ՓՈՔՐԻԿ ԽՈՐԱՄԱՆԿՈՒԹՅՈՒՆ
Պատմում է Եվա Ասրիբաբայանը
-Ով եղել է Արցախի Մուշկապատ գյուղում, հավատացած եմ, նա երբեք չի մոռանա բարձրաբերձ լեռներին ծվարած այս շենը` շրջապատված կուսական անտառներով, սառնորակ ջրերով: Գյուղում ապրող մարդիկ շատ հյուրասեր են, հայրենասեր: Եվ դա ինձ թվում է շատ բնական, որովհետև այստեղ բնությունն ու մարդը միացյալ են, անխոս իրար հասկացող:
Կանգնում ես գյուղի «Քարկապ» կոչվող տեղանքում, և ամպերը գալիս քո կողքով դանդաղ հեռանում են երկինք: Թվում է, թե այստեղ մարդիկ իրենց երազանքները, աղոթքները պահ են տալիս ճերմակ ամպերին, որոնք էլ իրենց հետ այն բարձրացնում են վեր` դեպի աստվածային տարածքներ: Եվ ակամայից հիշում ես մեր մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի տողերը.
-Մեր գյուղն էն է, որ հպարտ
Լեռների մեջ միգապատ,
Խոր ձորերի պռնկին,
Ձեռը դրած ճակատին
Միտք է անում տխրադեմ,
Ի՞նչ է ուզում` չգիտեմ…
Փոքր էի, աղոտ եմ հիշում պատերազմական օրերը, սակայն տարիների հետ այնքան եմ լսել ծնողներիցս, տատիկ-պապիկիցս, համագյուղացիներից, որ թվում է` այդ հիշողությունները դարձել են իմ ապրած կյանքը:
Այդ պատմություններից ուզում եմ հիշել մեկը, որը կապված է սիրելի հերոս Մոնթե Մելքոնյանի, ինչպես մերոնք էին ասում` «մեր Ավոյի» հետ: Ավոն շատ է եղել մեր գյուղում, կան լուսանկարները: Ալեքսանդր` Սաշա հայրս ու հորեղբայրս` Հրազդանը, նույնպես եղել են Ավոյի զինվորներից:
Ուզում եմ պատմել Նորա տատիս հանդիպումը Զորավարի հետ, երբ Ավոն առաջին անգամ այցելում է Մուշկապատ:
-Լսեցինք, որ Ավոն եկել է Մուշկապատ,- հիշում է Նորա տատս: Գյուղի կանայք, հարսները` երեխաներով շրջապատված, գյուղական բերք ու բարիքի կապոցներով շտապեցին նրան տեսնելու, նրա բերանից լսելու, թե երբ է ավարտվելու պատերազմը, երբ են մեր որդիները ողջ-առողջ տուն դառնալու:
Եվ ահա ներս է մտնում Նորա տատս ու տեսնում սեղանի շուրջ նստած մի խումբ զինվորական շորերով, բեղ- մորուքով մարդկանց: Ավոյի մասին լեգենդներ էր լսել և ահա բախտ էր ունեցել առաջին անգամ նրան հանդիպելու: Տեսնելով միանման զինվորականներին` տատս հուզմունքից, ուրախությունից դողացող ձայնով հարցնում է.
-Հորա՞ Ավոն, վերնա՞ Ավոն, ես նրա կլխավը շոռ տամ (մատաղ լինեմ),-ասում է ու սկսում հերթով գրկել, համբուրել անծանոթ զինվորականներին: Համբուրում է ու մի պահ նայում զինվորականին, լսում խոսքը: Դա տատի «փոքրիկ խորամանկությունն» է լինում, որովհետև որդիներից լսած է լինում, որ Ավոն Ամերիկայի հայ է և ուրիշ հայերենով (արևմտահայերեն) է խոսում: Ու անծանոթ հերթական զինվորականին համբուրելիս, երբ լսում է իրեն ծանոթ Արցախի բարբառը, անցնում է հաջորդին: Այսպես համբուրելով՝ հասնում է Ավոյին: Ավոն փաթաթվում է տատիս.
-Ինչպե՞ս եք ապրում, մա՛րս, աղեկ ե՞ք, չմտածե՛ք, ամեն ինչ լավ կըլլա…
Այս խոսքերը լսելով` տատս նորից փաթաթվում է, ջերմ համբուրում Ավոյին.
-Ավո ջան, էս դու՞ ես, ես քո կլխավը շոռ տամ…
Եվ սկիզբ է առնում արցախյան հարուստ խոսվածքով համեմված բարեմաղթանքների շարանը:
Հետագայում Ավոն հաճախ էր լինում Մուշկապատ գյուղում: Նստում էր բարձրաբերձ ժայռի կատարին, որտեղից պարզ երևում էր գյուղը: Հմայվում էր գյուղը օղակած գեղատեսիլ բնությամբ, խորասուզվում մտքերի օվկիանում` մտորում էր, մտորում… Այդ պահերին գյուղի մայրերի, տատիկների, երեխաների (տղամարդիկ սահմանում էին) հայացքը Ավոյի կողմն էր, և ճերմակ ամպի քուլաները, որոնք խոնարհաբար անցնում էին նրանց առջևով, Ավոյի համար աղոթքի խոսքեր էին բարձրացնում երկինք…
ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
Խորագիր՝ #09 (976) 7.03.2013 – 13.03.2013, Հոգևոր-մշակութային