Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՔՐԻՍՏՈՍ ՀԱՐՅԱՎ Ի ՄԵՌԵԼՈՑ



ՕՐՀՆՅԱԼ Է ՀԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՔՐԻՍՏՈՍԻ

Հարգելի սպաներ և զինվորներ

Հայոց բանակի,

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցում այսօր մեր Տիրոջ` Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնն է նշվում: Այս մեծասքանչ տոնին, «յարեաւ Քրիստոս» ավետիսով, Հայոց բանակի հոգևոր սպասավորների և իմ անունից օրհնություն ու բարեմաղթանքներ ենք բերում զորահրամանատարներին, զինվորներին և հավատավոր համայն ժողովրդին:

Վերստին կանչված ենք մասնակից լինելու մահվանից դեպի կյանք, կորստից դեպի փրկություն տանող աստվածային խորհրդին, որ մեզ՝ ամենքիս, հայտնի է` որպես Հարություն մարդացյալ Աստվածորդու։ Փրկագործության աստվածային առաքելության խորհուրդն է Հիսուս Քրիստոսի Հարությունը, քանզի Աստված, անապական ու անսահման իր սիրով, ժամանակի մեջ մեզանից մեկը դարձավ և հանձն առավ խաչի ճանապարհը՝ անցնելով մահվանից դեպի կյանք, որպեսզի մեզ առաջնորդի դեպի հավիտենական կյանք։ Քրիստոս հարություն առավ՝ խաչի ճանապարհը պսակելով հավիտենական կյանքի հաղթանակով։ Եվ այժմ յուրաքանչյուր տարի ամենազոր Հարության խորհրդով նորոգվում է մեր կյանքը։ Ազատության, արդարության քրիստոնեական ըմբռնումից, քրիստոնեական արժեքների կենդանարար ակունքներից բխում են անվերջ ժամանակակից քաղաքակրթության սկզբունքները՝ որպես մարդու և ժողովուրդների իրավունքների չափանիշներ։ Քրիստոնեական վսեմ արժեքներով ծնունդ են առել մարդկային մտքի ու հոգու բազում արարումներ՝ կյանքի կոչելով Աստվածաշնչի անանց ճշմարտությունը` որպես պայման ու երաշխիք խաղաղության ու հաշտության, կյանքի զարգացման ու առաջընթացի։

Քրիստոնեության սկզբնավորման պատմական օրերից ընտրվեցինք` որպես «Աստծո ժողովուրդ» և նախախնամորեն շնորհին արժանացանք ճանաչելու Աստծո սերը մեր հանդեպ ու Հարության հաղթանակող զորությունը մեր կյանքում։ Մեկ անգամ չէ, որ անցել ենք խաչելության ճանապարհը։ Ամեն անգամ մեր հոգու հույսի կայծը կրակ է դարձել ու բոցավառվել՝ բարձրացնելու համար մեր կամքը, հավերժի մեր ոգին։ Մեր ժողովրդի հարության վկան է այս հողը, որին կանգնած ենք: Հարության հավատով վերագտել ենք դարավոր մեր երազը՝ ազգային մեր պետականությունը: Ուրեմն շարունակենք Ավետարանով իմաստավորել մեր գոյությունը, հավատանք կյանքին, արդարին, գեղեցիկին ու ստեղծարար աշխատանքին։ Թեպետ տագնապներով ու համընդհանուր անվստահությամբ է լեցուն ներկան, Հարության հույսով նայենք գալիքին։ Սա մեր իրականությունն է։

Մեր հայացքը ուղղած երկինք՝ միասնաբար փառաբանության աղոթք բարձրացնենք առ Աստված՝ խնդրելով, որ Տերը Հարության սքանչելագործ խորհրդով զորացնի հայրենիքի սիրո և ազգային միաբանության մեր ուխտը, որպեսզի չվարանենք միմյանց զորակից լինել, որպեսզի Տիրոջ ողորմության ներքո անվրդով ու խաղաղ լինի մեր Հայրենիքը, Եկեղեցին, բանակն ու հայ ժողովուրդը։

«Քրիստոս Յարեաւ ի մեռելոց

Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»

Օրհնությամբ`
ՎՐԹԱՆԵՍ ԵՊԻՍԿՈՊՈՍ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
ՀՀ ԶՈՒ ՀՈԳԵՎՈՐ ԱՌԱՋՆՈՐԴ

Խորագիր՝ #12 (979) 28.03.2013 – 3.03.2013, Ազգային բանակ, Հոգևոր-մշակութային, Ուշադրության կենտրոնում


28/03/2013