Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ ՍՊԱՐԱՊԵՏԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ



«…ամեն ինչը՝ քաջությամբ…»

Հայաստանի Ազգային հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան 54-րդ տարեդարձի կապակցությամբ մարտի 5-ի առավոտյան Եռաբլուր պանթեոնում մեկնարկեցին Վազգեն Սարգսյանի հիշատակին նվիրված պաշտոնական միջոցառումները: Սպարապետի շիրմաքարին ծաղկեպսակներ դրվեցին: ՀՀ ԶՈՒ ղեկավար կազմը պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ նույնպես ծաղիկներ դրեց՝ հարգելով մարտական ընկերոջ հիշատակը: Եռաբլուրում էին նաև երկրապահ կամավորականների միության անդամները` Մանվել Գրիգորյանի ղեկավարությամբ, ինչպես նաեւ մարզպետներ, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ԱԺ պատգամավորներ:

Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը հազարից ավելի պատանի երկրապահներ երդվեցին հենց Եռաբլուրում` իրականացնելով սպարապետի կոչ-պատգամը. «Ես շատ եմ խնդրում ծնողներին` նախապատրաստեք ձեր որդիներին բանակային ծառայությանը: Սերմանեք նրանց մեջ ուժ` դիմագրավելու դժվարությունները: Պատանուն պետք է ներշնչել տղամարդ դառնալու անհրաժեշտությունը` ցավը, դժվարությունն արժանավայել տանելու կամք դաստիարակել նրանց մեջ»:

Ազգային-ազատագրական յուրաքանչյուր պայքար ծնում է իր հերոսներին։ 20-րդ դարավերջին մեր դեռ գոյություն չունեցող բանակն առաջնորդելու դժվարին պարտականությունը ճակատագրով նախասահմանվեց Վազգեն Սարգսյանին։ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի խոսքով` գործ ունենք մի անձնավորության հետ, որը հայ ժողովրդի նորագույն պատմության մեջ մեծագույն դերակատարում է ունեցել, պետական եւ ռազմական մեծ գործիչ է. «Անձնավորություն, որը կարողացավ համախմբել մեր ժողովրդին, ազատամարտիկներին։ Ստեղծեց տրամադրություն եւ իր հետեւից տարավ դեպի ազատագրական պայքար, եւ այդ պայքարում կարողացանք հասնել հաղթանակի։ Փառք Աստծո, որ Սպարապետի գործը կիսատ չի մնացել։ Մենք ունենք ազատ, անկախ Հայաստան։ Ունենք հանրապետություն, որն իր զարգացման գործընթացում մի նոր քար է ավելացնում եւ մեր ժողովրդին տանում է դեպի առաջընթաց»։ Նա շնորհավորեց նաեւ պատանի երկրապահներին եւ նշեց, որ մեր երիտասարդները, մանուկները պետք է նմանվեն իրենց մեծերին։

Մանվել Գրիգորյանն իր խոսքում ասաց, որ Սպարապետի ծննդյան օրը դարձել է պատանի Երկրապահի երդման օր. «Սիրելի՛ պատանիներ, շնորհավորում եմ բոլորիդ երդման կապակցությամբ: Այս երդումը կդառնա ձեր կյանքի ուղեցույցը, եւ դուք եք կերտելու Սպարապետի երազած գալիքը»: Նա ընդգծեց, որ Վազգեն Սարգսյանի կոչով իրար գլխի համախմբվեցին ԵԿՄ տղաները եւ որպես ապագա բանակի հենասյուներ գնացին դեպի հաղթանակ: Նրա խոսքով` Վազգեն Սարգսյանի մեծությունը զգացվեց ոչ միայն պատերազմի տարիներին, այլեւ պատերազմից հետո` Հանրապետության կայացման եւ հզորացման գործընթացում. «Աշխարհի հետ հարաբերությունները կարգավորվելու ժամանակ միայն նրա ներկայությունը բավարար էր, որպեսզի մեր պետության հետ հարաբերվելիս բոլորը զգաստանան: Ես հպարտ եմ, որ եղել եմ Սպարապետի զինակիցը, ընկերն ու բարեկամը: Նրա հետ մարտնչել եմ մեր պապական հողերի ազատագրման համար»:

Վազգեն Սարգսյանի գործն ու վաստակն են արժեւորել նաեւ զինակից ընկերները: Վովա Վարդանովը, խոսելով Վազգեն Սարգսյանի անձնական հատկանիշների մասին, նշեց, որ Վազգեն Սարգսյանը իրեն դրսեւորում էր որպես համեստ մարդ. «Համեստ էր այն աստիճան, որ երբ ինչ-որ բան չէր հասկանում, չէր ամաչում դիմել այն մարդուն, ով հասկանում էր, չէր ամաչում մի գործի նշանակել այն մարդուն, ով կարող էր իրեն հակառակորդ դառնալ։ Ինքը հնարավորություն տվեց խորհրդային բանակի հայ գեներալներին եւ բարձրաստիճան սպաներին հայկական բանակում իրենց դրսեւորելու, թեեւ այդ ժամանակ նման քայլը վտանգավոր էր համարվում։ Նա կարողանում էր հաճախ չենթարկվող կամավորականներին ղեկավարել նաեւ իր ժպիտով։ Նա դողում էր իր յուրաքանչյուր զինվորի համար»։

Գեւորգ Բաղդասարյանն էլ ասաց, որ Սպարապետը շատ էր գնահատում ազատամարտի իր ընկերներին. «Տղաներին ճանապարհելիս ասում էր, որ երբեւէ մտքներովդ չանցնի զոհվել, պետք է ամեն ինչ անել` ողջ մնալու համար, բայց քաջությամբ, ամեն ինչը` քաջությամբ»…

Շ. ՍՏԵՓԱՆՅԱՆ
Ավագ լեյտենանտ
Լուս.` ԳԱՐԻԿ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ
Կապիտան

Խորագիր՝ #09 (976) 7.03.2013 – 13.03.2013, Բանակ և հասարակություն


07/03/2013