Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԱՐՏԱԿԱՆ ԶՈՐԱՄԱՍԸ՝ 20 ՏԱՐԵԿԱՆ



Փետրվարի 23-ին լրացավ փոխգնդապետ Կ. Սեդրակյանի հրամանատարությամբ գործող զորամասի 20-ամյակը:

1993թ. հունվարի 25-ին ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ սահմանապահ ուժերի, տարածաշրջանի պարեկային վաշտի և ինքնապաշտպանական ջոկատներից կազմված պայմանագրային գումարտակի հիման վրա կազմավորվեց առանձին մոտոհրաձգային գունդը, իսկ փետրվարի 23-ին ստեղծվեց ԱՄՀ բրիգադը:

1993թ. հունվարից մինչև հրադադարն ընկած ժամանակահատվածը բրիգադի զինծառայողները քաջությամբ պաշտպանեցին մեր երկրի սահմանները, թույլ չտալով հակառակորդին նվաճել մի թիզ հող անգամ: Եվ երբ խաղաղ բնակավայրերի ռմբահարումը կանխելու հարկ առաջացավ, բրիգադի ստորաբաժանումները գրավեցին ռազմավարական դիրքեր. անցան հարձակման և փայլուն իրականացված գրոհների շնորհիվ հակառակորդին դուրս շպրտեցին հայրենիքի սահմաններից:

Մարտադաշտում ցուցաբերած արիության, խիզախության և անձնազոհության համար բրիգադի բազմաթիվ սպաներ ու զինվորներ արժանացել են պետական ու կառավարական տարբեր պարգևների: 1995 թվականի սեպտեմբերի 18-ին բրիգադը ստացավ Մարտական դրոշ, որը խորհրդանշեց բանակաշինության, մարտական պատրաստության գործընթացում զինծառայողների ձեռքբերումները:

2000 թվականի հուլիսի 21-ին ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով բրիգադը վերակազմավորվեց:

ՀՀ նախագահի 2007 թվականի հունվարի 26-ի հրամանագրով ՀՀ ԶՈՒ կազմավորման 15-րդ տարեդարձի կապակցությամբ, բանակաշինության գործում ունեցած նշանակալի ձեռքբերումների, ինչպես նաև հայրենիքի սահմանների պաշտպանության գործում ցուցաբերած աննախադեպ խիզախության համար զորամասը պարգևատրվել է «Վարդան Մամիկոնյան» շքանշանով: 2007-2008 թթ. ուսումնական տարվա արդյունքներով՝ զորամասը լավագույնն է ճանաչվել ԶՈՒ շարքերում և պարգևատրվել է Պատվո դրոշով:

Զորամասում այսօր ծառայում են փառավոր մարտական ուղի անցած, զինվորական բարձրագույն կրթությամբ փորձառու բազմաթիվ սպաներ, որոնք հետևողականորեն ենթականերին են փոխանցում իրենց գիտելիքներն ու ռազմարվեստի գաղտնիքները:

Զորամասի կայացման հերոսական տարեգրության մեջ իրենց նշանակալի դերակատարությունն ունեն հրամանատարներ` գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, գեներալ-լեյտենանտ Վալերի Գրիգորյանը, գնդապետներ Մելիքսեթ Պողոսյանը, Տիգրան Քեշիշյանը, Սուրեն Գևորգյանը, Աշոտ Միքայելյանը, Ալեքսանդր Ցականյանը, փոխգնդապետ Սերգեյ Գրիգորյանը…

Ահա այս նվաճած ձեռքբերումների բարձունքից օրերս տոնվեց զորամասի կազմավորման 20-ամյակը:

Տոնական արարողությանը մասնակցում էին Սյունիքի մարզպետ, նախկին ազատամարտիկ, գնդապետ Սուրեն Խաչատրյանը, զորամիավորման շտաբի պետ, գնդապետ Տիգրան Փարվանյանը, զորամիավորման հրամանատարի տեղակալներ, վետերաններ, ժամկետային զինծառայողների ծնողներ, հյուրեր, հասարակական, կրթական կազմակերպությունների ներկայացուցիչներ, դպրոցականներ: Անձնակազմի հանդիսավոր երթից հետո զորամասի հրամանատար, փոխգնդապետ Կ. Սեդրակյանը բացեց արարողությունը և շնորհավորեց անձնակազմին տարեդարձի առթիվ.

Սյունիքի մարզպետ, զորամասի հիմնադրման ակունքներում կանգնած կամավորական նախկին գումարտակի հրամանատար, գնդապետ Սուրեն Խաչատրյանը, զորամասի 20-րդ տարեդարձի առթիվ շնորհավորելով սպայական անձնակազմին, զինվորներին, իր բոլոր վետերան ընկերներին, պատվիրեց պահպանել փառավոր ուղի անցած զորամասի բարի անունն ու ավանդույթները. «Այս նույն շարահրապարակից քսան տարի առաջ հայրենասիրական երդում տալով և ոգեպնդվելով, պատերազմի դաշտ է մեկնել զորամասի անձնակազմը, հերոսաբար կռվել, տվել է զոհեր, վիրավորներ և ամեն անգամ հաղթանակած նորից կանգնել է շարք` է՛լ ավելի թրծված և հաղթանակի հանդեպ ավելի մեծ հավատով»:

Գնդապետ Տիգրան Փարվանյանը զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանի անունից տարեդարձի առթիվ շնորհավորեց զորամասի անձնակազմին` ընթերցելով նրա շնորհավորական ուղերձը:

Այնուհետեւ տոնական միջոցառումը շարունակվեց քաղաքի պետական դրամատիկական թատրոնի դահլիճում՝ Արցախյան պատերազմի մասին պատմող ֆիլմի դիտումով ու երաժշտական կատարումներով:

Համերգային ծրագրի ավարտին Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը, զորամասի հրամանատար, փոխգնդապետ Կարեն Սեդրակյանը լավագույն զինծառայողներին և մի շարք ազատամարտիկների հանդիսավոր պայմաններում պատվոգրեր, շնորհակալագրեր և մեդալներ հանձնեցին: 10-օրյա արձակուրդով խրախուսվեցին լավագույն 20 զինծառայողները:

ՍՈՒՍԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Խորագիր՝ #08 (975) 28.02.2013 – 6.03.2013, Ազգային բանակ


28/02/2013