ՀԵՐՈՍՆԵՐԸ ՉԵՆ ՄԱՀԱՆՈՒՄ
Հազիվ մեկ ամիս էր անցել Հայրենական պատերազմի առաջին օրից, երբ Գրիշա Վաղրամյանը մեկնեց ռազմաճակատ՝ հայրենիքը պաշտպանելու, տունը թողնելով մորը, կնոջը և եղբորը՝ Սերգեյին և երկու քույրերին։ Իսկ հայրը` պահեստի սպա Եգոր Վաղրամյանը, արդեն մեկ ամիս էր, ինչ զորակոչվել էր։ Շատ չանցած, զորակոչվեց նաև Սերգեյը։
Աշխեն մայրիկը դողացող ձեռքերով շոյեց Գրիշայի եւ Սերգեյի լուսանկարները, հետո ծրարից հանեց խունացած, մատիտով գրված ավագ որդու նամակը։ «Բարև մայրիկ, ինչպե՞ս են քույրերս ու եղբայրս։ Այսօր հրաման ստացանք առաջին գիծ փոխադրվելու։ Հավանական է՝ հասցես փոխվի։ Գրեք որդուս մասին, որին դեռ չեմ տեսել։ Գրեք մանրամասն, որտե՞ղ է կռվում հայրիկը, ի՞նչ լուր կա նրանից։ Ես լավ եմ։ Մեր խնդիրն է Ուկրաինան ազատագրել թշնամուց: Գրիշա, 24/4/42թ.»։
Հաղթահարելով սաստկացող հուզմունքը՝ Աշխեն մայրիկը կկոցեց թաց աչքերը… Նա հիշեց ծննդավայրը՝ Նոյեմբերյանի շրջանի Կողբ գյուղը, հիշեց զավակների մանկությունը, համբուրեց որդու նամակը ու սովորականի նման կրկնեց. «Երբ պիտի վերադառնաս, բալաս։ Զավակդ՝ Սաշան, արդեն թոռ ունի։ Չհասցրինք գոնե որդուդ լուսանկարն ուղարկել քեզ…»:
Հետո հիշեց հարսին՝ Մարիային։ Ուլան-Ուդե քաղաքում 1941թ. մայիսին Գրիշան ամուսնացավ Մարիա Օվչիննիկովայի հետ։ Ընդամենը մեկ ամիս հետո սկսվեց պատերազմը, և քսանմեկ տարեկան Գրիշան Նովոսիբիրսկ քաղաքի հրետանային դպրոցը չավարտած՝ մեկնեց ռազմաճակատ, դարձավ հրետանային դիվիզիոնի քաղղեկի տեղակալ։ Նրա դիվիզիոնը առաջին անգամ մարտական գործողությունների մասնակցեց Վորոնեժի մարզի Օստրոկուժսկ քաղաքի շրջանում և ապա մարտերով շարժվեց Խարկովի ուղղությամբ։ Հենց այդտեղից ստացվեց նրա վերջին նամակը։ Գրիշայի զոհվելու մասին Սերգեյին ոչինչ չասացին։ «Վիրավորվել է, շուտով շարք կվերադառնա», հորինել էին քույրերը։
Եթե հրաշք պատահեր, և գոնե մեկ օրով որդիները՝ Գրիշան ու Սերգեյը, տուն գային… «Նայի՛ր այս կողմ, դե, նայի՛ր»… Մղկտում էր մայրը, իսկ լուսանկարները լուռ էին։ Խոսում են միայն սեղանին դրված նամակները, ռազմաճակատից ուղարկված եռանկյունի նամակները, որոնցից մեկն էլ Սերգեյի ձեռքով է գրված. «Թանկագին մայրիկ, չեմ ուզում քեզ հաճախ հիշեցնել Գրիշայի մասին։ Նա առաջին գծում է, որտեղ ծանր մարտեր են։ Շատ հնարավոր է, չի կարողանում գրել։ Սպասիր, հույսդ մի կորցրու… Հիմա ես գնում եմ կռիվ։ Երդվում եմ, որ առաջին իսկ մարտում վրեժ կլուծեմ եղբորս և մյուսների թափած արյան համար, այն բոլոր չարագործությունների ու տառապանքների համար, որ ֆաշիստները պատճառեցին մեզ։ Վրեժ կամ մահ, սա է իմ վճիռը։ Քո Սերգեյ, 24/1/43թ.»։
Աշխեն մայրիկը նորից ընկավ հուշերի գիրկը։ Նրա կրտսեր որդին՝ Սերգեյը, իններորդ դասարանի աշակերտ էր, երբ կամավոր գրվեց։ Սվերդլովսկ քաղաքում տանկային ուսումնարանն ավարտելուց հետո Սերգեյը մեկնեց ռազմաճակատ, մասնակցեց Օրյոլի ազատագրման արյունալի մարտերին և այստեղ էլ… Մայրը աչքի անցկացրեց Սերգեյի մասին վերջին հիշատակությունը. «Ձեր որդին՝ սերժանտ-տանկիստ Սերգեյ Վաղրամյանը, հավատարիմ զինվորական իր երդմանը, ցուցաբերելով խիզախություն և արիություն, զոհվեց 1943թ. հուլիսի 13-ին՝ Օրյոլ քաղաքի ազատագրման համար մղված մարտերում։ Թաղված է եղբայրական գերեզմանում, Օրյոլի մարզի 220,8 բարձունքի վրա»։ Կարդալով «սև թուղթը»` մայրը նորից զրույցի բռնվեց որդու լուսանկարի հետ։ «Կներե՛ս, որդի՛ս, որ ծեր եմ ու հիվանդ և չկարողացա քեզ այցի գալ, Օրյոլի մարզի 220,8 բարձունքի վրա գտնվող քո սուրբ շիրիմին։ Հավերժ հիշատակ նրանց, ովքեր իրենց կյանքը զոհեցին հանուն հայրենիքի։ Երջանկություն նրանց, ովքեր հարգանք ու պատիվ են տալիս հաղթողներին և սրբորեն հիշում զոհվածներին»։
Հետո Աշխեն մայրիկը հիշեց իր ամուսնուն՝ Եգորին։ 1920թ. Եգոր Գրիգորի Վաղրամյանը Բառանայի (այժմ՝ Նոյեմբերյան) շրջանում մայիսյան ապստամբության պարտիզանական ջոկատի զինկոմն էր։ Նա Աշխենի եղբոր՝ Սեդրակի անդավաճան ընկերն էր, մայիսյան ապստամբության ու քաղաքացիական կռիվների ակտիվ մասնակիցը։ 1920-ին դեռ չէր բոլորել ավագ որդու՝ Գրիշայի երեք տարին, երբ Վաղրամյաններն ընտանիքով տեղափոխվեցին Դիլիջան, 1923-ին, երբ ծնվեց Սերգեյը, հաստատվեցին Կիրովականում, իսկ հետո՝ զինվորական ծառայության ճանապարհը նրանց բերեց Զանգեզուր։ Այդ ժամանակ Եգորը գումարտակի հրամանատար էր՝ կապիտանի կոչումով։ Ուր ասես, որ չեն եղել ծառայության բերումով։
… Ինչքան բան կա հիշելու, սակայն մոր հիշողությունների կծիկը միալար պտտվում էր պատերազմական օրերի շուրջը։ 1944-ին Եգոր Վաղրամյանը պատերազմից տուն վերադարձավ որպես հաշմանդամ։ Երկար ժամանակ փորձում էր ձիգ պահել իրեն, բայց որդիների կորուստը շատ ծանր ազդեց նրա վրա։ Կյանքի վերջին տարիներին տեսողությունը կորցրած Եգորը գամվեց անկողնուն՝ աշխարհից հեռանալով որդիների անսպառ կարոտը սրտում։
Աշխեն մայրիկը դանդաղ վեր ելավ տեղից, լուսանկարն ամրացրեց պատին։ Հիմա լավ է, պատից իրեն են նայում ամուսինն ու որդիները։ Երեքն էլ զինվորական համազգեստով են, երեքն էլ՝ ամուր, առնական…
***
Վեց տասնամյակից ավելի ժամանակ է անցել այն ահեղ օրերից, բայց մոր սիրտը շարունակ սպասում էր, ուր որ է, կբացվի տան դուռը, և ներս մտած որդիները, գրկելով իրեն, կասեն. «Բարև մայրի՛կ։ Բավական է, հանիր սև զգեստներդ և ժպտա։ Մենք վերադարձել ենք»։
Ավաղ, Աշխեն մայրիկի՝ անվերջ սպասումից տանջահար ու թալկացած սիրտն այլևս չդիմացավ… Վերջերս հեռացավ կյանքից՝ որդիների անունները դողդոջ շուրթերին…
…Հերոսները եթե նույնիսկ չեն վերադառնում՝ չեն էլ մահանում…
ՊԵՏՐՈՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ
գնդապետ
Հայրենական մեծ պատերազմի վետերան