Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՏԱՐՕՐԻՆԱԿ ՀԱՅԱՑՔ



Սկիզբը՝ նախորդ համարներում

Իշխանն ակամա իր վրա զգաց Փառանձեմի հայացքը, շրջվեց և նրա երջանիկ աչքերում անսահման թախիծ ու աղաչանք տեսավ: Պարմենիոնը քնքշությամբ գրկել էր նրա իրանը և հազիվ նկատելի ու դժվարությամբ զսպվող դողը ցնցում էր նրա լայն ուսերը: Ոչ հեռու կանգնել էր Սլովենան և տագնապով նայում էր Փառանձեմին, պատրաստ` յուրաքանչյուր վայրկյան հասնելու օգնության: Բացակայում էին Արտավազդն ու Թորգոմը, ովքեր զբաղված էին ամրոցի պաշտպանության նախապատրաստությամբ:

-Ես իրավունք չունեմ ուշացնելու քեզ, Ալեքսա՛նդր, բայց թույլ տուր իմ որդուն գոնե մի երկու օր հարազատների մոտ մնալ, – մեղմ և միևնույն ժամանակ պահանջկոտ խնդրեց իշխանը:

Ալեքսանդրն ակամա նայեց գինով լի տակառիկի կողմը և զգաց, թե ինչպես է տաք կարմրաներկը ողողում իր դեմքը: Դարեհը որսաց նրա հայացքը, գլխի շարժումով իր մոտ կանչեց Թարիփին ու ինչ- որ բան շշնջաց նրա ականջին:

-Լավ, մենք երկու ժամ դեռ կմնանք, – ասաց Ալեքսանդրը` անհանգստությամբ շրջվելով արագ հեռացող Թարիփի կողմը:

Հայտնվեցին Արտավազդն ու Թորգոմը, և քիչ էր մնում բախվեին նրան:

– Այդ ու՞ր սլացավ էդ շնագայլը, – հարցրեց իշխանը` շրջվելով Դարեհի կողմը:

– Ես նրան «անմահների» հրամանատար Հոմենի մոտ ուղարկեցի` զգուշացնելու, որ ես մի քիչ կուշանամ:

– Հա՛յր, ամրոցը պատրաստ է պաշտպանության, – ասաց Արտավազդը:

– Պաշարում չի լինելու: Ես հեռանում եմ Հայաստանից, – բարձր ձայնով ասաց Ալեքսանդրը: – Հույս ունեմ` հայկական այրուձին չի հետևի պարսիկներին:

Իշխանը թեթևացած շունչ քաշեց և զգաց, որ իր ուսերից մի մեծ քար ընկավ: Ուրախալի լուրը կայծակնային արագությամբ տարածվեց ամրոցով մեկ: Ծիծաղն ու ուրախ բացականչությունները խառնվել էին աշխույժ աղմուկին:

Դարեհը դանդաղ մոտեցավ իշխանին:

– Եղբա՛յր, ամենադժվար պահին դու կլքե՞ս ինձ, – հարցրեց նա: – Մի՞թե չես լսում արյանդ կանչը, մի՞թե մեր համատեղ արշավանքները քեզ համար այլևս ոչ մի նշանակություն չունեն:

Սևեռուն հայացքով նա ասես ուզում էր մխրճվել Իշխանի հոգու մեջ և հանկարծ խռպոտ ձայնով գոռաց որքան ուժ ուներ.

– Ասա՛ ինձ, այդ ինչպե՞ս եղավ, որ դու հայ դարձար:

Ասես պատասխանելով նրա հարցին` իշխանը գորովանքով ու քնքշությամբ նայեց Փառանձեմին: Վերջինս որսաց իշխանի` սիրով լեցուն հայացքը և պատասխանեց երջանիկ ժպիտով:

– Կարծես ես կռահում եմ, թե որն է հայկական հարցի գաղտնիքը, – շշնջաց Ալեքսանդրը` ուշադիր նայելով նրանց դեմքերին և ակամա ժպտալով:

Իշխանը շրջվեց իր երկու որդիների կողմը և պահանջեց.

– Երդվե՛ք, որ այլևս երբեք ձեր սրերը չեք մերկացնի մեկմեկու դեմ:

Որդիներն անշարժ կանգնած մնացին: Իշխանը պահանջկոտ նայեց Արտավազդի աչքերին և դրանց մեջ կրկին զգաց այն տարօրինակ հայացքը: Անտանելի հոգեկան ցավից ցնցվեց:

– Ինչո՞ւ ես ինձ այդպես նայում, Արտավա՛զդ, – պատասխան պահանջեց նա, – Եթե անմիջապես չպատասխանես ինձ, անբուժելի հարված հասցրած կլինես: Չկա այնպիսի բան, որ ես հանուն քեզ չհասկանամ ու չընդունեմ:

Խեղդվելով զսպված ծիծաղից` Դարեհը ձեռքը դրեց իշխանի ուսին և բարեկամաբար ասաց.

– Որքան միամիտ ես, բարեկա՛մս: Քիչ է մնում նորից սիրեմ քեզ: Իմ ծեր հայ ավազակ, ես իսկապես շատ շուտով կկարոտեմ քեզ:

Շարունակելի
ԱՐՄԵՆ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Խորագիր՝ #10 (977) 14.03.2013 – 20.03.2013, Հոգևոր-մշակութային


14/03/2013