, գերմանական հետախուզության կողմից հավաքագրվել 1943թ. հունիսին, հետախուզական հատուկ դպրոցում անցել կապավոր-գործակալի հատուկ ուսումնառություն։

Սարիբեկ Հովհաննիսյանն ու Նորայր Թոռլաքյանը պատմում են, որ գերմանական հետախուզությունն իրենց թողել է Սիմֆերոպոլի շրջակայքում՝ 6 հայերից բաղկացած խմբի կազմում հետախուզական աշխատանք կատարելու նպատակով։ Խմբի երեք անդամները ձերբակալվում են, իսկ չորրորդը, ինչպես հետո է պարզվում, գերմանացիների հետ փախչում է Սիմֆերոպոլից։ Խումբը հանձնարարություն էր ստացել հիմնավորվելու Սիմֆերոպոլի շրջանում և ձեռնամուխ լինելու Կարմիր բանակի զորամասերի, դրանց տեղակայման, Ղրիմում օդանավակայանների առկայության մասին հետախուզական տեղեկությունների հավաքմանը։

Ս. Հովհաննիսյանն ու փոքր-ինչ ուշ՝ Ն. Թոռլաքյանը (1944թ. հուլիսից) ռադիոխաղ են սկսում գերմանացիների հետ, որի ընթացքում խորհրդային հրամանատարության առաջադրանքով ռազմական ապատեղեկատվություն են փոխանցում նրանց։ 1945թ. հունվարի 21-ին (Յալթայի կոնֆերանսից երկու շաբաթ առաջ) հակառակորդն անսպասելիորեն ուղարկում է երկու ռադիոհաղորդագրություն, որոնցից մեկը՝ հետևյալ բովանդակությամբ. «Մեզ ամեն օր հաղորդեք եղանակի տեսությունը. արև, անձրև, մառախուղ կամ ձյուն, երկինքը պարզ է կամ ամպամած է քառորդ մասով, կիսով չափ կամ երեք քառորդով, ջերմաստիճանն ըստ Ցելսիուսի՝ նշելով ջերմաստիճանի հաստատման ժամը։ Հաղորդեք ճշգրիտ, քանի որ դա շատ կարևոր է մեզ համար։ Ողջույն»։ Գերմանացիների մտադրությունը ստուգելու նպատակով նրանց հաղորդվում է, որ գործակալներից երկուսը ուզում են անցնել նրանց կողմը։ Սակայն գերմանացիները պատվիրում են մոտակա օրերին մնալ տեղում և յուրաքանչյուր ռադիոհաղորդագրության հետ հաղորդել եղանակի տեսություն։ Ակնհայտ է դառնում, որ առաջադրանքը, անկասկած, պայմանավորված է նրանով, թե Ղրիմում, ուր որ է, սկսվելու էր երեք տերությունների ղեկավարների մասնակցությամբ կոնֆերանսը, և գերմանացիները, հավանաբար, ուզում էին ռմբակոծել Լիվադիայի պալատը, որտեղ անցկացվելու էին նիստերը։ Թշնամու մտադրությունը խափանելու համար կոնֆերանսի աշխատանքի ամբողջ ընթացքում գերմանացիներին տեղեկություններ էին հաղորդվում բացառապես վատ եղանակի մասին (համատարած ամպամածություն, անդադար ձյուն է տեղում, քամի)։ Հաշվարկն այն էր, որ այդ եղանակին գերմանական հրամանատարությունը չի հանդգնի ավիացիա ուղարկել Ղրիմ։

Եվ նրանք, իսկապես, ռիսկի չդիմեցին։ Ընդհանուր առմամբ, հակառակորդին երկու ռադիոկայաններով հաղորդվեց 40 ապատեղեկատվական հաղորդագրություն։

Հովհաննիսյանի և Թոռլաքյանի ազգանուններն առաջին անգամ բաց մամուլում հիշատակվել են 1997թ. ռազմական հակահետախույզ, գնդապետ Դմիտրի Պետրովիչ Տարասովի «Մեծ խաղ» գրքում, որը հրատարակել է «Ժիզն» հրատարակչատունը։

«ՍԱՌԸ ՊԱՏԵՐԱԶՄԻ» ԻՐԱԿԱՆ ՊԱՏՃԱՌԸ

ԽՍՀՄ, ԱՄՆ և Անգլիայի ղեկավարների մասնակցությամբ Յալթայի կոնֆերանսի ընթացքում Գերմանիայի հետպատերազմյան վիճակին առնչվող խնդիրների քննարկման ժամանակ Ստալինը պահանջեց, որ Հանքաբեր լեռները մտնեն բռնազավթման ենթակա խորհրդային գոտու մեջ։ Ըստ երևույթին, դեռ այն ժամանակ խորհրդային երկրաբանները (երկրաբանական-հանքաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգեյ Գալուստի Սարգսյանն ու նրա աշխատակիցները) ներկայացրել էին Հանքաբեր լեռների հեռանկարային լինելը. չէ՞ որ հենց դրանցում առաջին անգամ հայտնաբերվեց ուրանիտ հանքանյութը։ Այն ժամանակ ԽՍՀՄ-ի տարածքում դեռ գտնված չէին անհրաժեշտ քանակով ուրանի պաշարներ։ Իսկ Գերմանիայի տարածքում կային ուրանի հին հանքավայրեր՝ հնուց հայտնի Ռադիումբատ բուժավայրը, որտեղ հանքային ջրերը հոսում էին ուրանի հանքավայրերի մոտով։

ՍԵՐԳԵՅ ԳԱԼՈՒՍՏԻ ՍԱՐԳՍՅԱՆ

Դաշնակիցների հետ համաձայնություն է ձեռք բերվում Սաքսոնիայի և Տյուրինգիայի հետպատերազմյան կարգավիճակի վերաբերյալ։ Սակայն ամերիկացիներն իրենց խոսքը դրժում են. երբ Կարմիր բանակը գրոհում էր Բեռլինը, ամերիկյան զորքերն անհապաղ առաջ են շարժվում ԽՍՀՄ-ի հետ նախօրոք պայմանավորված տեղից 300 կմ դեպի արևելք և բռնազավթում ամբողջ Սաքսոնիան՝ նախապես լիովին ռմբակոծելով Դրեզդենը։ Նրանք անհապաղ Հանքաբեր լեռներ են ուղարկում ռազմական հետախույզների և երկրաբանների գաղտնի առաքելությունը («Ալսոս III» խումբը)՝ բոլոր հանքահորերի ու փլուզվածքների հետազոտման նպատակով, որպեսզի գնահատեն Հանքաբեր լեռների տարածաշրջանի հեռանկարայնությունը։ ԽՍՀՄ մարշալ Գ.Կ.Ժուկովը խիստ նախազգուշացնում է, որ անհրաժեշտ է հետևել նախկինում ձեռք բերված պայմանավորվածություններին և սպառնում շրջափակման ենթարկել Արևմտյան Բեռլինը։ Դրանից հետո խորհրդային զրահատանկային զորամասը մտնում է Պլաուեն քաղաքը, և ամերիկյան բանակը հեռանում է Հանքաբեր լեռներից։ Այնտեղ անմիջապես մուտք են գործում խորհրդային զորքերը, նրանց հետ՝ երկրաբաններն ու հանքափորները։ Իսկույն սկսվում են երկրաբանական-հետախուզական աշխատանքները, և արդեն մեկ տարի անց հայտնաբերվում են ուրանի նոր հանքավայրեր։

5 տարի անց պարզ է դառնում, որ հենց այստեղ են գտնվում աշխարհի ամենախոշոր (այն ժամանակ հայտնի) հանքավայրերը։ Այսօր ուրանի ամենախոշոր հանքավայրերը գտնվում են Ավստրալիայում (արդյունահանման ծավալով երրորդն է), Ղազախստանում (առաջինն է), Կանադայում (երկրորդ տեղում է), Նիգերիայում, Նամիբիայում, Ռուսաստանում և Ուկրաինայում։

Նոր օգտակար հանածոն կռվախնձոր դարձավ նախկին դաշնակիցների համար և միաժամանակ՝ «Պանդորայի արկղ» (ուրանից պատրաստեցին ատոմային ռումբ)։ Հենց Հանքաբեր լեռների ուրանի հանքավայրերի օգտագործման շուրջ տարաձայնություններից ծագեց «Սառը պատերազմը»։ Հասկանալով՝ ինչ հարստություն են ձեռքից բաց թողել, ամերիկացիները պահանջեցին Հանքաբեր լեռներից հանված ուրանի հանքանյութը Գերմանիայի սահմաններից դուրս չուղարկել։ Ստալինը մերժեց այդ պահանջը, ինչից էլ սկսվեցին արմատապես փչանալ դաշնակցային հարաբերությունները։

ԱՐԿԱԴԻ ՍԱՐԳՍՅԱՆ

ՌԴ ռազմական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ, տեխն. գիտ. դոկտոր

ՍԵՐԳԵՅ ԳԱԼՈՒՍՏԻ ՍԱՐԳՍՅԱՆ

Խորագիր՝ #08 (975) 28.02.2013 – 6.03.2013, Պատմության էջերից


28/02/2013