Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅՐԵՆՅԱՑ ՊԱՇՏՊԱՆԻ ՕՐԸ



Փետրվարը մեր պատմության մեջ միասնության, զարթոնքի ամիս է: 25 տարի առաջ փետրվարին ազգովի ոտքի ելանք և պարզեցինք ազատության դրոշը՝ Հայոց Եռագույնը: Ազատագրեցինք Արցախը, մեր պատմական հայրենիքի այլ տարածքներ: Ստեղծեցինք մեր ազգային բանակը՝ Հայրենյաց պաշտպանը: Փետրվարի 23-ը հռչակեցինք Հայրենյաց պաշտպանի օր, ասել է թե՝ զինվորականի, բանակայինի օր, վերջապես՝ երկրի, ազգի գոյատևման երաշխավորի օր: Ինչպես հանրապետության շատ վայրերում, այնպես էլ Քաշաթաղի շրջանում նշվեց այդ օրը:

Բերձորի Վահան Թեքեյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցի դահլիճում, Արցախի ազատամարտիկների միության «Հայրենյաց պաշտպան» հասարակական կազմակերպության Քաշաթաղի երիտասարդական թևի և շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի համատեղ ջանքերով կազմակերպվեց տոնական միջոցառում, որին ներկա էին ազատամարտիկներ, շրջանային զինկոմիսարիատի ներկայացուցիչներ, աշակերտներ, ուսուցիչներ:

Ներկաներին ողջունեց «Հայրենյաց պաշտպան» ՀԿ շրջանային ներկայացուցիչ Գևորգ Իսախանյանը, այնուհետև ցուցադրվեց Լաչինի ազատագրման մասին պատմող վավերագրական ֆիլմ՝ Սիսիանի ջոկատի տղաների մասնակցությամբ: Ռազմահայրենասիրական երգերով ելույթ ունեցավ դպրոցական Նարեկ Մաթևոսյանը, որը նաև վարում էր միջոցառումը:

Ողջույնի խոսք ասաց Քաշաթաղի զինկոմի տեղակալ, կապիտան Ստեփան Օհանջանյանը: Նա անդրադարձավ հայ ժողովրդի՝ Մեծ հայրենականում ցուցաբերած հերոսական ոգուն, որն այնուհետեւ դրսեւորվեց Արցախյան գոյամարտում՝ կանխորոշելով մեր ազգային բանակի խաղարարար առաքելությունը:

Միջոցառման վերջում Գևորգ Իսախանյանը շնորհակալություն հայտնեց ներկաներին, դպրոցի տնօրեն Անահիտ Քոսակյանին՝ տոնական տրամադրությանը նպաստելու համար:

Նման միջոցառումները, հատկապես ազատագրված շրջաններում, կարևորվում են նրանով, որ երիտասարդությունն ու աշակերտները մշտապես իմանան՝ իրենք են մեր երկրի տերերն ու հայրենյաց պաշտպանները:

Զ. ԸՌՔՈՅԱՆ

Խորագիր՝ #08 (975) 28.02.2013 – 6.03.2013, Բանակ և հասարակություն


28/02/2013