Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԵՐԲ ԳԱԼԻՍ Է ՄԱՅԻՍԸ…



Ղարսեցի հյուսն Մեխակի ընտանիքը ծանր օրեր էր ապրում 1915թ. գարնանը։ Անողոք ու դաժան էր այն միտքը, որ հարկադրաբար պետք էր թողնել հարազատ հողն ու օջախը։ Բայց որքան էլ ծանր լիներ հայրենի երկրից հեռանալը, այնուամենայնիվ, վարպետը ստիպված էր իր բազմանդամ ընտանիքով՝ կնոջ և յոթ երեխաների հետ բռնել գաղթի ճամփան, գնալ դեպի արևելք, որպեսզի փրկվեին թուրքական յաթաղանից։

Դաժան էր գաղթի ճանապարհը, հազար ու մի խոչընդոտներով, վտանգներով լի։ Հաղթահարելով բազում զրկանքներ՝ հայկական կռվող խմբերի հետ գաղթականները հասնում են Արևելյան Հայաստան։ Ջարդից փրկված հայ ժողովրդի բեկորների հետ Գյումրիում վերջնական հանգրվան է գտնում նաև վարպետ Մեխակի ընտանիքը։

Ականատեսները սիրով ու ջերմորեն են հիշում լրջախոհ, չարն ու բարին տեսած, ապրած, կյանքի փորձով իմաստնացած վարպետ Մեխակին, որը 1930-40 թվականներին իր որդիների հետ կառուցում էր երկաթգծի բնակելի ու վարչական շենքերը։ Վարպետը հարազատների շրջանում իր մեղմ ու հանդարտ բնավորությամբ հաճախ էր պատմում հուշեր իր գերդաստանի կրած դառը զրկանքների, բազում տառապանքների մասին։ Պատմում էր, որպեսզի թոռներն իմանան, թե իրենց նախնիները ինչպիսի մանկություն են ունեցել, ինչպես են հասել այս երջանիկ օրվան։ Տարիների հետ աճեց վարպետ Մեխակի բազմանդամ ընտանիքը, ճյուղավորվեց յոթնապատիկ։

Հայրենական մեծ պատերազմի առաջին իսկ օրերին վարպետի չորս զավակները՝ Սամիկ, Բաբկեն և Հակոբ Մուրադյանները, Վռամ Գրիգորյանը, մեկնեցին ռազմաճակատ։ Շատ ժամանակ չէր անցել, երբ նրա որդիներին հետևեցին նաև թոռները։ Բազմանդամ գերդաստանի շառավիղները տարածվեցին տարբեր ռազմաճակատներում, քաջությամբ ու արիությամբ մասնակցեցին թշնամու դեմ մղվող դաժան մարտերին՝ իրենց արժանի ավանդը ներդնելով խորհրդային բանակի փառապանծ հաղթանակի կոփման գործում։

Բաբկենը քաջի մահով ընկավ հայրենիքի համար մղված մարտում, իսկ Հակոբը հայկական 89-րդ դիվիզիայի շարքերում մարտերով հասավ մինչև թշնամու որջը։ Փոշոտ ու փշոտ է եղել Բաբկենի ռազմի ճամփան… Պատերազմը նոր էր սկսվել, երբ նա զորակոչվեց բանակ։ Վաղ առավոտից մինչև ուշ գիշեր հայ ռազմիկը մյուսների հետ վարժվում էր, մարզվում, տիրապետում մարտական զենքին։ Զինվորի կյանք… Պարապմունքների արանքում կարճ ընդմիջումների պահերին ով գիտի՝ ուր էր թռչում նրա միտքը։ Աչքի առաջ էին գալիս հարազատ օջախն ու ընտանիքը…

Բաբկենը հաճախ էր նամակ գրում հարազատներին՝ նշելով. «Այլևս համբերություն չկա, օրերն ենք հաշվում, թե երբ ենք մեկնելու ռազմաճակատ…»։ Եվ եկավ այդ օրը։ Եվ ահա հաջորդ նամակը ուղղված էր կնոջը. «Սիրելի Աստղիկ, անցյալ նամակում գրել էիր, որ ուզում ես գալ ինձ տեսության։ Բայց, ափսոս… Չստացվեց։ Մի քանի օրից մենք մեկնեցինք ռազմաճակատ։ Ինչպես են բալիկներս՝ Կարուշս ու Անիչկաս։ Խնդրում եմ՝ լավ նայես նրանց։ Մորս առողջությունը ինչպե՞ս է։ Գրիր բոլորի մասին, համբույրներով՝ քո Բաբկեն»։

1941-ի վերջերին հետևակային այն ստորաբաժանումը, որի շարքերում ծառայում էր Բաբկեն Մուրադյանը, իր մարտական մկրտությունը ստացավ Հյուսիսային Կովկասում։ 1942 թ.-ի վաղ գարնանը մասնակցեց Մախաչկալայի համար մղվող կռիվներին, ապա մարտերով շարժվեց դեպի Կերչ։

Թերթում ենք տարիների անողոք շնչից խունացած, խրամատներում դադարի պահերին գրված զինվորի նամակները։ Ահա և նրա վերջին նամակը, որում ամփոփված է մարդկային մի ամբողջ կյանք։ «Աստղիկ ջան, սիրելիս, ես շատ լավ եմ։ Գտնվում ենք Մախաչկալայից ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա։ Ծանր մարտեր ենք մղում թշնամու դեմ։ Ոչինչ չենք խնայում, անգամ մեր կյանքը՝ գազազած ֆաշիստների գրոհները հետ մղելու համար։ Արնախում հրեշներ են նրանք, մարդկային ոչինչ չկա նրանց մեջ։ Ինչ ասեմ, կռիվ է։ Ինչ խոսք, որ ռազմաճակատում դժվար է, և ամեն ինչ էլ կպատահի… Սիրտս մղկտում է, երբ հարազատ ընկերներս կողքիս զոհվում են, իսկ ես ոչնչով օգնել չեմ կարողանում։ Աստղո ջան, հաստատ իմացիր, ինչ էլ լինի, ինչպիսի դժվարին պայմաններում էլ գտնվենք, միևնույն է, հաղթանակը մերն է լինելու։ Բաբկեն, 8.01.42թ.»։

Պատերազմի առաջին իսկ օրերին, երբ Բաբկեն Մուրադյանը զորակոչվեց բանակ, նրա որդին՝ Կարուշը, հազիվ հինգ տարեկան էր։ Այսօր նա արդեն պապիկ է։ Ահա խունացած նամակների և զինվորական փաստաթղթերի միջից զինվորի հարազատները հանում և ցույց են տալիս չարաբաստիկ մի երկտող. «Շարքային Բաբկեն Մուրադյանը՝ հավատարիմ զինվորական երդմանը, ցուցաբերելով խիզախություն, զոհվեց 1942 թ.-ի հուլիսին, Կերչ քաղաքի համար մղվող մարտերում։ Թաղված է եղբայրական գերեզմանոցում»։ Զինվորը չհասցրեց շքանշաններ ու մեդալներ ստանալ, բախտ չունեցավ տեսնելու փառապանծ հաղթանակը։ Վեց տասնյակից ավելի տարիներ էին անցել այն օրից, երբ Մոսկվան ողջունեց հերոս Կերչի ազատագրումը, որի համար իր կյանքը զոհաբերեց նաև Բաբկենը։

♦♦♦

Պատերազմի առաջին տարվա դեկտեմբեր ամիսն էր։ Պահեստի շարքային Հակոբ Մուրադյանը զորակոչվեց Կարմիր բանակ։

Վրա հասավ սեպտեմբերը։ Անդրկովկասյան ռազմաճակատի զորքերի կազմում հայկական դիվիզիան առաջին անգամ մարտի մեջ մտավ Գրոզնիի մատույցներում։ Եվ ահա այսպես մահաբեր բոցերի ու արհավիրքների միջով անցավ Հակոբ Մուրադյանի մարտական ուղին։ Նրա զորային կյանքի տարեգրությունը եռակի շքանշանակիր Թամանյան 89-րդ հրաձգային հայկական դիվիզիայի անցած փառավոր մարտական ուղու պատմությունն է, ուղի, որը ձգվել է մինչև Բեռլին, երբ Ռայխստագի առջև հայ զինվորները պարեցին հայկական «քոչարին» և փառքով վերադարձան տուն։

Հակոբ Մուրադյանը մասնակցել է Կովկասի պաշտպանությանը, Թամանյան թերակղզու, Սևաստոպոլի, Կերչի, Վարշավայի, Ֆրանկֆուրտի, Բրեսլավի և շատ ու շատ այլ քաղաքների ազատագրմանը, վերջապես՝ Բեռլինի գրավմանը։ Նա բազմիցս իր ընկերների հետ գնդացրային կրակի տակ արհամարհելով մահը, հետախուզել է հակառակորդի պաշտպանական գիծը, նրա կրակակետերի դասավորությունն ու տեսակները, ականազերծել մարտի դաշտեր, կտրատել փշալարերի խիտ ցանցը և ճանապարհ բացել մեր ստորաբաժանումների առաջխաղացման համար։ Ցուցաբերած արիության ու խիզախության համար Հակոբ Մուրադյանը պարգևատրվել է Հայրենական պատերազմի առաջին և երկրորդ աստիճանների, Կարմիր աստղի շքանշաններով ու մարտական մեդալներով։

♦♦♦

Շատերն իրենց կյանքը զոհաբերեցին հանուն հայրենիքի՝ կարոտ մնալով հայրենի օջախին։ Ամեն անգամ, երբ գալիս է մայիսը՝ Հաղթանակի օրը, մենք՝ Հայրենական պատերազմի մի բուռ մնացած վետերաններս, անսահման երախտագիտությամբ ենք հիշում նրանց, ովքեր հերոսացան մարտի դաշտում ու տուն չվերադարձան արյունահեղ կռիվներից… Փառք ու պատիվ նրանց, նրանց անմահ գործին։

ՊԵՏՐՈՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ
գնդապետ, Հայրենական մեծ պատերազմի վետերան

Խորագիր՝ #10 (977) 14.03.2013 – 20.03.2013, Ճակատագրեր


14/03/2013