Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՆՊԱՏԻԺ ՉՄՆԱՑ



Օդային սահմանի խախտումների վերաբերյալ նշվում են տարբեր թվեր, խորհրդային տվյալներով՝ դրանք վեցն են, սակայն հանդիպում է նաև 24 թիվը: Ըստ այլ տվյալների` միայն մինչև 1960թ. «Ու-2»-ները խորհրդային ողջ տարածքում կատարել էին մոտ 50 հետախուզական թռիչք: Արդյունքները ցնցող էին, ԽՍՀՄ-ում ոչինչ գաղտնի չէր պահվում ամերիկացիների համար, բայց այս «թռչնակը» ևս ունեցավ կորուստներ:

Առաջին և ամենանշանակալի կորուստը եղավ 1960թ. մայիսի 1-ին, երբ այժմյան Եկատերինբուրգ քաղաքի մոտակայքում խորհրդային «Ս-75» ԶՀՀ-ով խոցվեց Ֆրենսիս Փաուերսի ղեկավարած ինքնաթիռը: Այս դեպքը համաշխարհային խայտառակություն դարձավ: Օդաչուին ցուցադրական դատեցին, երկրի ղեկավարությունը բացահայտ մեղադրեց ամերիկյան կողմին: Այստեղ կա մի հետաքրքիր նրբություն, մինչև Փաուերսի խոցումը խորհրդային փառաբանված հետախուզությունը գրեթե տեղեկություն չուներ ամերիկյան հետախույզի մասին: Տասնյակ օդաչուներ և օպերատորներ արդեն հինգ տարի զեկուցում էին 20 կմ բարձրության վրա թռչող ինքնաթիռի մասին, իսկ շատ գեներալներ չէին հավատում: ԿՀՎ-ն իր գերգաղտնիությամբ հանդերձ, թույլ էր տվել այնպիսի վրիպում, որ թվում էր՝ «Ու-2»-ի գաղտնիքը վաղուց պետք է բացված լինի: Մի քանի անգամ հետախույզի շարժիչի խափանման պատճառով այն հայտնվել էր բավականին ցածր բարձրությունների վրա, մեկ անգամ նույնիսկ, ըստ ռուսական աղբյուրների, Չինաստանի երկնքում օդաչուն հայտնվել էր իրեն խոցել փորձող կործանիչների ճանկերում եւ պայթեցրել էր ինքնաթիռը իր հետ միասին: Իսկ այլ անգամ` 1959թ. սեպտեմբերի 24-ին, խորհրդային օդային տարածքից վերադարձող օդաչուն շարժիչի խափանման պատճառով վայրէջք կատարեց մի ճապոնական քաղաքացիական օդանավակայանում: Արդյունքում՝ մի Էնտուզիաստ հասցրել էր լուսանկարել ինքնաթիռը, տվյալներ հավաքել նրա մասին և նույնիսկ տպագրել էր թերթում: Այսուհանդերձ, խորհրդային կողմը պասիվ էր:

Փաուերսին խոցելու օրը ևս առանց զոհերի չանցավ, ապրիլի 9-ին զոհված օդաչու, ավագ լեյտենանտ Վլադիմիր Կարչևսկու զորամասից նորից օդ բարձրացան երկու «ՄիԳ-19»-ը կործանիչներ: Ինքնաթիռներից մեկը վարում էր էսկադրիլիայի հրամանատարի տեղակալ, կապիտան Բորիս Այվազյանը, իսկ մյուսը՝ ավագ լեյտենանտ Սերգեյ Սաֆրոնովը: Նրանք լիցքավորման նպատակով վայրէջք կատարեցին Սվերդլովսկի Կոլցով օդանավակայանում: Նույն օդանավակայանում էր պատահաբար հայտնվել կապիտան Իգոր Մենտյուկովը, որն իր «Սու-9»-ը գործարանից տեղափոխում էր զորամաս: Եվ նրան անմիջապես, առանց սպառազինության, օդ բարձրացրին: Նորից վերգետնյա ուղղորդման մասնագետները սխալվում են, և հերոսությունը չի ստացվում: Մենտյուկովը մի կերպ վայրէջք է կատարում Կոլցովոյում: Հետո ԶՀՀ խոցում է «Ու-2»-ը, սակայն իրադրությունը շարունակում է քաոսային մնալ. մյուս դիվիզիոնի զենիթայինները Սերգեյ Սաֆրոնովի կործանիչն ընդունում են որպես հետախույզ և հրթիռ արձակում նրա վրա: Սաֆրոնովը զոհվում է: Այվազյանը մի կերպ փրկվում է՝ ենթագիտակցորեն կործանիչը կտրուկ թեքելով ներքև: Խառնաշփոթի մեջ արձակվում է 14 հրթիռ, այնինչ առաջին արձակումն արդեն խնդիրը լուծել էր:

1960թ. հուլիսի 1-ին խորհրդային սահմանը Բարենցի ծովի կողմից խախտեց 38-րդ ռազմավարական հետախուզական թևին պատկանող «ԵՌԲ-47Հ»-ը (գրանցման համարը 53-4281): «ՄիԳ-19» կործանիչով անկոչ հյուրերին խոցեց կապիտան Վասիլի Պոլյակովը, հետախույզի անձնակազմից մի քանիսը զոհվեցին և կորան, երկու օդաչուներ գերի ընկան: Միայն վերջերս գտնվեց ամերիկյան ինքնաթիռի օդաչուներից մեկի` Յուջին Պոսի գերեզմանը:

Սվերդլովսկի խոցումից հետո ԱՄՆ-ի նախագահ Դ.Էյզենհաուերն արգելեց «Ու-2»-երի թռիչքը ԽՍՀՄ-ի տարածքով, սակայն «որսի սեզոնը» նորից բացվեց 1962թ. օգոստոսի 30-ին: Ամերիկացիները «Ու-2»-ով սահմանը խախտեցին Սախալինի ուղղությամբ, ԽՍՀՄ-ը բողոքեց: Ամերիկացիները նույնիսկ ներողություն խնդրեցին:

Սեպտեմբերի 9-ին «Ու-2»-ը խոցվեց չինական Նանչան քաղաքի երկնքում: Չինական հակաօդայիններն առհասարակ «Ու-2»-ի խոցման ռեկորդակիր են: (Խոցել են 1963թ. նոյեմբերի 1-ին, օդաչուն գերի է ընկել: 1964թ. հուլիսի 7-ին օդաչուն զոհվել է: 1965թ. հունվարի 10-ին՝ Պեկինի մոտակայքում, օդաչուն գերի է ընկել: Նույն թվականի նոյեմբերի 28-ին, 1967թ. սեպտեմբերի 9-ին, օդաչուները զոհվել են:)

Ամերիկյան հետախույզները թռիչքներ էին կատարում նաև այլ պետությունների տարածքներում, մի քանիսի խոցվելուց հետո թռիչքների քանակը պակասեց: 1962թ. սկսված Կարիբյան ճգնաժամի պատճառով հոկտեմբեր ամսին «Ու-2»-ի թռիչքները Կուբայի երկնքում նորից ակտիվացան: Արդեն կատարվել էին տասնյակից ավելի թռիչքներ, երբ ամսի 27-ին «Ս-75» ԶՀՀ-ը փայլեց նաև Կուբայի երկնքում, հակառակորդը նորից նույն ամերիկյան հետախույզն էր: Խորհրդային սպան գործել էր առանց հրամանի, սակայն նրան դրա համար չպատժեցին: Զոհվեց օդաչու Ռուդոլֆ Անդերսը: «Ու-2»-ի թռիչքները դադարեցվեցին, սակայն ոչ հետախուզական թռիչքները, այս անգամ հերոսը «ՌՖ-101 Վուդու» հետախույզն էր, որը կարող էր թռչել երկու անգամ արագ, սակայն ոչ այնքան բարձր: Առաջին ցածր թռիչքը կատարեց ամերիկացի օդաչու Վիլյամ Էկկերը: Մի քանի թռիչքից հետո ամերիկացիները ստացան ցանկալի տեղեկությունները: Նման ցածր ու հաճախակի իրականացվող թռիչքները շատ էին ազդում Կուբայում տեղակայված զորքի հոգեբանության վրա: Կաստրոն հրամայեց կրակ բացել նրանց վրա, շատ ինքնաթիռներ վերադառնում էին գնդակոծման հետքերով, սակայն, բարեբախտաբար, ոչ մի ինքնաթիռ չխոցվեց այլևս: Ճգնաժամի քննարկումների ժամանակ Միկոյանը Քենեդուն առաջարկում է կղզու սպառազինման վերահսկողությունը իրականացնել հենց «Ու-2»-ի միջոցով, որոնք անհասանելի էին կուբացիների համար:

Ամերիկյան ղեկավարությունը, անտեսելով կորուստները, ոչ միայն կանգ չէր առնում, այլեւ կատարելագործում էր միջոցներն ու եղանակները: Հոկտեմբերի 28-ին նրանք նորից «Ու-2»-ով խախտեցին խորհրդային սահմանը, այս անգամ Չուկոտկայի կողմից: Հետագայում էլ «Ու-2»-ներ թռել են խորհրդային և խորհրդային այլ պետությունների սահմաններում:

Այսօր էլ այդ զարմանալի ինքնաթիռը դեռ սպառազինության մեջ է, այն բազմիցս կատարելագործվել է եւ կրում է «Ու-2Ս» անվանումը, որի թևերի բացվածքն արդեն կազմում է 31.4 մետր՝ 92.9 մետր քառակուսի մակերեսով: Այժմ կատարում է սովորական և ռադիոհետախուզություն` ժամանակակից համակարգերով:

ԱՐԾՐՈՒՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Խորագիր՝ #09 (976) 7.03.2013 – 13.03.2013, Պատմության էջերից


07/03/2013