ՌԱԶՄԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹՆԵՐԻ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ
Ադրբեջանը դեռ չի հրապարակել ռազմական «Մի-17» ուղղաթիռի կործանման պատճառները: Դեպքը տեղի է ունեցել փետրվարի 11-ին, զոհվել են կապիտան Յ.Ահմեդովը, լեյտենանտներ Ռ.Ռուստամովը և Բ.Զեյնալովը:
Լրագրողական ռազմական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ջասուր Սումերինլին վստահ չէ, որ վթարի պատճառներն առհասարակ կհրապարակվեն: Այդ է հուշում նախորդ վթարների փորձը. 2008թ. հունվարի 29-ին ադրբեջանական ՌՕՈՒ «ՄիԳ-29» կործանիչը ջախջախվեց վարժանքների ժամանակ, երկու օդաչուները զոհվեցին: 2010թ. մարտի 3-ին Շամքորի շրջանում դարձյալ վարժանքների ընթացքում կործանվեց ադրբեջանական «Սու-25»-ը, զոհվեց օդաչուն: Ոչ մի դեպքում աղետի պատճառը չի հրապարակվել:
«Ռազմական ինքնաթիռների և ուղղաթիռների կործանման հիմնական պատճառը տեխնիկական անսարքությունն է: Հավանաբար, փետրվարի 11-ին ռազմական ուղղաթիռը ծովն է ընկել նույնպես տեխնիկական խնդիրների պատճառով»,- «regnum.ru»-ի թղթակցին կարծիք է հայտնել Ջ.Սումերինլին:
Ըստ նրա` Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը Ռուսաստանից և Ուկրաինայից գնում է հին ռազմական տեխնիկա, ինչն էլ վթարների` միջինից բարձր հավանականության պատճառն է: Նկատենք, որ ռազմական հարցերում շեշտը քանակի և ոչ թե որակի վրա դնելու գործելաոճը բնորոշ է Ադրբեջանի ղեկավարությանը: Դա վերաբերում է ինչպես մարդկային ռեսուրսներին, այնպես էլ սպառազինությանն ու տեխնիկային:
Եթե ինքնաթիռների և ուղղաթիռների կործանումները վկայում են Ադրբեջանում առնվազն տեխնիկական ծառայությունների ցածր մակարդակը, ապա զորավարժության ընթացքում տանկի փոսն ընկնելը և շրջվելը ցույց է տալիս, որ անձնակազմի հետ պարապմունքներն անցկացվում են անբավարար մակարդակով: Այդպիսի դեպք տեղի է ունեցել փետրվարի 15-ին, Նախիջևանում: Տանկիստ Մ.Բեյլյարովը զոհվել է:
Այս ամենը հերթական անգամ վկայում է, որ ադրբեջանական ռազմական մշակույթը, ընդհանուր առմամբ, ցածր է: Այս եզրակացությունը կօգնի հասկանալ, թե ինչ է կատարվելու Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանի հետ, երբ ռուսները հեռանան այնտեղից: Օրերս Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Դորոխինը հայտարարեց, որ կայանը պետք է Ադրբեջանին վերադարձվի այն վիճակում, որում ստացել են 2002թ.: Այդ օրվանից ի վեր ՌՏԿ-ն համալրվել է արդիական սարքավորումներով, ավտոմեքենաներով, սանիտարական տեխնիկայով, հոսպիտալով, որոնք Ռուսաստանն իրավունք ունի հետ վերցնելու: «Ներկայումս աշխատանք է տարվում` պարզելու, թե ինչը Ռուսաստանն իրավունք ունի վերցնելու, և ինչն է մնալու Ադրբեջանին»,- ասել է դեսպանը: Առաջիկա ամիսներին այդ հարցը կհստակեցվի:
Դժվար չէ կանխատեսել, որ այն բանից հետո, երբ Ռուսաստանն իրեն պատկանող արդիական տեխնիկան հանի Գաբալայի ՌՏԿ-ից, Ադրբեջանն իր քարեդարյա ռազմական մշակույթի պայմաններում հայտնված կայանը կարող է լավագույն դեպքում օգտագործել որպես մետաղի ջարդոն: Կայանը այլ պետությունների վարձակալության տալու տարբերակը հազիվ թե իրականանա, որովհետև կապված է լինելու ֆինանսական մեծ ներդրումների, տեխնիկայի բնութագրերի անհամապատասխանության և այլ խնդիրների հետ: Թեպետ չի բացառվում, որ Թուրքիան, օրինակ, մտածի այդ ուղղությամբ: Չի բացառվում, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարի` փետրվարի 18-ին Թուրքիա կատարած այցի ընթացքում «միջպետական ռազմական համագործակցությունը» քննարկելիս արծարծվել է նաև Գաբալայի ՌՏԿ-ի հետագա ճակատագիրը:
Ի տարբերություն Ադրբեջանի` հայկական զինված ուժերի զարգացման գործընթացում շեշտը դրվում է որակական առաջընթացի, թշնամուն ասիմետրիկ պատասխան հասցնելու կարողությունների կատարելագործման վրա: Վերջերս, օրինակ՝ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հատուկ նշանակության զորամասերից մեկը կատարած այցի ընթացքում նշել է, որ «զորատեսակի մարտական պատրաստականության բարձրացումը այսուհետ ևս լինելու է ինչպես բանակի հրամանատարության, այնպես էլ երկրի ղեկավարության ուշադրության կենտրոնում»:
Եվ երբ, ի վերջո, սփյուռքի և Հայաստանի հայության համատեղ ուժերով իրականանա Արցախում Սուվորովի և Մադաթովի անվան Ռազմական ուսումնարան ստեղծելու ծրագիրը, ապա որակապես կփոխվի ԼՂՀ պաշտպանության բանակի մարտական պատրաստականության մակարդակը: Այդ ծրագրի համակարգողը գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանն է (Կոմանդոս): «Ուսումնարանի սաները ռազմական կրթություն են ստանալու անմիջապես դպրոցական նստարանից: Սուվորովյան ռազմական ուսումնարանների փորձը գործում է ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Ֆրանսիայում և ԱՄՆ-ում: Մեր նպատակը արտասահմանյան փորձը փոխառելն է, ինչին հասնելու համար արդեն իսկ ստեղծված է աշխատանքային խումբ»,- ասում է Ա.Տեր-Թադևոսյանը: Սուվորովի և Մադաթովի անվան ղարաբաղյան ռազմական ուսումնարանը համապատասխանելու է արդիական բոլոր չափանիշներին:
Գանձասարի վանական համալիրից ոչ հեռու ռազմական ուսումնարան ստեղծելու ծրագիրը սփյուռքի ազդեցիկ հայերի իրականացնելիք աշխատանքի ընդամենը մեկ բաղադրիչն է: Մյուսներն առայժմ գաղտնի են պահվում և հրապարակվելու են կյանքի կոչվելուն զուգընթաց:
ԱՐՍԵՆ ՅԱԼԱՆՈՒԶՅԱՆ
Խորագիր՝ #08 (975) 28.02.2013 – 6.03.2013, Ռազմաքաղաքական