ՏԱՐՕՐԻՆԱԿ ՀԱՅԱՑՔ
Իշխանն իր ուսից մի կողմ նետեց Դարեհի ձեռքը և հայացքն ուղղեց Պարմենիոնին: Զայրույթն ու ցավը աղավաղել էին իշխանի դեմքը: Զուսպ արցունքի մի կաթիլ գլորվեց նրա աչքից ու սահելով այտի վրայով՝ կախվեց թավամազ կզակից ու թեթևակի թրթռաց: Փառանձեմը մոտեցավ իշխանին, ձեռքի աննկատ շարժումով սրբեց արցունքն ու գլուխը խոնարհեց նրա կրծքին:
Ալեքսանդրը մռայլվեց, մոտեցավ տակառիկին և դրա պարունակությունից մի քիչ լցրեց կավե գավաթի մեջ: Այնուհետև մոտեցավ Դարեհին ու մռայլորեն ժպտալով` ասաց.
-Խմի՛ր, գուցե թեթևանաս: Ի դեպ, այդպես ավելի լավ կլինի: Մնացածի մասին մի՛ մտահոգվիր, ես ամեն ինչ կհարթեմ:
Դարեհը ձեռքն առավ գավաթը և կամաց շշնջաց.
– Ճշմարտության պահը եկել է:
Նա դանդաղ ու հանդիսավոր մոտեցավ Սլովենային:
– Այստեղ պետք է կանգնած լիներ ոչ թե այս հյուսիսուհին, այլ իմ աղջիկը: Դո՛ւ, Արտավա՛զդ, հակառակվեցիր իմ կամքին, քո հոր և Աստվածների կամքին: Դրա համար քիչ էր մնում հատուցեիր Գավգամելի մոտակայքում: Մի՞թե դու կարծում ես, թե քո զավակը երբևէ իշխան կդառնա: Ահա՛ այն մարդը, ում ընտանիքը ապագա արքաների նոր սերունդ կծնի: – Հանդիսավորությամբ արտաբերեց Դարեհն ու շրջվեց դեպի Պարմենիոնը: – Քո հայրը սիրել ու սիրում է միայն Հայկին: Քանի՞ անգամ է նա զոհել քեզ հանուն այդ սիրո: Մի՞թե այդ միտքը չէր տանջում քեզ այս տարիներին և հիմա էլ շարունակում է տանջել: Եկել է ճշմարտության պահը, մոռացի՛ր այս կապուտաչյա վհուկին ու արի՛ ինձ հետ: Իմ աղջիկը քեզ համար որդիներ կծնի, ու աշխարհը նրանց առաջ ծնկի կգա:
Դարեհը շրջվեց Իշխանի կողմն ու շարունակեց.
– Եղբա՛յրս, դարերով` հորից որդի, ձեռքից ձեռք մենք փոխանցել ենք մեր իշխանությունը, և այս արքայական գինին գրավականն ու աստվածային վկայությունն է եղել ընդունված որոշման անխախտելիության: Ես կխմեմ այս գավաթի պարունակության կեսը, իսկ երկրորդ կեսը կխմի քո որդին` Արտավազդը: Եվ այդ ժամանակ ոչ մի ուժ աշխարհում չի կարող խախտել մեր դաշինքը:
Արտավազդը շրջվեց ու նայեց Սլովենային: Վերջինս նրան պատասխանեց պարզ ու մաքուր հայացքով: Արտավազդը ժպտաց, և Սլովենան նետվեց նրա գիրկը: Այնուհետև Արտավազդը գոտուց հանեց մագաղաթը և դանդաղ պատռեց ու կտոր-կտոր արեց այն:
-Իմ նամակները, – ատամների արանքից շշնջաց Դարեհը:
Ալեքսանդրը մագաղաթի վրա նկատեց արքայից արքա Դարեհի անվանագիրը: Նա նկատելիորեն անհանգստացավ ու գլխի շարժումով իր մոտ կանչեց Պարմենիոնին:
Իշխանը մեղմորեն մի կողմ տարավ Փառանձեմին, Դարեհի ձեռքից վերցրեց գավաթը, մեծ կում արեց ու բարձրացրեց այն գլխից վեր: Տիրեց հանդիսավոր լռություն: Ալեքսանդրը խոնարհվեց և Պարմենիոնի ականջին հազիվ լսելի ձայնով շշնջաց.
-Չհամարձակվե՛ս գինի խմել. դա հրաման է:
Ոչինչ չհասկանալով` Պարմենիոնը շրջվեց Ալեքսանդրի կողմը և նրանից մահացու վտանգի ազդանշան ստացավ: Ասես պատերազմում` նրա սիրտն ուժեղ ու կարճ հարվածներով սկսեց տաքացած արյունը մղել երակներով: Սրտի հարվածներն անտանելի ղողանջով արձագանքում էին գլխում:
Իշխանը գավաթը փոխանցեց Արտավազդին:
-Խմի՛ր, – կարճ հրամայեց նա որդուն:
Պարմենիոնը, որոնելով վտանգը, ձեռքը թրի կոթին տարավ ու մոտեցավ հորը: Իշխանը քնքշորեն նայեց նրան ու արտաբերեց.
-Հա՛յկ, աշխարհում ամեն ինչից շատ ես քեզ եմ սիրում և ավագության իրավունքով դու պետք է ժառանգես իմ գահը: Բայց, հավատա՛ ինձ, Արտավազդը կոփվել է պարսկական անազատության մեջ և մեզանից լավ կարող է հայ ժողովրդին պաշտպանել այն նոր սպառնալիքներից, որ հույները կբերեն իրենց հետ: Մենք դարեր շարունակ պարսիկների դեմ պայքարել ենք ո՛չ նրա համար, որ հելլենների աշխարհստեղծման մի մասը դառնանք, ինչը քո միսն ու արյունն է դարձել և վտանգում է մեր գոյությունը: Կգա ժամանակը, և դու կհասկանաս ու կներես ինձ:
Պարմենիոնը չէր էլ լսում հորը: Նա, օդում կախված վտանգի փնտրտուքով, տագնապած շուրջն էր նայում:
– Դու ճիշտ չես, իշխա՛ն, – առարկեց Ալեքսանդրը` ձայնի մեջ ակամա մեծարանք դնելով, – հույների շնորհիվ դուք կբացահայտեք փառապանծ ու հոյակապ մի նոր աշխարհ, որի մասին նույնիսկ չեք երազում: Ձեր ժողովուրդն իր ձեռքբերումներով կմիանա մեր քաղաքակրթությանը, դուք հնարավորություն կունենաք զարգացնելու ալքիմիան ու ճարտարապետությունը, արվեստը, բժշկությունն ու փիլիսոփայությունը:
– Ձեր քաղաքակրթությունը խոնարհվում է աստվածներին և միևնույն ժամանակ ջանում գերազանցել նրանց, – կատաղած խոսակցությանը միացավ Դարեհը, – Ձեզ սպասում է այն նույն անխուսափելի վախճանը, որ ունեցան բաբելոնյան աշտարակը կառուցողները: Երբ աստվածներն ուզում են ինչ- որ մեկին ոչնչացնել, նրան հնարավորություն են տալիս ձեռնոց նետելու իրենց: Դուք ընդունել եք այդ մարտահրավերը և դատապարտված եք: Դա միայն ժամանակի խնդիր է:
Խորագիր՝ #11 (978) 21.03.2013 – 27.03.2013, Հոգևոր-մշակութային