Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԱՐԶԱԿԱՆ ԼՈՒՐԵՐ



ԸՄԲՇԱՄԱՐՏ

Թբիլիսիում ավարտված ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 66 կգ քաշային կարգում գերազանց հանդես եկավ և Եվրոպայի չեմպիոն հռչակվեց ազատ ոճի ըմբիշ Դավիթ Սաֆարյանը։ Նա մրցումների մեջ ներգրավվեց 1/8 եզրափակիչից՝ առաջին գոտեմարտում 3։1 հաղթելով ֆրանսիացի Մաքսիմ Էրիկ Ֆիկեին։ Քառորդ եզրափակիչում և կիսաեզրափակիչում մեր ըմբիշը նույն 3։1 հաշվով համապատասխանաբար առավելության հասավ բելառուս Ալեքսանդր Կոնտոևի և մոլդովացի Միխայ Սավայի նկատմամբ և մտավ եզրափակիչ, որտեղ 3։0 չոր հաշվով պարտության մատնելով թուրք Յակուպ Գոռին, արժանացավ Եվրոպայի չեմպիոնի ոսկե մեդալին։

♦♦♦

Եվս մեկ՝ արծաթե մեդալ Հայաստանին պարգևեց 84 կգ քաշային կարգում հանդես եկող Մուսա Մուրթազալիևը, որը մրցումները սկսեց 1/8 եզրափակիչից՝ նախ հաղթելով սլովակ Միխայել Բոդնարին, այնուհետև ուկրաինացի Իբրահիմ Ալդատովին։ Ազգությամբ դաղստանցի ըմբիշը հաջողությամբ հաղթահարեց նաև կիսաեզրափակիչի արգելքը, որտեղ նրա մրցակիցը մոլդովացի Պյոտր Յանուլովն էր։ Վճռորոշ եզրափակիչ գոտեմարտում Մուսան պարտվեց վրացի Դաթո Մարսագիշվիլուն։

♦♦♦

Թբիլիսիում ավարտված ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում հաջող հանդես եկան նաև հունահռոմեական ոճի ըմբիշները՝ նվաճելով 1 ոսկե և 2 բրոնզե մեդալ։

Գերազանց ելույթ ունեցավ անցյալ տարվա Եվրոպայի չեմպիոն, Լոնդոնի ամառային օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը, որը մինչև 96 կգ քաշային կարգում երկրորդ անգամ ճանաչվեց ուժեղագույնը հին մայրցամաքում։ Մեր ըմբիշը շատ վստահ անցկացրեց իր բոլոր 5 մենամարտերը, որոնցում նա մրցակիցներին ընդամենը մեկ միավոր զիջեց. 1/16-ում հաղթելով շվեդ Ստեֆան Շոնին՝ 1/8- ում 12։1 հաշվով՝ վրացի ըմբիշ Սոսո Ջաբիձեին, 1/4 եզրափակիչում՝ 4։0 հաշվով թուրք Կենկ Իլդեմին, ապա նույնպիսի արդյունքով՝ կիսաեզրափակիչում պարտության մատնելով Ադրբեջանը ներկայացնող վրացի Շալվա Գադաբաձեին։ Եզրափակիչում տաղանդաշատ հայ ըմբիշը 6։0 հաշվով հաղթեց բուլղարացի Վլադիսլավ Էմիլով Մետոդիևին և պահպանեց այս քաշային կարգում Եվրոպայի ուժեղագույնի իր տիտղոսը։

Մինչև 84 կգ և գերծանր քաշային կարգերում բրոնզե մեդալի արժանացան Արթուր Շահինյանը և Վաչիկ Եղիազարյանը։

Մեդալների հաշվարկով Հայաստանի հունահռոմեական ոճի հավաքականը զբաղեցրեց երրորդ հորիզոնականը՝ զիջելով միայն ՌԴ (2+2+1) և Բուլղարիայի (2+1+1) ընտրանիներին։

ՖՈՒՏԲՈԼ

Ֆուտբոլի ՀՀ հավաքականի և Կրասնոդարի «Կուբանում» հանդես եկող 23-ամյա կիսապաշտպան Արաս Օզբիլիսը հայտնվել է Մոսկվայի «Դինամոյի» և Եվրագավաթներում մշտապես առաջատար դիրք ունեցող ֆուտբոլային երկրների երկու առաջատար թիմերի գլխավոր մարզիչների ուշադրության կենտրոնում։ Մասնագետները հայ ֆուտբոլիստի տրանսֆերը գնահատում են 3,5 մլն եվրո։

♦♦♦

Ֆուտբոլի ՀՀ ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կրկին հայտնվել է եվրոպական առաջատար ակումբների՝ «Բարսելոնի», «Չելսիի» և «Մանչեսթր Սիթիի» ուշադրության կենտրոնում։ Կատալոնական ակումբը մտադիր է ամռանը թիմ հրավիրել Մխիթարյանին և բրազիլական «Սանթոս» ֆուտբոլային ակումբի հարձակվող Նեյմարին։ «Բարսելոնը» պատրաստ է Մխիթարյանի համար «Շախտյորին» վճարել 25 մլն եվրո։

♦♦♦

«Ֆրանս ֆուտբոլ» շաբաթաթերթը հրապարակել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիչների ցանկը, որը 14 մլն եվրոյով գլխավորում է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ, պորտուգալացի Ժոզե Մոուրինյոն։ Երկրորդ հորիզոնականում (1,2 մլն եվրոյով) ՊԱԺ-ի գլխավոր մարզիչ իտալացի Կառլո Անչելոտին է, երրորդը (11 մլն եվրո) չինական «Գուանչժոու Ժվեգրանդի» գլխավոր մարզիչ, նույնպես իտալացի՝ Մարչելո Լիպին է։ Չորրորդը՝ Մախաչկալայի «Անժիի» գլխավոր մարզիչ Գուս Հիդինգն է (10,8 մլն եվրո)։

ՇԱԽՄԱՏ

ՖԻԴԵ-ն հրապարակել է շախմատի կանանց գրան պրիի խաղարկության նոր խաղացանկը։ Մրցաշարի մեկնարկը կտրվի շվեյցարական Ժնև քաղաքում, մայիսի 2-ին։ Մրցաշարի 2-րդ փուլը կանցկացվի Դիլիջանում այս տարվա հունվարի 15-29-ը։ 3-րդ փուլի մասնակիցներին սեպտեմբերի 17-ից հոկտեմբերի 1-ը կհյուրընկալի Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդը։ Հաջորդ երեք փուլերը կանցկացվեն 2014 թվականին ՌԴ Խանտի Մանսիյսկ քաղաքում մայիսի 2-16-ը, Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում, հունիսի 18-ից հուլիսի 3-ը, իսկ ավարտական՝ եզրափակիչ փուլը տեղի կունենա օգոստոսի 24-ից սեպտեմբերի 7-ը Մոնղոլիայի Էրդենտ քաղաքում։

♦♦♦

Լոնդոնում աշխարհի ուժեղագույն շախմատիստների մասնակցությամբ շարունակվում է շախմատային թագի հավակնորդների հերթական մրցաշարը։ Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը մեկնարկում ոչ-ոքի խաղալով Նորվեգիայի տաղանդավոր շախմատիստ Մագնուս Կառլսենի հետ, հաջորդ՝ երկրորդ և երրորդ տուրերում առավելության հասավ Բորիս Գելֆանդի և Վասիլի Իվանչուկի նկատմամբ։ Չորրորդ տուրում Արոնյանը խաղաղ դաշն կնքեց Պյոտր Սվիդլերի հետ։ Հինգերորդ տուրում Լևոն Արոնյանը սև խաղաքարերով հաղթեց ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովին, իսկ վեցերորդ տուրում ոչ-ոքի խաղաց Ալեքսանդր Գրիշչուկի հետ։ Յոթերորդ տուրում առաջատարները՝ Լևոն Արոնյանն ու Մագնուս Կառլսենը խաղաղ դաշն կնքեցին։ Ութերորդ տուրում ցավալի պարտություն կրեց մրցաշարի առաջատար Լևոն Արոնյանը՝ պարտվելով Բորիս Գելֆանդին։ Այսպիսով՝ առաջնության միանձնյա առաջատար դարձավ նորվեգացի Մագնուս Կառլսենը, որը ոչ-ոքի խաղաց Կրամնիկի հետ։

ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Խորագիր՝ #12 (979) 28.03.2013 – 3.03.2013, Մարզաշխարհ


28/03/2013