ԿԱԴՐԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ. ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ՓՈՐՁԸ
«Կադրային ռեսուրսների ամբողջական հաշվառում եւ պլանավորում», «Կադրերի ընտրություն եւ որակավորում», «Կադրերի առաջխաղացում եւ հերթափոխում». պաշտպանության նախարարությունում արդեն մի քանի օր հենց այս թեմաներն են քննարկում մարտի 17-ին Հայաստան ժամանած ՀՀ ԶՈւ անձնակազմի կառավարման ոլորտի բարեփոխումների գործընթացին օժանդակող ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի, ԱՄՆ Եվրոպական հրամանատարության ծովային հետեւակի, ԱՄՆ-ի պաշտպանական ռեսուրսների կառավարման ինստիտուտի եւ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության համատեղ փորձագիտական խմբի անդամներն ու ՀՀ պաշտպանական գերատեսչության համապատասխան վարչությունների մասնագետները:
ԻՆՉՊԵՍ ՀԱՎԱՔԱԳՐԵԼ ԿԱԴՐԵՐ
Փորձագիտական խմբի ղեկավար Հարի Թին ներկայացրեց ԱՄՆ-ում զորակոչի նախապատրաստական աշխատանքներն ու նշեց, որ բյուջետավորման ժամանակ զորատեսակներից յուրաքանչյուրին հատկացվում են որոշակի միջոցներ` զորակոչի գովազդը նախապատրաստելու համար: Ռեսուրսները օգտագործվում են մի քանի ուղղությամբ. ֆինանսավորվում են այն զինվորականները, որոնք գործուղվում են տարբեր բնակավայրեր եւ ներկայացնում երիտասարդներին ծառայության պայմանները, առավելություններն ու պահանջները: Լավ հավաքագրում կատարողները խրախուսվում են ֆինանսապես. «Երիտասարդ սերժանտի համար այդքան էլ հեշտ չէ ինչ-որ պահից դառնալ իր իսկ մասնագիտության վաճառողը, բայց նրանից լավ ո՞վ կարող է այդ գործը անել: Եթե սերժանտը ընտրվում է որպես հավաքագրող, ուստի նա որոշակի վերապատրաստում է անցնում: Մենք ունենք նաեւ մի ծրագիր, ըստ որի զինծառայողը կարող է իր ընկերոջը, բարեկամին կամ հարազատին ընդգրկել ծառայության մեջ` պարգևատրվելով դրա համար: Հավաքագրողները աշխատում են պլանի համաձայն, որում նշված է որոշակի թիվ, այսինքն՝ մեկ ամսվա ընթացքում նա պետք է հավաքագրի որոշակի քանակությամբ մարդ: Իսկ պլանը գերակատարելու դեպքում նա ստանում է դրամական պարգեւ: Մենք հավաքագրողներին ուղարկում ենք այն բնակավայրեր, որտեղ նրանք ծնվել են կամ ծանոթ են միջավայրին: Դուք եւս կարող եք ունենալ սերժանտական նման կորիզ, որում ընդգրկված կլինեն այն լավագույնները, ովքեր տեղյակ կլինեն, թե բանակում ինչ չափանիշների եւ որակների համապատասխանող պայմանագրայինների կարիք կա»:
Մասամբ այդ միջոցներով է ապահովվում գովազդը: Յյուրաքանչյուր զորատեսակ պայմանագիր է կնքում քաղաքացիական կազմակերպությունների հետ, եւ վերջիններս ԱՄՆ բանակի համար կատարում են հետազոտություններ եւ հարցումներ` պարզելու, թե ինչն է հետաքրքրում երիտասարդներին, ինչով են նրանք ապրում, ինչ են ակնկալում կյանքից: Պատրաստում են նաեւ տպագիր, հեռուստատեսային, էլեկտրոնային նյութեր, որոնք խրախուսում են զինվորական ծառայության անցնելը: Այդ ընկերությունները պատրաստի լրագրողական նյութերը տրամադրում են թերթերին, ամսագրերին, հեռուստաընկերություններին. «Սա ծախսատար գործընթաց է, բայց դրա շնորհիվ ենք ապահովում անհրաժեշտ քանակությամբ կադրեր: Ըստ մեր ԶՈՒ իրականացրած հարցումների` գովազդը բավականին օգտակար է: Մի քանի հակասություններ կան գովազդի բովանդակության հետ կապված. բնակչության մի հատվածը այն կարծիքին է, որ գովազդի հիմքը պետք է լինի հայրենասիրության գաղափարը, այսինքն՝ ծառայության անցնելու շարժառիթ դիտարկել հայրենիքի պաշտպանությանը նվիրվելու ցանկությունը, իսկ մյուս հատվածն էլ այն կարծիքին է, որ գովազդում շեշտը պետք է դրվի երիտասարդների հետաքրքրությունների, ծառայության անցնելու առավելությունների վրա, օրինակ` կրթվելու եւ լավ վարձատրվելու հնարավորության. սա արդիական է հատկապես այսօրվա տնտեսական պայմաններում»,-նշում է Հարի Թին:
ԱՄՆ 50 նահանգներից յուրաքանչյուրն ունի իր ազգային գվարդիան, որը զորակոչ է կատարում նահանգի ներսում, հետեւաբար ունի նաեւ տեղային բնույթի գովազդներ. «Դուք եւս կարող եք որոշակի աշխարհագրական վայրերի համար կիրառել այս մոտեցումը, գովազդը կարող է տարբերակվել` բխելով տվյալ տարածքի առանձնահատկություններից»,-խորհուրդ է տալիս Հարի Թին:
ՀՀ-ում Միացյալ Թագավորության ռազմական կցորդ Սթիվ Ֆիլիպսը նշեց, որ իրենց համակարգը նման է ԱՄՆ-ի համակարգին. «Ինչպես ենք մենք որոշում, թե քանի մարդու կարիք ունենք: Երեք զորատեսակներից յուրաքանչյուրը ներկայացնում է իր կարիքները: Դա նշանակում է` մենք նպատակային հավաքագրում ենք կատարում, այսինքն՝ հստակ գիտենք, թե քանի հրետանավոր, քանի մոտոհրաձիգ, թիկունքային քանի ծառայող է պետք, մեր պահանջը ուղարկում ենք այն մարդկանց, ովքեր կատարում են հավաքագրում: Մենք բոլոր քաղաքներում ունենք հավաքագրման կենտրոններ: Այդ գրասենյակի աշխատողներից ոմանք թոշակի անցած սպաներ են, ոմանք` ավագ սերժանտներ կամ ուղղակի երիտասարդ մասնագետներ: Այս գրասենյակի ներկայացուցիչները գնում են դպրոցներ, համալսարաններ կամ մասնակցում են հասարակական միջոցառումների, խոսում բանակում ծառայության անցնելու մասին, իրականացնում գովազդային արշավներ նահանգային մակարդակով: Բայց ծառայությունը գովազդվում է նաեւ ազգային մակարդակով` սովորաբար թիրախ ունենալով որոշակի մասնագիտացում. օրինակ, եթե օդաչուների կարիք ունենք, դա էլ կգովազդենք»:
Ռազմական կցորդը նկատեց, որ իրենք այսօր գովազդի կարիք այդքան էլ չունեն, քանի որ Աֆղանստանի պատճառով իրենց ԶՈՒ-ն հասարակության ուշադրության կենտրոնում է. «Դրա հետեւանքով երիտասարդները ցանկություն են հայտնում, ներկայանում գրասենյակներ: Մենք ունենք առանձին բաժիններ, որ հավաքագրում են սպաների: Եթե երիտասարդը սպա դառնալու ցանկություն է հայտնել, ապա նրան ուղղորդում են վերապատրաստման հատուկ կենտրոն: Բանակը ասում է` մենք x քանակությամբ մոտոհրաձիգի կարիք ունենք, ամբողջ երկրում կատարվում է հավաքագրում, եւ երիտասարդները վարժվում են գործող կենտրոններում»:
«Արդյո՞ք դրամական պարգևների կիրառման վրա հիմնված նման հավաքագրումը բացասաբար չի ազդում որակի վրա,-հետաքրքրվեց ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետի տեղակալ, ՔՀԾ 2-րդ դասի պետական խորհրդական Արա Մեսրոբյանը, -չէ՞ որ հավաքագրողի համար ոչ թե որակը, այլ քանակն է կարեւորվում»:
Հարի Թին պատասխանեց, որ ԱՄՆ-ում հավաքագրողի աշխատանքը գնահատվում է եւ քանակական, եւ որակական տեսանկյունից, քանի որ գործում են հստակ չափորոշիչներ, որոնց պետք է համապատասխանել ծառայության անցնելու համար:
«Որպես զորակոչային բանակի առավելություն է նշվում պետության՝ մշտապես պահեստազորի պատրաստված լրակազմ ունենալու փաստը, ինչը թույլ է տալիս արագ զորահամալրելու անձնակազմը արտաքին ագրեսիայի ժամանակ, իսկ պայմանագրայինների հաշվին հնարավո՞ր է, արդյոք, արագ կազմավորել անհրաժեշտ պահեստազորայինների կազմ»,-հետաքրքրվեց «Հայ զինվոր»-ը:
Հարի Թին պատասխանեց. «Ոչ: Հնարավոր չէ այդքան օպերատիվ լինել, ինչպես զորակոչային բանակի դեպքում է: Առավելագույնս դժվար է հատկապես պատերազմական գործողությունների սկզբում եւ վերջում, երբ ստիպված ենք քչացնել անձնակազմի թվաքանակը: Նման արտակարգ դեպքում ավելի հաճախ է գովազդ հեռարձակվում, ավելի մեծ թվով համալրողներ ենք ներգրավում, ավելացնում ենք նաեւ դրամական պարգեւների չափը: Բայց զորակոչային բանակների դեպքում էլ, թեև համալրումն իրականացվում է արագ, սակայն հավաքագրված մեծաթիվ անձնակազմին ուսումնական կենտրոններում արագ վարժեցնելու և վերապատրաստելու խնդիր է առաջանում, այսինքն` այս դեպքում էլ ծախսվում են գումարներ համապատասխան տարածքների ձեռքբերման եւ կահավորման, հրահանգիչների վարձատրության համար: Տարբերությունը նաեւ այն է, որ մենք գումար ենք ծախսում, մասնագետներ կրթում, բայց ստիպված ենք լինում ասել, որ նրանց կարիքը այլեւս չունենք եւ ուղարկում ենք տուն, ինչը, իհրակե, առաջխաղացում ակնկալող պայմանագրային զինծառայողի համար ցավալի է, իսկ զորակոչիկները միշտ ուրախ են տուն գնալու»:
Մարտական պատրաստության վարչության սերժանտների եւ կրտսեր մասնագետների պատրաստման բաժնի պետ գնդապետ Գևորգ Հակոբյանից հետաքրքրվեցինք, թե արդյո՞ք մեր զինված ուժերը արհեստավարժ պայմանագրայիններով համալրելու գործում նմանատիպ մեթոդները կիրառելի են. «Այո, մեր դեպքում եւս սա կարող է օգուտ տալ: Մենք պայմանագրային ծառայությունը գովազդում ենք շաբաթը մի քանի անգամ «Զինուժ» հաղորդման հեռուստաեթերից, բայց սա իսկապես քիչ է, շատ քիչ: Մեզ մոտ հավաքագրողի դերում հանդես են գալիս զորմասերն ու զինկոմիսարիատները, առկա են հրամաններ հավաքագրումների վերաբերյալ, բայց բավարար անհատական աշխատանք չի կատարվում, սահմանամերձ գյուղերում մարդիկ լավ չեն տեղեկացված պայմանագրային ծառայության առավելությունների, պահանջների մասին: Առավել շատ ջանքեր են անհրաժեշտ»,-եզրափակեց մեր զրուցակիցը:
ԿԱԴՐԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐՆ ՈՒ ՆՐԱՆՑ ԱՌԱՋԽԱՂԱՑՈՒՄԸ
Հարի Թին ներկայացրեց, թե ինչպես են ԱՄՆ-ում տեղի ունենում կադրերի ընտրությունն ու առաջխաղացումը: Ըստ նրա, մի քանի տարի ուսումնասիրվել է, թե ինչ որակներ պետք է ունենա լավագույն ռազմական գործիչը. «Որակավորման համար կարեւոր չափորոշիչը կրթությունն է. պայմանագրային ծառայության անցնելու համար ավագ դպրոցի կրթությունը պարտադիր է: Եթե երիտասարդը ավագ դպրոցի կրթություն ունի, ապա, նշանակում է, նա ունակ է ավարտելու այն, ինչ սկսել է:
Հետազոտությունները ցույց են տվել, որ այն մարդիկ, ովքեր ավարտել են ավագ դպրոցը, երբեք ժամանակից շուտ չեն լուծարում պայմանագիրը: Սա ամենակարեւոր չափորոշիչն է: Հաջորդը մտավոր պատրաստվածության մակարդակն է: Ավագ դպրոցում ուսումնասիրում են ռազմագիտություն, ինչը նաեւ մտավոր պատրաստվածության յուրահատուկ թեստ է: Այդ դասընթացների արդյունքում ձեւավորվում են որոշակի խմբեր` առաջինից հինգը, զինվորականները նախընտրում են համալրել իրենց անձնակազմը այն մարդկանցով, ովքեր ավարտել են այդ դասընթացը եւ 50 % արդյունք են ապահովել: Որակավորման մյուս չափորոշիչներն են առողջությունը եւ ֆիզիկական պատրաստվածությունը: Ֆիզիկական պատրաստվածությունը մեր խնդիրն է, քանի որ երիտասարդները ֆիզիկապես թույլ են, այդ պատճառով այժմ ծառայության անցնելու համար ֆիզպատրաստության սահմանված պահանջներն այդքան խիստ չեն, բայց ծառայության ընթացքում երիտասարդը պարտավոր է բարելավել ցուցանիշը: Մյուս որակավորումը բարոյականն է. ոչ հանցագործ անցյալին, ոչ թմրանյութերի օգտագործմանը: Վերոնշյալ չափորոշիչներին համապատասխանելու դեպքում հնարավոր է ընդունվել ծառայության: 3, 4, 5 տարի ծառայելուց հետո է միայն որոշվում, թե ով կարող է դառնալ պրոֆեսիոնալ սերժանտ: Այդ ընթացքում ծառայողը հնարավորություն ունի բարելավելու կրթությունը` ավարտել ուսումնական հաստատություն, բարելավել ֆիզիկական պատրաստվածությունը: Հետեւում ենք նաեւ, թե ինչ հմտություններ է նա ձեռք բերել զինվորական բնագավառում: Պրոֆեսիոնալ սերժանտ ընտրելիս սկզբնական չափորոշիչները մի կողմ են դրվում եւ առաջ են գալիս ծառայողական արդյունավետության, ռազմական կրթության, քաղաքացիական կրթության չափորոշիչները»:
ՀՀ-ում Միացյալ Թագավորության ռազմական կցորդ Սթիվ Ֆիլիպսը հավելեց. «Պրոֆեսիոնալ սերժանտ դառնալու համար մեր լրացուցիչ չափորոշիչները հետեւյալն են` ծառայության անցած պայմանագրայինը փորձ չունի, իսկ պրոֆեսիոնալ սերժանտ դառնալու համար փորձը պարտադիր է, նաեւ՝ հետագա առաջխաղացման համար: Կարեւոր է նաեւ տարիքը, քանի որ կարող է հինգ տարվա ծառայության փորձ ձեռք բերի, բայց արդեն քառասուն տարեկան լինի, արդյո՞ք դուք կուզեիք ունենալ քառասուն տարեկան սերժանտներ: Ծառայողը հնարավոր է համապատասխանի բոլոր պահանջներին, բայց նպատակահարմար չլինի, որ նա պրոֆեսիոնալ սերժանտ դառնա, քանի որ բարդ խառնվածքի տեր մարդ է: Նաեւ պրոֆեսիոնալ սերժանտ դառնալու համար կարեւոր է անձնական բնութագիրը, որը տրվում է վերադասի կողմից»:
ԱՄՆ զինված ուժերում գործում է գնահատման համակարգ, ամեն անհատ պարբերաբար գնահատվում է ղեկավարի կողմից, սա պարտադիր է առաջխաղացման համար. «Առաջխաղացման հարցը կարգավորում է առաջխաղացման ժողովը: Օրինակ՝ բրիգադի հրամանատարը կարող է ձեւավորել եւ ղեկավարել հանձնաժողովը, որը քննարկում եւ եզրակացնում է՝ արդյոք առաջխաղացում տեղի կունենա՞, թե՞ ոչ: Եթե չեն կարողանում որոշում կայացնել, գլխամասային հանձնաժողովն է զբաղվում այդ հարցով: Գոյություն ունեն նաեւ առաջխաղացման թեստեր»,-նշեց Հարի Թին:
Սթիվ Ֆիլիպսն էլ ասաց, որ իրենց դեպքում բոլոր սպաները եւ սերժանտները ամեն տարի գրավոր ներկայացնում են, թե ինչ են արել տարվա ընթացքում. «Այդ բոլոր զեկույցները ուղարկվում են առաջխաղացման խորհուրդ, որը գործում է զինված ուժերից անկախ, եւ որն էլ որոշվում է, թե ով է արժանի առաջխաղացման: Քանի որ մեր երկրի բանակը փոքր է եւ գնալով ավելի է փոքրանում, այս տարբերակը նպատակահարմար է: Բայց սա չի նշանակում, որ մենք առաջխաղացման համար կարողանում ենք ընտրել լավագույններին: Հրամանատարը կարող է մեկնաբանել, իր կարծիքը հայտնել, բայց միայն այդքանը: Նա չի կարող ապահովել ինչ-որ մեկի առաջխաղացումը: Փոքր զինված ուժեր ունեցող երկրներին նման մոդել եմ խորհուրդ տալիս»:
ՀՀ ՊՆ կադրերի և ռազմական կրթության վարչության պետ ՔՀԾ 1-ին դասի խորհրդական Մհեր Շիրինյանը, անդրադառնալով կադրային քաղաքականության ոլորտում կատարված աշխատանքներին, նշեց` 2012թ նոյեմբերին կայացած վերջին հանդիպումից հետո կարեւոր նորությունն այն է, որ ՀՀ պաշտպանության նախարարը 2013թ. հունվարից գործողության մեջ է դրել ջոկի հրամանատարների եւ դասակի հրամանատարների տեղակալների պատրաստման ուսումնական ծրագրերը. «Այժմ նոր ծրագրերով ենթասպաների դպրոցում դասընթացներին մասնակցում է երկու խումբ` 4- ամսյա ժամկետով: 1-ին խմբում ընդգրկված են պատրաստություն անցնող ջոկի հրամանատարները: Խումբը կազմված է այն զինծառայողներից, ովքեր ընդգրկվել են պահեստազորից, նաեւ՝ պարտադիր ժամկետային և պայմանագրային զինծառայողներից: 2-րդ խմբում ընդգրկված են վերապատրաստում անցնող ջոկի հրամանատարները՝ բոլորն էլ պահեստազորից»:
Քննարկումները կշարունակվեն մինչեւ մարտի 22-ը:
ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Լուս.` ՍԻՓԱՆ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ