ԵՍ ՀԵՐՈՍ ԵՄ՝ ՓՈՔՐԻԿԻՍ ԱՉՔԻՆ…
ՎԱՀԱԳՆ ՂԱԶԱՐՅԱՆ
Վաշտի հրամանատար
«Ինչո՞ւ են բոլորը քեզ սիրում» հարցս մի տեսակ անակնկալի բերեց մայոր Վահագն Ղազարյանին, և նա սկսեց մտածել՝ հայացքը անթարթ ու դանդաղ, շատ դանդաղ սահեցնելով հեռու շարահրապարակում շարային քայլք-երգով անցնող զինվորների, սպիտակ, մաքուր զորանոցի, ուսումնական շենքի, առանձին կանգնած կոկիկ ճաշարանի, այնուհետև խրճիթ-ընթերցասրահ հիշեցնող գրադարանի փայտաշեն տնակի վրայով, ասես պատասխանը նրանցից էր ակնկալում:
-Չգիտեմ, ազնիվ խոսք՝ չգիտեմ։ Շատ ավելի հեշտ կլիներ երևի, եթե մարդ պատասխաներ, թե ինչի համար է ինքը ուրիշներին սիրում ու հարգում, քան հակառակը։ Ես, անկեղծորեն ասեմ, չէի ուզենա նման հարցի պատասխանել։ Ծառայում եմ բոլորի նման և առանձնահատուկ բան էլ չեմ արել: Ձեր հարցն ինձ մի ուրիշ պատմություն հիշեցրեց։ Մի անգամ իմ մանկության ընկերն ինձ հարցրեց, ասաց. «Էս ա, համարյա 20 տարի է, որ բանակում ես, ի՞նչ ես շահել, տուն-տեղ, մեքենա, թանկարժեք գույք, բան, ի՞նչ ունես, ի՞նչ ես ետ գցել»։ Ես ասացի՝ այո, ամեն ինչ էլ ունեմ։ Ասաց՝ օրինկ՝ ի՞նչ։ Ասացի՝ հեռուստացույց, վիդեո, համակարգիչ։ Նա երկար ժամանակ չխոսեց, զարմացած ինձ նայեց։ Հետո թե՝ «Իսկապես որ միամիտ լոռեցի ես. հեռուստացույցն ու վիդեոն, անգամ քո էդ քոսոտ կոմպյուտերը վաղուց արդեն հասարակ կենցաղային տեխնիկա են, ոչ թե թանկարժեք իր… Այ, դրա համար էլ քեզ բոլորը սիրում են»։ Եվ ես հասկացա, որ անիմաստ է նրա հետ խոսել հայրենիքի նկատմամբ ունեցած պարտքից, պատասխանատվությունից, որովհետեւ, միևնույն է, նա ինձ չի հասկանա։ Իսկապես, դժվար է նման մի հարցի պատասխանելը. ամեն մարդ իր ձևով է այն հասկանում։ Օրինակ՝ ես մտածում եմ, որ ինձ սիրում են, որովհետև այս զորամասի ավագագույն սպաներից եմ… Երբ առաջին անգամ այստեղ ոտք դրի, զորամասը բոլորովին էլ հիմիկվա տեսքը չուներ։ Այս կանաչ գազոնները, որ ձգվում են համարյա ամբողջ զորամասով, մենք՝ հնաբնակներս ենք խնամել ու ջրել։ Ինձ ուղղակի հարգում են՝ որպես զորամասի հնաբնակներից մեկին։
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի, որ այն ժամանակ բարձրագույն զինվորական հրամանատարական ոսումնարան էր կոչվում, առաջին հոսքի շրջանավարտներից եմ։ Ժամանակն իսկապես որ արագ է թռչում. քո աչքի առաջ երեկվա օրը դառնում է պատմություն, երեկվա նորելուկ լեյտենանտն արդեն փորձառու սպա է… Իսկ ես ծառայում եմ այնպես, ինչպես պարտավոր եմ ծառայել և անում եմ ճիշտ այնքան, ինչքան թույլ են տալիս իմ հնարավորություններն ու իմ խիղճը։ Իսկ խիղճը սպայի համար, իմ համոզմամբ, ավելին է, քան ցանկացած օրենք և բոլոր տեսակի կանոնագրքերը միասին վերցրած։ Հետո ինչ, որ այսօր այդ բառն այնքան էլ մոդայիկ չէ։ Ոչ մի գիտելիք մարդուն չի փրկի, եթե նրա մեջ խիղճ, հոգի, խղճմտանք չկա։ Մարդուս ամենամեծ դատավորը հենց խիղճն է, խղճմտանքն ու հոգին։ Անհոգի մարդը, մանավանդ՝ սպան, ոչ ոքի պետք չէ. ո՛չ իր ընտանիքին, ո՛չ հասարակությանը, ոչ էլ պետությանը։ Ընդամենը այսքանը։ Եվ, իսկապես, որ իմ արածի մեջ, բացի ամենօրյա աշխատանքից, հերոսական որևէ բան չկա՝ դասեր, զինվորների հետ աշխատանք, տեխնիկայի ստուգում, կարգավորում։ Ես ասում եմ առանց ավելորդ, կեղծ համեստության։ Ճիշտն ասած, երբեմն նույնիսկ հոգնում եմ իմ ամենօրյա, միաբնույթ պարտականությունները կատարելուց։ Եվ, հավատացեք՝ ինձնից բացի, ոչ ոք այդ մասին երբեք չի իմանում՝ ո՛չ ծառայակից ընկերներս, ո՛չ տնեցիները։
Բոլորի նման ծառայությունս սկսվում է առավոտվա ժամը 8-ին ու ձգվում է մինչև երեկոյան ժամը 8-ը, երբեմն էլ՝ ավելի երկար։ Սպայի կյանքն անցնում է զորամասում, զինվորի հետ և տան համար, հավատացեք, ժամանակ և ուժ չի մնում։ Բայց ո՞վ է մեղավոր. չէ՞ որ ինքներս ենք ընտրել ապրելու այս ձևը՝ սպայի մասնագիտությունը։ Մենք չենք աշխատում, մենք ծառայում ենք, և հսկայական տարբերություն կա այս երկու բառերի՝ աշխատելու և ծառայելու միջև, թեև թվում է, թե նույն բաներն են… Հավանաբար հենց այդ պատճառով է, որ բոլոր ժողովուրդները սրբացնում են հայրենիքի պաշտպանին ու նրա գործը։
Ամենօրյա ծառայության ընթացքում կրկնվող գործողությունների, խոսքերի, հրամանների, քայլքի, դասերի, անվերջանալի պարտականությունների, պատասխանատվության և օրըստօրե մեծացող ընտանեկան հոգսերի արանքում հօդս է ցնդում սպայի կյանքի ռոմանտիկան, այն ռոմանտիկան, որ քեզ բերել է ռազմական ինստիտուտ, զորամաս, և մի օր էլ անվերջանալի թվացող հոգսերի միջից գլուխդ բարձրացնում ես և տեսնում, որ այլևս չես կարող ապրել առանց այդ ամենի։ Հասկանում ես, որ ռոմանտիկան աննկատ վերածվել է իրական սիրո կամ փոխադարձ կապվածության… Վերջին ժամանակներս, երբ իսկապես դժվարացել է կյանքը, թանկացել է ապրուստը, բարդացել են մարդկային հարաբերությունները, ամեն ինչ նյութականացվել է, երբեմն երազում եմ զորամասից դուրս գալ ու մոռանալ զորամա՛սն էլ, զինվորի՛ն էլ… մի քիչ էլ ինձնով ապրեմ, իմ կյանքով…
Էլ չեմ խոսում տան տղամարդու իմ պարտականությունների մասին. երեք երեխա ունեմ, կինս չի աշխատում և հազիվ է հասցնում երեխաներին խնամել։ Երկվորյակներիս՝ տղա-աղջիկ, ծնվելուց հետո հատկապես մեր վիճակը շատ ծանրացավ… Չէ՞ որ, ինքս ինձ մտածում եմ նման դժվարին պահերին, ես, որպես տղամարդ, պարտականություններ ունեմ ոչ միայն հայրենիքիս, այլև իմ տան, իմ երեխաների, իմ ընտանիքի նկատմամբ, որոնք ինձ համար նույնքան թանկ են ու սիրելի, նույնքան անփոխարինելի… Մի խոսքով, երբեմն, երբ շատ հոգնած եմ լինում, զորամասի դռնից դուրս եմ գալիս ու մտածում՝ տուն գնամ ու մոռանամ ծառայության մասին գոնե մինչև հաջորդ առավոտվա ժամը 8-ը… Բայց չի ստացվում, չեմ կարողանում… քանի որ ես հազար տեսանելի ու անտեսանելի թելերով ամուր կապված եմ իմ ծառայության վայրի, իմ զինվորների հետ։ Ես ինչպես անտարբեր լինեմ, անտեսեմ պարտականություններս, ինչպես մոռանամ, չմտածեմ զորամասում քնած կամ ծառայության մեջ գտնվող զինվորի մասին։ Չէ, հնարավոր չէ։ Պարտքի և պատասխանատվության զգացումը վաղուց է դարձել իմ և ինձ նման շատ սպաների էության մասը։ Ես արդեն վաղուց եմ ընտելացել զինվորական ծառայությանը բնորոշ բարդություններին, իմ աչքերը վաղուց արդեն սովոր են միանման հագուստով մարդկանց տեսքին, քիմքս՝ զորանոցի հոտին, լսողությունս՝ անվերջ կրկնվող հրամաններին, հրահանգներին, պահանջներին ու տրված խնդիրներին… Եվ ես հասկացել եմ, որ ինձ նման մարդու կամ ինձ նման սպայի համար շատ դժվար կլինի զինվորական ծառայության ժամկետը լրանալուց հետո դուրս գալ զինվորական շորերի միջից ու հազարավորների պես, հազարավորների կողքին ազատ քայլելը, ազատ քաղաքացու կյանքով՝ ինքս ինձ համար, իմ ընտանիքի համար ապրելը…
Ինձ ուրախացնում է մի բան. ինձ նմանները շատ են մեր բանակում, մարդիկ, որոնց ամենօրյա ծառայության մեջ թերևս հերոսական բան չկա, բայց կա նվիրվածություն. նրանք զինվորի հետ են ապրում և իրենց օրը մթնեցնում են զորամասում։ Թեև զորամասի սահմաններից դուրս նույն ռիթմով են ապրում նաև նրանց ընտանիքները: Ես ինձ, օրինակ, երջանիկ եմ զգում, երբ իմ փոքրիկ՝ ինը տարեկան աղջիկը՝ Մերին, արդեն հասկանում է՝ հայրիկը տանը չէ, ուշ է տուն գալիս, եթե հոգնած է և քիչ է իր հետ խաղում, որովհետև սպա է, ամբողջ օրը զինվորների հետ է և շատ կարևոր ու անհրաժեշտ գործ է անում: Երբ իմ երեխան զարմանքով հարցնում է. «Հայրի՛կ, ինչպե՞ս ես կարողանում այդքան զինվոր ղեկավարել», եւ նրա միամիտ աչքերի մեջ նայելով՝ հասկանում եմ, որ նրա համար ես իսկական հերոս եմ: Կա՞ արդյոք սրանից ավելի մեծ երջանկություն:
Եթե ինձ կամ ինձ նման սպաներին սիրում են, ապա միայն մի բանի համար՝ ինչի մասին խոսեցի։ Իսկ ես խոսեցի սովորական սպայի կյանքի և հայրենիքի նկատմամբ նրա ունեցած պարտքի, պատասխանատվության մասին։ Դու դանդաղ տարիք ես առնում, բայց քո զորամասը երբեք չի ծերանում, որովհետև այնտեղ միշտ ծառայում են 18-20 տարեկան երիտասարդ, առույգ զինվորները:
Զինվորը մեղավոր չէ, եթե ես հոգնած եմ, տանը հազար ու մի հոգս ունեմ։ Նա եկել է ծառայելու և քո՝ սպայիդ պարտքն է նրան հայրենիքի պաշտպան դարձնել, նրա մտահոգություններով ապրել, սովորեցնել, կարգի հրավիրել, դաստիարակել… Ե՛վ չտրտնջալ, և՛ երբեք չթերանալ պարտականություններդ կատարելիս։ Երբե՛ք:
Ահա ինչի համար պետք է սիրել սպային:
Զրուցեց մայոր ԳԵՎՈՐԳ ԱՍԱՏՐՅԱՆԸ
Լուս.՝ ԳԱՐԻԿ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ