Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՄԻԱՑՈՒՄ» ՖԻԼՄԻ ՊՐԵՄԻԵՐԱՆ ԲԵՐՁՈՐՈՒՄ



Բերձորի Վահան Թեքեյանի անվան թիվ 1 միջն. դպրոցի դահլիճում մարտի 24-ին կայացավ ռեժիսոր Սամվել Թադևոսյանի «Միացում» փաստագրական ֆիլմի առաջին ցուցադրումը (նկարահանված Հայաստանի ազգային կինոկենտրոնում): Ցուցադրումից առաջ Ս. Թադևոսյանը ասաց.

-Երջանիկ եմ, որ ներկայացնում եմ իմ՝ ևս մեկ հայ մարդու հաշվետվություն. սա պարտքի գիտակցում է: Պատահական չէ, որ առաջին ցուցադրումն անում ենք Արցախում. երեկ Ստեփանակերտում էինք, այսօր այստեղ՝ Բերձորում, իսկ Երևանում կցուցադրվի մարտի 25-ին: Երկար տարիների աշխատանք է այս ֆիլմը՝ իմ երազանքը, որն իրականացավ Մոսկվայում գործող «Հայաստան» մշակութային ընկերության տնօրեն Տիգրան Մանասյանի և նրա հոր՝ Լևոն Մանասյանի ֆինանսավորմամբ:

-Քաշաթաղն ինձ համար հարազատ հող է. այստեղ է նահատակվել եղբայրս՝ Սմբատ Թաթոսյանը…

Ֆիլմն սկսվեց Արցախյան շարժման առաջին օրերի մասին պատմող պատկերներով, այնուհետև անցում կատարվեց պատմական անցյալ, որ Արցախը՝ որպես հայկական տարածք, հիշատակվում է դեռևս ուրարտական Սարդուրի 1-ին թագավորի սեպագիր արձանագրությունում: Ֆիլմի հեղինակն ընդամենը 50 րոպեի ընթացքում կարողացել է նկարագրել Արցախի պատմությունը՝ սկսած մ.թ.ա. առաջին հազարամյակի սկզբից մինչև մեր օրերը: Պատմական էքսկուրսում նրան օգնել են պատմաբաններ Արա Պապյանը (հանդես է գալիս նաև ֆիլմում), Արմեն Այվազյանը և Գևորգ Հարությունյանը: Այնուամենայնիվ, ֆիլմում կարևորվում է Արցախի նորօրյա պատմությունը՝ ազատագրումը Ադրբեջանից: Շուշիի, Բերդաձորի և վերջապես Լաչինի ազատագրումով իրականություն է դառնում արցախահայության երազանքը՝ միավորվել Մայր հայրենիքին: Ֆիլմում հանդես են գալիս Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև Սրբազանը, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը, ուրիշներ:

Հանդիսատեսը՝ ուսուցիչներ, աշակերտներ, բժիշկներ, շրջանի բնակիչներ, ծափողջույններով ընդունեց ֆիլմը: Շրջվարչակազմի աշխատակազմի ղեկավար Դավիթ Դավթյանը, շնորհավորելով Սամվել Թադեւոսյանին, շնորհակալություն հայտնեց Բերձորում կայացած պրեմիերայի համար՝ կարևորելով նման ֆիլմի ճանաչողական արժեքը հատկապես մատաղ սերնդի համար: Ցուցադրությունից հետո զրուցեցի Սամվել Թադևոսյանի հետ, ով Արցախյան գոյամարտի մասին պատմող բազում ֆիլմերի հեղինակ է:

ԶՈՀՐԱԲ ԸՌՔՈՅԱՆ

Խորագիր՝ #13 (980) 4.04.2013 – 10.04.2013, Հոգևոր-մշակութային


04/04/2013