Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԳԱՂՏՆԱԳՐԵՐ ՎԵՐԾԱՆՈՂ ԿԱՍՊԱՐՈՎԸ` ԱՆՏԵՍԱՆԵԼԻ ՃԱԿԱՏԻ ՀԵՐՈՍ



«Խելքը դրամով չես գնի»:

Երեմեյ Սարգսյան

Ինչպես գրում է գերմանացի ռազմական պատմաբան Կլաուս Ռեյնհարդտը «Շրջադարձ Մոսկվայից» գրքում, գերմանացիները «ծրագրում էին Մոսկվայի համար մղվող ճակատամարտը («Թայֆուն» ռազմագործողությունը) շահել մինչև հոկտեմբերի կեսը»: 1941թ. հոկտեմբերի 10, Մոսկվա: Խորհրդային մայրաքաղաքի համար ամենասարսափելի գիշերը: Քաղաքը ռմբակոծում են գերմանական 70 ռմբակոծիչներ: Վնասվել են Մեծ թատրոնի շենքը, Կենտրոնական հեռագրատունը, Կուրսկի կայարանը: Ավերվել է 400 շենք-շինություն, զոհվել են 150 մոսկվացիներ, ավելի քան 500-ը վիրավորվել են:

Հոկտեմբերի 12-ին Հիտլերը կարգադրեց «Մոսկվայի կապիտուլյացիան չընդունել, խորհրդային մայրաքաղաքը շրջապատել և ենթարկել հրետանային հյուծիչ հրետակոծման և օդային ռմբահարման»: Հիտլերը պատրաստվում էր Կարմիր հրապարակում շքերթ անցկացնել: Անհրաժեշտ ամեն ինչ արդեն երկաթուղային էշելոններով ուղարկվում էր Գերմանիայից: Սպաներից շատերի ուղեբեռում տոնական համազգեստ կար: Ֆինլանդիայից Մոսկվա են բերում հղկված կարմիր գրանիտի կտորներ` հաղթողների պատվին վիթխարի հուշարձան կանգնեցնելու համար:

Մոսկվայի պաշտպանության ընթացքում ամենավճռորոշ օրը 1941թ. հոկտեմբերի 16-ն էր, երբ քաղաքում խուճապ սկսվեց. խանութներն էին ջարդում, փաստորեն սկսվել էր անկառավարելի փախուստը քաղաքից: Հարձակվում էին այն ղեկավարների ավտոմեքենաների վրա, ովքեր փորձում էին իրենց ընտանիքներն ու գույքը տարհանել երկրի արևելք` փախչելով քաղաքից: Բայց և այնպես խուճապը բավականին արագ վերացվեց, և Մոսկվայում հոկտեմբերի 20-ին հայտարարվեց պաշարման դրություն: Հոգեբանական բեկում կատարվեց:

Այն օրերին, երբ խորհրդային ղեկավարությունը Մոսկվայի տարհանման ծրագրեր էր մշակում, խորհրդային զորքերով էշելոնները սկսեցին ծածուկ ժամանել Մոսկվա` Հեռավոր Արևելքից (վեց հրաձգային դիվիզիա), Անդրբայկալից (երկու մոտորացված դիվիզիա), Ուրալից ու Սիբիրից (տասը հրաձգային դիվիզիա), Ղազախստանից (վեց հրաձգային դիվիզիա, որոնցից մեկն ամբողջովին կազմավորված էր Ալմա-Աթայի և Ֆրունզեի բնակչությունից, հրաձգային մեկ բրիգադ և երկու ծովային հրաձգային բրիգադ), Միջին Ասիայից (Տաջիկական լեռնա-հեծելազորային դիվիզիան և այլ միավորումներ): Ընդհանուր առմամբ, երկաթուղայիններից պահանջվեց ընդամենը 10-15 օր (այն ժամանակների համար շատ քիչ), որպեսզի Հեռավոր Արևելքից ցրիչ գնացքների արագությամբ Մերձմոսկվա հասցվեն կադրային դիվիզիաներ (յուրաքանչյուր հրաձգային դիվիզիայի համար պահանջվեց 36 էշելոն), որոնք 1941թ. հոկտեմբերի 14-ին հրամանով անհապաղ հանվել էին հեռավորարևելյան սահմանից և երկու օրվա ընթացքում բարձվել գնացք: Դիվիզիաներն ամբողջությամբ գնացքներից իջեցվեցին հոկտեմբերի 27-31-ը: Մինչ այդ Սիբիրի և Անդրբայկալի ռազմական օկրուգներից Արևմտյան ուղղություն էին ժամանել 11 կադրային դիվիզիա: Միայն 1941թ. հուլիսից մինչև 1942թ. հունիսն ընկած ժամանակահատվածում Հեռավոր Արևելքից գործող բանակ է ուղարկվել 18 կադրային դիվիզիա` եղած 19-ից, իսկ 1942թ. հուլիսին` ևս 12 հրաձգային դիվիզիա է ժամանում Արևմուտք` որպես գերագույն գլխավոր հրամանատարի ռեզերվ:

Կարիք չկա ապացուցելու, թե ինչ մեծ էր սիբիրյան դիվիզիաների նշանակությունը, որոնք մերձմոսկովյան սահմաններ ժամանեցին պատերազմի առաջին փուլի ամենադժվար, վճռորոշ պահին: Մոսկվան պաշտպանելու եկան առանձնահատուկ խառնվածքի և պատրաստվածության զինվորներ. բնակլիմայական խստաշունչ ու դժվարին կենսապայմանների սովոր սիբիրցիները արիությամբ էին դիմանում ձմեռվա սառնամանիքին ու բքին, գերազանց տիրապետում էին զենքին, աչքի էին ընկնում երկաթյա առողջությամբ, ճարպկությամբ ու ռազմական գործին տիրապետելու հմտությամբ: Առանց այդ թարմ և լավ պատրաստված դիվիզիաների 1941թ. դեկտեմբերին, ամենայն հավանականությամբ, անհնար կլիներ շահել Մոսկվայի համար մղվող ճակատամարտը: Արժե նշել, որ շվեդական հետախուզությունը, որը միակն էր, որ տվյալներ ուներ Մոսկվայի մոտ խորհրդային զորքերի հակահարձակման անցնելու նախապատրաստության մասին, այդ տվյալները փոխանցեց Հիտլերին: Վերջինս չհավատաց այդպիսի ռազմագործողության իրականանալիությանը: Մոսկվայի մերձակայքում այն ժամանակ ջախջախվեց գերմանական 38 դիվիզիա` 11 տանկային, 4 մոտորացված և 23 հետևակային: Իրենց պաշտոններից զրկվեցին վերմախտի 35 ազդեցիկ զորավարներ:

Զարմանալի չէ, որ Մոսկվայի համար մղվող ճակատամարտին մասնակցեցին Կարմիր բանակի 26 դիվիզիաներ, որոնք բերվել էին Հեռավորարևելյան ռազմաճակատից, Անդրբայկալյան, Սիբիրյան և Միջինասիական ռազմական օկրուգներից, քանի որ այլևս իմաստ չուներ դրանք պահել ճապոնացիների հնարավոր հարձակումը հետ մղելու համար: Այն, որ առանց ծանր հետևանքների հաջողվեց զորքերը Սիբիրից և Հեռավոր Արևելքից տեղափոխել Մոսկվա` արդեն իսկ ծրագրված հակահարձակման համար, ոչ միայն հռչակավոր հետախույզ Ռիխարդ Զորգեի վաստակն է, այլև փայլուն անլեգալ հետախույզ գնդապետ Իսխակ Ախմերովի (կեղծանունը` «Քաղաքապետ», «Ալբերտ»), որի ռեզիդենտուրան միանգամայն հաջողությամբ իրականացրեց «Ձյուն» գործողության ամերիկյան սցենարը: Դրանով իսկ հետախույզները «չեզոքացրին Ճապոնիայի և ԽՍՀՄ-ի միջև պատերազմի վտանգը»: Չի կարելի թերագնահատել նաև այլ հետախույզների և ռեզիդենտուրաների վաստակը 1941-42թթ. ձմռանը Մոսկվայի մոտ Կարմիր բանակի հաղթանակի ապահովման գործում: Այն մասին, որ Ճապոնիան 1941թ. պատերազմի մեջ չի մտնի ԽՍՀՄ-ի դեմ, Ռիխարդ Զորգեից բացի Կենտրոն են հաղորդել նաև Ժանդոս Իսաևը Շանհայից (1945թ. Ճապոնիայում աշխատել է որպես ճապոնացի սպա), Լև Սերգեևը Վաշինգտոնից («Օմեգա» ռեզիդենտուրա, կեղծանունը` «Մորիս»), գերգաղտնի գործակալ Վսեվոլոդ Իվանովը Ճապոնիայից (1920-30-ական թթ. Խարբինում և Շանհայում գործող անլեգալ ռեզիդենտուրայի ռեզիդենտ, կեղծանունը` «Նիկոլայ») և Շանդոր Ռադոն Ժնևից (կեղծանունը` «Դորա»), որոնք կարողացան վերծանել Ծագող Արևի երկրի ամենապաշտպանված` «մանուշակագույն» գաղտնագիրը:

Անկասկած, չինական ռազմաճակատի առկայությունը (1937թ. հուլիսի 7-ից մինչև 1945թ. սեպտեմբերի 9-ը), որտեղ երեք անգամ ավելի շատ ճապոնական զորք կար, քան Քվանտունյան բանակում, նույնպես ազդել է խորհրդային ղեկավարության` 1941թ. Հեռավոր Արևելքից զորքերն Արևմուտք տեղափոխելու որոշման վրա: Գերմանիան, ի դեպ, 1941թ. հույս էր կապում Ճապոնիայի հետ. նրա խնդիրն էր Ճապոնիային ուղարկել հարավ` ամերիկացիների և անգլիացիների դեմ, որպեսզի ԱՄՆ-ը Արևմուտքում պատերազմի մեջ չմտնի:

ԽՍՀՄ-ի վրա Ճապոնիայի հարձակման ամսաթիվը որոշված էր` 1941թ. օգոստոսի 29. դա ծայրահեղ ժամկետն էր (Ճապոնիայի` ԽՍՀՄ-ի դեմ պատերազմ սկսելու ազդանշանը պետք է լիներ Մոսկվայի անկումը): Ճապոնիան մտադիր էր հասնել մինչև Օմսկ և այնտեղ միանալ գերմանական զորքերին: Մինչդեռ 1941թ. սեպտեմբերի 6-ին Ճապոնիայի կայսերական խորհրդակցության ժամանակ որոշում ընդունվեց մոտ ժամանակներում չհարձակվել ԽՍՀՄ-ի վրա` հետևյալ պատճառներով.

-Կայծակնային պատերազմի ձախողումը։

-Հեռավոր Արևելքում խորհրդային զորքերն այնքան չէին թուլացել, որքան ակնկալում էին ճապոնացիները (Հեռավոր Արևելքում և Սիբիրում խորհրդային դիվիզիաների քանակը նվազել էր 30-ից 15-ի, իսկ ավիացիայի, զրահատանկային զորքերի և հրետանու զորքերի քանակը` երկու երրորդով: Ճապոնացիները բավականին շատ հետախույզներ ու գործակալներ ունեին նախևառաջ խորհրդային երկաթուղայինների շրջանում): Փաստորեն, ճապոնացիներն ուզում էին կռվել քիչ արյուն թափելով:

-Ռեսուրսների սահմանափակ լինելը (ծովակալ Յամամոտոն, որը մշակել էր Պերլ Հարբորի վրա հարձակման ծրագիրն ու հետագա ռազմագործողությունները Հարավարևելյան Ասիայում, Խաղաղ օվկիանոսում, կայսերական խորհրդակցության ժամանակ զեկուցեց. «Ես երաշխավորում եմ բարեհաջող ռազմագործողություններ կես տարվա ընթացքում: Իսկ հետո մեր ռեսուրսները չեն բավականացնի»: Ամերիկացիների՝ նավթի վրա դրած արգելանքի պատճառով Ճապոնիայի հնարավորություններն էապես սահմանափակվել էին):

-Պայքար բնական պաշարների համար (խորհրդային տարածքում կար ամեն ինչ, բայց` անմշակ վիճակում, և ժամանակ էր անհրաժեշտ, որպեսզի հումքի արտահանում կազմակերպվեր, մինչդեռ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Հոլանդիայի գաղութներում ամեն ինչ արդեն մշակված էր, և ճապոնացիներին բավական էր միայն գրավել այդ տարածքներն ու անմիջապես կազմակերպել անհրաժեշտ հումքի և սննդամթերքի մատակարարումը):

– Նավատորմի և բանակի միջև դիմակայությունը բյուջետային հատկացումների համար. ավելի շատ պետք էր հատկացնել նրան, ով առաջինը կմտներ պատերազմի մեջ:

ԽՍՀՄ-ի` Ճապոնիայի դեմ պատերազմ սկսելու պահին վերջինիս համարյա բոլոր մարտունակ դիվիզիաները Խաղաղօվկիանոսյան ռազմաբեմում էին: Ճապոնական հրամանատարությունը Քվանտունյան բանակի միավորումների մարտունակությունը, որոնց մեծ մասը կազմավորվել էր 1945թ. հուլիսին, գնահատվում էր լիարժեք հետևակային դիվիզիայի մարտունակության միայն 15-20%-ի չափով: Եղած 29 միավորումներից միայն երկուսի մարտունակությունն էր գնահատվել 70-80%: Ճապոնական զորքերին չէր բավարարում սպառազինությունը, զինամթերք, փոխադրամիջոցներ և վառելիք, իսկ նոր կազմավորումներում մեծ մասը անպատրաստ զորակոչիկներ էին` ուսանողներ և հաշմանդամներ: Ճապոնացիների տրամադրության տակ Մանջուրիայում կային 50-ից ոչ ավելի մարտունակ ինքնաթիռներ: Չկային հակատանկային հրետանի, ինքնագնաց հրետանի և ինքնաձիգներ: Թեթև և հնացած տանկերը վառելիքի պակասի պատճառով այդպես էլ չկարողացան մարտի մեջ մտնել: 1945թ. հուլիսին ճապոնացիները լուծարեցին Մանչժոու- Գոյի (Մանջուրիայում ճապոնացիների ստեղծած մարիոնետային պետության) բանակը, որում կար 170 հազ. մարդ, որպեսզի զինեն ճապոնական նոր դիվիզիաները: Քվանտունյան բանակը չէր կարող ոչ միայն հաջողության հասնել Կարմիր բանակի դեմ պայքարում, այլև առհասարակ շահել քիչ թե շատ լուրջ ժամանակակից մարտ: Մանջուրական ռազմագործողության ժամանակ խոշոր մարտեր չեն եղել, և խորհրդային բանակները չիրացրին իրենց ամբողջ կրակային ու հարվածային ուժը:

Խորհրդային դիվիզիաները Հեռավոր Արևելքից Արևմուտք տեղափոխելը և Մոսկվայի ճակատամարտում օգտագործելը հնարավոր դարձավ նաև ծածկագրեր վերծանող խորհրդային մասնագետների շնորհիվ: Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի 5-րդ հետազոտական վարչության աշխատակիցներ Սերգեյ Տոլստին, Արմենակ Սեմյոնի Կասպարովը, Վլադիմիր Կոտելնիկովը և Իգոր Շումսկին կարողացան վերծանել ճապոնական գաղտնագրերն ու հատուկ պաշտպանված կոդերը («նարնջագույն», «կարմիր» և «մանուշակագույն»): Բանն այն է, որ պատերազմի արդեն առաջին օրերին վերծանվեցին Ճապոնիայում Գերմանիայի դաշնակից մի շարք պետությունների դեսպանների կոդավորված հաղորդագրությունները: Ճապոնիայի կայսեր հանձնարարությամբ նրանք իրենց երկրների կառավարություններին զեկուցում էին, որ հուլիսի 2-ին կայսեր մոտ հրավիրված խորհրդակցությունում որոշվել է ԽՍՀՄ-ի դեմ պատերազմ չսկսել, և որ Ճապոնիան վստահ է Գերմանիայի շուտափույթ հաղթանակին, սակայն առայժմ իր ուժերը կենտրոնացնում է Խաղաղ օվկիանոսի հարավում` ԱՄՆ-ի դեմ (բայց չէ՞ որ այդ պատերազմը դեռ սկսված էլ չէր): Համանման տեղեկություններ էին ստացվել կապուղիներով Ճապոնիայի իշխանության բարձրագույն օղակների միջև նամակագրության վերծանման, ինչպես նաև ռազմական հետախուզության ռեզիդենտուրաների արդյունավետ գործունեության շնորհիվ:

Պատերազմի տարիներին գիտնական-վերծանողների ձեռքբերումների մասին կարելի է պատկերացում կազմել, մասնավորապես, այն բանից, երբ 1942թ. ապրիլի 4-ին ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի Նախագահության «ԽՍՀ Միության ՆԳԺԿ աշխատակիցներին Կառավարության հանձնարարությունների օրինակելի կատարման համար պարգևատրելու մասին» հրամանով պետանվտանգության ավագ լեյտենանտ Արմենակ Կասպարովը պարգևատրվեց Կարմիր աստղի շքանշանով:

Պետանվտանգության գնդապետ Ա.Կասպարովը ծնվել է 1909թ. Շուշիում: 1937թ. ավարտել է Մոսկվայի պետհամալսարանին կից Արևելագիտության ինստիտուտը: Անվտանգության մարմիններում ծառայել է 1937-1963թթ.` զբաղեցնելով տարբեր պաշտոններ, որոնք կապված էին ԽՍՀՄ ծածկագրված կապի անվտանգության ապահովման, ծածկագրեր ստեղծելու, օտարերկրյա պետությունների հաղորդագրությունների վերծանման հետ:

1963թ. գնդապետ Կասպարովը հիվանդության պատճառով զորացրվում է: Կարելի է միայն պատկերացնել, թե Հայրենական Մեծ պատերազմի տարիներին մարդկանց քանի՞ կյանք է փրկել անտեսանելի ճակատի հերոսի` գաղտնագրեր վերծանողի ծանր մտավոր աշխատանքը, որը, հայտնի է հավանաբար մասնագետների նեղ շրջանակին միայն:

ԱՐԿԱԴԻ ՍԱՐԳՍՅԱՆ
ՌԴ ռազմական գիտությունների
ակադեմիայի իսկական անդամ,
տեխն.գիտ.դոկտոր
Լուս.` հեղինակի անձնական արխիվից

Խորագիր՝ #12 (979) 28.03.2013 – 3.03.2013, Ճակատագրեր


28/03/2013