Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՐԱՍԱՅԼԵՐ



«Challenger 2»

Պետությունը – Մեծ Բրիտանիա

Հիմնական մարտավարատեխնիկական տվյալները

Տարեթիվը – 2001 թ.

Քաշը – 62,5 տ

Երկարությունը/ լայնքը/ բարձրությունը 11 հրանոթով /3,5/ 2,5 մ

Սպառազինությունը 120 մմ-ոց հրանոթ, երկու 7,62 մմ գնդացիրներ

Անձնակազմը – 4 հոգի

Շարժիչի հզորությունը – 1200 ձիաուժ

Երթապաշարը – 400 կմ

Մարտապաշարը – 52 արկ

Անգլիական հրասայլերն աշխարհում միշտ համարվել են լավագույններից: Կան շատ լեգենդար անուններ: Անգլիական այս հրասայլը կարող էր առաջատար լինել, եթե արտադրված լիներ մեծ քանակով: Նոր հրասայլը լավագույն ավանդույթներ ունեցող և մարտական փառահեղ ուղի անցած «Chieftain և Challenger» հրասայլերի զարգացումն է: Արտադրվել է մոտավորապես 400 միավոր, միայն Մեծ Բրիտանիայի բանակի համար: Հագեցած է ամենաժամանակակից սարքավորումներով և կրում է գերժամանակակից սպառազինություն:

«T-90»

Պետությունը ԽՍՀՄ/ՌԴ

Հիմնական մարտավարատեխնիկական տվյալները`

Տարեթիվը – 1992թ.

Քաշը – 46,5 տ

Երկարությունը/ լայնքը/ բարձրությունը 9,5 հրանոթով /3,7/ 2,2 մ

Սպառազինությունը 125մմ-ոց հրանոթ, մեկ 12,7 և մեկ 7,62 մմ գնդացիրներ

Անձնակազմը – 3 հոգի

Շարժիչի հզորությունը – 1000 ձիաուժ

Երթապաշարը – 550 կմ

Մարտապաշարը – 42 արկ

Խորհրդային հրասայլերը բոլոր ժամանակներում մեծ հեղինակություն են վայելել ամբողջ աշխարհում (բավական է հիշել լեգենդար «T-34»-ը): Այլ խնդիր է, թե իրականում խորհրդային հրասայլերն ինչ մարտական հատկանիշներով են օժտված: Դրանք բոլորն էլ պարզ են, հասարակ և էժան:

1950-ական թվականներից մինչ օրս բոլոր խորհրդային հրասայլերը հիմնականում պարտություն են կրել արևմտյան հրասայլերից: Իսկ արաբա-իսրայելական հակամարտությունների ժամանակ ուղղակի խայտառակ արդյունքներ են գրանցվել:

Խորհրդային հրասայլերի մեջ ամենահաջողված մեքենան, որն ընդունվել է բոլորի կողմից, «T-72»-ն է: Այս հրասայլը կիրառվել է մի քանի պատերազմների ժամանակ, ամենատարածվածն է աշխարհում իր տեսակի մեջ և, անկախ կիրառության իրական արդյունքներից, հիմնականում սիրվել է այն կիրառող երկրների մասնագետների կողմից: Հաջողված խորհրդային հրասայլը, բնականաբար, ժամանակի հետ մշտապես կատարելագործվել է: Եվ, ի վերջո, որպես կատարելագործման մի նոր աստիճան, այսօր ներկայացվում է «T-90»-ը: Ինչպես միշտ, խորհրդային հրասայլն իր տեսակի մեջ ամենափոքրն է, թեթևը: Այն պարզ է, հասարակ, էժան, հագեցած է ավտոմատ լիցքավորման համակարգով, կարող է ունենալ ակտիվ պաշտպանության համակարգ և անգամ կարող է կիրառել ղեկավարվող հրթիռներ: Սակայն այստեղ առավելությունները սկսում են զիջել թերություններին: Խորհրդային հրասայլերը շատ անհարմար են, ունեն շատ վատ զենքի ղեկավարման համակարգ և նշանոցային սարքավորումներ: Իրականում՝ ոչ մի անգամ մարտական պայմաններում չեն կիրառվել ղեկավարվող հրթիռները և ակտիվ պաշտպանության համակարգը (թեպետ խորհրդային հրասայլերն ամենապատերազմականներն են վերջին 50 տարիների ընթացքում): Խորհրդային հրասայլերը ամբողջովին հեշտությամբ պայթում են: Մարտապաշարի դետոնացիան սովորական բան է: Այդ պատճառով սովորաբար անձնակազմը մարտից առաջ իր հետ վերցնում է մինչև 10 արկ: Խորհրդային հրասայլերը հիմնականում ոչ բարձրակարգ բանակների սպառազինությունում են: Բայցեւայնպես, տեղին է հիշել իսրայելցի գեներալներից մեկի խոսքը «T-72»-ի մասին.

«Ճիշտ է, սրանք գերազանց հրասայլեր չեն, սակայն մենք սրանով էլ կհաղթենք»: Այսինքն` իրականում մարդն է որոշում ամեն ինչ: Խորհրդային հրասայլերն ունեն նաև առավելություններ, որոնք կարելի է գրագետ օգտագործել: «T-90»-ի հիման վրա աշխարհում ստեղծվել են մի քանի այլ նմուշներ, որոնք ներկայումս կիրառվում են տարբեր երկրներում:

Ա. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Խորագիր՝ #10 (977) 14.03.2013 – 20.03.2013, Ռազմական


14/03/2013