Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԱՐՏԱՐՎԵՍՏԸ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ Է, ԱՇԽԱՐՀԱՅԱՑՔ ԵՎ ԱՇԽԱՐՀԸՆԿԱԼՈՒՄ



ԳԵՎՈՐԳ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ ծնվել է 1975թ. օգոստոսի 7-ին, Երևանում։

1992 թ.-ին ավարտել է Երևանի Կրուպսկայայի անվան (ներկայիս Նիկոլ Աղբալյան) թիվ 19 միջնակարգ դպրոցը։ 1992-ին՝ դպրոցն ավարտելուց հետո, ուսանել է Հայբուսակ համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետում։ 1993-ին ուսանել է ՆԳՆ-ի ներքին զորքերի սպայական բարձրագույն դպրոցում, որը հետագայում վերակազմավորվել և վերանվանվել է որպես Սպայական բարձրագույն ակադեմիա։

1990-1994 թվականներին մասնակցել է Հայաստանի սահմանների պաշտպանության ու Արցախի ազատագրման համար մղվող թեժ մարտերին, իրականացրել է հետախուզական բազմաթիվ գործողություններ։ Մասնավորապես՝ 1991թ. մասնակցել է Կոռնիձորի համար մղվող մարտական գործողություններին, 1992թ.` Շուշիի համար մղվող մարտերին, 1993թ.` Լաչինի, Ֆիզուլիի, 1993-1994թթ.` ԼՂՀ Մարտակերտ քաղաքի և մի շարք գյուղերի, 1993 թ.-ին` Հորադիզի, Աղդամի համար մղվող ազատագրական և ինքնապաշտպանական մարտերին։ Եղել է բանիմաց և փորձառու զինվոր, վայելում է զինակից ընկերների հարգանքը։

Շատ վաղ տարիքից զբաղվելով մարտարվեստով՝ ազատամարտի տարիներին էլ զենքը ձեռքին պայքարելուն զուգահեռ իր գիտելիքները ևս ի նպաստ է դրել բանակի և կամավորական ջոկատների մարտունակության բարձրացմանը՝ մարզելով հատուկ նշանակության ջոկատի մարտիկներին։

1996-2005թթ. զբաղվել է մարտարվեստի ոլորտում իր գիտելիքների զարգացմամբ` մասնակցելով միջազգային սեմինարների, դասավանդելով մարտարվեստի տեսություն և գործնական պարապմունքներ անցկացնելով տարբեր ֆեդերացիաներում։ Միաժամանակ աշխատել է հայկական նոր՝ Գևորգյան մարտաոճի ստեղծման ուղղությամբ։

2005 թ.-ից զբաղվում է հասարակական գործունեությամբ, աջակցում է ազատամարտիկներին միավորվող մի շարք կազմակերպությունների։

2010 թ.-ին հիմնադրել է «Գևորգյան մարտարվեստի դպրոց» հայրենասիրական-երիտասարդական կենտրոնը, որի սաները և անդամները հասարակական ակտիվիստներ են, միջազգային հեղինակավոր բուհերի շրջանավարտներ, երիտասարդ գիտնականներ, մշակույթի, գրականության ոլորտի երիտասարդ գործիչներ։

Կենտրոնը պարբերաբար կազմակերպում է համաժողովներ, քննարկումներ, սեմինարներ, որոնք մի առանցքային նպատակ ունեն՝ երիտասարդության շրջանում քարոզելու հայրենասիրություն, գիտելիքի կարևորություն, առողջ հասարակական հարաբերություններ, առողջ ապրելակերպ։

2012 թվականի մարտի 20-ին Հյուսիսային Շաոլինի կողմից ճանաչվել է քսաներորդ մարդը ամբողջ աշխարհում` որպես մարտարվեստի ոլորտում նոր ոճի հիմնադիր։

Ամուսնացած է, ունի մեկ դուստր։

Գևորգը տասնչորս տարեկանում անդամագրվեց ՀԱԲ-ին, տասնհինգ տարեկանում արդեն դիրքապահ էր, տասնվեցում մարտական առաջին փորձառությունը ստացավ, տասնյոթ տարեկանում իր երկիրը պաշտպանող կամավորական էր, իսկ տասնութում արդեն մարտարվեստի իր գիտելիքներն էր փոխանցում զինակից ընկերներին։

Գևորգ Գևորգյանին անուն-ազգանունով գուցե քչերը ճանաչեն, տեղը չբերեն, թե ում մասին է խոսքը, սակայն բավական է հուշես` ՀԱԲ-ի «ռազվեդկի գիժ» Գևորգին, անմիջապես վրա կտան՝ «դե, ըտենց ասա, էլի, կարգին կռվող է, քաջ ու համարձակ, իսկական խենթ…»:

Նա պատերազմի հետ հաշիվները փակել է քսան տարեկանում, բայց հայրենիքի պաշտպանի իր կոչումը հպարտությամբ է պահում մինչ օրս և ամեն ինչ անում է իր հայրենիքին, իր ժողովրդին օգտակար լինելու համար։ Հիմա մարտարվեստի ճանաչված վարպետի հեռու գնացող նպատակները դարձյալ առնչվում են երկրի անվտանգությանը, հայրենիքի պաշտպանությանը։

-Ես և ինձ նման շատերը մի նպատակ ունենք՝ հզոր, ամուր և հարուստ տեսնել մեր հայրենիքը, այն հողը, որի համար կռվել և արյուն են թափել մեր ընկերներն ու եղբայրները։ Ինչ գործի էլ լինենք, մեր նպատակը դա պետք է լինի։ Ուզում եմ, որ վաղվա Հայաստանն ավելի պաշտպանված լինի։ Այսօր հայրենասեր է ոչ միայն նա, ով ուղիղ կապ ունի բանակի կամ պաշտպանական խնդիրների հետ, այլև նա, ով իր արդար աշխատանքով հարստացնում է մեր կյանքը… Ինչու եմ ասում. իմ գործը մարտարվեստն է։ Ես մարդուն սովորեցնում եմ ինքնապաշտպանություն, այսինքն՝ ճիշտ պաշտպանվել, կարողանալ արագ կողմնորոշվել, ելք գտնել դժվարին, նույնիսկ անելանելի թվացող իրավիճակներում։ Նման մարդը ուղղակի իմաստով դառնում է նաև հայրենիքի պրոֆեսիոնալ պաշտպան, որը կարող է անհրաժեշտության դեպքում նաև պաշտպանական բնույթի խնդիրներ կատարել։ Բայց ես բնավ չեմ թերագնահատում ասենք ուսուցչի դերը, որը կրթում է մարդու միտքն ու հոգին, թերևս ավելի մեծ գործ է անում։

«Գևորգյան» մարտարվեստի կենտրոն-դպրոցը, որը գտնվում է Մոսկովյան 5 հասցեում տեղակայված եռահարկ շենքի նկուղային հարկում, շքեղ կառույց չէ։ Համեստ կահավորանքով ու մարզագույքով, այսինքն՝ ընդամենը այն, ինչ անհրաժեշտ է մարտարվեստը յուրացնելու համար։ Այս կառույցի, այսպես ասած, հզոր «զենքը» ինքն է՝ Գևորգ Գևորգյանը, որի մասնագիտական բարձր կարողությունները վաղուց կասկածից դուրս են։

Մեր հանդիպումը կայացավ հենց «Գևորգյան մարտարվեստի դպրոց» երիտասարդական կենտրոնում. Հիմնովին նորոգված դպրոց, որի տարածքը նախկինում առիթ ունեցել էի տեսնելու՝ քանդուքար, ավերակ մի նկուղ։ Եվ այդ ամբողջ նորոգումը կատարվել էր այդ ազատամարտիկի անձնական միջոցներով։

-Պարոն Գևորգյան, ո՞րն էր մարտարվեստի երիտասարդական-հայրենասիրական կենտրոն ստեղծելու նպատակը։

-Նախ՝ նշեմ, որ նման կենտրոն ստեղծելու գաղափարին մեծապես աջակցել է ՀՀ ՊՆ Սպայի տան պետ գնդապետ Գուրգեն Խաչատրյանը։ Մեր հերթական զրույցներից մեկի ժամանակ, երբ ես բարձրաձայնեցի նման մի երիտասարդական կենտրոն ստեղծելու անհրաժեշտության մասին, նա միանգամից ոգեշնչվեց և ասաց, որ իր կողմից ամեն հնարավորը կանի, որպեսզի իմ այդ գաղափարը իրականություն դառնա։ Եվ իսկապես, հաջորդ օրն իսկ, խորհրդակցելով ՊՆ Տ և ՀԿ վարչության պետ, ՔՀԾ 1-ին դասի պետական խորհրդական Վարդան Ավետիսյանի հետ, ինձ ասաց, որ նա և պաշտպանության նախարարության ղեկավարությունը ևս խրախուսում են այդ մտահղացումը, ու ինձ առաջարկեցին կենտրոնը հիմնել Սպայի տան նկուղային հարկում։ Տարածքը, մեղմ ասած, անմխիթար վիճակում էր։ Սկսեցի հիմնանորոգման աշխատանքները` գնդապետ Գ.Խաչատրյանի անմիջական գործուն օժանդակությամբ։ Այսպես գաղափարը օրեցօր դարձավ գործ, և այժմ տեսնում եք այն, ինչ ունենք։

Վերադառնալով Ձեր հարցին, ասեմ. մարտարվեստը մեծ գիտություն է, որի հիմքում ոչ միայն տեխնիկական որոշակի շարժումներ են, այլև մարդու միտքը, աշխարհայացքն ու աշխարհընկալումը։ Այսօր մեր կենտրոնում ուսանում են մտավոր մեծ ներուժ ունեցող և գաղափարապես հասուն երիտասարդներ։ Նրանց մեջ սերմանում ենք առաջին հերթին առողջ և պետականամետ մտածողություն, հարգանք այն բարձրագույն արժեքների նկատմամբ, որոնցով առավել կայուն է դառնում երկիրը։ Այդ արժեքներն են կրոնը, հայրենիքը և բանակը։ Երիտասարդները, տիրապետելով մարտական արվեստին և ունենալով առողջ ու սթափ միտք, ապագայում կդառնան հասարակության այն առողջ կորիզը, որին ոչ մի պարագայում հնարավոր չի լինի ուղղորդել կամ գործիք դարձնել։ Հարգանք երկրի գերագույն հրամանատարի, դավանած կրոնի և բանակի նկատմամբ։ Սա այն կարևորագույն գաղափարն է, որի շուրջ հնարավոր է ստեղծել այնպիսի հասարակություն, որի համար առաջնային կլինի հայ մարդու անվտանգությունը, երկրի խաղաղությունը և ՀՀ քաղաքացու արժանապատիվ կյանքը։ Այսպիսի գաղափարներով առաջնորդվող երիտասարդները վաղը-մյուս օրը, Աստված չանի, եթե պատերազմ լինի, անվարան կկանգնեն իրենց երկրի, հողի պաշտպանության համար, որովհետև ունեն առողջ միտք, հայրենիքի շահը անձնականից վեր դասելու կարողություն և մարտարվեստի հմտություններին տիրապետող մարմին։ Այսօր, այս խաղաղ պայմաններում նրանց թվում կարող են լինել պետականամետ մտածողություն ունեցող այն օրենսդիրները, կառավարման ոլորտի պաշտոնյաները, բժիշկներն ու շինարարները, ուսուցիչներն ու գիտնականները, որոնց համար գործունեության գերնպատակ է Հայաստանի Հանրապետության քաղաքացու շահը։ Ահա այս գաղափարը դավանելով է, որ ստեղծվեց «Գևորգյան մարտարվեստի դպրոց» հայրենասիրական-երիտասարդական կազմակերպությունը։

-Տեղյակ եմ, որ վերջերս Հյուսիսային Շաոլինի կողմից Դուք, որպես հայկական նոր մարտաոճի հիմնադիր, ճանաչվել եք 20-րդը աշխարհում։ Ի՞նչ է իրենից ներկայացնում հայկական՝ Գևորգյան մարտաոճը։

-Հյուսիսային Շաոլինից այդ կոչմանն արժանացել եմ որպես նոր մարտաոճի հիմնադիր։ Կոչում շնորհող խորհուրդը բաղկացած է վարպետության բարձր աստիճան ունեցող ուսուցիչներից, նրանք ուսումնասիրել են Գևորգյան մարտաոճը ոչ միայն մարտական նոր տեխնիկայի, այլև հոգեբանական ու բժշկական տեսանկյունից։ Իսկ ինչ վերաբերում է մարտաոճի զարգացմանը, այն արդեն կախված է մեզանում դրա տարածվածությունից և վերջինիս նկատմամբ հասարակության դրական արձագանքից։ Գևորգյան մարտաոճը ստեղծելուց առաջ ես երկար տարիներ ուսանել-ուսումնասիրել եմ չինական Վինգ Չուն կունգ ֆու և տիբեթյան ընտանեկան մենաստանային Թեսքաո կունգ ֆու։ Իմ ուսուցիչներից մեկը չինացի էր, մյուսը՝ տիբեթցի։ Զարգացնելով գիտելիքներիս պաշարը այս ոլորտում և ուսումնասիրելով մարտարվեստի պատմությունը, 1990-ականների սկզբին հղացա հայկական մարտաոճ ստեղծելու գաղափարը, որին մեծապես աջակցեցին զոհված մարտական ընկերս՝ լուսահոգի Արմեն Միսակյանը, հետագայում էլ Արշամ Կարապետյանը և մարտարվեստի երրորդ ուսուցիչս` Լևոն Մոսինյանը։ Ուսուցիչ Մոսինյանը այսօր էլ, ապրելով Միացյալ Նահանգներում, շարունակում է իր ակտիվ գործունեությունը հայ համայնքում՝ ղեկավարելով մարտարվեստի ամենամեծ ու հայտնի կենտրոններից մեկը:

Անդրադառնալով հայկական Գևորգյան մարտաոճին` ընդգծեմ. տեխնիկան, մտքի զարգացման մոտեցումներին և հոգեբանական ընկալմանը զուգընթաց, թրծվեց Արցախյան պատերազմում։ Մարտաոճի ամենագլխավոր առանձնահատկությունը ամբողջովին հայ մարդու էությունից ու հոգեկերտվածքից է բխում։ Հիմքում միայն մարտարվեստի հնարքներն ու շարժումները չեն, այլ մտքի արագությունը, ճկունությունը, արագ կողմնորոշվելու ունակությունը, մարդասիրությունը, մարտիկին բնորոշ խաղաղասիրությունը։ Այս ամենի հետ մեկտեղ նաև տեղին և ճիշտ ժամանակին հզոր հակահարված տալու կարողությունը։ Հայկական Գևորգյան մարտաոճի բնույթը հայ մարտիկի, հայ մարդու էությունն է՝ երբեք նախահարձակ չլինող, բայց ոտնձգությանը արժանի հարված տվող։ Եվ պատահական չէ, որ մարտաոճի կարգախոսներից մեկն էլ հետևյալն է. «Կանխի՛ր ագրեսիան, վերահսկի՛ր իրավիճակը»։ Շուտով լույս կտեսնի իմ հեղինակած առաջին գիրքը Գևորգյան մարտարվեստի մասին։

-Ովքե՞ր են կենտրոնում ուսանում, և ի՞նչ հեռանկար ունի Ձեր հիմնած կառույցը։

-Կենտրոնում ուսանում են տարբեր մասնագիտությունների տեր երիտասարդներ, որոնք բոլորն էլ իրենց ոլորտներում որակյալ և կայացած մասնագետներ են, հասարակական ոլորտի հայտնի գործիչներ, գիտությունների թեկնածուներ, դոցենտներ, գիտնականներ, հոգեբաններ, բժիշկներ, քաղաքագետներ, երաժիշտներ, ճարտարապետներ, գործարարներ… Եվ, որ ամենակարևորն է, բոլորն էլ իրենց աշխարհընկալմամբ և հայացքներով մարդասեր, հայրենասեր և բարոյական բարձր արժանիքներ ունեցող մարդիկ են։ Դպրոցում տիրող մթնոլորտը ամբողջովին հիմնված է միասնականության, ներդաշնակության և միմյանց նկատմամբ հարգանքի վրա։ Դպրոցի սաներն առաջնորդվում են ինքնակատարելագործման գաղափարով. ամեն օր, ամեն ժամ աշխատում են թե՛ իրենց մտքի զարգացման, թե՛ որպես մարդ առավել օրինակելի դառնալու ուղղությամբ։ Մեր մյուս կարգախոսն է՝ «Կատարելագործվի՛ր և դարձի՛ր օրինակ մյուսների համար»։ Կարծում եմ՝ հենց սա է միասնականության և համախմբվածության բանաձևը, որով էլ առաջնորդվում է մեր կենտրոնը։

-Ժամանակին զենքով պաշտպան կանգնեցիք հայրենիքին և այսօր էլ ոչ պակաս հայրենասիրական գործ եք ծավալում՝ հայրենասեր երիտասարդներ կրթելով:

-Ես համոզված եմ, որ անկախ ժամանակներից, անկախ մասնագիտությունից, պետք է միշտ բարձր պահել մարտական ոգին։ Յուրաքանչյուր հայ մարդ, անկախ զբաղմունքից, ինչ-որ չափով պետք է տիրապետի մարտական արվեստին։ Հայ ժողովուրդը իր ողջ պատմության ընթացքում՝ ելնելով երկրի աշխարհագրական դիրքից, միշտ ստիպված է եղել իր սահմանների խաղաղությունն ու անվտանգությունը պայքարով պահել։ Հայրենասիրությունը ոչ միայն մարտի դաշտում է դրսևորվում, այլև խաղաղության մեջ։ Հայրենասեր է նաև այն մարդը, որը բարեխղճորեն է կատարում իր գործը՝ լինի շինարար, բժիշկ, թե պաշտոնյա, որովհետև այդ բարեխղճության մեջ հարգանքն է հասարակության նկատմամբ, սրտացավությունը երկրի ու ազգի նկատմամբ։ Այն ժամանակ երկիրը զենքով պաշտպանության կարիք ուներ, և մենք զենք վերցրինք, այսօր այդ ազատագրված ու պաշտպանված հայրենիքը զարգացման կարիք ունի, և մենք անում ենք հնարավորը մեր այս նոր հայրենիքին արժանի լինելու՝ արժանի անցյալով, ներկայով ու ապագայով։ Ո՞րն է այն շարժիչ ուժը, որ առաջ է մղում ինձ. վաղվա բարեկեցիկ Հայաստանը, երկրի պաշտպանության համար միշտ պատրաստ երիտասարդը և այն մեծ հույսն ու հավատը, որ մեր երեխաները ապրելու են է՛լ ավելի պաշտպանված, զարգացած և կայուն Հայաստանում։

ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Մայոր

Խորագիր՝ #10 (977) 14.03.2013 – 20.03.2013, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում


14/03/2013