ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԲԱՐԲԱՋԱՆՔԸ ԿԱՄ ՔԱՆԻ՞ ԳԼՈՒԽ ՈՒՆԵՐ ՄՈՆԹԵ ՄԵԼՔՈՆՅԱՆԸ
Աշխատանքային իմ օրը, երկար տարիներ ձևավորված ավանդույթի համաձայն, սկսվում է թերթերն ընթերցելով, վերջին տարիներին` նաև սոցիալական ցանցերն ու կայքերը բացելով, նորություններն ու ինձ հետաքրքրող թեմաներն ուսումնասիրելով։ Օրերս, երբ սովորականի նման թերթում էի կայքերը, ադրբեջանական 1news.az քիչ թե շատ օբյեկտիվ (Ադրբեջանի չափանիշներով) կայքում հանդիպեցի մի պոչով ստի, որին հնարավոր չէր չարձագանքել։
Մոնթե Մելքոնյանի ծննդյան ու զոհվելու տարեդարձերին ես Հայաստանի մամուլում պարբերաբար անդրադարձել եմ։ 2012 թվականի նոյեմբերին, երբ Մոնթեի ծննդյան 55-րդ տարեդարձին նվիրված հոդվածս լույս էր տեսել, ադրբեջանական կայքերից մեկում տեղեկատվություն կարդացի, համաձայն որի իրեն «ղարաբաղյան պատերազմի վետերան, հատուկ նշանակության հետախուզական վաշտի հրամանատար» հորջորջող ոմն Թոֆիկ Ջաֆարով, հերոսանալու մոլուցքով տարված, Մոնթե Մելքոնյանի ծննդյան 55-ամյակի նախօրեին մամուլի ասուլիսում հպարտանում էր, թե Մոնթեին ինքն է ձեռնամարտում սպանել և, որպես փաստական ապացույց, Ադրբեջանում լայնորեն տարածված լուսանկարում իբրեւ թե ինքն է Մոնթեի կտրած գլուխը իր ձեռքում պահում, այլ ոչ թե «Ադրբեջանի դրոշի» շքանշանակիր Իբադ Հուսեյնովը, ինչի համար վերջինս արժանացել է երկրի բարձրագույն պարգևին, հերոսացվել է ու բազմաթիվ արտոնություններ ստացել։ Բացարձակ այդ ստին հետևեց «Ադրբեջանական հանիբալիզմ» վերնագրված պատասխան հոդվածս, որը զետեղվեց «Հայ զինվորի» 2012 թ. դեկտեմբերի թիվ 48-ում, եւ որում ես Մոնթեի զոհվելու, թաղվելու մասին այնպիսի անհերքելի փաստեր, ականատեսների վկայակոչություններ էի բերել, որ, թվում էր, հարցը փակվեց։
Եվ, ահա, շաբաթներ անց, պնդելով ժամանակին իրենց տարածած բարբաջանքները, ադրբեջանական 1news.az լրատվական կայքը, որպես դարակազմիկ նշանակության նորություն, կրկնելով նախկինում ասված հիմարությունը, ինձ է վերագրում մտքեր, որոնց ես տեղյակ չեմ։ Այսպիսի դեպքերի մասին էր 1918 թվականին արհեստականորեն, ինչ-ինչ հեռագնա նպատակներով ստեղծված Ադրբեջան պետության մասին ասում ռուս գեներալ, քաղաքական-հասարակական գործիչ, լրագրող ու հրապարակախոս Անտոն Դենիկինը` «Այս հանրապետությունում ամեն ինչ կեղծ է»։ Ավելի կարճ ու դիպուկ չես ասի։
Այս անգամ էլ, «Հայ զինվորում» տպագրված հիշյալ իմ հոդվածն իրենց հարմար ձևով մեկնաբանելով, «1news.az-ի շնորհավորանքները թիվ 1 հայ ահաբեկչին վերացնելու տարեդարձի առթիվ» վերնագրված հոդվածում գրում են (ներկայացնում եմ ամբողջությամբ` թարգմանված ռուսերենից). «Երեք օրուգիշեր մենք որոնում էինք Ավոյին,- գրում է մյուս հայ վարձկանը` Ասքանազ Աբրահամյանը, այդպես էլ չհասկանալով, թե ինչպես հաջողվեց Իբադ Հուսեյնովին ու նրա 14 մարտիկներին ներթափանցել հայերի գրաված Մուղանլի գյուղ, վերացնել Ավոյին և դուրս գալ հայկական շրջապատումից։ Ինչ հիմարն էինք մենք, որ չնկատեցինք… եթե դա նրանց նույնիսկ հաջողվել էր, ապա իրենք ու՞ր էին գոլորշիացել։ Չէ՞ որ մենք, հարյուրավոր մարտիկներ բազմիցս տակնուվրա արեցինք գյուղի յուրաքանչյուր սանտիմետրը» (ուղղագրությունն ու գրելաոճը պահպանված են),-մորմոքում-տրտնջում է Աբրահամյանը»։
Կարճ կապելու համար ընթերցողին խորհուրդ կտամ կարդալ ՀՀ ՊՆ «Հայ զինվոր» թերթի 2012-ի թիվ 48 համարը կամ մտնել Hayzinvor.am կայք, որտեղ ադրբեջանական այս կեղծիքից գոնե մեկ բառ անգամ չկա։ Իսկ հիմա տեսնենք, թե ադրբեջանցիներն ինչպես են «ազգային հերոսներ» կերտում։
Պարզվում է, Ադրբեջանի հերոս Իբադ Հուսեյնովի «քաջարի» մարտիկներն ընդամենը 14-ն էին, իսկ մեր հարյուրավոր ազատամարտիկները պարտվել էին նրանց, դեռ ավելին` «թիվ 1 հայ ահաբեկչին» վայրկենական գործողությամբ վերացրած 14 «խորամանկ, ճարպիկ ու քաջազուն» թուրքերն իրենց սև գործն անելուց հետո այնքան վարպետորեն էին Մոնթեի գլուխը կտրել, վերցրել ու «գոլորշիացել», որ ես` տարեց «վարձկանս» մինչ օրս զարմացած եմ մնացել նրանց հերոսությամբ:
Այնուամենայնիվ, զգալով, որ սուտը շատ է պոչով և կարող է անհավատալի թվալ նույնիսկ յուրայիններին, հոդվածագիր Ռիզվան Հուսեյնովը, իբր իմիջիայլոց, փակագծերում գրում է` «ուղղագրությունն ու գրելաոճը պահպանված են»` նկատի ունենալով, իբր, իմ գրածը։ Ինչ վերաբերում է ինձ էլ Մոնթեի կողքին դնելուն ու «վարձկան» կոչելուն, սա էլ ինքնանպատակ չէ։ Էս «միամիտներն» ուզում են աշխարհին ապացուցել, թե իրենց պարտության պատճառը ոչ թե հայերի կազմակերպված, ուժեղ, հայրենասեր լինելն է, ամուր ոգին, այլ հիմնականում վարձկաններից կազմված բանակը։ Չկա մեկը, որ ասի` այ խելոքներ, եթե դուք ձեր օտարերկրյա օդաչուների յուրաքանչյուր թռիչքի դիմաց 1000 ԱՄՆ դոլար էիք վճարում, այդ տարիներին ընդամենը 20-30 միլիոնանոց բյուջե, քայքայված տնտեսություն ունեցող Ղարաբաղը կամ երկրաշարժի պատճառած ավերածությունները վերացնող, հարյուր-հազարավոր անտուն մնացած մարդկանց համար կտուր ապահովող, իրենց բնակավայրերից ձեր իսկ տեղահանած հազարավոր փախստականներին ապրելու միջոց ապահովող Հայաստանն ինչի՞ հաշվին էր այդքան վարձկան պահում` այն էլ այն դեպքում, երբ հազարավոր հայ կամավորների դիմումները` գնալ Ղարաբաղ, պաշտպանել ժողովրդին ադրբեջանական հրոսակներից, մերժվում էին, քանզի այդքան մարդու զենք-զինամթերքով, հագուկապով ու սննդով ապահովել հնարավոր չէր ու անիմաստ էլ էր, քանի որ արդեն իսկ զենք վերցրած հայորդիներն առանց այդ էլ լավագույնս դիմակայում էին թվաքանակով իրենցից բազմապատիկ ավելի հակառակորդին։
Ամփոփենք։ Աշխարհն արդեն անարգանքի սյունին է գամում Ալիևին ու նրա վարչակարգը` վայրենիներին հատուկ «կացնային» քաղաքականության, հարևանի նկատմամբ ատելություն սերմանելու, նրա մշակութային հուշարձանները սեփականելու, պետությունը ստի ու կեղծիքի վրա կառուցելու, սեփական երկրում այլազգիներին ճնշելու ու ստորացնելու համար։ Կդիմանանք նաեւ այս կեղծիքին, մանավանդ որ, ստին ու կեղծիքին ապավինելով, Ադրբեջանը գնալով ավելի ու ավելի է արժանանում քաղաքակիրթ, գիտակից աշխարհի քամահրանքին։
ԱՍՔԱՆԱԶ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Խորագիր՝ #11 (978) 21.03.2013 – 27.03.2013, Ուշադրության կենտրոնում, Ռազմաքաղաքական