Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԳԻՏԱԿՑՎԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ



Երկրորդ պաշտպանականի փոխգնդապետ Կ. Հայրապետյանի գումարտակում կան շատ ակտիվ զինվորներ, որոնք, ունենալով որոշակի շնորք կամ մասնագիտություն, միշտ իրենց ներդրումն են ունենում ինչպես ծառայության կազմակերպման, հասարակական ակտիվների, այնպես էլ խաղերի, մրցումների, համերգների կազմակերպման աշխատանքներում։ Օրինակ՝ ավագ հրաձիգ, եֆրեյտոր Դավիթ Քոչարյանը, լինելով հմուտ խոհարար, մասնավորապես՝ շաուրմայի վարպետ, հաճույքով է մասնակցում տոնական ճաշերի, հենակետերում եղած մթերքից համեղ ուտեստների պատրաստման աշխատանքներին։

Շարքային Հայկ Սահակյանը մինչ զորակոչվելը պարել է ազգագրական պարերի խմբում և համերգային շրջագայություններով եղել է ԼՂՀ և ՀՀ բոլոր շրջաններում ու մարզերում։ Նա արդեն ինն ամսվա ծառայող է և հասցրել է երկու անգամ լինել առաջնագծում։

-Դասակիս հրամանատարն ավագ լեյտենանտ Վահան Մկրտչյանն է։ Նրան զինվորները շատ են հարգում, որովհետև ամեն ինչ անում է ծառայության ընթացքում վտանգավոր իրավիճակներից խուսափելու համար։

♦♦♦

«Դերասան Ադամ», բոլորն այսպես են ճանաչում շարքային Ադամ Խալաթյանին։ Նա թատրոնի և կինոյի ինստիտուտի ուսանող է։ Ադամը նաև շատ լավ է պարում։ Մասնակցել է ATV-ի կազմակերպած «Պարեր առանց կանոնների» մրցույթին և գրավել առաջին տեղը, պարգևատրվել է գլխավոր մրցանակով։

-Հինականում պարում էի բրեյքդանս և հիպոպ ոճերում։ Ինքնուս եմ, նախկինում որևէ խմբում չեմ պարել,- ասաց նա։

-Իսկ զորամասում պարելու առիթ լինո՞ւմ է։

-Շատ, նաև սովորեցնում եմ ցանկացողներին։

♦♦♦

Շարքային Վահան Դանիելյանն ըմբշամարտիկ է։ 2007թ. նա դարձել է Մոսկվայի պատանեկան առաջնության հաղթող։ Սովորում է Մոսկվայի համալսարաններից մեկում, հայրենիք է վերադարձել բանակում ծառայելու համար։

Քիք-բոքսինգով է զբաղվել շարքային Բաբկեն Մարտիրոսյանը։ Նա էլ ՀՀ պատանեկան և երիտասարդական առաջնությունների հաղթող է, մասնակցել է նաև համաբանակային սպարտակիադաներին։ Բաբկենը նույնպես ուսանող է և սովորում է Երևանի պետական համալսարանի ռադիոֆիզիկայի ֆակուլտետում։

Ա. Ն.

Խորագիր՝ #09 (976) 7.03.2013 – 13.03.2013, Ազգային բանակ


07/03/2013