Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԻ ԷՋ ԱՐՑԱԽՅԱՆ ԱԶԱՏԱՄԱՐՏԻ ՀԵՐՈՍԱՊԱՏՈՒՄԻՑ



Սկիզբը` «Հայ զինվորի» 4-րդ համարում

Վաշտի հրամանատար Վիտոյի ուղեկցությամբ Պետոն գալիս է գումարտակի աջ թևը և տեղում մեկ անգամ ևս քննարկելով ստեղծված կացությունը՝ վճռում է կազմակերպել շրջանաձև պաշտպանություն և դիմադրել մինչև օգնական ուժերի տեղ հասնելը: Քանի որ 3-րդ և 4-րդ հենակետերը բավական առաջ էին ընկած, և գործնականում գրեթե անհնարին էր իրականացնել դրանց պաշտպանությունը, ուստի Պետոն հրամայում է այդ հենակետերում դիրքավորված ջոկատներին մի փոքր հետ քաշվել և քառասունհինգ աստիճանով շրջվելով դեպի աջ կողմի բաց տարածքից առաջացող հակառակորդը՝ Մուկուչի և Հովիկի դասակների համագործակցությամբ կանգնեցնել հակառակորդի առաջխաղացումը: Այդ իրավիճակում շատ կարևոր էր, որ հենակետերի հետքաշումը կազմակերպվեր այնպիսի վարպետությամբ, որպեսզի տեղի չտրվեր ավելորդ շտապողականության ու խուճապի: Մեծ հմտությամբ կազմակերպված նահանջը տևում է ընդամենը երկու ժամ:

Այդ գործողության ընթացքում Պետոն մեկ անգամ ևս ուշադրությամբ ուսումնասիրում է տեղանքը և կողմնորոշվելով բարդ իրադրությունում՝ յուրաքանչյուր դասակի հրամանատարի ու հենակետերի պատասխանատուների տալիս է համապատասխան հանձնարարություններ:

Նույն օրը ադրբեջանցիները ձեռնարկում են ուժգնությամբ նախադեպը չունեցող լայնածավալ զանգվածային հարձակումներ գումարտակի պաշտպանության ողջ երկայնքով:

Թշնամու հրամանատարությունը, որի շարքերը համալրված էին օտարերկրյա վարձկան զինվորականներով՝ հաշվի չառնելով իրենց կորուստների մեծաքանակությունը, զենքի սպառնալիքով նորանոր զինավաշտեր է քշում մարտադաշտ: Հունվարյան կռիվների ժամանակ նրանք անցնում են մինչ այդ դեռևս չկիրառված նոր մարտավարության: Որպես կանոն, հարձակվելիս գործելով 3-4 զորաշղթաներով, հակառակորդը վերջին շղթան համալրում էր պատժիչների խմբերով, որոնց հիմնական խնդիրը նահանջելու կամ խուճապի պահին փախչելու փորձ անողներին գնդակահարելն էր: Նման դաժան միջոցների կենսագործմամբ Ադրբեջանի իշխանությունները ձգտում էին վերջնականապես ծնկի բերել ԼՂՀ պաշտպաններին: Պատահական չէին Հ. Ալիևի խոստումները:

Իրոք, ապշեցուցիչ է այն իրողությունը, թե ինչպիսի հրաշքով էին մեր տղաները կարողանում ձմռան խստաշունչ պայմաններում, առանց փոխարինող ուժերի, գիշեր ու ցերեկ կռվել և մինչև անգամ հաղթել իրենցից բազմաթիվ անգամ գերակշիռ ուժեր ունեցող հակառակորդին: Տղաների միասնական կարծիքով՝ կռիվների հենց առաջին օրը ադրբեջանցիները միայն իրենց գումարտակի դիրքերում թողել են ավելի քան 300 դիակ: Մարտական գործողությունները չթուլացող ուժգնությամբ շարունակվում են նաև հաջորդ օրերին:

Նկատի ունենալով, որ հետագա մարտերում հակառակորդն իրենց դիրքերի ուղղությամբ անխուսափելիորեն օգտագործելու է հրասայլեր ու զրահամեքենաներ և կանխատեսելով հակառակորդի ձեռնարկելիք հարձակման հնարավոր ուղղությունները՝ Պետոն վաղօրոք խնամքով կազմակերպել էր ականապատման աշխատանքները:

«Մենք, – վկայում է Մուկուչը, – երկու օրվա ընթացքում 400 հակահրասայլային ականներ շարեցինք մեր դիրքերի դիմաց ու կանգնեցինք»:

Մեծ կարևորություն տալով ռազմաճակատի Շուշիի գումարտակի դիրքերը անպայմանորեն խորտակելու անհրաժեշտությանը՝ թշնամին վճռում է չխնայելով ուժերը՝ հարձակումը շարունակել նաև գիշերը: Գիշերային մարտերի ժամանակ ադրբեջանական հրոսակները կիրառում են Արցախյան պատերազմում մինչ այդ աննախադեպ մարտավարություն: Նրանք երկու դասակի կազմով մոտենում են հենակետին ու մոտավորապես 60 նռնականետներից միաժամանակ կրակ են տեղում Պետոյի գումարտակի պաշտպանական դիրքերին:

Կռվի մասնակից մարտիկների գնահատմամբ` նռնականետորդները զենքերը (ռուսական վերջին՝ «ՌՊ-16» տեսակի նռնականետ, որի հարվածի հեռահարությունը հավասար է 1500 մետրի- Հ.Գ.) օգտագործում էին այնպիսի վարպետությամբ, որ թվում էր՝ կրակում էին ինքնաձիգներից:

Գիշերային մթության մեջ սուրացող և երբեմն միմյանց բախվող կրակե շապիկով պարուրված տասնյակ նռնակները մի անպատմելի «գեղեցիկ» տեսարան էին ստեղծում:

Նման մարտավարության կիրառմամբ հակառակորդը առավելապես ձգտում է տասնյակ նռնականետների մեծադղորդ աղմուկով ու կրակե հեղեղով խուճապ առաջացնել հայ զինվորների շարքերում: Սակայն հակառակորդի ձեռնարկած ոչ մի ուժ ու մարտավարություն ի զորու չէին ահաբեկելու Պետոյին ու նրա զինակիցներին: Նռնականետորդների դասակների աջակցությամբ ձեռնարկվող թշնամու զանգվածային գրոհները փշրվում են՝ հանդիպելով մեր զինվորների երկաթյա պաշտպանությանը: Ամբողջովին խորտակվում է ադրբեջանական հրամանատարության վարձու արհեստավարժ զինվորների միջոցով իրականացվող մարտավարական այս նորամուծությունը: Գիշերային մարտում թշնամին կրում է իր հերթական պարտությունը: Նույնն էր պատկերը մինչև հունվարի 8-ի առավոտյան:

Այդ օրը ռազմաճակատի հրամանատարությունից Պետոյին հայտնի է դառնում, որ ադրբեջանցիները մեծ ուժեր կենտրոնացնելով՝ կարողացել են թափանցել իր և ձախ հարևանի՝ Ռիժիկի գումարտակի արանքը: Մահացու սպառնալիք է կախվում գումարտակի վրա: Քանի որ աջ կողմը հենց առաջին օրն էր բաց մնացել, այժմ էլ ձախ թեւից ադրբեջանցիների առաջխաղացման դեպքում ողջ գումարտակը անխուսափելիորեն կհայտնվեր շրջապատման մեջ:

«… Երբ արդեն թուրքը Շուքյուրբեյլի, Սեյդահմեդլի, Կարախանբեյլի գյուղերի ճանապարհով պետք է մտներ մեր մյուս երեք գումարտակների թիկունքը, և վտանգի տակ դրվեր Ֆիզուլի քաղաքը, որտեղ մենք էինք նստած, հրամանատարության հետ համաձայնեցրի իմ առաջարկությունը, և կազմակերպեցինք Պետոյենց ու մեր մյուս երեք գումարտակների նահանջը»,- նշում է Աղաբեկյան Արթուրը:

Ստանալով Արթուրի համաձայնությունը՝ Պետոն կազմակերպում է գումարտակի նահանջը:

Պատերազմական իրավիճակում զորքի նահանջի ճիշտ կազմակերպումն ու նրանց անվտանգությունն ապահովելու վարպետությունը զորամասի հրամանատարության անվիճելի առավելություններից ու կազմակերպչական տաղանդի լավագույն ապացույցներից է: Ականատեսների վկայությամբ՝ նույնիսկ նահանջելու ընթացքում Շուշիի առանձնակի գումարտակն իր մարտական պահվածքով, կարգապահությամբ ու սառնասրտությամբ հաստատում էր նման բարձր կարգն ու վարպետությունը:

Եվ եթե ընդհանրացնելու և գնահատելու լինենք Պետոյի գլխավորած Շուշիի առանձնակի գումարտակի կռիվների առաջին երեք օրերի դրսևորած գործունեությունը, ապա անվարան կարելի է ասել. հակառակորդի համար կատարյալ անակնկալ էր ռազմաճակատի այդ հատվածում հայ զինվորների դրսևորած այնօրինակ պաշտպանունակությունը: Թվում է՝ անհավատալի ու հասարակ մահկանացուների ուժերից վեր էր այն, ինչ կատարեց Շուշիի առանձնակի գումարտակը: Երեք օր ու գիշեր կիսաշրջափակված վիճակում՝ անպատմելի խիզախումներով ու երկաթյա պաշտպանությամբ պարտության մատնելով ադրբեջանական գերակշիռ ուժերին՝ գումարտակը աներեր է պահում ռազմաճակատի գիծը: Այդ օրերի մարտական գործողությունների անաչառ ուսումնասիրությունն ու վերլուծությունը միանշանակ ապացուցում է, որ Շուշիի առանձնակի գումարտակն իր հիրավի հերոսական գործունեությամբ արմատական բեկում մտցրեց ռազմաճակատի մարտական գործողություններում:

Եվ իրոք, եթե Շուշիի առանձնակի գումարտակը չկարողանար կանգնեցնել ադրբեջանցիների հարձակումները, ապա միանգամայն հնարավոր էր, որ պաշտպանության երկրորդ բնագծերի բացակայության պայմաններում զրահամեքենաների աջակցությամբ նրանք ճեղքեին ռազմաճակատի գիծը և գրավելով Ֆիզուլին՝ ԼՂՀ խորքը ներխուժելու սպառնալիք ստեղծեին:

ՀԱՄԼԵՏ ԳԵՎՈՐԳՅԱՆ
պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Խորագիր՝ #08 (975) 28.02.2013 – 6.03.2013, Պատմության էջերից


28/02/2013