Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԲԱՆԱԿԸ ՊԱՏՐԱՍՏ Է… ԴԱՍԱԼՔԵԼՈՒ



Մեկ շաբաթում 5 զոհ. ահա ադրբեջանական բանակի վիճակագրությունը փետրվարի 28-ից մարտի 6-ն ընկած ժամանակահատվածի համար: Համառոտ թվարկենք. փետրվարի 28-ին իբր ինքնասպան է եղել զինվոր Սեյմուր Ալլահվերդիևը (ինչո՞ւ «իբր»՝ կնշենք ստորև): Մարտի 2-ին Ջամշիդ Նախիջևանցու անվան ռազմական վարժարանում մահացել է կուրսանտ Ռահիլ Ամիկիշևը: Մարտի 3-ին զինվոր Օրհան Միրզազադեն ինքնասպան է եղել (իբր անզգուշորեն), իսկ Իբրահիմ Հեյդարովը զոհվել է հակահետևակային ականի պայթյունից: Մարտի 6-ին զինվոր Էլման Ալիևը հանկարծամահ է եղել մարտական դիրքում:

Նկատենք, սակայն, որ մահվան դեպքերի պաշտոնական պատճառները՝ «ինքնասպանություն», «զենքի հանդեպ անզգույշ վերաբերմունք», «հանկարծամահություն» և այլն, այլևս վստահություն չեն ներշնչում ադրբեջանական հասարակությանը: Օրինակ՝ Ղազախի զորամասում ծառայող Սեյմուր Ալլահվերդիևի մասին Ադրբեջանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչն ասում է, որ ինքնասպան է եղել մարտական հենակետում: Ցինկե դագաղով զինվորի դիակը զինվորականների ուղեկցությամբ բերվել է նրա ծննդավայր՝ Գյոյչայի շրջանի Քյուրդամիշ գյուղ: Զինվորականները հայտարարել են, որ նա «զոհվել է՝ կատարելով պարտքը»: Նրանք զինվորի ծնողներին և հարազատներին թույլ չեն տվել վերջին անգամ տեսնելու իրենց զավակին և պահանջել են անմիջապես հուղարկավորել: Զինվորի ծնողների և զինվորականների միջև հրմշտոց է սկսվել: Այնուամենայնիվ, ընտանիքի անդամներին հաջողվել է նկարահանել դիակը և սոցիալական ցանցերում տարածել տեսանյութ, որում երևում է, որ դիակի գլխի վերևի մասը չկա: Զինվորի հարազատները ԶԼՄ-ներին հայտարարել են, որ իրենց որդուն ծեծելով սպանել են, և նա դարձել է զորամասում տիրող «դեդովշչինայի» զոհ:

Զինծառայողների մահվան դեպքերի առթիվ իրենց դժգոհությունն են հայտնում ոչ միայն առանձին լրագրողներ, այլև հասարակական կազմակերպություններ, ինչպես, օրինակ, «Պահեստազորի և թոշակառու սպաների միությունը»: Հետաքրքիր է, որ այս անգամ, բացի սոցիալական խնդիրներ արծարծելուց, միությունը բողոքում է «Ադրբեջանի զինված ուժերում ոչ մարտական պայմաններում հաճախակի դարձած մահվան դեպքերի դեմ»: Միությունը գտնում է, որ զինվորների մահվան պատճառը ադրբեջանական բանակում արմատացած «դեդովշչինան» է, կոռուպցիան, կաշառակերությունն ու կամայականությունը, ինչի մեղավորը բանակի ղեկավարությունն է:

Հասարակական դժգոհությունն այնքան մեծ է, որ մարտի 5-ի նիստում զինվորների մահվան դեպքերին անդրադարձել է նաև Ադրբեջանի խորհրդարանը: Պատգամավորները նշել են, որ այդ հարցը լրջորեն մտահոգում է հասարակությանը, և պաշտպանության նախարարությունից հաշվետվություն են պահանջել: Եվ եթե նկատի առնենք, որ Ադրբեջանի խորհրդարանում համարյա բոլորը իշխանության կամակատարներ են, ապա պետք է ենթադրել՝ խնդրի արծարծման նպատակը հասարակության դժգոհության «գոլորշին թողնելն» է միայն և ոչ թե լուծումներ առաջարկելը:

Հենց միայն այն փաստը, որ ադրբեջանցի պատգամավորները փորձում են խնդիրը լուծել նաև օրենսդրական փոփոխությունների ճանապարհով, վկայում է, որ Ադրբեջանի ԶՈՒ համակարգային թերությունները բոլորն էլ տեսնում են: Ադրբեջանի լրագրողների ազատության և անվտանգության ինստիտուտում մարտի 6-ին քննարկվել է բանակում զինվորների մահվան դեպքերի հաճախակիանալու խնդիրը, և փորձագետ Ուզեիր Ջաֆարլին ասել է. «Այդ բոլորը անարդարությունից բխող երևույթներ են»: Անարդարություն, որին ադրբեջանցի զինծառայողները բախվում են ամեն քայլափոխի:

Մարտի 2-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ Բարդայի զորամիավորման մի շարք զորամասերում կատարված ստուգումների արդյունքում բացահայտվել են ֆինանսական լուրջ խախտումներ, և զորամասերի ֆինանսական ծառայությունների պետերի նկատմամբ քրեական գործ է հարուցվել: Հարց է ծագում՝ մի՞թե այդ բոլոր զորամասերի հրամանատարներն անտեղյակ էին զեղծարարություններին: Հազիվ թե, այնպես չէ՞: Այդ դեպքում ինչո՞ւ չի ասվում, որ քրեական գործ է հարուցվել նաև զորամասերի հրամանատարների դեմ: Թերևս այն պատճառով, որ նրանք ջրից չոր են դուրս գալու:

Տպավորություն թող չստեղծվի, թե ադրբեջանական բանակի թերությունները միայն վերոնշյալներն են: Ինչպես գրում է «voskanapat.info» կայքը, Ադրբեջանի բանակի լուրջ խնդիրներից է նաև հոգեկան խանգարումներով զինծառայողների մեծ թիվը: 2012թ., օրինակ՝ 316 ադրբեջանցի զինծառայողներ հայտնվել են հոգեբուժարաններում կամ ժամկետից շուտ զորացրվել հոգեկան շեղումների պատճառով, ինչի հետեւանքով գրանցված կորուստները ավելի շատ են, քան մյուս բոլոր հիվանդությունների դեպքերում գրանցվածները: Այսպես, պաշտոնական տվյալների համաձայն՝ անցյալ տարի Ադրբեջանի ԶՈՒ կորցրել է 97 մարդ, ևս 100-ը վիրավորվել են: Ավելի քիչ է, քան նշված 316 թիվը:

Հաշվի առնելով այս տվյալները՝ «գայթակղություն է առաջանում» գնահատելու Ադրբեջանի ԶՈՒ մարտունակությունը, ինչն արել է ադրբեջանցի անկախ հրապարակախոս, լրագրող և սցենարիստ Չինգիզ Սուլթանսոյը՝ «haqqin.az» կայքում հրապարակելով իր՝ «Եթե վաղը պատերազմ սկսվի» հոդվածը:

Սուլթանսոյը ադրբեջանական բանակը համեմատում է հայկականի հետ՝ նշելով. «Նրանց մոտ ավելի քիչ են գողանում, քիչ են ստում, քանի որ ավելի շատ են սիրում իրենց հայրենիքը, իսկ «դեդովշչինա» թեպետ և կա, բայց շատ ավելի քիչ է մերինից: Կոռուպցիայի մասին էլ չեմ ասում: Համեմատեք, թե որքան են նրանց մոտ գրանցվող փոխհրաձգության, սպանությունների և բանակային «ինքնասպանությունների» դեպքերը, և որքան՝ մեզ մոտ…: Մեր կոռումպացված ուժայինները ուժեղ են միայն խոսելով և հեռուստաէկրաններին: Մինչև այսօր քանի՞ զորավարժություն է անցկացրել նրանց բանակը, և քանի՞սը՝ մեր բանակը»:

Չ.Սուլթանսոյը մի շատ կարևոր դիտարկում է կատարում. «Հիշեք, թե որքան շփոթված ու երկչոտ իրեն դրսևորեց Նավթային ակադեմիա ժամանած ոստիկանությունը, երբ այնտեղ հնչեցին կրակոցներ (2009թ. ապրիլի 9-ին ադրբեջանցի Ֆարդա Գադիրովը այնտեղ գնդակահարեց 12 մարդու, վիրավորեց 13-ին և ինքնասպան եղավ- Ա.Յ.): Ոստիկանները չէին ցանկանում մուտք գործել շենք: Նրանցից մեկը վտանգին ընդառաջ չգնալը հեռախոսով պետին զեկուցելիս պատճառաբանեց հետևյալ կերպ. «Այնտեղ կրակում են»: Բնականաբար, կրակում են և ոչ խաղալիք ատրճանակներով: Կրակոցները լսելուց հետո բանակի մեկ քառորդն իսկույնևեթ կդասալքի: Երկրորդ քառորդը, ստանալով զենք ու մարտական փամփուշտներ, կոչնչացնի երրորդ քառորդին և այն սպաներին, որոնք խմել են նրանց արյունը՝ ծեծի են ենթարկել, բռնաբարել են, գումարներ են շորթել և նվաստացրել»:

Ադրբեջանական բանակի մարտունակությանը տրված բավականին անաչառ գնահատական է:

Սուլթանսոյը խոսում է նաև ադրբեջանական բանակի վերջին քառորդի մասին՝ ասելով, որ նրանք էլ կհրաժարվեն հայերի դեմ պատերազմելուց, եթե վերջիններս խոստանան «վերջ դնել ամենուրեք տիրող կաշառակերությանը, պատժել կաշառակերներին, բարեփոխել ճանապարհային ոստիկանությունը, նվազեցնել բենզինի գինը, ժողովրդավարական, չկեղծված ընտրություններ անցկացնել, բարձրացնել թոշակները, նվազեցնել թոշակի տարիքը, զարգացնել փոքր բիզնեսը, բարեփոխել դատական համակարգը և այլն»: Ադրբեջանցի լրագրողի այս միտքը վկայում է, որ ադրբեջանական բանակում ևս կա մի շերտ, որը դժգոհ է Ալիևի իշխանությունից:

Հարց է ծագում՝ աչքի առաջ ունենալով ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլիի դաժան հալածանքի օրինակը՝ ինչպե՞ս է Չինգիզ Սուլթանսոյը համարձակվել խոսել ադրբեջանական բանակի վախկոտության մասին և գովաբանել հայկական բանակը: Արդյոք նա այնքան խիզա՞խ է, որ պատրաստ է կիսելու Այլիսլիի ճակատագիրը: Թե՞ ցանկանում է հալածվել և ապաստան խնդրել եվրոպական որևէ երկրում:

Առավել հավանական է, որ Սուլթանսոյը զգում է, թե հասարակության մի ստվար մասը մտածում է նույն կերպ և կաջակցի իրեն, հակառակ դեպքում՝ հազիվ թե հանդգներ գլուխը դնել ցավի տակ: Հետևաբար, կարող ենք ասել, որ բարոյահոգեբանական ցածր մակարդակ ունի ոչ միայն ադրբեջանական բանակը, այլև ժողովուրդը: Նման իրավիճակում միանգամայն իրական է հնչում Սուլթանսոյի եզրակացությունը՝ «Եթե վաղը պատերազմ սկսվի, օրեր անց Ադրբեջանը կկորցնի ևս 6 շրջան»:

ԱՐՍԵՆ ՅԱԼԱՆՈՒԶՅԱՆ

Խորագիր՝ #10 (977) 14.03.2013 – 20.03.2013, Ռազմաքաղաքական


14/03/2013