Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ԾԱՌԱՅԵԼԸ ՊԱՏԻՎ Է



Ինժեներաճանապարհային դասակի հրամանատար, լեյտենանտ Մկրտիչ Օմփոսյանը ծնվել է Երեւանում, բայց մանկությունը անցկացրել է Ջավախքում:Այստեղ ռուսական զորամաս էր տեղակայված, եւ փոքրիկ Մկրտիչը հիացած-հմայված հետեւում էր զինվորներին:Հենց մանկուց էլ որոշեց զինվորական դառնալ: Ծնողները չընդդիմացան, հակառակը` ողջունեցին իրենց որդու որոշումը. պատվաբեր է հայրենիքի պաշտպանի մասնագիտությունը: Մկրտիչն ընդունվեց Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան, ապա զինվորական կրթությունը շարունակեց Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում: Ավարտելուց հետո եկավ ծառայելու N զորամասում:

-Մեր զորամասում փոխադարձ հարգանքի եւ փոխվստահության մթնոլորտ է: Սպայական կազմն աչքի է ընկնում դրական կողմերով: Ամեն մեկը քաջ գիտակցում է իր առջեւ դրված խնդրի կարեւորությունը, եւ ամեն ոք իր գործի գիտակն է: Ձգտում ենք է՛լ ավելի կատարելագործվել:

-Ծառայավայրդ մոտ է հակառակորդի սահմանին: Դիրքերում կանգնած ի՞նչ զգացողություն ես ունենում:

-Նախ` չափազանց զգույշ ու զգոն պետք է լինել: Մեծանում է պատասխանատվությունը, պատասխանատվությանդ հետ էլ միաժամանակ համակվում ես անսահման հպարտությամբ` թիկունքում քեզ հարազատ մարդիկ են, քեզ ծանոթ ու անծանոթ մարդիկ, ու դու հսկում ես նրանց բոլորի խաղաղությունը, որ կյանքն իր բնական հունով ընթանա, հողագործը հողը մշակի, ուսուցիչը սերունդ կրթի, ամեն մեկն իր գործով զբաղվի, որ խաղաղ լինի հողը եւ խաղաղ լինեն մարդկանց սրտերը:

– Իսկ ի՞նչ խորհուրդ կտաս բոլոր այն տղաներին, ովքեր բանակ են գալիս:

-Առաջին հերթին հետեւել հրամանատարի խորհուրդներին ու հրամաններին. չէ՞ որ իրենք քաղաքացիական կյանքից են գալիս, անծանոթ են զինվորական գործին, իսկ հրամանատարն ամեն ինչ գիտի՝ ինչպես ափի մեջ: Իսկ մաղթում եմ բոլորին խաղաղ եւ անփորձանք ծառայություն, որ դիրքերում ոչ մի կրակոց չհնչի, զոհ եւ վիրավոր չունենանք:

-Երիտասարդ սպա ես, պատահե՞լ է երբեւէ ձեռք բարձրացնես զինվորի վրա:

-Դաստիարակելու տարբեր ընդունված մեթոդներ կան, ի վերջո, եթե կարող ես մարդավարի բացատրել, ինչո՞ւ դիմել բռունցքներին: Ի դեպ, մենք զորամասում անձնակազմին ոչ միայն մասնագիտական գիտելիքներ ենք փոխանցում, այլ նաեւ բարոյահոգեբանական զրույցներ ենք անցկացնում, խոսում ընկերասիրությունից, հայրենասիրությունից:

-Մկրտիչ, դու քիչ թե շատ արդեն «թաթախվել» ես զինվորական գործի մեջ, գիտես, որ զինվորականի փայլուն ուսադիրների հետեւում բազում դժվարություններ կան: Վերջերս ես ամուսնացել, շնորհավորում եմ եւ ուզում եմ լսել քո անկեղծ պատասխանը, երբ արու զավակ ունենաս, կցանկանա՞ս, որ նա եւս զինվորականի ուղին ընտրի:

-Յուրաքանչյուր երիտասարդ ոչ թե պարտք, այլ մեծագույն պատիվ պետք է համարի հայրենիքին ծառայելը: Ես անսահման հպարտ կլինեմ, եթե որդիս շարունակի իմ գործը: Միայն կցանկանամ, որ չլինեն արտոնյալ զինծառայողներ: Հայրենիքի առաջ բոլորս էլ հավասար լինենք ու հայրենիքին տեր լինելուց առաջ նրա զինվորը լինենք:

Ա. ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Խորագիր՝ #11 (978) 21.03.2013 – 27.03.2013, Բանակ և հասարակություն


21/03/2013