Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԻՇԵՆՔ ԲՈԼՈՐ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ



Մարտի 22-ին ագրարային համալսարանում միջոցառում էր՝ նվիրված զոհված ազատամարտիկ, մանկավարժական գիտությունների թեկնածու, ՀԳԻ ֆիզիկական կուլտուրայի ամբիոնի դոցենտ, սպորտի վարպետ Մերուժան Մարգարյանին (Արծիվ Մերուժին)։ Մերուժան Մարգարյանը 1968-ից աշխատանքի էր անցել այս բուհում։ Ավագ դասախոս էր, երբ սկսվեց Արցախյան շարժումը։ Նա առանց իսկ մեկ վայրկյան վարանելու շտապեց պայքարի դաշտ։ Ուսանողներից կազմված կամավորական ջոկատի հրամանատար էր։ Մասնակցեց ԼՂՀ Հադրութի (Ծամձոր, Խծաբերդ, Ջրաբերդ), Ֆիզուլու ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։

Բազմամարդ է ագրարային համալսարանի մեծ դահլիճը։ Բեմի կենտրոնում Մերուժան Մարգարյանի մեծադիր լուսանկարն է՝ զենքը ձեռքին, հայացքը՝ երկնքի հեռուներին։ Հերոս քաջորդուն նվիրված ֆիլմ է ցուցադրվում «Մենք բոլորս լը ֆիդային ինք» (ռեժիսոր՝ Անդրանիկ Կիրակոսյան, սցենարի հեղինակ՝ Վրեժ Սարուխանյան)։ Հիշում, պատմում են Մերուժանի ընկերները, նրան ճանաչողները։ Ներկան ու անցյալը, իրականն ու առասպելականը միախառնվել են։ Աչքերիդ առաջ պատկերվում է Արծիվ Մերուժը՝ հզոր, պոռթկուն, խոսքը ճակատին ասող, շիտակ, պատրաստ բոլորին օգնելու։ Նրա ամենակարևոր հատկանիշը խորը արմատավորված հայրենասիրությունն էր՝ սասունցի ծնողներից ժառանգած։

Եվ ահա, երբ վտանգվեց հող հայրենին, աշխարհի չափ բարի Մերուժանը մեկեն վերածվեց առյուծի, առաջիններից մեկը հայտնվեց կռվի դաշտում։ Կռվում էր առյուծավարի, մեկի փոխարեն երկու զարկ տալիս թշնամուն՝ մեկը իր, մյուսը ծննդավայր, տունուտեղ կորցրած պապերի փոխարեն։ Կռվում էր ցասումով, վրեժով, հավատով, որ այս եղածն էլ հանկարծ չկորցնենք, որ բացվի էրգրի ճամփան, որ հասնի Տարոն աշխարհ ու խմի Մգդենք գյուղի պաղ ջուրը…

Ինչքա՜ն երազանքներ, նպատակներ ուներ դեռ իրագործելու, ամեն ինչ կիսատ մնաց. թշնամու ականի պայթյունից երկու ոտքը կտրվեց, հասցրին հիվանդանոց։ Բժիշկները համառ պայքար էին մղում նրա կյանքի համար, բայց… «Այլևս հայրենիքիս համար կռվել չկարողանալու պատճառով ես հեռանում եմ երկրային կյանքից։ Ձեր Մերուժան»։ 1994թ. հունվարն էր…

♦♦♦

Մերուժան Մարգարյանը հետմահու պարգևատրվել է ՀՀ «Արիության» և ԼՂՀ «Մարտական ծառայություն» մեդալներով։ Ով գեթ մեկ անգամ շփվել է Մերուժանի հետ, ակնածանքով է հիշում, խոսում նրա մասին։ Հրաշալի զավակներ ու թոռներ ունի Մերուժանը, իր ազնիվ գեների արժանավոր ժառանգորդներն են։ Աշնակում՝ Մերուժի ծննդավայրում, նրա հիշատակը հավերժացնող հուշահամալիր կա, գյուղի միջնակարգ դպրոցում՝ անվանակոչված դասարան։ Սասունցի քաջորդու հիշատակը վառ պահելու ևս մեկ իրեղեն ապացույց էլ այսօր ագրարային համալսարանի ֆիզիկական կուլտուրայի ամբիոնը Մերուժան Մարգարյանի անունով անվանակոչելն է։

«Այս օրվան երկար էինք սպասել։ Այս եզակի կարևոր միջոցառումը ոչ միայն հարգանքի տուրք է, այլ նաև դաս երիտասարդ սերնդին։ Պատերազմն ավարտված չէ։ Մերուժի նման քաջերը կոգեշնչեն մեր այսօրվա պատանիներին։ Ամեն ինչ անցողիկ է, մնայուն է հայրենիքի հերոսի սխրանքը,- նշում է ԱԱՀ ռեկտոր Արշալույս Թարվերդյանը,- ինչ էլ որ անենք մեր հերոսների համար, քիչ է։ Մեր համալսարանի ԼՂՀ Շուշիի մասնաճյուղը նույնպես անվանակոչվելու է Մերուժանի անունով։ 20 տարուց ավելի մենք աշխատել ենք արդարամիտ, անզուգական հայրենասեր, հողին ամուր կպած մարդու հետ»։

Ջերմ և հուզիչ ելույթները հետևում էին մեկը մյուսին։ ԵԿՄ վարչության անդամ Հրանտ Պատրիկյանն իր ելույթում նշեց, որ «Մերուժն իրենով մոտեցրեց հաղթանակը», ապա վարչության անունից շնորհակալություն հայտնեց բուհի անձնակազմին՝ հայրենասիրական ցերեկույթը պատշաճ կերպով կազմակերպելու համար։

Գնդապետ Ֆրունզիկ Ավագյանն էլ Մերուժան Մարգարյանին հետմահու շնորհված ԼՂՀ «Մայրական երախտագիտություն» մեդալը հանձնեց հերոսի այրուն՝ տիկին Էլյային։

Ազատամարտի վետերանների միության նախագահ Հակոբ Գրիգորյանը ևս կարևորելով նմանաբնույթ միջոցառումների դերը, ասաց. «Մենք պետք է մատաղ սերնդին մեկ առ մեկ ներկայացնենք մեր բոլոր քաջորդիներին»։ Իսկ Աշնակ գյուղի Գևորգ Չաուշի անվան դպրոցի տնօրենն էլ շեշտեց. «Այսօրինակ միջոցառումները կնպաստեն, որ արթուն մնա հայրենասիրական ոգին։ Հաճախ պետք է կազմակերպենք բաց դասեր և ներկայացնենք մեր ազատամարտիկներին, մեր էպոսը, մեր բանակը… Այն ամենը, ինչը հայկական է ու հայաշունչ»։

Դահլիճում թևածում էր հայրենաշունչ երգն ու պարը՝ սիրված երգիչների և համույթների կատարմամբ։ Սասնա փոթորկաշունչ պարերից դղրդում էր դահլիճը։ Պարողների թիվը գնալով ավելանում էր, դահլիճը նեղ էր այլևս, ու պարը շարունակվում է ագրարային համալսարանի բակում։

Առյուծ Մերուժի հաղթական ոգին ոգեշնչել էր ներկաներին։ Ու պարում էին միակուռ, միասնական՝ ազատամարտիկ, ուսանող, ահել ու ջահել։ Եվ ամեն մեկը հոգու խորքում հավատում էր, վստահ էր, որ մի օր էսպես միասնական պարելու են Սասունում, Մուշում, Տարոնում…

Ա. ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
Մայոր
Լուս.՝ Գ. ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ
Կապիտան

Խորագիր՝ #12 (979) 28.03.2013 – 3.03.2013, Ճակատագրեր


28/03/2013