ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԳՐԱՎԱԿԱՆԸ
Փոխգնդապետ Վ. Դոլունցի հրամանատարությամբ գործող գումարտակը 2012թ. տվյալներով ամենաբարձր արդյունքներն ունի գնդապետ Հ. Թևոսյանի հրամանատարությամբ գործող զորամասի կազմում։ Լավ կազմակերպելով ուսումնական գործընթացը, գումարտակի ստորաբաժանումները բարձր արդյունքներ գրանցեցին աշնանն անցկացված զորավարժություններում։
Քանի որ Վ. Դոլունցն արձակուրդում էր նախորդ տարվա ձեռքբերումների և շարունակվող ուսումնական գործընթացում հաջողության հասնելու նախադրյալները ներկայացրեց կապիտան Արմեն Բեժանյանը։
-Գումարտակը համալրված է ՀՄՄ-1 և ՀՄՄ-2-ներով։ Հաջողությունը պայմանավորված է առանձին զինվորների և ցածր օղակների՝ ջոկերի և դասակների հետ կատարվող ամենօրյա աշխատանքով։ Ի վերջո, կռվի դաշտում հենց նրանք են կատարում մարտական կրակը և իրականացնում վերադաս հրամանատարության մտահղացումները, որոշումները։ 2012-ի գարնանը, ջոկերի և դասակների ներդաշնակումից հետո անցկացված զորավարժությունը ցույց տվեց, որ ուսումնական ծրագրի կատարումն ընթանում է ճիշտ հունով։ Աշնանային երկու զորավարժությունները և ամփոփիչ ստուգումները փաստեցին գումարտակի բարձր մարտունակությունը։ Անձնակազմերը ցանկալի արդյունքներ ցույց տվեցին ե՛ւ կրակայինից, ե՛ւ տեխնիկական պատրաստությունից, ինչպես նաև՝ ընթացքից դեսանտային բաժանմունքների հրակնատներից կատարած հրաձգությունից։
Անցած ուսումնական տարվա ընթացքում գումարտակի անձնակազմի՝ սպաների և զինվորների շրջանում կարգապահական ոչ մի խախտում չի եղել, ինչն էլ, իմ համոզմամբ, հաջողության հիմնական գրավականն է։ Այնուհետև, մենք ամենաշատը կարևորում ենք զինծառայողի անհատական պատրաստությունը։ Տեսական ու գործնական պարապմունքները յուրաքանչյուրի հետ առանձին-առանձին, անհատական ուսուցմամբ ենք իրականացնում, ստուգարքների ժամանակ որոշում ենք թե՛ առանձին վերցրած ամեն մեկի եւ թե՛ ընդհանուր ջոկի իմացությունների ու կարողությունների աստիճանը։ Հաջորդ նախադրյալը ջոկերի ու դասակների ներդաշնակումն է։ Աջ ձեռքը պետք է իմանա որտեղ է և ինչ է անում ձախը։ Այս ամենը փորձարկում և կատարելագործում ենք մարզումների ու զորավարժությունների ժամանակ՝ վաշտերի կազմերով։ Այս պարագայում կարեւորվում են նաև մեկ-երկու հանգամանք։ Անձնակազմերը պետք է պարապմունքների համար նախատեսված մեքենավարումը և հրաձգությունը կատարեն ամբողջությամբ։ Սա այն դեպքը չէ, երբ կարելի է խնայողություն անել։ Մենք շատ ենք կարևորում նաև աշխատանքը կրտսեր հրամանատարական կազմի հետ։ Նրանք պետք է կարողանան ինքնուրույն որոշումներ ընդունել ու ինքնուրույն էլ իրականացնել։
Թեպետ ընթացիկ՝ 2013թ. ձմեռային-գարնանային ուսումնական փուլը մի քիչ ուշ սկսվեց, բայց դա էլ ունեցավ իր դրական կողմերը։ Ավելի լավ նախապատրաստեցինք նյութատեխնիկական բազան, հաշվառման, պլանավորման փաստաթղթերը, մեծացավ կրտսեր հրամանատարական կազմի գործնական արդյունավետությունը։ Այժմ ավարտվում է ջոկերի և սկսվում դասակների ներդաշնակումը։ Գնալով ավելանում է գործնական պարապմունքների ժամաքանակը։
***
Զրուցեցինք նաև գումարտակի զինվորներից մի քանիսի հետ։
Ավագ սերժանտ Նարեկ Առուշանյանը ջոկի հրամանատար է, մասնակցել է 2012թ. բոլոր զորավարժություններին։
-Անցկացված երեք զորավարժությունները շատ օգտակար եղան ինձ, նաև մեր զրահամեքենայի անձնակազմի համար։ Հրաձգություն կատարելով հաստիքային արկերով՝ զգալիորեն բարձրացրինք մեր վարպետությունը, և վստահորեն կարող եմ ասել, որ ջոկը պատրաստ է կատարելու ցանկացած մարտական առաջադրանք։
***
Շարքային Սամվել Հայրապետյանը ՀՄՄ-2-ի նշանառու-օպերատոր է։
-Անցած տարի 50 արկ եմ կրակել և կարող եմ ասել, որ խոցումը սպասվածից լավ էր։
***
Շարքային Գագիկ Մանուկյանը գնդացրորդ է:
-Իմ զենքը Կալաշնիկովի ձեռքի գնդացիրն է. դատարկել եմ երկու պահունակ, այսինքն՝ 90 փամփուշտ և խոցել բոլոր թիրախները։ Տարեվերջյան ամփոփիչ ստուգումներից նույնպես «գերազանց» եմ ստացել։
***
Շարքային Արսեն Գրիգորյանը հակատանկային (ձեռքի) նռնականետորդ է։ Նա ասաց, որ առաջին անգամ արձակել է չորս հաստիքային արկ, որոնցից երկուսը խոցել են թիրախները։
Հրաձիգ-նռնականետորդի օգնական, շարքային Միսակ Վարդանյանն էլ ասաց, որ զորավարժությունների ժամանակ հրաձգությունը կատարել է Կալաշնիկովի գնդացրից ու խոցել է բոլոր թիրախները։
Տղաների հետ զրույցից նաեւ պարզ դարձավ, որ նրանք բոլորն էլ ստացել են իրենց հասանելիք արձակուրդները, իսկ զորավարժությունների ժամանակ առավել աչքի ընկածներին հատկացվել է նաև խրախուսական արձակուրդ։ Կապիտան Ա. Բեժանյանը վստահեցրեց, որ նոր ուսումնական տարին գումարտակը նույնպես սկսել է հաջողությամբ և կանի ամեն ինչ՝ կրկնելու նախորդ տարվա արդյունքները։
ԱՐԱՄ ՆԵՐՍԻՍՅԱՆ
փոխգնդապետ
Լուս. հեղինակի