Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵԶ ԳՐՈՒՄ ԵՆ



Որդիս՝ Վարդան Մարտունի Պապիկյանը, սովորում է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի թուրքագիտության բաժնում։ 2011 թվականի նոյեմբեր ամսին զորակոչվել է հայկական բանակ և ծառայության նշանակվել գնդապետ Ա. Մելիքյանի հրամանատարությամբ գործող զորամասում։

Աշնանային ցուրտ առավոտյան զինկոմիսարիատի բակում հավաքված զինակոչիկների ծնողների դեմքերին դրոշմված անհանգստությունը, մտավախությունը կարծես ավելի մռայլ էր դարձնում կապարագույն երկինքը։ Ամենից շատ միայն մի բան էի ցանկանում. չկոտրվի որդուս կամքը, ցանկությունը՝ հայկական բանակում ծառայելու, հայրենիքի հանդեպ իր պարտքը կատարելու։ Ինչպես իմ, այնպես էլ մյուս ծնողների անհանգստությունը պայմանավորված էր վերջին ժամանակներս լրատվական միջոցներով անընդհատ հաղորդվող բանակային դժբախտ դեպքերի չընդհատվող շարքով։ Նույն այդ լրատվամիջոցները երբևէ չեն մտածել գրելու դրական բազմաթիվ օրինակների մասին՝ գոտեպնդելու զորակոչվող պատանիներին և հուսադրելու որդիներին բանակ ճանապարհող ծնողներին։ Շատ հաճախ քննադատում են ոչ թե մեղավորին, այլ մի մեղավորին հարյուր անմեղի հետ խառնելով։ Քննադատում են նրան, ով ամեն ինչից անտեղյակ, անքուն գիշերներին դեմքին ամեն վայրկյան շնչող մահվան դիմաց պահպանում է իրեն և՛ քննադատողների, և՛ օրհնողների անդորրն ու հանգստությունը։

Միանշանակ է, որ պետք է գրվի, բարձրաձայնվի թերությունների մասին, սակայն անկողմնակալ, ոչ հայրենիքի անվտանգությունն ապահովող բանակի հեղինակությունն արատավորելու գնով։

Մտավախություններս աստիճանաբար փարատվեցին, երբ այցելեցի զորամաս, որտեղ իր ծառայությունն էր անցկացնում որդիս։ Դեռևս մուտքից զգացվում էր զինվորի նկատմամբ հոգատարության, ջերմության մթնոլորտը, որը, իմ կարծիքով, առաջին հերթին հրամանատարի արժանիքն է։

Ես հպարտ եմ, որ որդիս հայոց բանակի զինվոր է։ Զորամասում գտնվելով և տեսնելով որդուս աչքերի փայլը, հասկացա, որ ճիշտ եմ դաստիարակել որդուս, որ նա չի տրտնջում։ Ուրախ եմ, որ իմ մտավախություններն ու ապրումները հետևում են մնացել, որ որդիս առաջին հերթին հայրենիքի զինվոր է և հետո միայն ընտանիքի զավակ։

Որպես զինվորի մայր՝ իմ շնորհակալական ու երախտիքի խոսքն եմ հղում որդուս հրամանատարական կազմին՝ ի դեմս գնդապետ Մելիքյանի, որի խիստ և բարի, անաչառ ու իր գործին նվիրված զինվորականի կերպարով է նաև դաստիարակվում իմ տղան։ Վստահ եմ, որ նման սպաները շատ են մեր բանակում, նման սպաներն են բանակը դարձնում տղամարդկության դարբնոց, կյանքի ճանաչողության դպրոց։

Շնորհակալ եմ, պարոն հրամանատա՛ր, որդուս ժպիտի համար, հպարտ քայլվածքի համար։ Դա իմ ամենամեծ նվերն է ու իմ երջանկությունը։ Մաղթում եմ բոլոր զինվորներին բարի ու անփորձանք ծառայություն, իսկ Հայաստան աշխարհին՝ խաղաղություն։

Զինվորի մայր՝ ԾՈՎԻՆԱՐ ՊԱՊԻԿՅԱՆ
Պատրաստեց՝ ՀԱՍՄԻԿ ՄԱԴՈՅԱՆԸ
Մայոր

Խորագիր՝ #11 (978) 21.03.2013 – 27.03.2013, Բանակ և հասարակություն


21/03/2013