ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ ՕԲՅԵԿՏԻՎ ԵՎ ՀԱՄԱԿՈՂՄԱՆԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ
Զրույց ՊՆ քննչական ծառայության պետ, գեներալ-մայոր ԱՐՄԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ
-Քննչական ծառայությունը տոնեց իր կազմավորման 5-ամյակը։ Թեև մեր այսօրվա զրույցը հոբելյանական իրադարձության առիթով է, սակայն տոնական լինելուց զատ, խնդիր ունի ներկայացնելու կառույցի անցած ճանապարհը, ձեռքբերումներն ու բացթողումները և խոսելու այն, իրոք, կարևորագույն հարցերի մասին, որոնք առնչվում են քննչական ծառայության գործունեությանը։
Պարոն Հարությունյան, որքանո՞վ էր արդարացված քննչական ծառայության տարանջատումը դատախազական համակարգից, և ո՞րն էր նպատակը։
-ՀՀ Սահմանադրությունը սահմանում է ՀՀ դատախազության լիազորությունները: Դատախազությունն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով՝ հարուցում է քրեական հետապնդում, հսկողություն է իրականացնում հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ, դատարանում պաշտպանում է մեղադրանքը, պետական շահերի պաշտպանության հայց է հարուցում դատարան, բողոքարկում է դատարանների վճիռները, դատավճիռներն ու որոշումները և հսկողություն է իրականացնում պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ։ Ինչպես տեսանք, ըստ Սահմանադրության, դատախազությունը չունի քրեական հետապնդում իրականացնելու գործառույթ, ուստի քրեական դատավարության օրենսգիրքը համապատասխանեցվեց Սահմանադրության պահանջներին, և նախաքննություն իրականացնող քննիչները դադարեցին պաշտոնավարել դատախազության կազմում։ Քննիչների մի մասը տեղափոխվեց արդեն իսկ գործող նախաքննության մարմիններ։ Միաժամանակ, ձևավորվեցին նախաքննության նոր մարմիններ՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունը և ՀՀ ՊՆ քննչական վարչությունը։
Նման տարանջատումը նախաքննության մարմնին` քննությանն առավել լիարժեք ինքնուրույն ուղղություն տալու, իսկ դատախազությանն էլ` նախաքննության օրինականության նկատմամբ առավել անկաշկանդ հսկողություն իրականացնելու հնարավորություն է տալիս ։
-Այո՛, սակայն քննչական ծառայությունը գործում է ՊՆ կազմում, և քրեական հետապնդում է իրականացնում, այսպես ասած, իր կոլեգաների նկատմամբ։ Դուք զինվորական եք, գեներալ-մայոր, հոգեբանորեն դժվար չէ քրեական հետապնդում իրականացնել մեկ ուրիշ գեներալի նկատմամբ, էլ չեմ խոսում ավելի գործնական դժվարությունների և խոչընդոտների մասին։
-ՊՆ քննչական ծառայության առանձնահատկություններից մեկն այն է, որ լինելով պաշտպանության նախարարության կազմում, նախաքննություն է իրականացնում միայն այն հանցագործությունների վերաբերյալ գործերով, որոնք կատարվել են զորամասի տարածքում կամ վերագրվում են ժամկետային զինվորական ծառայության զինծառայողներին կամ պաշտպանության բնագավառի պետական լիազոր մարմնում և կազմակերպություններում (որոնց բաժնետոմսերի կառավարման լիազորությունը հանձնված է պաշտպանության բնագավառի պետական լիազոր մարմնին) ծառայություն իրականացնող անձանց: ՊՆ կազմում գործելը չի կարող ազդել քրեական գործերի նախաքննության բազմակողմանիության, ամբողջականության և օբյեկտիվության վրա, սակայն կան որոշակի դժվարություններ՝ կապված աշխատանքների կազմակերպման հետ։ Օրինակ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 206-րդ հոդվածի համաձայն՝ վկան հարցաքննվում է նախաքննության կատարման վայրում, իսկ անհրաժեշտության դեպքում՝ իր գտնվելու վայրում: ՀՀ ՊՆ քննչական ծառայության քննիչները հարցաքննությունների մեծ մասն անցկացնում են զինծառայողների ծառայության վայրում, որպեսզի չխոչընդոտեն ծառայության բնականոն ընթացքը։
-Ասացիք, որ զինդատախազության քննիչների որոշ մասը համալրեցին տարբեր նախաքննական մարմիններ: Փաստորեն, նոր կառույցին համալրման անհրաժեշտություն զգացվեց։ Զինվորական հանցագործություններն ունեն իրենց առանձնահատկությունները, և քննչական ծառայությունը մեծ դերակատարում ունի այս դեպքում։
-Քննիչների մի մասը շարունակեց աշխատանքը դատախազական համակարգում՝ որպես դատախազներ կամ ավագ դատախազներ, և, իրոք, ՊՆ նորակազմ քննչական վարչությունը կադրային համալրման անհրաժեշտություն զգաց։ «Զինվորական ծառայություն անցնելու մասին» ՀՀ օրենքի 53.1 հոդվածի պահանջներին համապատասխան, քննիչի պաշտոնում կարող է նշանակվել այն քաղաքացին, որն ունի բարձրագույն իրավաբանական կրթություն և պետական լիազոր մարմնի ղեկավարի սահմանած կարգով հանձնել է համապատասխան քննություն։ Քննությունն անցկացվում է երկու փուլով։ Առաջին փուլն իրականացվում է գրավոր՝ թեստավորման, տեսական հարցերի և խնդրի լուծման միջոցով, որի ժամանակ ստուգվում են քննիչի թեկնածուի մասնագիտական գիտելիքները և աշխատանքային ունակությունները։ Երկրորդ փուլը բանավոր՝ հարցազրույցի փուլն է, որը խնդիր ունի բացահայտելու ապագա քննիչի բարոյակամային և հոգեբանական այլ որակները։ Անցկացված քննության արդյունքում ձևավորվում է քննիչի թեկնածուների կադրային ռեզերվ՝ ծառայությունում քննիչի թափուր հաստիք առաջանալու դեպքում այն լրացնելու համար։
Իրոք, մեր աշխատանքը բավականին բարդացել է, որովհետև նախկինում բացի զինվորական դատախազության քննիչներից, նախաքննություն իրականացնելու գործառույթ ունեին ինչպես բոլոր դատախազները, այնպես էլ ՀՀ զինվորական դատախազության կազմում գործող քննչական բաժնի քննիչները: Այսօր մեր ծանրաբեռնվածությունն անհամեմատ աճել է, և այս առումով քննիչների մասնագիտական ունակությունների բարձրացումն է՛լ ավելի է կարևորվում։
-Քննչական ծառայությունում չկա՞ն հատուկ բաժիններ բազմադրվագ գործերը քննելու համար։
-ՀՀ ՊՆ քննչական ծառայությունը կազմված է 10 կայազորային քննչական բաժիններից և հատկապես կարևոր գործերի քննչական բաժնից։ Յուրաքանչյուր կայազորային քննչական բաժին ունի ավագ քննիչի և հատկապես կարևոր գործերով քննիչի հաստիքներ։ Մահվան ելքով դեպքերը, բնականաբար, քննում են մեծ փորձառություն ունեցող քննիչները: Բարդ կամ բազմադրվագ քրեական գործերով նախաքննության կատարման համար երբեմն ձևավորվում են քննչական խմբեր։
Քննիչի աշխատանքի ճիշտ կազմակերպման համար անմիջական պատասխանատվություն կրում է տվյալ ստորաբաժանման ղեկավարը: Միաժամանակ, իրականացվում է պատշաճ հսկողություն՝ դատավարական ղեկավարում և դատախազական հսկողություն իրականացնող դատախազի, կառույցի դատախազի ու նրա տեղակալի, զինվորական կենտրոնական դատախազության` ստորաբաժանումների աշխատանքը համակարգող դատախազի կողմից։ Սրանք, կարծում եմ, նախաքննության օրինականության նկատմամբ իրականացվող հսկողության հուսալի երաշխիքներից են։
Որակավորումը քննիչի զբաղեցրած պաշտոնի համար նախատեսված գործառույթներից բխող պարտականությունների իմացության և գործնական կարողությունների ստուգումն է՝ ծրագիր-հարցաշարի հիման վրա տրված հարցերի միջոցով: Քննիչի պաշտոնում նշանակված անձինք զինվորական ծառայության ընթացքում ենթակա են որակավորման երեք տարին մեկ, իսկ առնվազն երկու տարվա մասնագիտական ստաժ չունեցող քննիչներն անցնում են մեկ տարի ժամկետով փորձաշրջան, որից հետո ենթակա են որակավորման։ Որակավորման արդյունքում, հաշվի առնելով քննիչների ծառայության արդյունավետությունը, կատարում ենք կադրային համապատասխան փոփոխություններ՝ տեղափոխում, պաշտոնի առաջխաղացում կամ ավելի ցածր պաշտոնի իջեցում։ Եղել են քննիչներ, որոնք որակավորման փուլը չեն անցել և զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու պատճառով՝ ազատվել են պաշտոնից։
-Այո՛, բայց եղել են և մինչ օրս կան բազմաթիվ դժգոհություններ՝ կապված նախաքննության արդյունավետության և օրինականության հետ՝ հատկապես մահվան ելքով դեպքերի առնչությամբ։
-Ես չեմ պնդում, թե բոլոր գործերով իրականացված նախաքննությունը եղել է կատարյալ և ոչ մի վրիպում չի արձանագրվել։ Սակայն եղած տեխնիկական բնույթի թերությունները կամ բացթողումներն էական ազդեցություն չեն ունեցել քրեական գործերի քննության արդյունավետության վրա։ Պարզ ասած, այդ թերությունները չեն ազդել քննության օբյեկտիվության և բազմակողմանիության վրա, առավել ևս՝ չեն դարձել արարքը սխալ որակելու պատճառ։ Եվ խոսք չի կարող լինել միտումնավորության և անօրինական գործարքների մասին։ Հասարակությունն ինքը պիտի հասկանա, որ հնի իներցիային տուրք տալը հարվածում է օրինականության հաստատման մեր ընդհանուր գործին։ Պետք է կոտրել կարծրատիպերը և հրաժարվել նախաքննական մարմնին չվստահելու ավանդույթից։ Քննիչների հասցեին հնչած մեղադրանքների բացարձակ գերակշիռ մասն անհիմն են և մտացածին։ Չեմ կարող չասել, որ կան ուժեր, որոնք բացառապես քաղաքական կամ մասնավոր շահերից ելնելով՝ ապատեղեկատվություն են տարածում քննչական ծառայությունում քննվող քրեական գործերի ընթացքի մասին: Ի վերջո, կա օրենքով սահմանված կարգ, և նախաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում ու դատախազական հսկողություն իրականացնող մարմինները կարող են փաստել, թե որքանով է օբյեկտիվ, համակողմանի և արդյունավետ նախաքննություն իրականացնող քննիչի աշխատանքը։
-Պարոն Հարությունյան, դժգոհություններ կան նաև կապված քննության ընթացքում բռնությամբ ցուցմունք կորզելու հետ։ Որքանո՞վ են համապատասխանում դրանք իրականությանը։
-Ընդամենը պիտի ասեմ, որ այսօր գործող բծախնդիր դատախազական հսկողության պայմաններում չի արձանագրվել նույնիսկ հիմնավոր կասկած` որևէ քննիչի կողմից որևէ մեկից բռնությամբ ցուցմունք կորզելու վերաբերյալ։ Փորձը ցույց է տալիս, որ երբեմն` ինչ-ինչ նկատառումներից ելնելով, երբ վկան կամ մեղադրյալը ցանկանում են փոխել նախկինում տված ցուցմունքը, նրանց ուրիշ բան չի մնում, քան ասել, որ իրենցից բռնությամբ կամ հոգեբանական ճնշումներով են ցուցմունք կորզել։
-Իսկ որո՞նք են քննչական ծառայությունում արձանագրված թերությունները, որոնք հորինված չեն և շուտափույթ վերացման կարիք ունեն։
-Առայժմ պատշաճ մակարդակի վրա չէ համագործակցությունը ՊՆ քննչական ծառայության և օպերատիվ- հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների միջև։ Առայժմ քիչ են բազմամյա փորձ ունեցող քննիչները: Կան թերություններ` կապված տեխնիկական հագեցվածության մակարդակի հետ։
Քննիչների մասնագիտական գիտելիքների կատարելագործումը քննչական ծառայության մշտական և շարունակական գործառույթներից է։ Կազմակերպել և կազմակերպելու ենք քննիչների արհեստավարժությանը միտված դասընթացներ, փորձի փոխանակման նպատակով կատարվել և կատարվելու են երկկողմանի այցեր մի շարք զարգացած երկրներ։ Քննչական ծառայության գրեթե բոլոր օղակներում ներդրվել են քրեագետների հաստիքներ։
-Պարոն Հարությունյան, ի՞նչ ձեռքբերումներ կան բանակում օրինականության ամրապնդման առումով։ Եվ ինչո՞վ է պայմանավորված հարուցված քրեական գործերի աճը։
-Որքան էլ զարմանալի է` հարուցված քրեական գործերի թվաքանակի աճը պայմանավորված է հենց օրինականության ամրապնդմամբ։ Արմատավորված է պատժի անխուսափելիության և հանրորեն վտանգավոր յուրաքանչյուր արարքին քրեաիրավական գնահատական տալու պրակտիկան։ Այսօր քողարկված հանցագործությունների քանակը հասել է նվազագույնի, քրեական գործեր են հարուցվել ոչ միայն զինվորին ապտակելու, այլ նաև զինվորի արժանապատվությունը վիրավորող խոսքերի համար։ Սա, ինչ խոսք, կանխարգելիչ մեծ ազդեցություն ունի և զորքերում օրինականության ամրապնդման հուսալի երաշխիք է։ Բացահայտված քրեական գործերի աճին զուգընթաց՝ կայուն միտումով նվազում է ծանր ելքով դեպքերի քանակը։ Եվ սա օրինաչափություն է, որովհետև անպատժելիության մթնոլորտի վերացումը և պատժի անխուսափելիության գաղափարի արմատավորումը դառնում է ոչ կանոնադրային հարաբերությունները զսպող գործոն և օրենքի պահանջները կատարելու հրամայական։
-Տարվա ընթացքում բոլոր հարցազրույցների ժամանակ ՊՆ և ԶՈՒ բարձրաստիճան պաշտոնյաներն ու զինվորականները որպես բանակի ամենախոցելի կետ՝ նշել են միջանձնային հարաբերությունների անկատարությունը և ոչ կանոնադրային հարաբերությունները։
-Թերևս, միջանձնային հարաբերությունների կատարելագործումը բանակի ղեկավարության առաջնային խնդիրներից է, սակայն ես խոսում եմ նույն այդ բնագավառում տեղի ունեցած դրական տեղաշարժերի և ձեռքբերումների մասին, և ասածիցս բնավ էլ չի բխում, որ մենք այսօր վերջնականապես կատարելագործել ենք կանոնադրային հարաբերությունները բանակում։ Այսօր մենք հասել ենք մի հանգրվանի, երբ քրեադատավարական կարգով քննարկվում է սպայի կողմից տրված հրամանի օրինականությունն անգամ, սակայն մինչ օրս քրեական գործեր են հարուցվում նաեւ՝ կապված բռնարարքների և նմանատիպ հանցագործությունների հետ։ Հանցանքը սոցիալական հենք ունեցող երևույթ է, և քանի այդ հենքը կա, դրա դեմ պայքարը չի կարող արագ արդյունքներ գրանցել։
-Ո՞րն է բանակում կատարվող հանցագործությունների սոցիալական հենքը։
-Հասարակության օրինապաշտության մակարդակը, օրենքը հարգելու պատրաստակամությունը, բարոյական արժեհամակարգը, սերնդի դաստիարակության համակարգվածությունն ու արդյունավետությունը, հասարակության բարոյական արժեհամակարգը: Այսօր կա հանդուրժողականության պակաս հասարակության մեջ, ինչը արտացոլվում է նաև զորքերում։
«Հայ զինվորը» շնորհավորում է գեներալ-մայոր Արմեն Հարությունյանին ծննդյան 50-ամյակի կապակցությամբ, մաղթում հաջողություններով լի երկար տարիների երջանիկ կյանք: Արմեն Հարությունյանի կեսդարյա կենսագրության մասին պատմող ակնարկը կարդացեք թերթի առաջիկա համարներից մեկում:
ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ
Խորագիր՝ #08 (975) 28.02.2013 – 6.03.2013, Ուշադրության կենտրոնում, Սոցիալ-իրավական