Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԾԱՌԱՅՈՒՄ ԵՆ ՍԻՐՈՎ



Զորամասում դասի ժամ էր։ Զինվորներին հանդիպեցինք ավելի ուշ, երբ շարահրապարակում շարային պատրաստության ժամ էր, և նրանք հերթական պարապմունքն էին անցկացնում։ Նրանց հետ մեզ հաջողվեց զրուցել զորանոցում, որտեղ տղաները մեզ դիմավորեցին տանտիրոջ հարգանքով, ժպիտով, կարոտած հայացքներով ու միևնույն ժամանակ զինվորին վայել զուսպ ու հպարտ կեցվածքով։ Նրանք իմ տարիքի տղաներ էին, և ամենքն էլ, իրարից առաջ ընկնելով, ուզում էին ինձ բացատրել բանակում ծառայելու կարևորությունը, ներկայացնել իրենց զորամասի առավելությունները, զինվորական մասնագիտության հետաքրքրությունը։ Ծանոթությունից հետո առանձնազրույց ունեցա նրանցից մեկի հետ։

Սերժանտ Գոռ Սարգսյանը արդեն ութ ամիս է, ինչ ծառայում է ուսումնական զորամասում։ Կայանի օպերատոր է։ Ավարտել է ԵՊՃՀ-ի էներգետիկական ֆակուլտետը։ Սիրով է կատարում իր զինվորական ծառայությունը, ինչի շնորհիվ էլ վայելում է ընկերների, հրամանատարական անձնակազմի սերն ու հարգանքը։

Բանակային առօրյան, ինչպես նշեց Գոռը, շատ հագեցած է, առաջնորդվում են նախապես որոշված օրակարգով։ Գոռը սիրում է ինքնապատրաստման ժամերը, երբ հնարավորություն է ունենում կատարելագործելու զինվորական մասնագիտությունը, հետևելու անձնական հիգիենային։ Ամեն օր երեկոյան լուրերի թողարկումն են դիտում, հավաքվում ու քննարկում են Հայաստանում, աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները։ Սննդից էլ է գոհ, ասում է՝ իրենց ճաշարանը լավագույնն է ճանաչվել թե՛ մաքրությամբ, թե՛ սննդի որակի տեսանկյունից։ Ասաց, որ իրենց զորամասում կազմակերպվում են զանազան միջոցառումներ, որոնք հագեցնում ու բազմազան են դարձնում զինվորի առօրյան։ Եվ ամենաէականն է, որ լիարժեքորեն տիրապետում է իր զինվորական մասնագիտությանը, գերազանց է շահագործում իրեն հատկացված զինատեսակը՝ գիտակցելով իր բաժին պատասխանատվությունը երկրի օդային սահմանների պահպանման գործում։

Գոռը պատմեց նաև զորամասում անցկացվող միջոցառումների մասին, որոնց նպատակն է պահպանել զորքերի մարտական պատրաստականությունը, բարենպաստ պայմաններ ստեղծել կազմակերպված ու համակողմանիորեն պատրաստված մարտական գործողություններ վարելու, ինչպես նաև հակառակորդի հանկարծակի հարձակումը կանխելու համար։

Զրուցեցի նաև ծառայակից ընկերների հետ։ Վահրամ Ասատրյանն արդեն երեք ամիս է, ինչ ծառայում է նույն զորամասում, բայց արդեն հասցրել է մտերմանալ Գոռի հետ։

-Սրտացավ ընկեր է, նվիրված, անկեղծ։ Հրամանատարի, սպայական անձնակազմի սիրելին է, որովհետև հստակորեն է կատարում նրանց հրամանները։

Այն հարցին՝ սիրո՞վ է ծառայում, թե՞ պարտականությունն է կատարում, պատասխանեց.

-Սիրով իմ պարտականությունն եմ կատարում հայրենիքիս, ծնողիս, ընտանիքիս նկատմամբ։

ԻՐԻՆԱ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ԵՊՀ ուսանողուհի

Խորագիր՝ #10 (977) 14.03.2013 – 20.03.2013, Ազգային բանակ


14/03/2013