Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՌԱՋԻՆ ԿՐԱԿՈՑԸ



Ասկերան շջկենտոնը, գտնվելով Աղդամ քաղաքի անմիջական հարեւանությամբ, մշտական վտանգի մեջ էր: Իսկ Խանապատ (Խնապատ, Ոսկեսազ) եւ Խրամորթ գյուղերը գնտնվում էին այն ժամանակվա ԼՂԻՄ-ի եւ Ադրբեջանական ՍՍՀ-ի սահմանագծում: Ասկերան մտնելու համար Աղդամի հրոսակները պետք է անցնեին Խնապատ գյուղի կողքից, իսկ Ստեփանակերտ հասնելու համար՝ Ասկերանով: Չնայած աննպաստ դիրքին, Աղդամի թուրքերին ողջ պատերազմի ընթացքում այդպես էլ չհաջողվեց մտնել Խնապատ, որովհետեւ կամավորական ջոկատի մարտիկները կռվում էին անձնվիրաբար: Հակառակորդը անընդհատ գնդակոծում եւ հրետակոծում էր գյուղերն ու շրջկենտոնը, բայց առաջ շարժվել չէր հաջողում: Միայն մեկ անգամ կարողացավ Խրամորթի հատվածով ճեղքել եւ ամրանալ Կարմիր քերծի վրա: Թշնամու 100 հոգանոց խումբը անցավ գյուղերի պաշտպանության թիկունք: Իրավիճակը օրհասական էր, սակայն շատ արագ մարտական գործողություն մշակեցին: Մի տանկ, շրջանցելով Կարմիր քերծը, դուրս եկավ թշնամու թիկունք: Թուրքերը խուճապի մեջ ընկան: Համարյա բոլորը ոչնչացվեցին: Նահանջողներին կրակով դիմավորեցին ներքեւում դիրքավորված Խնապատի ջոկատի մարտիկները: 20 հոգի հազիվ կարողացան դուրս պրծնել, մինչդեռ հայկական կողմը ոչ մի զոհ չտվեց, միայն մեկ վիրավոր:

1988թ. փետրվարի 22-ին Ասկերանում հանրահավաք էր: Անընդհատ հանրահավաքներ էին նաեւ Ստեփանակերտում: Աղդամի ադրբեջանցիները որոշել էին հասնել Ստեփանակերտ, գրավել քաղաքի հրապարակը, այնտեղ անցկացնել իրենց հանրահավաքը՝ հայերի շարժմանը հակադրվելու եւ խանգարելու համար:

Գալիս էին հրոսակների նման: Իրենց ճանապարհին թալանում, քանդում ու ոչնչացնում էին ամեն ինչ՝ հանդիպող հայկական մեքենաները, շինություններ, այգիներ: Ավերեցին էլեկտրական աղացը, ոտնատակ տվին խաղողի այգիները, հասան «ԳԱԻ պոստը», նույնպես ավերեցին: Արդեն մոտեցել էին Ասկերանին: Իսկ մինչ այդ ասկերանցիները, զգալով վտանգը, հրապարակից ընդառաջ եկան՝ պաշտպանելու իրենց բնակավայրը: Եվ, ահա, կանգնած էին դեմ-դիմաց:

Հրայր Հովսեփյանը Խնապատի միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ էր: Հայրը՝ Յուրիկը, աշխատում էր Ասկերանում: Երկուսն էլ մասնակցում էին հանրահավաքին: Հրայրը դեռ 87-ից էր միացել շարժմանը: 87-ի աշնանը գնացքով մեկնում էր Կիեւ: Հարեւան կուպեում թուրքերը բարձրաձայն խոսում, հայհոյում էին հայերին: Հրայրը չկարողացավ համբերել, կռվի մեջ մտավ: Ստեփանակերտցի մի քանի երիտասարդներ միացան նրան, ադրբեջանցիներին ջարդ տվին: Ծանոթանալով տղաների հետ՝ Հրայրը միացավ ընդհատակյա շարժմանը: Պայքարում ու երազում էին ազատության մասին:

Հիմա վճռական պահն էր: Յուրիկը խնայելով որդուն՝ ասաց.

– Գնա գյուղ, այնտեղ էլ վտանգ կա:

Մտածում էր՝ խուժանը Ասկերանի վրա է գալիս, գյուղ չի մտնի:

Հրայրը երկու ընկերների՝ Բաղդասար Խաչատրյանի եւ Արարատ Մինասյանի հետ, գնաց գյուղ: Վերցնելով հայրերի որսորդական հրացանները՝ եկան, դիրքավորվեցին Խնապատ գյուղից դեպի Աղդամ ընկած ֆերամայում: Երբ ադրբեջանցիները «ԳԱԻ պոստում» հանդիպեցին հայ ցուցարարների հոծ բազմությանը, ճանապարհը թեքեցին եւ շարժվեցին դեպի անպաշտպան մնացած Խնապատ գյուղ: Այդ ժամանակ Հրայրը եւ իր երկու ընկերները թաքստոցից կրակեցին: Խուժանը խուճապի մատնվեց, եւ օգնության հասած խնապատցիները կարողացան հետ քշել կատաղած, ընչաքաղց ավազակներին:

Դա ադրբեջանցու վրա արձակված առաջին կրակոցն էր, որն ազդարարում էր երկրարտեւ, արյունահեղ պատերազմի սկիզբը:

Հարցաքննություններից ու հետապնդումներից խուսափելու համար Հրայրը մեկնեց Երեւան: Երազում էր բժիշկ դառնալ: Հաջողությամբ հանձնեց քննությունները, ընդունվեց Երեւանի բժշկական ինստիտուտ: Սովորում էր գերազանց, բայց միտքը շարունակ Ղարաբաղում էր՝ իրադարձությունները գնալով սրվում էին: Եվ նա վերադարձավ ծննդավայր:

90-ականներից գյուղում ջոկատ էր կազմավորվել: Զինված բախումները հաճախակիացել էին: 1991թ. հունվարի 31-ին Աղդամից հարձակվեցին Խրամորթ գյուղի վրա: Տեղի կամավորական ջոկատին օգնելու համար Խնապատից մի խումբ գնաց: Հրայրն այդ խմբի մեջ էր: Դրանից հետո մնաց ջոկատում՝ միաժամանակ շարունակելով ուսումը:

Մարտիկ էր, անհրաժեշտության դեպքում՝ բժիշկ: Ջոկատի առաջին հրամանատար Արթուր Հայրապետյանի հետ գնում էր հետախուզության: Աղդամի կրակակետերի ոչնչացման մարտագործողությունից առաջ մի քանի անգամ մտան Աղդամ, բերեցին անհրաժեշտ տեղեկությունները: 1992թ. հակառակորդը բազմաթիվ անգամ գրոհեց Խնապատի ուղղությամբ: Հրայրը մարտական ընկերների հետ առաջին գծում էր: Միմյանց հաջորդող մարտերից մեկում հունիսի 12-ին, երեք զրահատեխնիկա ոչնչացրեց, մարտում հերոսաբար զոհվեց հրամանատար Արթուր Հայրապետյանը: Նրան փոխարինեց Սանասար Ծատուրյանը:

1992թ. սեպտեմբերից ջոկատը մտավ Վիտալի Բալասանյանի հրամանատարությամբ ստեղծված Ասկերանի գնդի կազմի մեջ: 1993թ. ամռանը, Աղդամի ազատագրումից հետո Հրայրին առաջադրանք տրվեց տեղում կազմավորելու դաշտային հոսպիտալ: Հրայրը նշանակվեց հոսպիտալի պետ, սակայն ահրաժեշտության դեպքում ընկերների հետ մասնակցում էր մարտական գործողություններին: Արթուրի զոհվելուց հետո զբաղվում էր նաեւ հետախուզությամբ:

Մինչեւ 1994թ. Հրայր Հովսեփյանն Ասկերանի զորամասի կազմում մասնակցել է Ասկերանի մի շարք սահմանամերձ գյուղերի պաշտպանական, Աղդամի, Հորադիզի, Օմարի ազատագրական մարտերին:

Նրա մարտական ծառայությունն ընդհատվեց հրադադարից ընդամենը մեկ ամիս առաջ, Աղդամի շրջանի Գյուլուջա գյուղի ազատագրման ժամանակ: 1994թ. ապրիլի 19-ին ծանր վիրավորվեց: Այդ օրը զորամասը դժվարին կռիվ էր մղում, շատ էին վիրավորները: Անմիջապես մեկնեց գործողության վայր: Տարածքն անընդհատ հրետակոծվում, գնտակոծվում էր: Շատ վիրավորների դուրս հանեցին, շատերի կյանքը փրկեցին: Վերջին անգամ, երբ դուրս էր գալիս մարտադաշտից, հակառակորդի գնդակը գտավ նրան: Բուժակ Ագոն առաջին օգնություն ցույց տվեց, վիրակապեց, Վալերի Մարությանը վիրահատեց դաշտային հոսպիտալում, տեղափոխեցին Ստեփանակերտ, ապա՝ Երեւան:

Վիճակը գնալով ծանրանում էր՝ կտրվել էր ձախ ոտքի գլխավոր զարկերակը: Ստիպված էին Երեւանից էլ տեղափոխել Մոսկվայի հիվանդանոցներից մեկը: Աննկուն զինվորը չորս անգամ վիրահատվեց՝ առողջությունը դժվար էր վերականգնվում, սակայն ցավը չընկճեց Արցախի խիզախ զավակին: Նա շարունակեց պայքարը եւ ուսումը: Ծառայության անցավ Արցախի Հանրապետության զինված ուժերում, ընտանիք կազմեց: Այսօր նրան փոխարինելու են եկել չորս զինվոր զավակները՝ Արան, Արմանը, Արմենը եւ Արամը: Նրանք մեծանում են հայրենիքի հանդեպ սիրով լեցուն, սիրում են զիվորական համազգեստ հագնել: Նույնիսկ երեք ու կես տարեկան Արամի համար Ձմեռ պապը զինվորական համազգեստ է բերում, որովհետեւ այդ է նրա ամենացանկալի նվերը:

Հրայր Հովսեփյանն իրեն եւ իր զոհված ընկերներին փոխարինող զինվորներ է մեծացնում, որ միշտ անառիկ պահեն հայրենիքի սահմանները, որ թուրք հրոսակներն այլեւս չկարողանան ոտք դնել իր պապերի՝ հերոս մելիքների ու բազմաթիվ քաջերի արյունով ազատագրված հայրենիքի սահմաններից ներս:

Իր անմնացորդ նվիրումի ու անբասիր ծառայության համար Հրայր Հովսեփյանը պարգեւատրվել է «Արիություն» մեդալով եւ «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով:

ՀՈՎԻԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Խորագիր՝ #12 (979) 28.03.2013 – 3.03.2013, Ճակատագրեր


28/03/2013