ՆԱՀԱՊԵՏԻ ԳԱՐՈՒՆԸ
Լուսանկարիչ Հովհաննես Արմենակյանը դարձավ 65 տարեկան։ Այս տարիների ընթացքում ոչ մի անգամ չնշեց իր ծնունդը՝ չէր սիրում։ Չէր սիրում նաև գովեստի, մեծարման խոսքեր։ Անում էր իր գործը բարեխիղճ, նվիրված։ Անգամ իր արդեն հանգստի տարիներին սիրտը չկտրվեց հայոց բարձունքներից, որտեղ կանգնած էին հայոց բանակի արծիվ տղաները։ Նրա տպագրած «Ես մի զարկն եմ քո կռվի» գիրք-ալբոմը, լուսանկարների ցուցահանդեսները նվիրված էին հայոց հաղթական բանակին։ Մինչև իր երկրային կյանքի վերջին օրը նա իր լուսանկարչական խցիկով հայոց բանակի զինվորին ու սպային պարգևեց անմահության ակնթարթներ։ Նրա ապրած կյանքը լռության մեջ խոսող հայրենասիրության դաս է։ Այդպես է սիրում ծնողն իր զավակին, պապն իր թոռանը։ Այդպես վճիտ սիրուց է ծնվում սերը հայրենիքի հանդեպ։ Այդպիսի սիրով ապրեց լուսանկարիչ Հովհաննես Արմենակյանը։
Թե էլի համաձայն չես ծնունդդ նշելուն, այս անգամ այն նշելու ենք Աղոթարանում, Մռավի լեռներում, Արագածի, Արայի փեշերին։ Հիշում եմ՝ Մռավի գագաթին զինվոր Արսենը ցույց տվեց երկու հսկա ժայռաբեկոր ու ասաց.
-Սրանք Հայկի ու Բելի ժայռերն են, կանգնածը Հայկն է, տապալվածը՝ Բելը։ Այստեղ է Հայկ նահապետը տապալել Բելին…
Դու ուրախությունից ցնծում էիր։ Ասացիր՝ Հայոց հողի վրա առասպելներ չեն լինում, այդ ամենն իրականություն է։ Ապրես, զինվոր Արսեն, որ մեզ ցույց տվեցիր տապալված Բելին, կապրի Հայկ նահապետը, կզորանա հայոց բանակը, որը 21-րդ դարասկզբին ոգեշնչեց մեզ տեսնելու մեր աղեղնավոր Հայկ նահապետին, որը ծնվել է 4-5 հազարամյակ առաջ։
-Այ, էդ ժամանակ էլ ես եմ ծնվել,- ասում ես ու քահ-քահ ծիծաղում Մռավի բարձունքին…
***
Վարպետ Սենիկը հավաքում էր քարագործի իր գործիքներն ու օրերով բացակայում էր տնից։ Գնում էր հարևան գյուղերը, որտեղ նոր տան հիմք էին գցել։ Քարտաշ-որմնադիր էր, հայտնի անուն Արագածի լանջերին թիկնած գյուղերում։ Օրերով, շաբաթներով բացակայում էր տնից, և Վարսիկ կինն ու Գրետա աղջիկը աչքը ճամփին սպասում էին։ Սակայն եղավ մի օր, երբ տնից բացակայելու հաջորդ օրն իսկ վարպետը վերադարձավ տուն ու կնոջ անհանգիստ հայացքին մեղմ ժպտաց, հետո աղջնակին ու ասաց.
-Վարսի՛կ, պատրաստ եղիր, առավոտյան պետք է մատաղ տանենք Ղազանչիի Սուրբ Հովհաննես, երազ եմ տեսել։
Վարսենիկը ժպիտով հայացքը հառեց ամուսնուն։ Երազային ժպիտ կար դեմքին։ Ասաց.
-Սև գառը արոտ չեմ թողել…
-Հայրի՛կ, կարմիր ժապավենն արդեն քանի օր կապել եմ գառնուկի պարանոցին,- ուրախ ծղրտաց աղջիկն ու փաթաթվեց հայրիկին։
Աղջիկն արդեն 12 տարեկան էր։ Այդ տարիների ընթացքում երկու երեխա էր ծնվել, սակայն դեռ քառասունքից դուրս չեկած` արևը բաշխում էին ապրողներին՝ տխրություն ու թախիծ թողնելով ծնողների հոգում։ Ու հիմա նորից Վարսիկ կինը երեխայի է սպասում։ Վարպետ Սենիկն էլ երազ է տեսել, որ միասին պիտի գնան սուրբ Հովհաննես եկեղեցի, մատաղ անեն։ Արու զավակ է ծնվելու, ու Հովհաննես պիտի անվանակոչվի… Յոթ տարի պիտի մազերը չկտրի, յոթ տնից գույնզգույն շորի կտորներով պիտի հագուստ կարեն ու ամեն տարի մատաղացու գառան հետ գնան սուրբ Հովհաննեսի դուռը…
-Այդպես էլ եղավ։ Ես այդպես եմ ծնվել։ Քանի ծնողներս ողջ էին, ամեն աշնանամուտի հարազատներով մատաղացու գառը առաջներս արած` բարձրանում էինք Ղալթաղչիի սուրբ Հովհաննես եկեղեցի։ Հայրիկիս տեսած երազից հետո ուրախություն, օրհնություն լցվեց մեր օջախը։ Ծնվել էին Փայլակը, Մերուժանը, Շալիկոն։
Ծնողների մահից հետո եղբայրներին հերումերություն արեցին Գրետա քույրն ու Հովհաննես եղբայրը։ Ամեն անգամ Սպիտակի լեռնանցք բարձրանալիս ցույց էր տալիս սուրբ Հովհաննես եկեղեցին ու այս պատմությունն էր անում Հովհաննես Արմենակյանը։
***
…Ու հիմա ծննդյան օր է՝ Հովհաննես Արմենակյանի ծննդյան օրը։
-Հովհաննե՛ս, քանի՞ տարեկան դարձար,- հարցնում են բարեկամները, հարազատները, ընկերները։
Հովհաննեսը լռում է։ Հայացքը հառել է արևածագին, որտեղ Մռավի լեռներն են, թիկունքում Արագածն է, ձախում՝ Արայի լեռը, աջ կողմում Մասիսն է ճերմակ ամպի քուլաներով։
-Հովհաննե՛ս, ե՞րբ ես ծնվել, քանի՞ տարեկան դարձար, պիտի նշենք ծնունդդ։
-Ես ծնվեցի, երբ մայրս, հայրս բարձրանում էին սուրբ Հովհաննես։ Ծաղիկ-ծաղկունք էր, հովը շնկշնկում էր, աղբյուրները գլգլալեն վազում էին Արագածի փեշերով։ Ես այդ ժամանակ ծնվել ու վազում էի բնության գրկում, վազում էի, որ առաջինը ոտք դնեմ եկեղեցի, որ տեսնեմ ծնողներիս, Գրետա քրոջս ուրախությունը, որ տեսնեմ, թե ինչպես են խայտում մորս կրծքի տակ եղբայրներս՝ Փայլակը, Մերուժանը, Շալիկոն…
Ամեն տարի, երբ այդ օրը գալիս էր, ու հարազատներով որոշում էին նշել Նահապետի ծնունդը (արդեն Նահապետ էր, որովհետև Գրետա քրոջ մահից հետո նրան էր պատկանում առաջին խոսքի իրավունքը), բարկանում էր, խիստ էր բարկանում, հետո ծիծաղում էր, ժպտում եւ ծիծաղի ու բարկության հետ տալիս էր իր… անհամաձայնությունը.
-Ես ծնվել եմ Արագածի փեշին, Ղալթաղչիի բարձունքի սուրբ Հովհաննես եկեղեցու ճանապարհին։ Դա է իմ ծնունդը, ես էլ ուրիշ ծնունդ ոչ մի օր չեմ նշի։
Եթե փորձեիր հակառակը համոզել՝ կբարկանար, իսկ երբ Հովհաննես Արմենակյանը՝ Նահապետը, բարկանում է, ուրեմն՝ այդպես պիտի լինի։
Ու հիմա, այս անգամ էլ եկել է քո ծննդյան օրը, ու դու… լռում ես։ Քար լռություն է։ Ու քար լռության մեջ շարվել են մտերիմ մարդիկ ու էլ չեն սպասում քո խոսքին, քո ծիծաղախառն բարկությանը՝ ասում են.
-Ծնունդդ շնորհավոր…
Չէ, էս անգամ էլ քեզ չեն լսելու՝ պիտի նշվի քո ծնունդը և վերջ։ Գիտե՞ս, թե որքան բառեր, խոսքեր, ցանկություններ մնացին օդում կախված, չթողեցիր ասել՝ հիմա պիտի ասեն, որովհետև քո լռությունը համաձայնության նշան համարենք։
Դե լսիր, թե ովքեր են եկել քո ծնունդին.
-Ձեր ցեղի Հովհաննեսն է, քո մանկության ու բանակի ընկերը, որի մասին ինչե՜ր էիր պատմում ու ծիծաղում։ Շահենն է, ձեր ցեղի Շահենը, որով միշտ հպարտանում էիր։ Ծառուկն է եկել (քիչ մնաց չճանաչեի, մորուքը սափրել էր)։ Եկել է կանգնել գյուղամիջում ու տխուր է։ Քիչ հետո նրան, այդ բարի ու հրաշալի մարդուն կմոտենան գյուղի երիտասարդները, ու Ծառուկը ձեռքը կտանի գրպանը.
-Տղերք, Հովհաննեսի ծնունդն է…
-Քեզ օրհնանք ու բարի խոսքեր են հղել գյուղի մամիկները, որոնք այս ամառ՝ հիշո՞ւմ ես արևկող էին արել գյուղի վերաբացված սուրբ Հակոբ եկեղեցու պատերի տակ։ Փաթաթվել էին քեզ ու համբուրում էին։ Համբուրում էին ոնց իրենց զավակին, որն իրենց ծննդավայրի անունը, պատիվը աշխարհում, դրսերում բարձր պահած ապրում է։ Քո Սենիկ հոր, Վարսիկ մոր կարոտն էիր առնում։ Հետո քո երանելի ժպիտը դարձրիր հավաքվածներին ու ասացիր.
-Երբ էն ահավոր տարիներին եկեղեցին որպես պահեստ էին օգտագործում, էս մեր մայրերն ու մամիկներն էին, երեկոյի, մթության հետ մոմերը գաղտնի ծոցները դնում, գալիս ու էս պատերին վառում էին։ Ու գիշերվա մեջ վառվում էին մոմերը եկեղեցու չորսբոլորը։ Հետո նրանք հեռանում էին մթության հետ, որ տեսնող չլինի։ Իսկ տեսնողը ամենատես Աստվածն էր,- ասացիր ու փաթաթվեցիր նրանց։
Ու հիմա նրանք աղոթքով, բարի խոսքերով քո ծնունդն են շնորհավորում։
Գիտե՞ս՝ էլ ովքեր են եկել՝ եղբայրդ՝ Մերուժը, Ներսեսը, Ռաֆիկը, Մանուկը, գյուղի ազատամարտի մասնակից տղաները՝ գյուղից մինչև Ապարան մետրից ավելի ձյուն է, ու բուքը կտրել, ձյունը մի քանի անգամ ոտքով տափանել, ճամփա են բացել, որ գան-հասնեն Ապարան, այնտեղից էլ Երևան։ Ապարանից նրանց Երևան էր հասցրել Պետրոսյան Վոլոդյան, որին շատ էիր հարգում։ Մերուժը եկել-հասել է Երևան, որ քո ծնունդը շնորհավորի, որ նորից լսի քո պատմությունը էն հեռավոր կռվի տարիներից, երբ ինքը Ղոչազում շրջապատման մեջ էր, երբ զոհվել էին Ֆեդյան, Մայիսը, ու դու մի գիշերում հասար այնտեղ, հասար տղաներին, եղբորդ՝ Մերուժանին։ Որ միասին հետ գաք, ու տանես ներկայացնես մեծ քրոջդ՝ Գրետային։
Հիշելու, ասելու ինչքան բան կա, ու դու լռում ես, քար լռություն է։
-Հա, երևի Շալիկոյի մասին ես մտածում՝ Կովկասի լեռներում մեքենան մնացել է ձյունաբքի մեջ։ Խոսի՛ր, Նահապետ, աչքդ լույս, Շալիկոն եկել է, ձյուն ու բուքը ճեղքելով, ամեն մի վտանգ արհամարհելով եկել է… ու դու լռում ես։
Այս ինչքան մարդ է հավաքվել, Նահապետ։ Եկել են, շարվել ձեր ցեղի հարսները՝ Շուշիկը, Թամարը, Նունեն, Սուսաննան, Լիլիթը։
Եկել են, ու թե ազգի տղաներից բողոք կա՝ առաջինը քեզ հայտնեն։ Իսկ դու լռում ես։ Ու վայ ազգի էն տղաներին, որոնք անմեղ տեղը հարսին նեղացրել են, որ հանկարծ մեկնումեկը սխալ ճանապարհ է բռնել… Նրանք գիտեն իրենց պատիժը՝ բայց, տնաշեն, համաձայն են անգամ քո խիստ պատժին, միայն թե՝ խոսի՛ր, ցրի՛ր այս լռությունը։
-Թոշակի օրը մոտեցել է, ի՞նչ ես աչքով տալիս քո անունը կրող Հովհաննես թոռանը՝ գնացինք։ Շատ էլ Արմինեն աղջիկ է, մի քիչ ամաչում է, բայց տուն մտնելիս պիտի ասի. «Ա՛յ պապի, շատ էլ երկուսդ էլ Հովհաննես եք, գիտեմ՝ որտեղից եք գալիս»։
Ու թոռներին գրկած` նրանց գրպաններն էիր դնում քո թոշակի դրամներից։
Տիկին Վարսիկն էլ քո ուրախությամբ վարակված՝ հոգուդ հետ է խաղում. «Լիլիթին ու Լալային մոռացար»։
Քո ու թոռներիդ՝ Հովհաննեսի, Արմինեի, փոքրիկ Սահակի ուրախությանը չափ ու սահման չկար։
Վե՛ր կաց, գնում ենք քո ծննդավայր՝ Ապարանի Վարդենիս գյուղ։ Հարսդ՝ Նունեն, Մերուժանի կինը, սեղան է գցել, Վարսիկ մայրիկիդ անունով աղջկան ուղարկել է Լուսաղբյուրից ջրի, ու սպասում են։ Հավաքվել են գյուղի ազատամարտիկները, հարազատները, քո մանկության ընկերները։ Հավաքվել ու սպասում են, թե երբ ես գյուղ մտնելու։ Քրոջդ հարսը՝ ուսուցչուհի Ծիածանը (ում Սուսաննա են նաեւ կոչում), սպասում է, որ մասնակից լինես իր կազմակերպած մի նոր միջոցառման՝ նվիրված գյուղի վաստակաշատ, մտավորական մարդկանց։ Սպասում է քո գովեստի խոսքին. «Եթե Հայաստանի ամեն մի գյուղ այսպես սիրի, մեծարի իր հերոս զավակներին, երկիրը կապրի։ Ապրե՛ս, Սուսաննա, դու արժանի ես Տարվա ուսուցիչ կոչվելու։ Երևի այդ օրը կգա»։
-Լսի՛ր, Նահապետ, էլ չեմուչում չկա՝ քո ծննդյան օրը նշելու են քո այնքան սիրելի ծննդավայրում, քո հայրենի գյուղի դպրոցում։ Նախաձեռնողը հարսդ է՝ Սուսաննա-Ծիածան Եղիազարյանը։ Գյուղի դպրոցի տնօրեն Ավետիսյան Ավետիքը, գյուղապետ Պետրոսյան Կամոն, գյուղի համայնքը ամեն ինչով նպաստել են այդ գործին։ Քեզ նաև անակնկալ է սպասում՝ դասարաններից մեկը կոչվելու է քո անունով։ Դե, վե՛ր ել, էլ համեստություն մի՛ արա, վե՛ր կաց, գնում ենք։ Գնանք Լուսաղբյուրով, Յոթվերքով, սուրբ Հովհաննեսով ու սուրբ Նարեկով, Ծաղկունյաց լեռներով, Արագածով ու Արայի փեշերով շրջենք, ման գանք ուխտավորի պես՝ շունչներս բացվի, ասենք՝ այ ողորմի անցավորներիդ, Վարպետ Հովհաննես, ծնունդդ շնորհավոր, ասենք։ Իսկ դու պառկել ես լուռումունջ՝ չե՛ս խոսում, չես ասում՝ հեր օրհնածներ, վեր ելեք՝ գնում ենք՝ գարուն է…
ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
Մայոր