Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԶԻՆՎՈՐԸ ԶԳՈՆ Է ԵՎ ՎՃՌԱԿԱՆ



Նախապատրաստվելով մարտական հերթապահության

Արցախի երկրորդ պաշտպանականի մասին գրելիս իզուր չմտաբերեցի Ավետիք Իսահակյանի հայտնի «Ռազմակոչ» բանաստեղծության այս տողերը։ Մարտական հերթապահություն ստանձնող զինվորները երբեք չպետք է մոռանան, որ թշնամին նենգ է ու դավադիր։ Ադրբեջանի ղեկավարությունը բանակցային գործընթացի այս փուլում առաջնագիծը լցրել է դիպուկահարներով և այնտեղ մշտական լարվածություն ստեղծելով՝ ուզում է աշխարհին համոզել, որ պատերազմը դեռ շարունակվում է, ու իրենք կարող են ակտիվ ռազմական գործողություններով կրկին տիրել Ղարաբաղին։ Պարզ է, որ այս մարտավարությունը նրանց որևէ օգուտ չի տալու, չի ազդելու բանակցային գործընթացի վրա, մանավանդ, որ Արցախի բանակի հրամանատարության ձեռնարկած հակադիպուկահարային գործողությունները լուրջ արդյունք են տալիս։ Բայց, ինչ էլ լինի, առաջնագծի մարտական հենակետերում, դիտակետերում հերթապահություն կատարող ստորաբաժանումները ոչ մի դեպքում չպետք է կորցնեն զգոնությունն ու թերագնահատեն հակառակորդին։ Նրանք իրենց տեղաշարժերը պետք է կատարեն ճիշտ այնպես, ինչպես պահանջում է իրենց հրամանատարը։ Նույնիսկ աննշան շեղումը կարող է ճակատագրական լինել, որովհետև թշնամին չի քնում և անընդհատ արդյունքի հասնելու ուղիներ է որոնում։

Գիտցե՛ք, քնում են գետերն ու քամին,

Սակայն չի քնում երբեք թշնամին։

Փոխգնդապետ Կարեն Հայրապետյանի գումարտակի զինվորները նախապատրաստվում էին հերթափոխին։ Շարային ստուգատեսից առաջ ստուգում, մաքրում էին զենքերը։ Բոլորն էլ առաջադրանքը կատարում էին վարժ, առանց մեկմեկու խանգարելու։ Մոտեցա խմբերից մեկին.

-Շարքային Սերգեյ Մարտիրոսյան,- ներկայացավ զինվորը։

-Շա՞տ ես ծառայել։

-Անցած գարնանն եմ զորակոչվել։ Նոյեմբերին եմ ուսումնական գումարտակից տեղափոխվել այստեղ։ Արդեն երեք անգամ մարտական հերթապահություն եմ կատարել։

-Ես 2011-ի երկրորդ զորակոչից եմ, – ներկայանալով ասաց գնդացրորդ, շարքային Արարատ Հովհաննիսյանը։

Ավագ հրաձիգ, եֆրեյտոր Արտյոմ Եղոյանն էլ պատրաստվում էր չորրորդ հերթապահությանը։

-Երևի լավ ես կրակում, որ արդեն ավագ հրաձիգ ես։

-Երկրորդ ստուգողականից միշտ «չորս» ու «հինգ» եմ ստանում, կուզեք՝ հրամանատարին հարցրեք։

♦♦♦

Կրտսեր սերժանտ Էդգար Կիրակոսյանն ստուգեց իր ջոկի զինվորների՝ շարքայիններ Սարգիս Թալալյանի, Գուրգեն Կոստանյանի, Նիկոլայ Ցականյանի, Տարոն Բաղդասարյանի զենքերի մաքրությունը և գոհունակությամբ ասաց.

-Լավ եք մաքրել, այժմ շարքով գնում ենք հանձնելու զենքերը։

ՀԱԿԱՏԱՆԿԱՅԻՆ ԴԱՍԱԿ

Վարդան Դավթյանի ղեկավարությամբ էին հակատանկային դասակի զինվորները մաքրում զենքերը։

-Ստուգումների ժամանակ դասակի բոլոր հաշվարկներն էլ ստացել են «լավ» գնահատականներ։ Ուսումնական փուլի ընթացքում, կրակային գործնական պարապմունքներ ենք ունենում: Ունենք նաև վարժասարքեր, որոնցով մշտապես պարապում ու ստուգարքներ ենք հանձնում։ Ընդհանուր առմամբ, կրակային պատրաստությունից զինվորների հիմնական մասը «բավարարից» բարձր արդյունքներ է ցույց տալիս,- ասաց կապիտանը։

Հակատանկային զենքից ամենալավը կրակում են կրտսեր սերժանտներ Գևորգ Խաչատրյանի, Հենրիկ Գաբրիելյանի և Արմեն Համբարձումյանի հաշվարկները։

Գևորգ Խաչատրյանը նշեց, որ զորավարժության ժամանակ իրենք հաստիքային հրթիռով կրակելու հնարավորություն են ունեցել։ Նա նաև բացարձակ ճշտությամբ ներկայացրեց զենքի տեխնիկական տվյալները, օգտագործման, կառավարման ձևերը և տանկի կամ որևէ այլ տեխնիկայի վրա թողած հարվածի հետևանքները։ Լսելով նման պատասխաններ, ակամա համոզվում ես, որ բանակում նպատակային աշխատանք է տարվում զինվորներին ռազմարվեստի նրբությունները, իրենց ամրակցված զենքերի կիրառման ձևերը սովորեցնելու ուղղությամբ։

♦♦♦

«Ֆագոտը» զինվորները կարող են հաջողությամբ օգտագործել։ Հաշվարկներից մեկի հրամանատարը սերժանտ Հայկ Զիրոյանն էր, օպերատորը՝ շարքային Մկրտիչ Մկրտչյանը, մյուս հաշվարկը ներկայացնում էին կրտսեր սերժանտ Կարեն Մնացականյանը և շարքային Լևոն Գևորգյանը։

-Մասնագիտությունը սովորել ենք ուսումնական զորամասում, այստեղ հիմնականում կրակում ենք վարժասարքով, իսկ ընդհանրապես գումարտակի կազմով պարբերաբար մասնակցում ենք մարտական հերթապահության։ Ես վստահ եմ, որ հակառակորդը չի համարձակվի կրկին պատերազմ սկսել, որովհետև գիտի՝ իր ռազմական տեխնիկան կոչնչացվի նախքան առաջնագիծ հասնելը։

ԱԿԱՆԱՆԵՏԱՅԻՆ ԴԱՍԱԿ

Այն նույնպես կարևոր ստորաբաժանումներից է։ Մեծ է զենքի դերը հատկապես հակառակորդի կենդանի ուժի ոչնչացման գործում։

-Ճիշտ օգտագործման դեպքում հարյուր տոկոսանոց արդյունք է տալիս,- մասնագետի բանիմացությամբ զրույցի բռնվեց հաշվարկի հրամանատար, կրտսեր սերժանտ Հովսեփ Ավետիսյանը։

-Իսկ դրա համար ի՞նչ է պետք։

-Ճիշտ տվյալներ, որը հետախույզները պետք է տան, որպեսզի հաշվարկները սխալ չլինեն։

-Վստահեցնում եմ, որ ականանետային դասակը շատ մարտունակ է, մի քանի անգամ փորձել ու բոլոր նշանակետերը խոցել ենք,- զինվորներին գովեց գումարտակի շտաբի պետ, մայոր Ա. Հովհաննիսյանը։

ԳԻՏԱԿՑՎԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Գումարտակի աշխատանքների կազմակերպման ու դրանց կատարման ընթացքի վերահսկման գործում մեծ է շտաբի պետ, մայոր Արտաշես Հովհաննիսյանի և ԱՀՏԱ գծով հրամանատարի տեղակալ, մայոր Արտյոմ Շմավոնյանի դերը։ Երկուսն էլ լի են եռանդով, մեծ պատրաստակամությամբ ու հաջողությամբ ղեկավարում են բոլոր առաջադրանքները։ Արտաշեսը Մարտունու շրջանի ճարտար գյուղից է։ Դեռ դպրոցական տարիներից հոր՝ Լորենց Հովհաննիսյանի և մեծ եղբոր՝ Հարությունի հետ մասնակցել է Արցախի ազատագրման կռիվներին։ Հրադադարից հետո հայրը որդիների հետ, այսինքն՝ ընտանիքի բոլոր տղամարդիկ, համալրել է պաշտպանության բանակի շարքերը։ Այժմ Արտաշեսն այստեղ է՝ երկրորդ պաշտպանականում, իսկ Լորենցն ու Հարությունը ծառայում են այլ շրջանում։

Մայոր Արտյոմ Շմավոնյանը մասնագիտությամբ հրետանավոր է։ Ավարտել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը։ Անցած ժամանակաշրջանում եղել է դասակի, վաշտի հրամանատար, գումարտակի հրամանատարի տեղակալ, իսկ վերջին երկու տարիներին կատարում է գումարտակի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալի պարտականությունները։

-Ծառայությունն անցնում է կա՛մ զորամասում, կա՛մ զորավարժարանում, կա՛մ էլ առաջնագծի մարտական հենակետերում։ Գուցե ճակատագի՞ր է, չգիտեմ։ Մեր ժողովրդի երկար ու ձիգ պատմության մեջ մեզ է վիճակվել ամենօրյա պայքարի միջոցով հայրենիքի սահմաններն անառիկ պահելու, ժողովրդի խաղաղ կյանքն ապահովելու պարտականությունը։ Անվերջ դիմակայելուց չպետք է թուլանանք, հոգնենք, դուրս գանք համբերությունից, այլ պետք է մեր փորձը հարստացնելով ավելի ամրանանք, ուժեղանանք և մեր կամքը թելադրենք թշնամուն։ Սա է հայ մարդու, հայ զինվորականի այսօրվա հիմնական խնդիրը, որը մենք պարզաբանում ենք մեր երիտասարդ զինվորներին ինչպես պարապմունքների, այնպես էլ առանձնազրույցների ընթացքում։ Անձնակազմի հետ տարվող աշխատանքը միայն ազատ ժամանակի ճիշտ օգտագործում, միջոցառումների կազմակերպում չէ։ Այն նախևառաջ ստորաբաժանումների մարտական ոգու բարձրացման պարտականություն է, զինվորի ինքնության բացահայտման խնդիր։ Մենք հաճախ կրկնում, բայց երբեմն էլ շարունակում ենք ուսումնական հաստատությունների աշխատանքը, լրացնում երեկվա աշակերտի, ուսանողի, այսօրվա մեր զինվորի բացթողումները։ Եթե զինվորը լավ ճանաչեց, գնահատեց ինքն իրեն, իր գործի արժեքը, նրան հնարավոր չի լինի հետ պահել։ Նա դառնում է հայրենիքի ամենանվիրյալ պաշտպանը,- ասում է մայոր Ա. Շմավոնյանը։

-Երբ գումարտակը մարտական հերթապահություն է ստանձնում, մենք տեղափոխվում ենք առաջնագիծ։ Անցնելով հենակետից հենակետ՝ ճշտում ենք մարտական հաշվարկները, վերահսկում հերթապահության ընթացքը, ստուգում ներքին կարգ ու կանոնը, անվտանգության կանոնների պահպանման վիճակը, բարձրացնում զինծառայողների մարտական ոգին, հաճախ էլ դիրքի ավագի հանգստի ժամանակ փոխարինում ենք նրան։ Դժվար ու պատասխանատու աշխատանք է, բայց մենք գոհ ենք, որովհետև մեր արածի իմաստն ու նշանակությունը շատ մեծ է, ու պաշտպանության նախարարությունը գնահատում է ըստ արժանվույն,- գործընկերոջ խոսքը լրացրեց մայոր Արտաշես Հովհաննիսյանը։

Ավելացնենք, որ երիտասարդ սպաները պարգևատրվել են գերատեսչական տարբեր մեդալներով, խրախուսվել շնորհակալագրերով ու պատվոգրերով։

ԱՐԱՄ ՆԵՐՍԻՍՅԱՆ
փոխգնդապետ
Լուսանկարը՝ հեղինակի

Խորագիր՝ #08 (975) 28.02.2013 – 6.03.2013, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


28/02/2013