ՕԴԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ
Գաղտնիք չէ, որ հակաօդային պաշտպանության զորքերն այսօր հայոց ազգային բանակի ամենակարևոր և ամենամարտունակ ստորաբաժանումներից են։ Դեռևս Արցախյան ազատամարտի և բանակաշինության առաջին փուլում պարզվեց, որ մենք պարտավոր ենք ունենալու անխոցելի ՀՕՊ համակարգ, որն իր էությամբ գերազանցապես պաշտպանական զորատեսակ է։
Նախկին ԽՍՀՄ բանակի հայ մասնագետ սպաների և զորամասերը համալրող գիտության ու արտադրության ներկայացուցիչների ջանքերով խնդիրը լուծվեց կարճ ժամանակահատվածում։ Նորանկախ հանրապետության ու բանակի ղեկավարները, ստեղծելով հուսալի հակաօդային պաշտպանություն, ոչ միայն ամրապնդում էին երկրի պաշտպանունակությունը, այլև գործով միջազգային հանրությանն ապացուցում էին, որ Հայաստանը, ի տարբերություն իր որոշ հարևանների, զերծ է ագրեսիվ նկրտումներից, որ որդեգրել է հարևանների հետ խաղաղ գոյակցության քաղաքականությունը և բանակն էլ կառուցում է գլխավորապես պաշտպանության, պետության ու ժողովրդի խաղաղությունն ապահովելու հենքի վրա։ Այս քաղաքականությունը շարունակվում է մինչև այժմ։ Իսկ կատարվող աշխատանքների արդյունավետությունը, զորատեսակի մարտունակությունն ստուգվում է ինչպես մեր երկրում, այնպես էլ ՌԴ և ԱՊՀ այլ երկրների ՀՕՊ զորքերի հետ համատեղ անցկացվող զորավարժությունների ընթացքում։
♦♦♦
Գնդապետ Ս. Գրիգորյանը համակարգի փորձառու ու ճանաչված մասնագետներից է։ Նրա հրամանատարությամբ միացյալ հրամանատարական կետը երկու անգամ լավագույնն է ճանաչվել զորատեսակի կազմում։ Նա ևս երկու անգամ պատվո դրոշի է արժանացել ներկայիս մարտական զորամասի անձնակազմի հետ։ Երկրորդը և առայժմ վերջինը անցած՝ 2012թ. աշխատանքների գնահատականն է։ Լինելով զորամասում՝ գնդապետ Ս. Գրիգորյանի հետ զրուցեցինք ստորաբաժանման առջև դրված գլխավոր խնդրի, այսինքն՝ օդային տարածքների պաշտպանվածության, զորամասի ձեռքբերումների, առաջիկա ծրագրերի, մարտական հերթապահության իրականացման, սպառազինության շահագործման, ռազմական ուսուցման, կադրային քաղաքականության, զորանոցային պայմանների բարելավման, անձնակազմի բարոյահոգեբանական վիճակի մասին։
ՄԱՐՏԱԿԱՆ ՀԵՐԹԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
-Մեր զորամասը կարևոր ներդրում ունի բանակի ընդհանուր հաջողություններում։ Սկսած 1999 թ.-ից՝ զորամասի ստորաբաժանումները պարբերաբար մասնակցել են ԱՊՀ երկրների ՀՕՊ զորքերի համատեղ զորավարժություններին, հաջողությամբ կատարել առաջադրանքները և արժանիորեն վայելում են գործընկերների վստահությունը։ Վերջին անգամ, 2011թ. սեպտեմբերին, զորամասը Աշուլուկ մեկնեց իմ ղեկավարությամբ, արդյունքները դարձյալ շատ բարձր էին, և «Հայ զինվորը» ժամանակին դրանք հրապարակել է։ Միանգամից ասեմ՝ մեր օդային տարածքների պաշտպանվածությունը լիարժեք է։
Զորամասը կատարում է շուրջօրյա մարտական հերթապահություն։ Վերահսկվում են ինչպես դրսից եկող, այնպես էլ երկրի ներսում կատարվող թռիչքները։ Բոլոր հարցերը ժամանակին կարգավորվում են քաղաքացիական ավիացիայի հետ։ Ընդհանուր ղեկավարումն իրականացվում է միացյալ հրամանատարական կետից։ Այսինքն՝ ստացվում է բազմաշերտ վերահսկողություն։
Յուրաքանչյուր ամիս միաժամանակյա մարտական հերթապահություն են կատարում զորամասի դիվիզիոններ։ Հերթապահությունից մեկ շաբաթ առաջ զորամասի հանձնաժողովը լինում է դիվիզիոններում, ստուգում պատրաստականության վիճակը, առաջադրում է խնդիրներ և տալիս մեկ շաբաթ ժամանակ այդ խնդիրները կատարելու համար։ Ամսի մեկից դիվիզիոններն ստանձնում են հերթապահությունը։ Այն տեղի է ունենում հանդիսավոր արարողությամբ, բարձրացվում է պետական դրոշը։ Մարտական հերթապահության ժամանակ դիվիզիոնի անձնակազմը մշտապես գտնվում է տեղում։ Այդ ընթացքում կազմակերպվում են բազմաթիվ հանկարծակի ստուգումներ ինչպես մեր, այնպես էլ վերադաս հրամանատարության կողմից։ Մարտական հերթապահություն կատարող դիվիզիոնները պատրաստ են ցանկացած պահի վարելու մարտական գործողություններ։ Այս ամենը չի նշանակում, թե այդ ընթացքում մյուս դիվիզիոնները չեն մասնակցում օդային տարածքների հսկողությանը։ Նրանք լինում են իրենց տեղերում և հետևում ընդհանուր իրավիճակին, գրանցում յուրաքանչյուր թռիչք, յուրաքանչյուր շարժ։
ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅՈՒՆԸ
-Դիվիզիոններն սպառազինված են Ս-300 և Ս-125 հրթիռային համալիրներով։ Նրանք ունեն նաև ԴԶՀՀ-ներ՝ «Իգլա» և ՀՕՊ հրանոթներ։ Ինչպես Ս-125-ի, այնպես էլ Ս-300-ի տեխնիկական սպասարկումն ամբողջությամբ իրականացնում են մեր մասնագետները։ Սպասարկման անհրաժեշտ միջոցների ավելի քան 90 տոկոսն ապահովում են մեր գործարանները։ Կան որոշ հարցեր, որոնց համար դիմում ենք հրթիռներն արտադրող մայր գործարանների օգնությանը։ Կապը դիվիզիոնների և զորամասի հրամանատարական կետի միջև շատ հուսալի է, որովհետև ներդրված են կապի ժամանակակից բոլոր միջոցները։
2012Թ. ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐԻՆ
-Ավանդաբար ուսումնական փուլերի համար պլանավորվում են զորավարժություններ։ Մեզ համար շատ կարևոր են ավիացիայի շրջաթռիչքներով ուղեկցվող զորավարժությունները։ Անցած տարի ունեցել ենք նմանատիպ զորավարժություններ, որոնց ժամանակ հայտնաբերվել և պայմանականորեն ոչնչացվել են բոլոր թիրախները։ Զորամասը գրեթե ողջ անձնակազմով մասնակցեց ՀԱՊԿ անդամ երկրների ԱԱՀՈՒ-ի «Փոխգործակցություն-2012» զորավարժությանը, որի ժամանակ նույնպես առաջադրանքները կատարվեցին ամբողջությամբ։ Դրանից հետո սկսվեց համաբանակային հրամանատարաշտաբային ռազմավարական զորավարժությունը, և դարձյալ ունեցանք նույն հաջողությունը։ Մինչ այդ, ամռանը զորամասում ստուգողական պարապմունքներ անցկացրեց պաշտպանության նախարարության հանձնաժողովը։ Նման ստուգումներ լինում են ամեն տարի։
Ինչպես գիտեք, ամեն տարի աշնանը զորատեսակների համար կազմակերպվում են մասնագիտական մրցույթներ։ Անցած տարի Ս-125-ի մրցույթում հաղթողներ են դարձել փոխգնդապետ Գ. Պետրոսյանի հրամանատարությամբ գործող դիվիզիոնի մարտկոցները։ Ս-300-ի մրցույթում էլ լավագույններից մեկը փոխգնդապետ Ա. Հակոբյանի դիվիզիոնի հաշվարկն էր։
ԶՈՐԱՀԱՎԱՔԱՅԻՆ ՈՒԺԵՐԸ
Հրամանատարաշտաբային զորավարժության ժամանակ զորամասերից շատերն ստացան անհրաժեշտ համալրում, բայց մեզ համար նման հրաման չկար։ Զորահավաքային ուժերի ճշտումը տեղի ունեցավ զինկոմիսարիատներում։ Կան, հավաք են, պատրաստ են այն ուժերը և միջոցները, որոնք անհրաժեշտության դեպքում համալրելու են զորամասի դիվիզիոնները։
ԸՆԹԱՑԻԿ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐԻՆ
-Բավականին լավ ենք սկսել, կատարում ենք պլանային և արտապլանային բոլոր միջոցառումները։ Սպասվում է շրջաթռիչքներով զորավարժությունը։ Այս տարի դարձյալ մասնակցելու ենք ՌԴ զորավարժարանում տեղի ունենալիք ԱՊՀ ՀՕՊ զորքերի համատեղ զորավարժությանը։ Նախատեսել ենք ընդգրկել երիտասարդ մասնագետներին, նրանց, ովքեր դեռևս չեն մասնակցել այդպիսի զորավարժության։ Արդեն սկսել ենք անձնակազմերի ձևավորումը։ Նրանց հետ պետք է նաև որոշակի նախապատրաստական աշխատանք կատարվի։ Հավանաբար կլինեն նաև այլ զորավարժություններ։
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐ
-Մասնագիտական մշտական պարապմունքները պարտադիր են։ Ամիսը մեկ սպայական ուսումնական խմբերի համար կազմակերպում ենք հրամանատարական պարապմունքներ, դրանից բացի, սպայակազմն ընդգրկվում է մասնագիտական հավաքներում, որոնց առաջին փուլն անցկացվում է զորամասում, հաջորդը՝ վարչություններում, այսինքն՝ կապավորները՝ կապի վարչությունում, թիկունքայինները՝ թիկունքի, բժիշկները՝ բուժվարչությունում…
Զորամասի հրամանատարական կազմը պարբերաբար, ստույգ՝ ամիսը մեկ անգամ, ստուգում է դիվիզիոնների ստորաբաժանումների մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները, իսկ ուսումնական փուլի վերջում ընդունում է ստուգարքներ և քննություններ։ Դիվիզիոններում ստուգումներ են անցկացնում նաև պաշտպանության նախարարության և գլխավոր շտաբի վարչությունները։
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
Մարզումների միջոցով համագործակցում ենք մյուս ՀՕՊ զորամասերի հետ, որպեսզի հնարավոր մարտական գործողությունների ընթացքում իմանանք մեր անելիքները և նույն թիրախի վրա ավելորդ հրթիռ բաց չթողնենք։
ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ
-Ունենք այդպիսի ծրագիր բոլոր ծառայությունների գծով, ինչը շատ կարևոր է։ Օրինակ՝ սպառազինության, կադրերի առաջխաղացման և այլնի համար։
ԿԱԴՐԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
-Կարծում եմ՝ բանակում լավագույններից մեկը ՀՕՊ զորքերի համար իրականացվող կադրային քաղաքականությունն է։ Ամեն տարի արտերկրում ուսանած մեծ թվով երիտասարդ սպաներ ենք ընդունում ծառայության։ Միաժամանակ, զորամասը համալրում են մեր ռազմական ինստիտուտների շրջանավարտները։ Այս ամենից բացի, անհրաժեշտ վերապատրաստությունից հետո, ծառայության ենք ընդունում հանրապետության բուհերի այն շրջանավարտներին, ովքեր գտնում են, որ իրենց տեղը բանակում է։ Զորամասն անցել է պայմանագրային ծառայության, ուստի, միայն ուսումնական զորամասից են գալիս պարտադիր ժամկետային ծառայության զինվորներ։
Գնդապետ Ս. Գրիգորյանը նաև անդրադարձավ զորանոցաշինությանը և նշեց, որ դիվիզիոնների մեծ մասն արդեն տեղավորվել է նորակառույց զորանոցներում։ Եվս երկու նորակառույց, և զորամասում այդ հարցը հիմնավորապես կլուծվի։
Զրուցեցինք նաև բարոյահոգեբանական վիճակի, գաղափարադաստիարակչական աշխատանքների, հաճախակի կազմակերպվող մարզամշակութային միջոցառումների մասին։
ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱԿԱՆ ԿԵՏՈՒՄ
Այստեղ աշխատանքը ոչ մի ակնթարթի չի ընդհատվում։ Հեռախոսավարուհի, շարքային Կարինե Ավետիսյանը հաղորդագրություններ է ընդունում և ուղարկում, գծագրավար, շարքային Արծվիկ Ադունցը ցույց է տալիս տարածաշրջանում անցնող ինքնաթիռների տեղը, նշում թռիչքի բարձրությունը, հեռավորությունը։ Այս ամենին ակնդետ հետևում է օպերատիվ հերթապահ, մայոր Հայկ Կարապետյանը, իսկ մարտական հաշվարկում ընդգրկված էին կապիտան Գառնիկ Թանգյանը, ավագ լեյտենանտներ Արտյոմ Գրիգորյանը, Հրաչ Սիմոնյանը և լեյտենանտ Հմայակ Մելիքսեթյանը։ Հրամանատարական կետի պետը փորձառու, ԱՊՀ երկրների մի քանի համատեղ զորավարժությունների մասնակից փոխգնդապետ Արմեն Սուքիասյանն է։
-Հենց այստեղից ենք ղեկավարում դիվիզիոնների աշխատանքը, եթե հանկարծ սահմանի խախտում լինի, և մեր երկրի օդային տարածք մտնի թշնամական որևէ ինքնաթիռ, այստեղից ենք արձակելու հակառակորդին ոչնչացնելու հրամանը։ Դիվիզիոններից մի մասի հետ կապն ավտոմատացված է, մյուսների հետ՝ ոչ։ Այստեղ ծառայողները, հերթապահություն կատարողները շատ լավ են տիրապետում մասնագիտությանը, իսկ ծառայական կարգապահության խախտման դեպքերը բացառված են։
Իրոք, հրամանատարական կետը զորամասի սիրտն է, և ամենևին էլ պատահական չէ, որ հենց այստեղ են պահվում զորամասի մարտական դրոշը և զորատեսակի մեջ լավագույնի կոչումը հաստատող պատվո դրոշը։
ԱՐԱՄ ՆԵՐՍԻՍՅԱՆ
փոխգնդապետ
Լուսանկարները՝ հեղինակի