ԱԴՐԲԵՋԱՆԻ ԲԱՆԱԿԸ ՎԱՐԿԱԲԵԿՎԵՑ ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀՈՒՄ
Հազվադեպ է լինում, որ շաբաթն անցնի` առանց ադրբեջանական բանակում մահվան ելքով պատահարների: Անցնող շաբաթը նույնպես բացառություն չէր: Մարտի 7-ին ավտովթարի հետևանքով ադրբեջանցի երկու զինծառայողներ վնասվածքներով տեղափոխվել են հոսպիտալ: Մարտի 11-ին Ադրբեջանի զինված ուժերի Ֆիզուլիի շրջանում տեղակայված զորամասերից մեկի 19-ամյա զինվոր Ալի Իլհամ օղլու Աբիլովը սպանվել է, մանրամասներ չեն հաղորդվում: Մարտի 13-ին Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության տարածքում տեղակայված զորամասերից մեկի` Ջուլֆա-Օրդուբադ ուղղությամբ շարժվող բեռնատարի շրջվելու հետեւանքով զոհվել է ավտոմեքենայի հրամանատար, ենթասպա Ռ.Մամեդովը:
Մարտի 10-ին Բաքվում տեղի է ունեցել «Վերջ զինվորների մահերին» կարգախոսով բողոքի ցույց, որին մասնակցել է 3 հազարից ավելի մարդ: Ոստիկանությունը դաժանորեն ցրել է ցուցարարներին, ձերբակալել ցույցի 60-ից ավելի մասնակիցների: Այս իրադարձությունը գրավել է համաշխարհային լրատվամիջոցների ուշադրությունը:
«Reuters», «Associated Press» եւ լրատվական այլ գործակալություններ ցույցի վերաբերյալ տեղեկություններում շեշտել են բազմաթիվ մասնակիցների նկատմամբ ոստիկանության գործադրած բռնությունները, ցույցը ռետինե գնդակներով եւ ջրաշիթերով ցրելու գործողությունները: ԱՄՆ-ի «The Washington Post», «Fox News» հեղինակավոր լրատվամիջոցները նույնպես տեսանյութեր են հրապարակել Բաքվի ցույցի վերաբերյալ:
Ռուսաստանյան «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթը նշել է, որ թեեւ ցույցը խաղաղ բնույթ է կրել, սակայն իշխանություններն այն դաժանորեն ցրել են: Բաքվի ցույցը եղել է նաեւ ուկրաինական UNIAN լրատվական գործակալության գլխավոր թեման: Դրան անդրադարձել են Ռուսաստանի «ծՁԹ» հեռուստաալիքը, «Ինտերֆաքս» գործակալությունը, «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթի լրատվական կայքը, «Forbes Rossiya», «Արգումենտի ի ֆակտի», «Ռուսսկայա սլուժբա նովոստեյ» պարբերականները, ինչպես նաև արեւմտյան մի շարք լրատվամիջոցներ:
Փաստորեն, ցույցը դաժանորեն ցրելը առիթ է դարձել, որ միջազգային հանրությունը տեղեկանա նաև ադրբեջանական բանակի խայտառակ վիճակի մասին, ինչը լուրջ հարված է Ադրբեջանի շանտաժի քաղաքականությանը. աշխարհը համոզվեց, որ Իլհամ Ալիևի ռազմատենչ հայտարարությունները դատարկաբանություն են:
Ադրբեջանական բանակում խաղաղ պայմաններում զինվորների մահվան դեպքերի հաճախակիանալու, այդ առթիվ հունվարի 12-ին եւ մարտի 10-ին Բաքվում անցկացված զանգվածային բողոքի ցույցերի կապակցությամբ ֆրանսիական RFI ռադիոկայանը հարցազրույց է արել Ադրբեջանի դեմոկրատիայի եւ խաղաղության ինստիտուտի տնօրեն Լեյլա Յունուսի հետ: Վերջինս հայտարարել է, որ «միամտություն է խոսել ադրբեջանական բանակի մարտունակության մասին, որի զինվորները ստրուկներ են»:
Պատասխանելով այն հարցին, թե ձեւավորված իրադրության մեջ կարելի՞ է արդյոք խոսել ադրբեջանական բանակի մարտունակության մասին` հաշվի առնելով, որ Բաքվի ղեկավարությունը հաճախ է հանդես գալիս ռազմական սպառնալիքներով, փորձագետն ասել է. «Բանակը գործելու ոչ մի ունակություն չունի, քանի որ նրանում կոռուպցիոն համակարգ է ստեղծվել: Սպառազինություն գնելու համար ահռելի փողեր են ծախսվում, բայց գործունակ բանակ ստեղծելու մեխանիզմ չկա: Ինչու՞ են այդքան շատ մահվան դեպքեր լինում: Բանն այն է, որ Ադրբեջանում ամեն ինչ գնվում է: Կրտսեր սպաները վճարում են ավագներին, ավագները` պաշտպանության նախարարությանը, իսկ նախարարությունները` նախագահի աշխատակազմին: Բանակում, ՆԳՆ-ում, արդարադատության նախարարությունում կաշառակերության կանոնավոր համակարգ է գործում»:
Լեյլա Յունուսն ասել է, որ նման համակարգում կրտսեր սպաները փող են վերցնում աղքատ զինվորներից: «Ադրբեջանի զինված ուժերում պետք է վճարել ամեն ինչի համար` արձակման վկայական ստանալու, տուն զանգահարելու եւ այլն: Անվճարունակ զինվորներին ծեծում են: Միամտություն է խոսել բանակի մարտունակության մասին, որտեղ գործում է կոռուպցիոն համակարգ, եւ որտեղ զինվորը փաստորեն ստրուկ է, երբ նրա իրավունքները ավելի սահմանափակ են, քան բանտարկյալինը», -ընդգծել է փորձագետը:
Զանգվածային բողոքներին զուգահեռ՝ Ադրբեջանի հասարակությանը ցնցող եւս մեկ տեսանյութ է տարածվել համացանցում: Ցուցադրվել է Բաքվում տեղակայված զորամասերից մեկում տիրող թշվառ վիճակը: «avropa.info» լրատվական կայքի հրապարակած տեսանյութում երեւում է Ադրբեջանի ղեկավարության` ամենուրեք գովազդվող «հավասարը չունեցող տնտեսական զարգացում» ապրող երկրի «աննման» բանակի կիսավեր զորանոցը, մեկուսարանը՝ քայքայված հատակով, խոնավությունից ծեփաթափ պատերով ու առաստաղով, գաղտնի բաժինը, խորհրդային բանակից մնացած հնադարյան կապի հանգույցը, սենյակների խղճուկ կահավորանքը: Տեսանյութում երեւում է, թե ինչ թշվառ պայմաններում են ծառայում Ադրբեջանի պաշտպանները: Եվ որ ինչ- որ պաշտոնյայի ուղեկցող զինվորներից մեկը հեգնանքով ասում է. «Դե, հանուն հայրենիքի պետք է դիմանալ բոլոր անհարմարություններին»: Մեկ ուրիշ զինվոր էլ հավելում է. «Բանակ ունենք, աշխարհը չունի»:
Խորագիր՝ #11 (978) 21.03.2013 – 27.03.2013, Ռազմաքաղաքական