ԱԴՐԲԵՋԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՀԱԿԱՀԱՅԿԱԿԱՆ ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Հայաստանի Հանրապետության գլխավոր թշնամին` Ադրբեջանը, շարունակ փորձում է ապատեղեկության և զրպարտանքի միջոցով թուլացնել հայ ազգի մարտական ոգին և բարոյահոգեբանական վիճակը: Մասնավորապես՝ ադրբեջանական քարոզչությունը 2009թ. հոկտեմբերից գործարկեց նոր մեխանիզմ` բացելով քառալեզու (ռուսերեն, հայերեն, պարսկերեն և անգլերեն) լրատվություն տրամադրող ATV International (ATV-INT) արբանյակային հեռուստաալիքը։ Հեռուստաընկերության հեռարձակումներն արբանյակի միջոցով հասանելի են նաև Հայաստանի տարբեր բնակավայրերում, և այդ հեռուստաընկերությունն իր եթերային օրագրերում ամեն օր տեղ է հատկացնում հայալեզու հաղորդումներին, որոնցում ներկայացվում են իրականությանը չհամապատասխանող, ստահոդ և խեղաթյուրված նյութեր: Նրանց այս քայլը նպատակ ունի հայ հասարակության մեջ հակակրանք սերմանելու սեփական երկրի և անվստահություն առաջացնելու Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի վարած քաղաքականության հանդեպ:
Ըստ ուսումնասիրությունների` ATV International-ում ամենից կարևորվող թեման «Խոջալուի և այլ դեպքերում հայերի մեղքի» ներկայացումն է, ինչն ադրբեջանական հակահայ քարոզչության գլխավոր և ամենաշահարկվող նյութն է։
Փորձագետները նշում են, որ հաջորդ կարևոր թեման «ԼՂ-ն Ադրբեջանի մասն է, աջակցություն Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը» հիմնահարցն է, որը հիմնականում արտաքին քաղաքական և միջազգային հարաբերությունների համատեքստում է շոշափվում։ ATV-INT-ը անդրադառնում է նաև Հայաստանում ընդդիմադիր գործիչների տնտեսական խնդիրների բարձրաձայնմանը կամ իշխանության սոցիալ-տնտեսական քաղաքականության նկատմամբ խորհրդարանում, լրատվամիջոցներում հնչեցրած քննադատություններին: Հաճախ են հանդիպում Ադրբեջանի աճող և հզորացող տնտեսության, նավթարդյունաբերության, զարգացող արտադրության մասին լուրերը, որոնց զուգահեռ լուսաբանվում է հայաստանյան տնտեսության անմխիթար վիճակը։ Հատկանշական է, որ Հայաստանի խնդիրները սովորաբար շոշափվում են ինչպես Ադրբեջանի հաջողությունների մասին պատմվող նորությանն անմիջապես հաջորդող կամ նախորդող լուրի համատեքստում, այնպես էլ բուն նորության շրջանակներում։ «Ադրբեջանական մշակույթի հայկական յուրացումը» ևս քարոզչական տարածված դրույթ է, որը նորից ուղղված է ԼՂՀ հարցի շուրջ Ադրբեջանի շահերի առաջմղմանը։
Մասնագետների խոսքով, որպեսզի լուրերն առավել ազդեցիկ լինեն, օգտագործվում են ծերերի, կանանց, երեխաների դիակների կամ «սահմռկեցուցիչ» այլ տեսարաններ, որոնք հիմնականում տեղ են գտնում «Խոջալուի և այլ դեպքերում հայերի մեղքը» ներկայացնող նորություններում, ինչպես նաև «ԼՂ հակամարտություն և կարգավորում» թեման արծարծելիս, որով էլ ATV-INT-ն ձգտում է, այսպես ասած, հոգեբանական ազդեցություն ունենալ բազմահազար լսարանի վրա: Լրատվական նյութերի շրջանակներում փորձ է արվում հայ հերոսներին ներկայացնելու որպես ահաբեկիչներ:
Ակնհայտ է, որ ինչպես ԼՂՀ հարցի շուրջ զինված հակամարտությունում, այնպես էլ տեղեկատվական դաշտում նախահարձակը հարևան հանրապետությունն է։ Ակնհայտ է նաև, որ քաղաքակրթական անհրաժեշտ ավանդույթներ և բավարար մտավոր ռեսուրսների չտիրապետող Ադրբեջանը հակամարտության այս դաշտում ևս ցայտնոտի մեջ է և, ինչ խոսք, վախենում է պարտվելուց…
ՍԱՐԳԻՍ ԲԵԳԼԱՐՅԱՆ
Խորագիր՝ #10 (977) 14.03.2013 – 20.03.2013, Ռազմաքաղաքական