Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՕԴԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԻ ԹՈՒՅԼ ՀԱՏՎԱԾՆԵՐԸ



Որքան էլ «Ու-2»-ը ԽՍՀՄ տարածքները հետախուզող առաջամարտիկ ինքնաթիռն էր համարվում, այդուհանդերձ, ամերիկացիները դեռ շարունակում էին նման թռիչքներ կատարել ավելի ցածր մարտավարատեխնիկական տվյալներ ունեցող մեքենաներով, որոնք կիրառվում էին մինչև «Ու-2»-ի հայտնվելը:

1960թ. մայիսի 20-ին երկու «ՄիԳ-19» կործանիչներ՝ օդաչուներ կապիտան Լ.Շկարուբա և ավագ լեյտենանտ Մ.Կռիլով, ԳԴՀ օդային տարածքում թռչող ամերիկյան «ՌԲ-47»-ին ստիպեցին հարկադրական վայրէջք կատարել: «ՄիԳ-19» խորհրդային կործանիչը հակառակորդի սահմանախախտ ինքնաթիռների դեմ պայքարում ամենափայլուն միջոցն է, նրանով են խափանվել բազում նմանատիպ դեպքեր:

1962թ. հունվարի 8-ին խորհրդային կործանիչները բելգիական քաղաքացիական «Կարավելլա» ինքնաթիռին, որը խախտել էր խորհրդային սահմանը, ստիպեցին վայրէջք կատարելու Երևանում: (Եղել է նաև այլ դեպք, երբ Երևանում հարկադրական վայրէջք է կատարել նաև Քուվեյթին պատկանող Բոինգ 727-ը, ամսաթիվը հայտնի չէ): Խորհրդային տարածքների հետախուզության գործում լայնորեն կիրառվում էին նաև քաղաքացիական ինքնաթիռները: Նրանց վրա տեղադրվում էին գաղտնի լուսանկարող սարքավորումներ և իրենց հիմնական թռիչքուղուց մի փոքր շեղվելով՝ շատ դեպքերում վերջիններս հայտնաբերում էին գաղտնի օբյեկտներ: Ֆրանսիական ավիաընկերությունները ևս շատ էին կատարում նման անօրինական քայլեր: Մի անգամ էլ, երբ ֆրանսիական «Կարավելլա» ինքնաթիռը հիմնական թռիչքուղուց շեղվեց մոտ 50 կմ, խորհրդային «ՄիԳ»-երը ֆրանսիացուն նախ ստիպեցին վերադառնալ և հետո վայրէջք կատարել ստուգման համար: Լուրջ դիվանագիտական սկանդալ ծագեց:

1960- ական թվականների սկզբներին խորհրդային օդային սահմանները բոլոր կողմերից հավասարաչափ պաշտպանված չէին: Առավել պաշտպանված էր համարվում արևմտյան սահմանը, որը հսկում էին ոչ միայն խորհրդային, այլ նաև վարշավյան պետությունների ՀՕՊ ստորաբաժանումները: Լավ պաշտպանված էր համարվում կովկասյան ուղղությունը: Գերպաշտպանված էին Մոսկվայի, Լենինգրադի և այլ արդյունաբերական կենտրոնների օդային սահմանները: Վատ էին պաշտպանված արևելյան և միջինասիական սահմանները: Միջինասիական ուղղությունից հաճախակի ներխուժող հակառակորդը ստիպեց երկրի ղեկավարությանը ուժեղացնել երկրամասի պաշտպանությունը: Մասնավորապես՝ 73-րդ օդային բանակը համալրվեց 100 նոր «Ս-75» ԶՀՀ-ով, 12 նոր «Պ-14» ՌՏԿ-ով: Երկու կործանիչային ավիագնդերին միացան ևս չորսը: 1963թ. մայիս ամսին Միջին Ասիայում ստեղծվեց նաև ՀՕՊ-ի 12-րդ առանձին բանակը:

1963թ. ամռանը, երբ խորհրդային ղեկավարությունը Լ.Բրեժնևի գլխավորությամբ պաշտոնական այցով գտնվում էր Իրանում, իրանական «Աիրքոմմանդեր-560» մխոցավոր երկշարժիչանի ինքնաթիռը կատարեց «պատասխան այցը»: Անմիջապես «Մառի-2» օդանավակայանից օդ բարձրացվեցին 156-րդ կործանիչային ավիագնդի երկու «ՄիԳ-17Պ» կործանիչներ, որոնց օդաչուներ՝ կապիտան Ստեպանովը և ավագ լեյտենանտ Սուդարիկովը խոցեցին անհնազանդ իրանցուն:

Մեկ տարի անց՝ 1964թ. հունվարի 28-ին, մեկ այլ սահմանախախտ «Տ-39» ինքնաթիռով Էրֆուրտի մոտ հարյուր կիլոմետր խորացել էր սոցիալիստական Գերմանիայի տարածքը: Ալտենբուրգից օդ բարձրացված ավագ լեյտենանտ Ա.Կրոպոտովը «ՄիԳ-19» կործանիչով խոցեց սահմանախախտին, որի օդաչուները զոհվեցին:

Թեեւ այդ թվականներին խորհրդային ՌՕՈւ-երը զինվում էին ավելի ժամանակակից կործանիչներով, բայցեւայնպես, «ՄիԳ-19»-ը դեռ մնում էր սպառազինության մեջ և աչքի էր ընկնում: 1964թ. մարտի 10-ին այս կործանիչը գերմանական երկնքում խոցեց շատ կարևոր պահի օդային սահմանը խախտած ամերիկյան «ՌԲ-66» հետախույզը: Երկար ժամանակ համարվում էր, որ այդ օրվա հերոսը «ՄիԳ-21»-ն է: Առհասարակ, այս պատմությունը հետաքրքիր է նրանով, որ մարտին մասնակցել էին 126-րդ կործանիչային ավիադիվիզիայի 35-րդ ավիագնդի երկու օդաչուներ` Ֆ.Զինովևը և Վ.Իվաննիկովը, սակայն գրանցվել էր միայն առաջինը: 16-րդ օդային բանակի, 72-րդ կործանիչային ավիակորպուսի 126-րդ կործանիչային ավիադիվիզիայի հրամանատարն էր պատվախնդիր գեներալ Ալեքսեյ Միկոյանը, որը փորձում էր ամեն ինչ անել ճշմարտությունը չթաքցնելու համար:

Բացի վերը նշված տարատեսակ հետախուզական ինքնաթիռներից, տարբեր երկրներում ստեղծվում էին նաև ռադիոհետախուզության ինքնաթիռները, որոնք բարձր և արագ թռչելու խնդիր չունեին: Քանի որ ԽՍՀՄ-ի սպառազինության մեջ ընդունվեցին ՀՕՊ-ի այնպիսի միջոցներ, որոնք կարող էին պայքարել բարձրաթռիչք նշանակետերի դեմ: Ամերիկացիները փոխեցին մարտավարությունը, նրանք հաճախակի սահմանը չէին խախտում, քանի որ հետախուզումը ուղղված էր վերգետնյա հայտնաբերման միջոցների տեղադիրքի որոնմանը: Այս ինքնաթիռները, թռչելով սահմանին բավականին մոտ, մի քանի հարյուր կմ խորությամբ հայտնաբերում էին այն ռադիոտեղորոշման կայանները, որոնք փորձում էին հայտնաբերել իրենց, կատարում էին լսաձայնային հետախուզություն և այլն: Նշվածից զատ շարունակվում էին ավանդական հետախուզական թռիչքները սահմանային խախտումներով ամենամեծ բարձրություններից մինչև ցածր բարձրությունների կարճ ժամանակով ներխուժումները:

Սառը պատերազմի այս փուլում ընդհանուր պատկերն այսպիսին էր, թեեւ գաղտնիության քողը կրող շատ փաստեր դեռ անհայտ են մնում:

ԱՐԾՐՈՒՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ռազմական փորձագետ

Խորագիր՝ #10 (977) 14.03.2013 – 20.03.2013, Պատմության էջերից


14/03/2013