ԶՈՐՔԵՐ ԿՈՒՂԱՐԿՎԵՆ ՈՐԱԿՅԱԼ ԿԱՊԱՎՈՐՆԵՐ
ՆՈՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐԻՆ` ՆՈՐ ԾՐԱԳՐՈՎ
Կապի ուսումնական զորամասում գործում է կապավորների պատրաստման նոր ուսումնական ծրագիր: Ըստ դրա` ուսման տևողությունն ավելացել է շուրջ մեկուկես ամսով: Զորամասի հրամանատար, փոխգնդապետ Գ.Մովսիսյանի խոսքով, ծրագրի փոփոխության նպատակը ավելի որակյալ մասնագետներ պատրաստելն է` շեշտը դնելով գործնական պարապմունքների և վարժանքների վրա: Կապավորները պետք է կարողանան սահմանված ժամանակում բացազատել կայանները և անխափան կապ ապահովել:
Զորամասը, բացի կապավորներից, պատրաստում է նաև կրտսեր հրամանատարների, որոնք ունակ կլինեն ղեկավարելու ջոկը, կապի հանգույցի տարրերի աշխատանքը: Նրանք նույնպես մասնագիտանում են ըստ ոլորտների` հեռախոսային կապ, ռադիոկապ և այլն:
Զորամասն ապահովված է անհրաժեշտ ուսումնանյութական բազայով, համալրված է կապավոր սպաներով, և որակյալ մասնագետ պատրաստելու համար մնում է միայն մասնագիտության հանդեպ սեր և հետաքրքրություն ներշնչել կուրսանտներին: Նրանց թվում կան ինչպես միջնակարգ, այնպես էլ բարձրագույն կրթությամբ ժամկետային զինծառայողներ:
-Կուրսանտների մեծ մասը սիրում է մասնագիտությունը,- ասում է հրամանատարը:- Նրանք հետաքրքրությամբ են ծանոթանում զորամասում եղած կապի տեխնիկային: Մենք էլ, մեր հերթին, բացատրում ենք կապի զորքերի բացառիկ կարևորությունը զորքերի ղեկավարման գործում: Բացի դրանից, կուրսանտների ձեռք բերած զինվորական մասնագիտությունը հաճախ պետք է գալիս նաև քաղաքացիական կյանքում: Մեր նախկին կուրսանտներից շատերը բանակում ստացած գիտելիքների ու հմտությունների շնորհիվ աշխատանք են գտել քաղաքացիական կյանքում, և ոմանք նույնիսկ այցելել են զորամաս` հատուկ իրենց շնորհակալությունը հայտնելու հրամանատարական կազմին:
Անցյալ տարի ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության ժամանակ զորամասի անձնակազմը բացազատել է կապի հանգույցը և անխափան կապ ապահովել` կատարելով բոլոր ներմուծականները և ղեկավար փաստաթղթերի պահանջները, ինչը գնահատվել է «լավ»:
Բավականին երկար ժամանակ է, ինչ զորամասում կարգապահական կոպիտ խախտումներ, դժվար դաստիարակվող զինվորներ չկան: Միջանձնային փոխհարաբերությունները, հրամանատարի խոսքով, բավարար մակարդակի վրա են: Կարգապահության ամրապնդման և պահպանման գործում իր լուրջ ներդրումն ունի ԱՀՏԱ գծով զորամասի հրամանատարի տեղակալ մայոր Ռ.Համբարձումյանը: Լինելով խստապահանջ` նա, միևնույն ժամանակ, առաջնորդվում է «Զինվորին ներելով ավելի մեծ արդյունքի կհասնես, քան պատժելով» սկզբունքով:
– Եթե դաստիարակության բոլոր մեթոդները ճիշտ կիրառվեն, ապա հերթը հարկադրանքի մեթոդին չի հասնի,- համոզված է նա:- Զինվորական կոլեկտիվում չեն կարող կոնֆլիկտներ չծագել, բայց զորամասի սպայական կազմը լիովին ի վիճակի է հարթելու դրանք:
Փոխգնդապետ Գ.Մովսիսյանը գոհ է նաև ուսումնական վաշտերի հրամանատարներ՝ մայոր Վ.Ղազարյանի և կապիտան Վ.Ռամազյանի բարեխիղճ ծառայությունից:
ՕՐԻՆԱԿԵԼԻ ԿՈՒՐՍԱՆՏՆԵՐԸ
Կուրսանտներ Արտաշես Լոքյանը և Գոռ Շալունցը 3 ամսվա ծառայողներ են: Թեպետ դա մեծ ժամանակահատված չէ, այդուհանդերձ նրանք արդեն հիմնականում տիրապետում են կապի տեխնիկային. երկուսն էլ կայանի պետեր են:
Երկուսն էլ ծառայելու են եկել ուսանողական նստարանից. Արտաշեսը՝ ԵՊՀ քիմիական ֆակուլտետի առաջին կուրսից, իսկ Գոռը` Գորիսի պետական համալսարանի էլեկտրաէներգետիկայի ֆակուլտետի առաջին կուրսից: Երկուսն էլ ուսումնատենչ են, և ծառայությունից ազատ ժամերին պարապում են իրենց մասնագիտական առարկաները` Արտաշեսը` քիմիա, Գոռը` օպտիկա: Բնական է, որ երկուսն էլ կապավորի մասնագիտական դասընթացը յուրացնում են բարձր առաջադիմությամբ:
-Գիտեմ ռադիոկայանով կապ հաստատել և զինվորական մասնագիտությանս վերաբերող գրեթե այն ամենը, ինչ պահանջվում է,- ասում է Արտաշեսը: – Իմ գործում ամենաշատը ինձ հետաքրքրում է արագ եւ որակյալ կապ հաստատելը:
Գոռին նույնպես դա է հետաքրքրում, հատկապես` գաղտնագրված կապի հաստատումը.
– Կապավորի մասնագիտությունն ինձ պետք է գալու նաև քաղաքացիական կյանքում,- ասում է նա:
Երկուսն էլ օգնում են իրենց ծառայակիցներին դասընթացը յուրացնելու: Արտաշեսի ընկերը հոսպիտալից վերադառնալուց հետո իր բաց թողած նյութը սովորել է նրա օգնությամբ: Երբեմն նաև հրամանատարներն են հանձնարարում օգնել այս կամ այն կուրսանտին:
-Սովորել ցանկացողները շատ են, բայց ոչ բոլորին է դա հեշտությամբ տրվում,- ասում է Արտաշեսը:
Տղաներն ունեն նաեւ իրենց նախասիրած զբաղմունքը. Արտաշեսը ֆուտբոլ է խաղում, Գոռը սիրում է նկարել, լսել դասական երաժշտություն ու կարողանում է նվագել: Վաշտի պատի թերթը ինքն է ձևավորում:
Արտաշեսը ծնունդով Ջավախքից է, բնակվում է Վանաձորում, իսկ Գոռը Գորիսից է: Երկուսն էլ կարոտում են իրենց ծննդավայրը, հարազատներին: Տղաներին առաջարկում եմ «Հայ զինվորի» միջոցով իրենց ողջույնը փոխանցել նրանց:
– Չանհանգստանաք մեզ համար,- ասում է Գոռը:
– Մենք սիրում ենք ձեզ,- հավելում է Արտաշեսը:
ԿԱՅԱՆԻ ԲԱՑԱԶԱՏՈՒՄ
Զորամասի օրինակելի կուրսանտներ Գևորգ Խաչատրյանը, Արթուր Հովհաննիսյանը, Ավետիք Գրիգորյանը և Արթուր Հակոբյանը դասակի հրամանատար, ենթասպա Համլետ Մարգարյանի ղեկավարությամբ բացազատեցին «Ռ-140» ռադիոկայանը:
-Թեպետ առայժմ միայն դասընթացի կեսն ենք անցել, բայց տղաներն ունեն անհրաժեշտ գիտելիքներ և տիրապետում են կապավորի հմտությունների մեծ մասին,- ասում է ենթասպա Հ.Մարգարյանը:- Այսօր արդեն նրանց կարելի է վստահել մարտական հերթապահություն. կարողանում են մեքենան հանել հավաքակայանից, բացազատել և կապ հաստատել` սահմանված նորմացույցի համաձայն: Շուտով դուրս կգան դաշտային պարապմունքների և գործնականում կյուրացնեն տեսական դասընթացը:
Ա.ՅԱԼԱՆՈՒԶՅԱՆ
Փոխգնդապետ
Լուսանկարները` Գ.ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ
Կապիտան