Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ԶՈՐԱՄԱՍ



Սրտի թրթիռով, գուցե նաև անորոշ մի տագնապով, իրենց զավակներին հայոց բանակ ճանապարհած մի խումբ մայրեր գնդապետ Ա. Մկրտչյանի հրավերով օրերս զորամասում էին։

Զինվորների հետ հանդիպմանը մասնակցելու էին եկել նաև բանաստեղծուհի, արձակագիր, երգահան, հասարակական գործիչ, քսան գրքերի հեղինակ Անահիտ Սարգսյանը։ Հայ մայրերի այս հիանալի նախաձեռնության նպատակն էր լինել զինվորի կողքին, հաղորդակից լինել այն ամենին, ինչով ապրում է նա։

Ծնողների՝ բանակայիններին ուղղված ողջույնից հետո հուզառատ խոսքով հանդես եկավ Անահիտ Սարգսյանը և պատմեց Սիրիա կատարած իր այցելության, հայ համայնքի հետ հանդիպումների մասին։ Խոսեց իր գրքերից, որոնց թեման նաև հայ զինվորն ու հայոց բանակն է։ Զորամասի գրադարանին նվիրեց գրքեր, պատվիրեց սիրով կարդալ՝ հաջորդ հանդիպման ժամանակ դրանց շուրջ մտերմիկ զրույց ծավալելու ակնկալիքով։ Զինվորները պատրաստակամությամբ խոստացան. նրանց աչքերում սեր կար, հավատ, ուժ, նրանք անչափ ուրախ էին։

Գնդապետ Ա. Մկրտչյանը ծնողներին ուղեկցեց զորանոցներ, որտեղ տիրում էր կատարյալ մաքրություն և կարգուկանոն։ Ծնողները հասկացան, որ իրենց որդիները ապահով ձեռքերում են։ Մնում էր մաղթել բոլորին անամպ երկինք, խաղաղություն մեր Հայաստան աշխարհին և ամբողջ աշխարհին։

Զինվորները բանաստեղծուհի Ա.Սարգսյանի հետ կատարեցին «Հայոց բանակին» երգը:

Մենք՝ ծնողներս, հավատում ենք, որ հայոց բանակի շնչից պիտի դողա թշնամին, և մեր գոհունակությունն ու շնորհակալությունն ենք հայտնում գնդապետ Ա. Մկրտչյանի զորամասի անձնակազմին՝ ծնող-բանակ կապի ամրապնդման համար: Հուսով ենք՝ հանդիպումները շարունակական կլինեն։

ԼԻԼԻԹ ՄԻՐԶԱՋԱՆՅԱՆ

Խորագիր՝ #11 (978) 21.03.2013 – 27.03.2013, Բանակ և հասարակություն


21/03/2013