ՏԱՐՕՐԻՆԱԿ ՀԱՅԱՑՔ
Դարեհն անզոր ատելությամբ սեղմեց բռունցքները:
– Ճակատագիրն ինձ որդիներ չի պարգևել, և ես Արտավազդին հարազատ որդուս պես եմ դաստիարակել: Նրա երակներում այն նույն արքայական արյունն է, որն իմ երակներում է` մի թեթև նոսրացած նրա մոր զզվելի կաթով: Կաթիլ առ կաթիլ ես ջանացել եմ նրա միջից դուրս մղել հայկական այդ խառնուրդը:
Ալեքսանդրը հանկարծ ցնցվեց` նկատելով Դարեհի խուլ հեծկլտոցն ու խոնավացած աչքերը:
– Երբեմն ինձ թվում էր, թե ես արդեն մոտ եմ նպատակիս, սակայն ամեն անգամ հենց որ ձեռքս մեկնում էի, այն հեռանում էր ինձանից: Ես թողեցի, որ նա տուն գնա…
Արքայից արքայի կոկորդը սեղմվում էր: Ամաչելով տեսածից` Ալեքսանդրն շտապով կախեց աչքերը: Ասես պատասխանելով նրա անբառ հարցին` Դարեհը ցածր, ընդհատվող շշուկով շարունակեց.
– Դու հավանաբար չես տեսել, թե ինչպես է որդին դանդաղ մահանում հոր աչքի առաջ: Ես չկարողացա դիմանալ այդ ցավին և թողեցի, որ նա տուն գնա: Ես գրում էի իմ տղային: Նամակներ էի գրում, հայրական սիրով ու հույսով լի նամակներ: Սակայն նրա մոր կաթը մինչև վերջին կաթիլը թունավորել էր պարսկական ազնիվ արյունը, և նա սիրահարվեց այդ օտարուհուն: – Դարեհը ծանր հայացքը դանդաղ սահեցրեց պալատի յուրաքանչյուր անկյունով և գինու` իշխանի աթոռի տակ դրված ոչ մեծ տակառին հառելով` շարունակեց. – Նրա երակներում իսկական արյան մի փոքրիկ կաթիլ դեռ մնացել է: Ես գիտեմ, որ իմ տղան ո՛չ իշխանին, ո՛չ էլ իր զզվելի մորը ոչ մի բառ չի ասել իմ նամակների մասին: Սակայն դա արդեն ոչինչ չի փոխի: Արտավազդն արդեն նզովյալ հայ է դարձել, ինչպես իր հայրը:
Արքայից արքան արագ մոտեցավ աթոռին, ծոցից հանեց գործվածքի մի փոքրիկ փաթթոց, բաց արեց և այնտեղ եղած սպիտակ փոշին լցրեց տակառի բուկը:
– Ասիական կեղծավորություն ու նենգություն, – շշնջաց Ալեքսանդրը` նողկանքով թոթվելով ուսերը և արհամարհանքով ժպտալով, – ամեն ինչ չափազանց հեշտ է ու արագ: Ի դեպ, Պարմենիոնի խնդիրներն էլ կպակասեն:
Դարեհը դանդաղ շրջվեց և զննող հայացքով նայեց Ալեքսանդրին:
– Սա մեր համաձայնության պայմանն է, – ասաց նա մռայլ ժպտալով, – Ես չգիտեմ, թե ճակատագիրն ինչպես կտնօրինի, բայց մենք թերևս մեկ անգամ էլ պիտի հանդիպենք, երբ անիծյալ հայկական հարցը հստակվի:
– Ինչ համաձայնության մասին կարող է խոսք լինել, եթե դու դեմ ես, որ հայկական դինաստիան պարսկական գահին լինի, և ունակ ես թունավորելու Արտավազդին, ում սիրում ես հարազատ որդուդ պես, – վրդովվեց Ալեքսանդրը:
– Ճակատագիրը դաժանորեն խլեց նրան ինձանից, և ես ճակատագրին էլ թողնում եմ ընտրելու իրավունքը. կա՛մ կործանել նրան իմ ձեռքով, կա՛մ հնարավորություն տալ վերադառնալու ինձ մոտ: Ինչպես Աստվածները տնօրինեն, այնպես էլ կլինի: Ինչ վերաբերում է Պարմենիոնին, ըստ էության, նա հույն է դարձել, և այստեղ` քնքուշ Եգեյան ծովից ու ճերմակաթույր մարմարիոնե սյունաշարերից հեռու, նա շնչահեղձ կլինի ու կմեռնի կամ էլ, ավելի շուտ, կսպանվի: Սակայն, ես կարծում եմ, որ նա որոշ ժամանակ կմնա պարսկական գահին, մինչ դու կնվաճես Հնդկաստանը, – ասաց Դարեհը: – Ի դեպ, լսի՛ր իմ բարի խորհուրդը և գնա՛ Հայաստանից, քանի դեռ քո զինվորները չեն սկսել հայերեն խոսել:
– Չեմ ասի, թե իսկապես հավատացի քո արևելյան հեքիաթներին, բայց հայկական հարցը մի անգամ արդեն կանգնեցրել է իմ փաղանգը Գավգամելի մոտակայքում, – մտածկոտ ասաց Ալեքսանդրը, – Հնարավոր է` դու գործնական խորհուրդ տվեցիր, թեև մինչև մազերիդ ծայրը նենգ ու կեղծավոր ես: Իսկ հիմա գնալու ժամանակն է: – Ալեքսանդրը թափով բաց արեց դուռը և զիլ ձայնով կանչեց Պարմենիոնին.
– Հեռանում ենք, – կտրուկ հրամայեց նա` ջանալով չնայել նրա աչքերի մեջ:
ԱՐՄԵՆ ՄՈՒՐԱԴՅԱՆ
Խորագիր՝ #09 (976) 7.03.2013 – 13.03.2013, Հոգևոր-մշակութային