Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵՐ ԲԱՐԵԿԱՄ ԳԵՆԵՐԱԼԸ



Անցյալ տարվանից սկսած ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-լեյտենանտ Մուրազ Սարգսյանը մի քանի անգամ այցելել է քաղաք Բերձոր, եղել Վահան Թեքեյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցում, օժանդակել ոչ միայն ռազմագիտության դասարանը, 3 դասասենյակներն ու միջանցքը համապատասխան դիդակտիկ նյութերով կահավորելուն, այլեւ դպրոցին նվիրել համակարգչային հրաձգարան:

Փետրվարի 21-ին գեներալը և Գորիսի տարածքային զինկոմ, գնդապետ Մելիքսեթ Պողոսյանը դարձյալ կրթօջախում էին: Մինչև դպրոց այցելելը՝ նրանք եղան շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանի մոտ, ձեռք բերեցին պայմանավորվածություն, համաձայն որի՝ Գորիսի զինկոմիսարիատն էլ ռազմագիտության հարցում կօժանդակի շրջանի դպրոցներին: Բարձրդասարանցիների համար գեներալ-լեյտենանտ Սարգսյանը անցկացրեց արիության դաս՝ նվիրված Լաչինի ազատագրմանը:

Դիմելով դասին ներկա աշակերտներին և ուսուցիչներին՝ Մ. Սարգսյանն ասաց. «Հաճելի է, որ ձեզ եմ հանդիպել. դուք երեկ նշել եք Արցախյան շարժման 25-ամյակը: Ուրախալի է, որ նահատակ տղաների գործը շարունակում եք»: Պատմեց նաև մանրամասներ Լաչինի ազատագրման մարտերից, որոնց մասնակցել է նաև Մելիքսեթ Պողոսյանը, որն այն ժամանակ զինվորական կոչում չի ունեցել, սակայն եղել է լավ հրամանատար: Իսկ 1992 թվականի մայիսի 17-ին «Թորոսի խութ» կոչվող բարձունքը գրավելիս, որը մեծ դեր ունեցավ Լաչինի ազատագրման համար, մոտ 2 տասնյակ ադրբեջանցու են գերեվարել: 1992-93 թվականներին ազատագրված Լաչինը մեծ փորձությունների դիմացավ. թշնամուն հաջողվեց նեղել միջանցքը, հյուսիսից հասնել մինչև Հոչանց ու Տղիկներ, հարավից Կոռնիձորի տակ: Մեր տղաներից շատերն ընկան, բայց միջանցքը պահպանվեց:

«Թշնամին 2500-ից ավելի զորք էր կուտակել տարածքում. կային նաև աֆղանցի, չեչեն, արաբ, ուկրաինացի, թուրք վարձկաններ, Թուրքիայում վարժված ադրբեջանցիներ, սակայն կռվի դաշտում կարևորը ոգին է, իմանալ՝ ինչի համար ես կռվում: Այս հողի համար շատ սուրբ արյուն է թափվել, այսօրվա, ձեր վաղվա օրվա համար», -ասաց գեներալը՝ դիմելով աշակերտներին և հորդորեց, խնդրեց լավ սովորել, եւ որ հաղթանակներ ունենան միմիայն խաղաղ պայմաններում՝ գիտության, մշակույթի, սպորտի եւ այլ բնագավառներում:

Բաց դասից հետո 9-12-րդ դասարանների աշակերտների մասնակցությամբ դպրոցի դահլիճում կայացավ «Եթե ուզենք, երկինքներից վար կբերենք արեգակներ» խորագրով ռազմահայրենասիրական միջոցառում: Աշակերտները կեսժամյա իրենց ելույթներով՝ ասմունք, պար, թատերական խաղ, ևս մեկ անգամ հավաստիացրին, որ իրենք են այս հողի տերերը:

Միջոցառման վերջում գեներալ-լեյտենանտ Մուրազ Սարգսյանը պատվոգրեր հանձնեց միջոցառման կազմակերպիչ, դպրոցի ուսմասվար Սուսաննա Սահակյանին, զինղեկ Սամվել Պապիկյանին, դաստիարակության գծով փոխտնօրեն Վարդուհի Հովհաննիսյանին և ելույթ ունեցող աշակերտներին: Բերձորի 2 միջնակարգ դպրոցներին գեներալը հատկացրեց ազատամարտի 5 հերոսների և ավիացիայի մասին պատմող տեսաֆիլմեր:

ԶՈՀՐԱԲ ԸՌՔՈՅԱՆ
Բերձոր

Խորագիր՝ #08 (975) 28.02.2013 – 6.03.2013, Բանակ և հասարակություն


28/02/2013