Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՈՂԸ ՀԶՈՐ Է ՀԱՅՐԵՆԱՆՎԵՐ ՄԱՐԴԿԱՆՑՈՎ



Պահեստի փոխգնդապետ Գրիգոր Հակոբջանյանը ծնվել է Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում, 1963թ.։ Դեռ դպրոցական տարիներից աչքի էր ընկնում ակտիվ խառնվածքով, զբաղվում էր ազատ ոճի ըմբշամարտով, մասնակցում սպարտակիադաների։ Դպրոցից հետո զորակոչվեց խորհրդային բանակ։ Հենց բանակում էլ հասկացավ, որ զինվորականի մասնագիտությունը հրապուրում է իրեն, ծառայությանը զուգընթաց ընդունվեց Սիմֆերոպոլի ռազմաքաղաքական բարձրագույն ուսումնարան։ Ավարտելուց հետո հրամանատարի տեղակալ նշանակվեց։ Ամեն տարի այցելում էր Հայաստան՝ հարազատներին տեսնելու։

1990թ. Հայաստանի սահմանամերձ գոտիներում ազգային հողի վրա բախումները դարձել էին հաճախադեպ։ Գրիգորի հորեղբոր որդին՝ փոխգնդապետ Արարատ Հակոբջանյանը, և քեռին՝ Վուրգ Ոսկանյանը, ղեկավարում էին տեղի ինքնապաշտպանական ջոկատները։ Ինքն էլ Հայաստանում եղած ժամանակ պարապում էր ազատամարտիկների հետ՝ ծանոթացնելով զինվորական գործին, արևելյան մարտարվեստի գաղտնիքներին։ Հենց այս օրերին էլ կնքվեց «Սամուրայ» մականունով։

Գրիգորը չէր էլ մտածում, որ ազգամիջյան բախումները կվերածվեն իսկական պատերազմի, և պատրաստվում էր կրկին ծառայության վայր մեկնելու, երբ մայրն ըմբոստացավ. «Ա՛յ բալա, հերիք է ուրիշների համար ծառայես։ Պատերազմ է, մնա, քո հողին ծառայիր»։ Երբ մայրը տեսավ՝ որդին կամուկացի մեջ է, ասաց. «Գնա՛, Աստված քեզ հետ։ Ես կկռվեմ, թե զենք չունեցա՝ եղանով կկռվեմ, եղան չունեցա՝ դանակով կկռվեմ, թե դանակ էլ չունեցա՝ ձեռքով կկռվեմ ու հենց էս ձեռքերովս թուրքի աչքը կհանեմ, որ մեր պապական հողի վրա իր անկուշտ աչքն էլ չտնկի»։ Էլ ո՞ր որդին մոր այս խոսքերից հետո կգնար։ Մնաց ու կռվի դաշտ մտավ որպես հրամանատար, որին ենթարկվում էին, վստահում, սիրում, հարգում ու… դողում նրա խստությունից։ Սկզբում գնդի առաջին գումարտակի շտաբի պետն էր։ Մարտական ուղին ձգվեց Սիսիան, Գորիս, Կապան, Կրասնոսելսկ, ԼՂՀ, Հորադիզ, Ֆիզուլի, Լաչին… Քանի տարի է անցել այդ օրերից, փոխգնդապետը հիշում է ամեն դեպք ու դրվագ եւ այնքան կենդանի ներկայացնում, որ ունկնդրին թվում է՝ ինքն էլ է մարտադաշտում և զգում է արճճե գնդակներից շիկացած օդի այրող հպումն ու վիրավոր հողի տնքոցը։

-Պատերազմի դաշտում հրամանատարի ճիշտ գործելակերպով շատ բան է պայմանավորված։ Հրամանատարը պետք է օրինակ ծառայի, զինվորը պետք է հավատա նրան, անվերապահորեն ենթարկվի։ Ասում էի՝ ծիծաղեք, երգեք, հումոր արեք, տղերք։ Զինվորներս զարմանում էին՝ հրամանատա՛ր, մահվան գնանք երգո՞վ ու ծիծաղո՞վ։ «Հա՛,- ասում էի,- թե մահն էլ գերանդիով գա, տեսնի ձեր դեմքի ծիծաղը, ինքն էլ քոռ ու փոշման հետ դառնա։ Հիշեք՝ մենք կռվում ենք ապրելու համար…»: Ու զինվորներիցս ամեն մեկն իրեն հերոս էր զգում, փորձում նմանվել իր տեսած ամերիկյան մարտաֆիլմերի կերպարներին և կռվում աշխարհում ամեն ինչի մասին մոռացած։ «Հաղթել թշնամուն, ազատագրել հողը». սա իմ զինվորների ամենօրյա երդումն էր, աղոթքն էր, ցանկությունն էր։ Եվ ամենահետաքրքիրն այն էր, երբ հետո ամեն ինչ խաղաղվել էր, և բանակցություններ էին ընթացել, հակառակորդն ասել էր՝ կարծում եք՝ չգիտեինք, որ դուք Ամերիկայից կռվողներ եք բերել։ Այնինչ, մեր 18-19 տարեկան զինվոր տղերքն էին, մեր քաջ ու անվախ, խենթ ու խելառ հայ տղերքը։

-Իմ աշխարհայացքի ձևավորման, դաստիարակության գործում անգնահատելի է մորս դերը,- խոստովանում է փոխգնդապետը։ -Հորս երկու տարեկանում եմ կորցրել, ու մայրս իր բաժին բարությանը մի քիչ էլ խստություն էր խառնել, որ վեց զավակները հոր պակասը շատ չզգան։ Եթե ամեն ծնող մորս նման մտածեր… Որ տունը կռվող ուներ, դիրքերը ուտելիք չէր ուղարկում, բայց մայրս ստիպում, պարտադրում էր, որ մեր տնից էլ սնունդ տանեն։ Երբ կռվում զոհվեց քեռիս՝ Վուրգը, մայրս հարազատի կորստից շատ խեղճացավ։ Ցավը խեղդելով, արցունքը թաքցնելով տառապեց, բայց երբևէ չասաց` «Որդի՛ս, վերադարձիր Ռուսաստան, որ դու էլ հանկարծ չզոհվես»։ Մայրս պատվախնդրության մարմնացում էր, նրա համար հայրենասիրությունը վեր էր ամեն ինչից։ Ինձ հաճախ էր ասում` «Տեր կանգնիր զինվորներիդ, տղե՛ս»։ «Ա՛յ մեր, ես քո երեխեն եմ, ինձ համար էդքան չես անհանգստանում»,- կատակում էի։ «Դու կադրավոյ օֆիցեր ես, գիտես՝ ինչ անել, տղերքիդ ուշադիր եղիր, ամեն մեկը մի տան ճրագ է, մի օջախի սյուն»։

Ես զինվորներիս հետ շատ էի աշխատում, կարգուկանոնը, կանոնադրային հարաբերություններն ինձ համար առաջնային էին։ Ցուրտ ու շոգ, տաք ու պաղ չգիտեի։ Անձրևոտ օր էր, ցեխ, ու պարապմունք էի անցկացնում։ «Պառկե՛լ»,- հրամայեցի։ Զինվորներիցս մեկը գնաց մի չոր տեղ գտավ և նոր պառկեց։ Շատ զայրացա։ «Գիտի իրա ռուսի բանակն է, մենք էլ ռուսի զինվորներն ենք, տանջում է»,- բողոքեցին։ Ասացի, բացատրեցի՝ չէ՛, իմ հայ զինվորներն եք, իմ տղերքն եք։ Տանջում եմ, որ վաղը խնդիր չունենաք։ Թշնամին չի սպասի, որ դուք տաք, ապահով ու մաքուր տեղ գտնեք…

Արևն անխնա այրում էր։ Քափ ու քրտինքի մեջ կորած պարապում էինք՝ ծարավից պապակվելով։ Կենտրոնում ջուր էի դրել ու ասում էի՝ ով ծարավ է, կարող է խմել, բայց, հիշե՛ք, կարող է՝ թշնամին ջուրը թունավորել է կամ մինչև ջրին հասնելը ճանապարհը ականապատ է, վերևում էլ դիպուկահարն է, դիմացե՛ք… Տարիներ հետո դպրոցներից մեկում զինղեկներից մեկը խոստովանեց. «Հրամանատար, քո էն օրերի խորհուրդների շնորհիվ եմ այսօր ողջ մնացել,- ու պատմեց։ -Մի պահ կրակը դադարել էր, սաստիկ ծարավ էինք, ուզում էինք սողեսող մոտենալ մոտակա ջրհորին և ջուր խմել։ Բայց հիշեցինք քո խորհուրդն ու կանգ առանք։ Տղերքից մեկը չդիմացավ, դժգոհեց՝ «Այ հիմա մոտեցել էինք, այ հիմա մի կուշտ կխմեինք»։ Ու հենց վերջին էս բառի վրա էլ թշնամու տանկը ցաքուցրիվ արեց ջրհորը, ու մեր ուղեղում մեկ անգամ ևս շամփրեց Ձեր խորհուրդը. «Դիմացեք, որ ապրեք»։

Ինչքա՜ն հիշողություններ ունի փոխգնդապետը պատերազմական օրերից։ Ազգային անվտանգությունից զգուշացրել էին, որ Բաքվի հեռուստատեսությամբ իր նկարն էին ցույց տվել՝ որակելով որպես շատ վտանգավոր դիվերսանտի և մի կլորիկ գլխագին նշանակել։ «Տային էդ գումարը մի լավ ծախսեինք, հազար ու մի պակաս-պռատ կա, մի լավ տուն կգնեի»,- կատակում է փոխգնդապետն ու մի զավեշտալի դեպք հիշում.

«Սիսիանում զոհված ազատամարտիկների պանթեոն էին կառուցում։ Զորամասի խոհարարի մոտ կատակեցի. «Պանթեոնից մի սենյականոցի չափ էլ ես կվերցնեմ»։ Խոհարարը չհասկանալով՝ ասաց. «Ընկեր Հակոբջանյան, գոնե երկուսենյականոց վերցրեք»։ Հետո, երբ բացատրեցի, թե պանթեոն ինչ է նշանակում, լաց եղավ. «Ների՛ր ինձ, հրամանատա՛ր, էս ինչ ասի ես»։

Թշնամի հարևան պետություն եթե ունես, պատերազմը երբեք չի ավարտվում, այլ ավելի շուտ ժամանակավոր հրադադար է։ Ու պատերազմն առանց քերծվածքի ավարտած փոխգնդապետը վիրավորվեց պատերազմից հետո. 1994թ. Նախիջևանի Բիչանակ հատվածի կողմից հակառակորդի շարժ էր նկատվել։ Առաջադրանք ստացավ հետախուզական աշխատանք կատարելու և հենց այստեղ էլ թշնամու գնդակից վիրավորվեց, բայց հանձնարարությունը փայլուն կատարեց։ Այդպես վիրավոր էլ քաջալերում էր զինվորներին. զինվորը չպետք է տեսնի հրամանատարի դեմքի խուճապը, այլայլվածությունը, և ոչ ոք էլ գլխի չընկավ, որ հրամանատարը վիրավոր է։

Որտեղ էլ ծառայել է Գրիգոր Հակոբջանյանը, նրա հրամանատարության ներքո ամենուր կարգուկանոն է տիրել, կանոնադրային հարաբերություններ։ Ինչ գործ էլ, որ կատարել է, միշտ գերազանց, առանց թերացումների։ 2009թ. Գրիգորը զորացրվեց, այն ժամանակ պաշտպանական շրջանի մարտական պատրաստության գծով հրամանատարի տեղակալն էր։ Այժմ դասավանդում է Արտակարգ իրավիճակների ճգնաժամային պետական կառավարման ակադեմիայում։ Երկու աղջիկ ունի, կինը՝ Մարինե Խաչատրյանը, բժշկուհի է, ավագ լեյտենանտ է, այն տարիներին զորամասի բուժծառայության պետն էր։ Գրիգոր Հակոբջանյանը վերջերս իր 50-ամյակը նշեց, 50-ից ուղիղ 30-ը նվիրել է զինվորական գործին։

Պատերազմի դառնությունը ճաշակած զինվորականն այսօր էլ մտահոգվում է մեր բանակի խնդիրներով, հպարտանում բանակի հաջողություններով։

-Ամենակարևորն այն է, որ բանակը կտրված չէ ժողովրդից, և այդ կապը շատ սերտ է։ Ուզում եմ մեր զինված ուժերում միայն նվիրյալները ծառայեն, սպայական կազմը կիրթ լինի, գրագետ, զինվորի հոգսուցավով ապրող։ Զինվորներն էլ գիտակցումով ծառայեն, պատասխանատու լինեն իրենց ամեն արարքի համար,- նշում է փոխգնդապետը ու շարունակում։ -Էս պատերազմում հաղթեցինք, որովհետև ամեն մեկս կարևորեց իր դերը, գիտակցեց, որ սա իմ հողն ու ջուրն է, իմ հայրենիքը։ Երբ ընդհանուր է, բոլորինս է հայրենիքը, ամեն մեկս մտածում է՝ դե, մյուսը կպաշտպանի։ Իսկ սեփականը լինելու գիտակցությունը ուժեղացնում է տիրոջ սրտացավությունը, տիրոջ պես ենք մտահոգվում հայրենիքի ճակատագրով։ Ուզում եմ նաև, որ մեր հայրենիքում տիրոջ իրավունքով էլ ապրենք, արժանավայել և ամենակարևորը՝ չլքենք այս հողը։ Կարևոր չէ, թե ով է գնում՝ բանվոր, հավաքարար, գիտնական, հայն է գնում… Ամեն հայի գնալով Հայաստանը թուլանում է, ամեն մեկիս գնալով հայրենիքը մի պաշտպան է կորցնում։

***

Եթե Արցախյան պատերազմը չլիներ, թերևս ուրիշ կերպ կդասավորվեր Գրիգոր Հակոբջանյանի կյանքը։ Վստահ եմ, այսօր մենք կհպարտանայինք ռուսական բանակում ծառայող ևս մեկ բարձրաստիճան հայ զինվորականով։

Բայց Գրիգորն այստեղ է, որովհետև քաջ գիտակցում է, որ հայրենիքը պետք է հզոր լինի, չթուլանա, չխարխլվի ու չմասնատվի, չկորցնի իր պաշտպաններին…

Իսկ հողը հզոր է հենց նրա նման մտածող հայրենանվեր մարդկանցով։

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
մայոր

Խորագիր՝ #11 (978) 21.03.2013 – 27.03.2013, Ճակատագրեր


21/03/2013