ՎԱՌՈԴԸ ՊԵՏՔ Է ՉՈՐ ՊԱՀԵԼ
Վերջին շրջանում ադրբեջանական զինված ուժերը լարվածություն մտցրին հայ և ադրբեջանական շփման գծում: Հակառակորդի դիվերսիոն հարձակումները թեև զսպվեցին, սակայն այս պետությունը շարունակում է ռազմականացման քաղաքականությունը` այն համեմելով ռազմաշունչ հռետորաբանությամբ: Ադրբեջանի վարած քաղաքականության մասին զրուցել ենք ռազմական փորձագետ, ազատամարտիկ ԵՐՋԱՆԻԿ ՍԱԼՎԱՐԴՅԱՆԻ հետ:
– Ադրբեջանը երկարատև լռությունից հետո վերջերս դիվերսիոն հարձակում իրականացրեց հայկական դիրքերի վրա, ինչո՞վ է դա պայմանավորված:
– Ադրբեջանական կողմը իրեն բնորոշ ոճով հերթական անգամ փորձեց շոշափել հայկական կողմի հնարավորությունները, և հերթական անգամ ադրբեջանական ձեռնարկումը տապալվեց։ Հայտնի չէ` վիրավորներ եղե՞լ են, թե ոչ, համենայն դեպս, հստակ է՝ երկու և ավելի զոհ են տվել: Ոչ պաշտոնական տեղեկություններով` չորս զոհ: Ադրբեջանական կողմին բնորոշ է գաղտագողի հարձակվելու գործելաոճը: Պատահական չէ, որ նրանք սովորություններ ունեն, ըստ որոնց` երեխայի գողությունը խրախուսվում է, իսկ առաջին գողությունը հանդիսավոր կերպով նշվում է: Այս ամենի տրամաբանական շարունակությունն է Ռամիլ Սաֆարովի նենգ ոճիրը, որը, կարծում եմ, իրեն մարդ համարող յուրաքանչյուր ադրբեջանցու համար էլ պետք է նողկալի լինի, առավել ևս՝ նրան հերոսացնելը:
Սակայն Արցախյան ազատամարտը ցույց տվեց, որ նման գործելաոճը դատապարտված է ձախողման: Ազատամարտի տարիներին և դրանից հետո բազմաթիվ դեպքեր գիտեմ, երբ մեն-մենակ հայ ազատամարտիկը կամ միայնակ զինվորը մարտի են բռնվել այսպես կոչված դիվերսիոն խմբերի հետ և փախուստի մատնել, ոչնչացրել նրանց:
– Վերջերս ադրբեջանցիները նշում էին իրենց մեկ այլ ազգային «հերոսի»` դիվերսանտ Մուբարիզ Իբրահիմովի ծննդյան օրը…
– Նրան էլ 19-ամյա հայ զինվորն էր ոչնչացրել: Այս հերոս կոչեցյալը, խախտելով հրադադարի ռեժիմը, իր նման մի քանի ստահակների հետ հարձակվել էր հայկական դիրքերի վրա, ցավոք սրտի, մենք զոհեր ունեցանք, բայց, բարեբախտաբար, մեր տղաները կասեցրին դիվերսիան: Ադրբեջանցիներն ուզում են ստեղծել հերոսի կերպար մի մարդուց, որը հարձակվել է թմրադեղի ազդեցության տակ:
Մեր միակ անելիքը սթափ և զգոն լինելն է, քանի որ ստիպված ենք այս ցեղի հետ կողք կողքի ապրել: Ադրբեջանի ամենամեծ հույսը նավթն է, սակայն, միայն փողով չեն կռվում ու հաղթանակների հասնում:
– Ինչը ապացուցվեց Արցախյան հերոսամարտում…
– Այո՛: 1994-ին Ադրբեջանը ծնկաչոք ստորագրեց հրադադարի ռեժիմի մասին պայմանագիր, որովհետև, եթե մենք մի փոքր էլ համախմբեինք մեր ուժերը և վերջնական հարված հասցնեինք Միր Բաշիր-Եվլախ ուղղությամբ, այդ պետությունը կարող էր դադարել գոյություն ունենալուց: Մայիս ամսին մենք ունեինք մարտավարական բավականին մեծ առավելություն, կարող էինք մի վճռական հարվածով դուրս գալ Ադրբեջանի հյուսիսն ու հարավը, արևելքն ու արևմուտքը կապող հանգույցի` Մինգեչաուրի ջրամբարի հատվածը, և ես կարծում եմ` այդ պետությունը մասնատվելու էր, իսկ մեր հաղթանակը լինելու էր կատարյալ ու վերջնական:
– Ինչո՞ւ հայկական բանակը չդիմեց այդ քայլին:
– Չեմ կարող ասել` մեր ուժե՞րը չբավականացրին, միջազգային իրադրությո՞ւնը այնպես չդասավորվեց, թե՞ մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը հապաղեց և ձեռքից բաց թողեց նպաստավոր պահը, որ ձևավորվել էր հավանաբար 1994թ. մայիսի սկզբին:
Ամեն դեպքում, հայ զինվորը պետք է վառոդը միշտ չոր պահի, լինի աչալուրջ և զգոն, և նման ավազակներին տա արժանի պատասխան, ինչպես որ եղել է, կա և կլինի:
ԳԵՎՈՐԳ ԹՈՍՈՒՆՅԱՆ
Խորագիր՝ #08 (975) 28.02.2013 – 6.03.2013, Ռազմաքաղաքական