Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵՐ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ ՄԵՐ ՁԵՌՔԵՐՈՒՄ Է



Ազգային հերոս, Արցախի հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան 54-րդ տարեդարձի առթիվ

Ռազմահայրենասիրական ոգով են դաստիարակվում ԼՂՀ Քաշաթաղի շրջանի Տիգրանավանի Պ. Ղևոնդյանի անվան միջնակարգ դպրոցի սաները: Այս դպրոցում սովորում է ընդամենը 34 աշակերտ, 7 համակազմ դասարաններով: V – XII բոլոր դասարանները անվանակոչված են հերոսների անուններով` Աշոտ Ղուլյանի, Մոնթե Մելքոնյանի, Քրիստափոր Իվանյանի, Վազգեն Սարգսյանի, Յուրա Պողոսյանի: Դպրոցի տնօրենի ղեկավարությամբ զինղեկ Ռ. Պողոսյանը և դասղեկները անցկացնում են Արիության դասեր` նվիրված հերոսների ծննդյան օրերին: 2012թ. վերջին զանգին Վազգեն Սարգսյանի անունը կրող XII դասարանի շրջանավարտները հանդիսավորությամբ V-VI համակազմ դասարանի աշակերտներին փոխանցեցին Սպարապետ Վ.Սարգսյանի անունը կրող դասարանը և կոչ արեցին, որ նրանք եւս բարձր պահեն Սպարապետի անունը, շարունակեն մասնակցել դպրոցի բոլոր ռազմահայրենասիրական միջոցառումներին:

Եվ ահա մեկ Արիության դաս ևս, որը կազմակերպել են զինղեկ Ռ. Պողոսյանը եւ V-VI դասարանի դասղեկ Ն. Մարտիրոսյանը: Այսօր առաջին անգամ մասնակցելով Արիության դասին` ելույթ ունեցան V-Vl դասարանների աշակերտները` Գոռ Կնյազյանը, Իլյուշա Հովակիմյանը, Էդգար Աբրահամյանը, Լուսինե Հարությունյանը: ՆԶՊ դասարանը ձևավորված էր Սպարապետի նկարներով, պատի թերթով: Աշակերտներին աջակցում էին IX դասարանցիները:

Դպրոցի զինղեկի հրամանով ներս են բերվում ՀՀ և ԼՂՀ պետական դրոշները, հնչում են օրհներգերը: Հայտարարվում է լռության րոպե՝ ի հիշատակ Արցախյան գոյամարտում զոհված բոլոր ազատամարտիկների:

Մեծն Սպարապետը այնպիսի վառ անհատականություն է, որը կարճ ապրելով կարողացավ անել անհնարինն ու անմահանալ: Աշակերտուհի Ս. Ավագյանն իր խոսքերում նշում է` «Մեր հերոսն աշխարհ եկավ, որպեսզի վերստին պատգամեր դարերից եկած, դարեր գնացող հայ գոյի Չարենցյան հորդորը. «Ո՛վ հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է», իսկ Լ. Հարությունյանը և Ի. Հովակիմյանը հերթականությամբ ներկայացրին հերոսի կենսագրությունն ու գործունեությունը: Խոսքերին զուգահեռ՝ էկրանին ցուցադրվում էր Սպարապետ Վազգենի մասին ֆիլմը:

Աշակերտները մեծ ոգեւորությամբ կատարեցին Սպարապետի մասին երգը, ապա հաջորդեցին բանաստեղծություններ, որ փայլուն արտասանեցին Է. Աբրահամյանը եւ Ի. Հովակիմյանը։

Այնուհետև ծափողջույնների ներքո հնչեցին ռազմահայրենասիրական երգեր:

Վազգեն Սարգսյանը զոհվեց հանուն հայության նվիրական գաղափարների: Գաղափարներ, որոնց կիզակետում ազգի, հայրենիքի, հարազատ ժողովրդի փրկությունն է:

Արիության դասն ավարտվեց ավանդույթ դարձած հրամանատար Պետոյի երգով:

Իր ելույթում դպրոցի զինղեկ, պահեստազորի փոխգնդապետ Ռ. Պողոսյանը շնորհակալություն հայտնեց աշակերտներին և դասղեկ Ն. Մարտիրոսյանին` Արիության դասը պատշաճ կազմակերպելու և անցկացնելու համար:

Ելույթ ունեցավ դպրոցի տնօրեն Է. Միրզոյանը, որը կարեւորեց մանկավարժական կոլեկտիվի դերը մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության գործում: Նա դպրոցի զինղեկին պատվոգիր հանձնեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի անունից` մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության գործում ակտիվ մասնակցության համար:

Հաջորդ Արիության դասը` նվիրված Յուրա Պողոսյանին, անցկացվելու է Ստեփանակերտ քաղաքում` հերոսի անունը կրող զորամասում:

Հ.ՀՈՎՍԵՓՅԱՆ
Տիգրանավանի Պ. Ղևոնդյանի անվան դպրոցի ուսուցիչ

Խորագիր՝ #11 (978) 21.03.2013 – 27.03.2013, Բանակ և հասարակություն


21/03/2013