Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՔԱՐԵ ԵՐԱԶՆԵՐ



(վեպ-ռեքվիեմ)

Մոտ ժամանակներս հայերեն թարգմանությամբ լույս կտեսնի ադրբեջանցի հայտնի գրող, ճշմարիտ հայրենասեր ու իսկական մտավորական Աքրամ Այլիսլիի «Քարե երազներ» վեպ-ռեքվիեմը՝ բանաստեղծ, արձակագիր Արտակ Վարդանյանի թարգմանությամբ։

Ադրբեջանցի գրողը ծնվել է Նախիջևանում և Այլիսլին նրա գրական անունն է, որը համարժեք է հայերեն Ագուլիսին, այսինքն՝ ագուլիսցի։

«Քարե երազներում» մարդասեր գրողը աստվածացնելով իր ծննդավայրը՝ Ագուլիսը («Օ՜, ամենակարո՛ղ Տեր, բարի՛ եղիր, ասա՛ ինձ, Դո՞ւ ես ստեղծել իմ Ագուլիսը, թե՞ իմ Ագուլիսն է Քեզ ստեղծել»), միաժամանակ դառնացած ու անողոք գրչով պատմում է հայ բնակչության նկատմամբ ադրբեջանցի խուժանի և խաժամուժի վանդալիզմի, անմարդկային վայրագությունների մասին՝ Նախիջևանից մինչև Սումգայիթ և Բաքու։ Հարցազրույցներից մեկում նա խոստովանում է, որ «Քարե երազները» տպագրելու որոշումը կայացրել է միայն այն բանից հետո, երբ տեսել է, թե ինչպես է հերոսացվում Ռամիլ Սաֆարովը, ինչպես է գնալով բորբոքվում, խորանում թշնամանքը հայերի ու ադրբեջանցիների միջև։

Հեղինակն իր գիրքն անվանել է «վեպ-ռեքվիեմ» և այն նվիրել՝ «իրենց հեռանալուց հետո անդարմանելի ցավ թողած հայրենակիցներիս հիշատակին»։ Եվ, բնականաբար, գրողի քաղաքացիական անօրինակ խիզախությունը, նաև քննադատությունը այլատյացության և անհանդուրժողականության այն գաղջ մթնոլորտի, որում այսօր ապրում է ադրբեջանական հասարակությունը, չէր կարող իր իսկ դեմ չհանել այդ երկրի քաղաքական վերնախավի և ազգայնական շրջանակների միջնադարյան վայրենի բնազդը…

Այսօր Ադրբեջանում այրում են գրողի գրքերը, հրապարակավ պարսավում են նրան և դավաճան հորջորջում, զրկում են վաստակաշատ գրողի բոլոր պետական պարգևներից, ինչպես և հնչեցնում վանդալիստական կոչեր՝ կտրել գրողի ականջները… Որովհետև նա համարձակվել է բարձրաձայնելու դառը ճշմարտությունը, խոսելու դրկիցի ցավի ու տառապանքի մասին՝ հանուն մի բանի՝ իր ժողովրդի պատվի և արժանապատվության։

Նախիջևանցի է նաև Աքրամ Այլիսլիի «Քարե երազների» թարգմանիչը՝ Արտակ Վարդանյանը։ Եթե գիրքը հուզի ընթերցողի սիրտն ու հոգին, ապա միայն այն մեծ ու անսահման սիրո պատճառով, որ հեղինակն ու թարգմանիչը տածում են՝ առաջինը՝ իր ծննդավայրի, երկրորդը՝ իր կորցրած հայրենիքի նկատմամբ։

Գ. Ա.

Նվիրում եմ իրենց հեռանալուց հետո
անդարմանելի ցավ թողած
հայրենակիցներիս հիշատակին

Օ՛, ԱՄԵՆԱԿԱՐՈ՛Ղ ՏԵՐ, ԲԱՐԻ՛ ԵՂԻՐ, ԱՍԱ՛ ԻՆՁ, ԴՈ՞Ւ ԵՍ ՍՏԵՂԾԵԼ ԻՄ ԱՅԼԻՍԸ, ԹԵ՞ ԻՄ ԱՅԼԻՍՆ Է ՔԵԶ ՍՏԵՂԾԵԼ…

(հատված երկրորդ գլխից)

…Մանկության տարիներից Սադայը հաճախ երազում տեսնում էր գետի հունից դեպի վեր` եկեղեցու մոտ բարձրացող քարե աստիճանները, տեսնում էր այդ աստիճաններից ներքև սալահատակ հարթակը և այդտեղից դեպի գետի զառիվեր ափը սլացող նույնպիսի սալահատակ նեղլիկ փողոցը: Մինչդեռ այդ օրը, երբ բժիշկ Աբասալիևի հետ վերադառնում էին չկայացած ճանապարհորդությունից, Սադային թվում էր, որ թե՛ այդ եկեղեցին, թե՛ այնտեղ տանող քարե ճանապարհները, թե՛ նրա քարեղեն պատերը, թե՛ այդ արտասովոր, հինավուրց, Վուրագըրդի միակ փողոցը տեսնում է կյանքում առաջին անգամ: Երազի կամ հեքիաթի նման մի բան էր այդ ժամանակ Սադայի տեսած տեսարանը Այլիսի1 հեռավոր Վուրագըրդ2 թաղամասում, իսկ Այլիսում հայտնի Պեսմիս («պեսիմիստ») Գուլին, որ անցուդարձ էր անում իր տան դարպասի մոտ և բարձրաձայն խոսում ինքն իր հետ, միայն ուժեղացնում էր հոգու մեջ այն խորհրդապաշտական տրամադրությունը, որը համապատասխանում էր այդ տեսարանին:

Գուլին բոլորովին չէր փոխվել: Երբ նրա նոպան սկսվում էր, միշտ տնից դուրս էր գալիս, պտտվում դարպասների մոտ և օրերով` առավոտից երեկո, փրփուրը բերանին բարձրաձայն և անընդմեջ խոսում էր ինքն իր հետ: Իբր ինչ-որ մեկը ամեն օր թույն է լցնում դեպի իր բակը հոսող առվի մեջ: Այդ «վնասարարների» հասցեին էլ Գուլին անվայել լուտանքներ էր թափում: Նա սարսափելի հայհոյանքներ էր տեղում իր բակը քարեր նետող, տանիքը մագլցող երեխաների հասցեին: Հեռվից հեռու սպառնում էր այն երիտասարդներին, որոնք, իբր, վաղուց համառորեն ուզում էին իր սապատավոր կնոջն ու պառաված հիվանդ աղջիկներին գայթակղել…

Բժիշկ Աբասալիևը գրպանից թղթադրամ հանեց և խոթեց Գուլիի գրպանը: Նա լռեց և զարմացած երկար նայեց բժշկին:

– Ի՞նչ է, Գուլի՛, չճանաչեցի՞ր ինձ,- հարցրեց բժիշկը:

Պեսմիս Գուլին մի քիչ մտածեց, ապա հանկարծ շրմփացրեց նրա ուսին ու ասաց.

– Դու Զուլֆին ես, էդպես չի՞: Իսկ քո ուղեկցին միանգամից ճանաչեցի: Երեխա ժամանակ ամեն օր էստեղ պարապ-սարապ թրև էր գալիս:- Գուլին թափով ցնցեց բժշկի ուսը:

– Լսի՛ր, Զուլֆի՛, իսկ դու ո՞նց ես հայտնվել էստեղ:

– Եկել եմ, որ տեսնեմ` ո՞նց ես էստեղ գլուխ հանում քո ջիններից,- պատասխանեց բժիշկ Աբասալիևը` զգուշորեն աչքով անելով Սադային:- Դե, Պեսմի՛ս, էլի ի՞նչ են նրանք ականջիդ քչփչում: Միայն գիշե՞րն են գալիս, թե՞ ցերեկն էլ են քեզ տանջում:

– Դե լավ, դու էլ խոսելու բան գտա՞ր,- վրդովվեց Գուլին:- Դեռ քեզ էլ բժիշկ ես համարում:

– Ի՞նչ, ուրեմն ջինների հետ գործերդ վերջացրե՞լ ես: Իսկ էս տարի մի բան ցանե՞լ ես քո բակում:

– Իհարկե, ցանել եմ, ո՞նց չցանեմ,- բարձր հայտարարեց Պեսմիս Գուլին, բայց իսկույն էլ խոսակցությունը փոխեց.- Բայց էս սրիկաները կթողնե՞ն ցանածիցդ մի բան հավաքես:

– Հետո էլ ասում ես` ջինները ձեռ են քաշել քեզնից:

– Ո՞նց ձեռ կքաշեն: Էստեղի բոլոր ապրողները հարյուր անգամ ջիններից սարսափելի են:- Պեսմիս Գուլին աքացիով բացեց դարպասը:- Ահա՛, ինքդ հիացի՛ր: Տեսնո՞ւմ ես, էս սրիկաները ջրի մեջ թույն են լցրել, և իմ բոլոր ծառերը սկսել են չորանալ:

Սադայը նայեց բակի կողմը. ծառերը հիմնականում ծիրանենիներ էին, մի քանի խնձորենի, տանձենի, պնդուկի թուփ և դեղձենի: Կեռասենու բնին այծ էր կապած, որի կուրծքը կախվել էր ծնկներից ցած: Ցանկապատի մոտ աճած կծոխուրի թփերի մեջ մի քանի հավ էր ճտերի հետ քուջուջ անում: Բակում ոչինչ չէր ցանած: Բայց և ծառերից ոչ մեկը չորացողի նման չէր:

– Դե դու գիտես, երիտասա՛րդ, սա ծեր խելագար է:- Բժիշկ Աբասալիևը դա ասաց, երբ նրանք հեռացել էին Գուլիի դարպասից: Սալահատակ փողոցով ներքև իջնելով և աչքը շրջապատող տներից չկտրելով` նա սկսեց Սադային պատմել միանգամայն անսպասելի, սարսափելի և տարօրինակ պատմություն:

– Ես քեզ մի բան կպատմեմ, երիտասա՛րդ, միայն թե վախենամ` ինձ էլ խելագար համարես: Այստեղ` Այլիսում, իսկապես ջինները շատ են: Ջիններ ասելով` հիմա նկատի ունեմ ոգիներին: Դու գիտե՞ս, թե ում տանն է ապրում Գուլին: Մի ժամանակ այնտեղ հայ էր ապրում, շիլաչք մի քարտաշ` Մինաս անունով: Նրա նախնիներն էլ էին հին ժամանակներից քարտաշներ եղել: Բազմաթիվ եկեղեցիների տաշած քարեր Մինասի նախնիների աշխատանքն են: Մինասն էլ ծնված օրից քարի հետ գործ ուներ` շիրմաքարեր, սանդեր, ջրաղացքարեր և շատ ու շատ այլ բաներ էր պատրաստել… Այս խելագար Գուլիի պապը` Աբդուլլան, իր թոռան նման անբան ու տխմար էր: Վաստակում էր շուկայում բեռնակրություն անելով, գետից չայխանա ջուր կրելով, ինչ-որ խղճուկ գրոշներ էր առնում, դրանցով էլ գլուխը պահում: Բայց, պատկերացնո՞ւմ ես, երբ Էդիֆ բեյը հրամայեց Այլիսի հայերին ոչնչացնել, այդ շնագայլ Աբդուլլան հանկարծ առյուծ կտրեց: Տուն վազեց, կացինն առավ ու նետվեց Մինասի տուն:

Մինասը, հանգիստ նստած, քար էր տաշում: Նենգաբարո Աբդուլլան կացնով հարձակվեց նրա վրա և գլուխը կտրեց, իսկ հետո չխնայեց խեղճի ո՛չ կնոջը, ո՛չ երեխաներին: Դե, բարի՛ եղիր, ասա՛ ինձ ազնվորեն, մի՞թե հիմա այդ Գուլին կարող է հանգիստ ապրել Մինասի տանը: Չի՛ կարող: Աստծո՛վ եմ երդվում: Մորթված Մինասի հոգին երբեք նրան հանգիստ չի տա: Աստված այնքան մոռացկոտ չէ, որ այսպիսի հրեշավոր ստորությունը մոռանա:

Վուրագըրդի խորհրդավոր տեսարանը, ըստ երևույթին, մեծապես ազդեց նաև բժիշկ Աբասալիևի վրա: Նա հաճախ կանգ էր առնում, ուշադիր նայում ոտքերի տակ հազարամյակներ շարունակ ողորկացած գետաքարերին, որոնցով սալահատակած էր փողոցը: Անվերջ զարմանքով նայում էր ավերված և ավերվող հին տներին` աչքը չկարողանալով կտրել բակերից ու ծառերից: Եվ գուցե հենց այդ օրը, Պեսմիս Գուլիի հետ խոսակցությունից հետո, հոգեբանի բնական մղումով որոշեց ուսումնասիրել և հիմնավորել սեփական գիտակցության մեջ հանկարծ տեղ գտած վիճելի մտքերը:

-Այն այլիսցի ընտանիքներում,- բորբոքված սկսեց նա ինչ-որ անբնական ձայնով,- որոնք հայի տուն են բռնազավթել, հոգեկան հիվանդներ կան. դա ես քեզ որպես բժիշկ եմ ասում: Այդ տներից որևէ մեկում գոնե մի անգամ հանգստություն տեսե՞լ ես: Արի հաշվենք Վուրագըրդից ներքև ընկած բոլոր տները, եթե կասկածում ես: Սկսենք, ահա, Միրըղ Մուզաֆֆարի տնից, որ Քարե եկեղեցու կողքին է: Ո՛չ ինքը, ո՛չ էլ իր կինը հոգեկան շեղումներ չեն ունեցել: Որովհետև այն տները, որոնցում նրանք ծնվել և մեծացել են, չեն զավթվել կոտորածների ժամանակ: Իսկ, ահա, տես՝ ինչ երեխաներ ունեն նրանք` բոլորը հոգեկան հիվանդներ են: Ընդ որում` շիզոֆրենիայի դասական օրինակ: Ժամանակին ինձ մոտ` հիվանդանոցում, ես բուժել եմ Մուզաֆֆարի երկու աղջիկներին: Եվ բուժել եմ՝ ինչպես որ պետք է: Այժմ դու կարող ես փողոցում՝ աղբյուրի մոտ հանդիպել այդ աղջիկներին: Նրանք հիվանդ ոչխարների տեսք ունեն: Ոչ ոքի չեն բարևում, ոչ ոքի հետ չեն խոսում: Քանի որ այդ հիվանդությունն անբուժելի է:

Շարունակելի

1. Նախիջևանի Գողթն գավառի մշակութային նշանավոր կենտրոն Ագուլիս ավանի ադրբեջանականացված ձևն է (ծանոթագրությունները` թարգմանչի): 1919 թվականի դեկտեմբերի 24-25-ի եղեռնից հետո Ագուլիսը վերածվել էր երկու խղճուկ ադրբեջանաբնակ գյուղերի:

2. Ագուլիսի Վերին գետ կամ Վարակերտ թաղամասն է:

Ռուսերեն հեղինակային բնագրից
թարգմանությունը` ԱՐՏԱԿ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #13 (980) 4.04.2013 – 10.04.2013, Հոգևոր-մշակութային


04/04/2013