Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՐՏԱՔԻՆ ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅԱՆ ԳՆԴԱՊԵՏԸ



«Հատուկ ծառայությունները զբաղված են այնպիսի կեղտոտ գործերով, որ դրանք իրականացնող մարդիկ պետք է բարոյապես անբասիր լինեն»
«Մոսադի» լեգենդար ղեկավար
ԻՍԵՐ ԽԱՐԵԼ

ԲԱՐՁՐԱԿԱՐԳ ՀԵՏԱԽՈՒՅԶԸ

Ասում են, որ մարդն է ընտրում մասնագիտությունը: Եվ հաճախ սխալվում է: Բայց պատահում է, որ մասնագիտությունն է ընտրում մարդուն և երբեք չի վրիպում. այդպես է Պավել Ավետի Գևորգյանի դեպքում:

Արտաքին հետախուզության գնդապետ Պավել Ավետի Գևորգյանը ծնվել է 1916թ. ապրիլի 13-ին (այլ տվյալներով` 14-ին), Ղարաբաղի Դաշքեսանի շրջանի Բանանց գյուղում (այլ տվյալներով` Բաքվում):

Հայրը` Ավետիք Պավլովիչը, ակտիվորեն մասնակցել է Ադրբեջանում հեղափոխական շարժմանը: Մայրը տնային տնտեսուհի էր:

Պավել Ավետի Գևորգյանը 1941թ. ավարտել է Մոսկվայի պետական համալսարանին կից Արևելագիտության ինստիտուտը: Տիրապետում էր անգլերենին, գերմաներենին, արաբերենին, թուրքերենին, պարսկերենին, ախմարերենին (աշխարհի ամենադժվար լեզուներից մեկը` Եթովպիայի պետական լեզուն): Օժտված էր հաղորդակցական լավ զարգացած ունակություններով, կարող էր արագ և անսխալ վերլուծել արտաքուստ միմյանց հետ կապ չունեցող իրադարձությունները և գտնել դրանց ներքին կապը, որի հիման վրա էլ կանխատեսումներ անել, որոնք մեկ անգամ չէ, որ հաստատվել են:

Պետանվտանգության մարմիններում ծառայել է 1944-1967թթ.` զբաղեցնելով տարբեր պաշտոններ: Հայրենական մեծ պատերազմի տարիներին աշխատել է Հյուսիսային Իրանում: Պատերազմից հետո աշխատել է Հյուսիսային Ամերիկայում, Աֆրիկայում (ռեզիդենտ Եթովպիայում` Աֆրիկայի միակ քրիստոնեական երկրում), ապա՝ Եվրոպայում (Ավստրիայում): Ընդգծենք, որ ռեզիդենտին նշանակում էր Պետական անվտանգության կոմիտեի կոլեգիան` նախագահի ներկայացմամբ: Պ.Ա.Գևորգյանին պետանվտանգության փոխգնդապետի կոչում է շնորհվում 1955թ.: Իսկական զինվորական ծառայության սահմանված ժամկետի ավարտին՝ 1967թ. զորացրվում է: Կյանքի վերջին տարիներին «ԱՊՆ» լրատվական գործակալությունում աշխատում էր որպես ԱՄՆ և Կանադայի բաժնի վարիչ:

Պետանվտանգության մարմինների պատվավոր աշխատակից Պետրոս Արտաշեսի Պետրոսյանը պատմում է. «Գնդապետ Պավել Ավետի Գևորգյանը բարեկիրթ, բազմակողմանի զարգացած, բարձրակարգ հետախույզ էր, որը շարքային օպերատիվ աշխատակցից աճեց մինչև ռեզիդենտ: Արտաքին հետախուզությունում ծառայելու ընթացքում նա հետախուզական ակտիվ աշխատանք էր կատարում աշխարհի բազմաթիվ երկրներում: 1959թ. որպես ուղղության պետ աշխատելով Առաջին գլխավոր վարչությունում՝ գործին մասնակցություն է ունեցել երիտասարդ հետախույզների պատրաստման և դաստիարակման գործում (նրա սաներից մեկն էլ տողերիս հեղինակն է): Կադրային հետախույզ Պավել Ավետովիչը միշտ և ամենուր ջանում էր օգնել և իր հարուստ փորձը փոխանցել երիտասարդ աշխատակիցներին:

Պավել Ավետովիչը ներկայանալի տղամարդ էր, բնավորությամբ` բարի, կարեկից և շփվող, հումորի նուրբ զգացումով: Հպարտությամբ ուզում եմ նշել, որ մի քանի տարի շարունակ գործի բերումով ինձ բախտ է վիճակվել շփվել նրա` «հետախուզության լեգենդի» հետ և շատ բան սովորել նրանից, ինչի համար երախտապարտ եմ նրան»:

Ահա մի հատված էլ նախկին հետախույզ Մարտիրոս Սարգսի Մելքումյանի տիկնոջ՝ Անի Վահանովնայի հուշերից. «Հայրենական Մեծ պատերազմի ժամանակ 1943-1945թթ. ես ու ամուսինս, Պավել Ավետովիչն իր կնոջ հետ Իրանում էինք, որտեղ մեր ամուսիններն աշխատում էին խորհրդային դեսպանատանը: Երկրորդ անգամ մենք հանդիպեցինք Վիեննայում, որտեղ Պավել Ավետովիչն աշխատում էր խորհրդային մեկ այլ հաստատությունում: Մեր ընտանիքների բարեկամությունը շարունակվեց նաև Խորհրդային Միություն վերադառնալուց հետո: Պավել Ավետովիչն ամուսնացած էր թիֆլիսցի Նորայի հետ, նրանք երկու դուստր ունեին` Իրինան (վախճանվել է) և Նատալիան (լրագրող է, աշխատում է Ֆրանսիայում): Պավել Ավետովիչը հրաշալի աշխատող էր, կարեկից անձնավորություն, հավատարիմ ընկեր, ընտանիքի օրինակելի հայր: Բարեկամներն ու ընկերները սիրում և հարգում էին նրան»:

Ճանաչված հետախույզ Նորա Գևորգյանը մահացավ 2012թ. նոյեմբերի 18-ին: Երիտասարդ տարիներին նա արտակարգ գեղեցիկ կին էր: Պատմում են, որ Եթովպիայի կայսրը չէր կարողանում հայացքը կտրել նրանից: Մի առիթով դուստրը հարցնում է նրան, թե ինչպե՞ս է, որ լինելով այդքան գեղեցիկ և խելացի կին, գրավելով բազմաթիվ տղամարդկանց ուշադրությունը, պահպանել հավատարմությունն ամուսնուն: Նորան պատասխանում է. «Ամենեւին էլ դժվար չէր: Քո հայրը բոլորից լավն էր»: Դստեր նույն հարցին հայրը պատասխանում է. «Եթե իմ կյանքում ուրիշը հայտնվեր, մայրդ պարզապես կվերցներ քեզ, մի քանի գիրք և ընդմիշտ կհեռանար: Այդպիսի կանանցից չեն հեռանում»:

Գնդապետ Պավել Ավետի Գևորգյանը մահացել է 1993թ. սեպտեմբերի 9-ին, Մոսկվայում:

Իսրայելի հետախուզությունը՝ ըստ Պ.Գեւորգյանի

Հետաքրքիր է Պավել Ավետովիչի կարծիքը իսրայելական հատուկ ծառայությունների մասին.

«Իսրայելական հետախուզության սպաներն իրենց գործունեության մեջ հիմնվում են նախևառաջ Եվրոպայում և ԱՄՆ-ում հրեական սփյուռքից կամավոր օգնականների վրա (էթնիկ հետախուզություն -Ա.Ս.), որոնց անվանում են «սայանիմ» (ի տարբերություն բնիկ իսրայելցիների, որոնց անվանում են «սաբրա» կամ «ցաբար»): «Սայանիմ» եբրայերեն նշանակում է կակտուս (դրսից փշոտ, իսկ ներքուստ քաղցր):

Առավել մեծաքանակ են հրեաների հետևյալ «ցեղախմբերը». ա) աշկենազի. սրանք Արևելյան և Կենտրոնական Եվրոպայի հրեաների հետնորդներն են, կարող են ունենալ բաց գույնի մազեր, երկնագույն կամ մոխրագույն աչքեր: «Աշկենազի» եզրը ծագում է միջնադարյան Գերմանիայի հրեական անվանումից. Գերմանիան ընկալվում էր որպես Հաբեթի թոռ Ասքանազի սերունդների բնակավայր,

բ) սեֆարդներ` թուրքական, իտալական և հունական հրեաներ (մի ժամանակ Ստամբուլի հրեական համայնքը աշխարհում ամենամեծերից էր, և բազմաթիվ հրեաներ հետնորդներն են նրանց, ովքեր 1492թ. վտարվել են Իսպանիայից, Հարավային Ֆրանսիայից և Պորտուգալիայից),

գ) միզրախներ` Սիրիայի, Իրաքի և Իրանի հրեաներ:

Նշված երեք ցեղախմբերի հայրենիքը Մերձավոր Արևելքն է: Հենց այն երկրներում, որտեղ հրեական սփյուռք կա, առավել տպավորիչ են իսրայելական հետախուզության հաջողությունները` ի տարբերություն այնպիսի երկրներում հետախուզական գործունեության, ինչպիսիք են Ճապոնիան կամ Չինաստանը: Ճիշտ է, վերջինում կան 20-30 մլն էթնիկ հրեաներ, որոնց անվանում են «կեյֆենի», և որոնց թվին էր պատկանում, մասնավորապես՝ չինական տնտեսական հրաշքի հեղինակ Դեն Սյաոպինը, սակայն Իսրայելը չինացի հորից և հրեա մորից ծնվածին հրեա չի համարում: Չինաստանում գոյություն ունեցող ոստիկանական խիստ վարչակարգը դժվարացնում է օտարերկրյա ցանկացած հետախուզական ծառայության գործունեությունը»:

Մահախոսականները եւ հետախուզությունը

Մի հատված եւս գնդապետ Պավել Ավետի Գևորգյանի հուշերից.

«1960-ականների սկզբներին ԽՍՀՄ Պետական անվտանգության կոմիտեի (ՊԱԿ) գլխավոր ռեզիդենտուրաներ (Վաշինգտոն, Նյու Յորք, Լոնդոն, Բոնն, Փարիզ, Տոկիո) հրահանգ իջեցվեց` Կենտրոն ուղարկել տեղական թերթերում հրապարակվող` գաղտնիքների տիրապետող մարդկանց մասին մահախոսականները: Նախապատվությունը տալ հատուկ ծառայությունների նախկին աշխատակիցներին, հատկապես՝ Հետաքննությունների դաշնային բյուրոյի, որի շարքերից ՊԱԿ-ը հավաքագրվածներ համարյա չուներ:

Աշխատանքը հիմնվում էր հետմահու կենսագրությունների ուսումնասիրման վրա: Դրանցում, որպես կանոն, նշվում էին հետախուզական և հակահետախուզական տարբեր կառույցների` կյանքից հեռացած աշխատակիցների գործունեության փուլերը: Հիշատակվում էին այն երկրները, որտեղ նրանք գաղտնի աշխատել էին, ինչպես և պարգևներ ստանալու ամսաթվերը: Բոլոր այդ տվյալները ստուգվում էին ՊԱԿ-ի արխիվների միջոցով: Վերականգնվում էին մարդու կյանքի մանրամասները: Մահացածի` այս կամ այն շքանշանը ստանալու տարեթվով կարելի էր պարզել հետախուզական այն գործողությունը, որի համար շնորհվել էր պարգևը: Ճշտվում էր՝ երբ և որտեղ է այդ մարդը հայտնվել ՊԱԿ-ի տեսադաշտում: Կարևոր էր ստուգելը, թե ով էր այս կամ այն ժամանակաշրջանում Կենտրոնական հետախուզական վարչության, կամ, օրինակ, Մի-6-ի ռեզիդենտը տվյալ երկրում: Պակաս կարևոր չէր նաև պարզելը, թե ովքեր էին նախկին հետախույզի թիմակից գործընկերները:

Այնուհետև ուսումնասիրվում էին խորհրդային հետախուզության այն տարիներին հակառակորդի գործունեության մասին ունեցած գաղտնի տեղեկության աղբյուրները: Իրական կենսագրությունը եղած տվյալների հետ համադրելու դեպքում մեծ երևակայություն պետք չէր` վերականգնելու տարրական տրամաբանությունից բխող որոշ մանրամասներ: Արդյունքում՝ մահացածին` որպես ՊԱԿ-ի «կեղծ գործակալի», կարելի էր վերագրել խորհրդային հետախուզության իսկական գործակալի հաղորդած տեղեկությունը: Դրա նպատակը տեղեկույթի իրական աղբյուրները կասկածից զերծ պահելն էր և հակառակորդի հետ օպերատիվ խաղ սկսելու նախադրյալներ ստեղծելը»:

Հետախուզության ոլորտի մասնագետները բաց աղբյուրներից անհրաժեշտ տեղեկություն կորզելու դասական են համարում Բերտոլդ Յակոբին, որը 1930-ականներին մանրամասն ուսումնասիրելով մահախոսականները, բարձրաշխարհիկ հասարակության հարսանեկան հանդիսությունների մասին պատմող թերթային հոդվածները, որոնցում թվարկվում էին ներկաները, կարողացավ պատառիկ առ պատառիկ բացահայտել Գերմանիայի նոր բանակի կառուցվածքը, որը հույժ գաղտնի էր պահվում: Բերտոլդ Յակոբի` Անգլիայում հրատարակած գիրքն ընդգրկում էր գլխավոր շտաբի բոլոր բարձրաստիճան պաշտոնյաների և 168 գեներալների, դիվիզիաների հրամանատարների կենսագրություններն ու բնութագրերը:

ԱՐԿԱԴԻ ՍԱՐԳՍՅԱՆ
ՌԴ Ռազմական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ,
տեխն.գիտ. դոկտոր Լուսանկարը՝ հեղինակի անձնական
արխիվից

Խորագիր՝ #10 (977) 14.03.2013 – 20.03.2013, Ճակատագրեր, Ուշադրության կենտրոնում


14/03/2013