ԱԴՐԲԵՋԱՆԻ ԲԱՆԱԿՈՒՄ ՏԻՐՈՂ ՔԱՈՍԱՅԻՆ ՎԻՃԱԿԸ ԴԱՐՁԵԼ Է ՄԱՍՍԱՅԱԿԱՆ ՑՈՒՅՑԵՐԻ ՊԱՏՃԱՌ
Ադրբեջանի բանակը գտնվում է անմխիթար վիճակում. իրար հաջորդող ինքնասպանության և սպանության դեպքերը, զինծառայողների և սպաների շրջանում ոչ կանոնադրական հարաբերությունները, շարունակական բնույթ կրող նմանատիպ դեպքերը դժգոհության ալիք են բարձրացրել ադրբեջանական հասարակությունում, մասնավորապես` Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում տեղի են ունենում ցույցեր` ընդդեմ երկրի իշխանության ու զինված ուժերի ղեկավարության:
Ցուցարարները հանդես են գալիս. «Վերջացրե՛ք սպանել մեր զինվորներին», «Հերի՛ք մեր բանակը դարձնեք սպանդանոց» բացականչություններով: Ցուցարարներից մեկն Ազատություն ռադիոկայանին ասել է. «Մենք ունենք ապազգային խորհրդարան, ապազգային նախագահ», հավելելով, որ բոլոր պետական կազմակերպությունները հակապետական բնույթ են կրում: Ցուցարարների շարքում եղել են բանակում սպանված կամ խոշտանգված զինծառայողների ընտանիքների անդամներ:
Ադրբեջանցի հայտնի իրավապաշտպան Ալեքպեր Մամեդովը լքել է հայրենիքը: Ինչպես հաղորդում է ադրբեջանական Contact.az կայքը, իրավապաշտպանն այդ քայլին դիմել է իր և իր ընտանիքի անդամների նկատմամբ սկսված հետպանդումների պատճառով: Ադրբեջանական «Թուրան» գործակալության հետ զրույցում իրավապաշտպանը նշել է, որ հետապնդումներն սկսվել են 2012թ. հոկտեմբերին հրավիրված մամուլի ասուլիսից հետո, որի ժամանակ իրավապաշտպանը բարձրաձայնել էր ադրբեջանցի զինծառայողների ներքին օրգանների վաճառքի մասին:
Վերոնշյալ մամուլի ասուլիսին ներկա են եղել նաև երկու մահացած զինծառայողների ծնողներ: Զինվորները մահացել էին 2012թ. պաշտոնական տվյալներով՝ ինքնասպան էին եղել: Ծնողները, սակայն, վստահ են, որ նրանց սպանել են: Մամուլի ասուլիսի ժամանակ նրանք հայտարարել էին, որ երեխաների մարմիններն իրենց էին հանձնել առանց ներքին օրգանների: Ալեքպերովն իր հերթին նշել էր, որ ապացույցներ ունի այդ զինծառայողներից մեկի սիրտն ու երիկամը արտասահմանում վաճառելու կապակցությամբ:
Ադրբեջանի ներսում ԶՈՒ նկատմամբ անվստահությունը շարունակում է մեծանալ, և մասնագետների կարծիքով ադրբեջանական բանակը ի զորու չէ պատերազմելու Հայաստանի դեմ, եւ որ պատերազմի ընթացքում ադրբեջանական զորքը խուճապահար կլքի մարտի դաշտն, ու հայկական կողմն անարգել կներխուժի իրենց տարածքները:
ՍԱՐԳԻՍ ԲԵԳԼԱՐՅԱՆ
Խորագիր՝ #12 (979) 28.03.2013 – 3.03.2013, Ռազմաքաղաքական