ԱՎԱՐՏՎԵՑ ՌԱԶՄԱՄԱՐԶԱԿԱՆ ՎԱՐԺԱՐԱՆՆԵՐԻ ՉՈՐՐՈՐԴ ՍՊԱՐՏԱԿԻԱԴԱՆ
Պաշտպանության նախարարի հրամանով ռազմամարզական վարժարաններում ռազմակիրառական մարզաձևերը մասսայականացնելու, ֆիզիկական պատրաստության դերն ու նշանակությունը բարձրացնելու նպատակով 2010 թվականին մեկնարկեց ռազմամարզական վարժարանների առաջին սպարտակիադան, որին մասնակցում են ՊՆ ենթակայության տակ գտնվող Մոնթե Մելքոնյանի և Քրիստափոր Իվանյանի անվան ռազմամարզական վարժարանները, Երկրապահ կամավորական միության «Երկրապահ» թիմը, ՀՀ կրթության և գիտության նախարարության Արմավիրի մարզի «Տիգրան Մեծ» ռազմամարզական վարժարանն ու «Փոքր Մհեր» կադետասեպուհական կրթահամալիրը։
Մարտի 11-ին բանակի կենտրոնական մարզական ակումբում այս հինգ թիմերի մասնակցությամբ հանդիսավորությամբ մեկնարկեց ռազմամարզական վարժարանների չորրորդ սպարտակադան։ Ժամը տասին մասնակից թիմերը շարվեցին հանդիսավոր տողանի։ ԶՈՒ ֆիզպատրաստության բաժնի պետ, գնդապետ Ա.Գրիգորյանը մարտական պատրաստության վարչության պետի տեղակալ գնդապետ Ս.Բադասյանին զեկուցեց ռազմամարզական վարժարանների չորրորդ սպարտակիադային թիմերի պատրաստ լինելու մասին։ Հնչեց պետական օրհներգը, բարձրացվեց հայոց եռագույնը, որից հետո սպարտակիադայի գլխավոր մրցավար փոխգնդապետ Ա. Դավթյանը ազդարարեց սպարտակիադայի մեկնարկը։
Թիմերն իրենց ուժերը չափեցին ռազմամարզական քառամարտ, ռազմամարզական եռամարտ, ռազմամարզական փոխանցումավազք, մինի ֆուտբոլ և պարանի ձգում մարզաձևերից։
Կազմակերպիչները ջանք ու եռանդ չէին խնայել սպարտակիադան բարձր կազմակերպվածությամբ և պատշաճ մակարդակով անցկացնելու համար։ Թիմերի միջև բոլոր մարզաձևերում ծավալվեց դժվարին, անհաշտ և անզիջում մրցակցություն։
Մրցումներին բոլորից լավ պատրաստվել էին սպարտակիադայի հայտնություն դարձած՝ Ք. Իվանյանի և նախորդ տարվա հաղթող Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանների սաները, որոնք էլ համապատասխանաբար գրավեցին առաջին և երկրորդ տեղերը։ Լավագույն եռյակը եզրափակեց «Փոքր Մհեր» կադետասեպուհական կրթահամալիրը։
Հաղթողն է, որ պետք է ցնծա։ Ահա այսպես են իրենց հաղթնակը տոնում գեներալ-լեյտենանտ Ք. Իվանյանի անվան ռազմամարզական վարժարանի սաները։
Պարանի ձգում մարզաձևից մրցակցությունից դուրս էր և բացարձակ հաղթող դարձավ Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի թիմը։
Առաջին մրցանակակիրները՝ Մհեր Դավթյան (100 մ վազք, Մ. Մելքոնյանի անվան վարժարան), Յուրա Սիմոնյան (ձգում և 1000 մ վազք) և Արսեն Հակոբյան (քառամարտ մարզաձևից նռնակի նետում, Ք. Իվանյանի անվան վարժարան)։
Ռազմականացված փոխանցումավազքից ուժեղագույնը նույնպես Ք. Իվանյանի անվան ռազմամարզական վարժարանի թիմն էր՝ Սասուն Ասրյան, Յուրիկ Ալավերդյան, Վանիկ Գաբոյան և Վլադիմիր Գյուրջյան կազմով։
Ձգում վարժությունից լավագույն արդյունքներ ցույց տվեց Ք. Իվանյանի անվան ռազմամարզական վարժարանի սան Արսեն Հակոբյանը, որն, ի դեպ, սպարտակիադայում անհատապես աչքի ընկած լավագույն մասնակիցն էր։
ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարները` ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ