Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄՏՈՐՈՒՄՆԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԻ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՄՈՏ



Կյանքումս թեեւ շատ հուշարձաններ եմ տեսել, բայց այս մեկը սրտումս իր խոր հետքը թողեց: Մի բան, որ տեղի ունեցավ, երբ հերթական անգամ այցելեցի զոհված ազատամարտիկի ընտանիք:

Մարտի 2-ին ես Ռոզա մայրիկի տանն էի՝ նրա որդիների զոհվելու օրն էր: Դուռը բացեց նա եւ իմ առջեւ կանգնեց ինչպես «Մարմնացած հուշարձան»: Նայելով նրա խոր ընկած, ցամաքած աչքերին՝ ակամա մտածեցի՝ քանի տարի շարունակ արտասվել են այդ աչքերը և ցավից փոս ընկել, ասես ինչ-որ մեկը դրանք ուժով ներս էր հրել: Նրա կնճռոտ դեմքը նման էր մագաղաթի, որի վրա, թվում էր, պատկերված է մի ամբողջ ժողովրդի պատմությունը…:

♦♦♦

Արցախյան շարժման տարիներն էին: Ռոզա մայրիկի ընտանիքն ապրում էր գյուղացու հասարակ, տագնապալի կյանքով. նրա որդիներից երկուսը՝ Արթուրը և Յուրին, ընկել էին մարտի դաշտում՝ հերոսի մահով: Նրանց արյան գնով ազատագրվեց մի փոքրիկ հողակտոր ևս՝ «Հայորդու թափած մեկ կաթիլ արյան դիմաց՝ մի թիզ հող» չգրված օրենքով: Երրորդ որդին՝ Արմենը, դաժանորեն սպանվեց դարանակալած խուժանի ձեռքով՝ աշխատանքից տուն վերադառնալու ճանապարհին:

… Ու հիմա Ռոզա մայրիկը մենակ է ապրում:

♦♦♦

Մտնելով ներս՝ գրկախառնվեցի նրան, սեղմեցի կրծքիս և խորին ցավակցությունս հայտնեցի: Ականջներումս մինչ օրս նրա ծանր հոգոցն է՝ կորստի ցավ ապրած մարդու սոսկալի թառանչ: Ես հարցրի նրան՝ արդյոք ամբողջ օրը մենակ է անցկացնում. նա հայացքը ուղղեց պատից կախված նկարներին (իր որդիների մանկության և երիտասարդության տարիների անհոգ նկարներն էին) ու ասաց.

– Իսկ իմ որդինե՞րը, նրանք միշտ ինձ հետ են, ես միշտ խոսում եմ նրանց հետ:

Ես ցնցվեցի այդ պատասխանից, հոգիս տակնուվրա եղավ…

Ես ցանկություն հայտնեցի այցելելու նրա որդիների շիրիմներին և իմ հարգանքի տուրքը մատուցելու զոհված հերոսների հիշատակին: Ասացի, որ պետք է գնամ: Նա թախծոտ հայացքը բարձրացրեց ու ասաց.

– Որդի՛ս, վերցրու սեղանիս բոլոր անուշեղենը և կբաժանես զինվորներին. երբ որդիներս զինակից ընկերների հետ գալիս էին աշխատելու, տղաներս քաղցրավենիքով էին հյուրասիրում նրանց:

Շրջվեցի, զգալով, որ աչքերիցս արցունքներ գլորվեցին…

Ուղևորվեցի գերեզմանոց: Սկսեցի փնտրել Ռոզա մայրիկի հերոս որդիների շիրմաքարը: Հանկարծ քիչ հեռվում աչքիս զարնեց երեք եղբայրների պատկերներով հուշարձանը: Մոտեցա, սկսեցի ակնդետ նայել. մտքերս գնալով խռնվեցին… Խոսքերն ավելորդ էին, պետք էր միայն լռել ու հարգել հերոսների հիշատակը: Եվ ես ծնկի իջա, ծաղիկները դրեցի հուշարձանի սալաքարին և սկսեցի մաքրել տարիների փոշին, որի վրա, թվում էր, հավերժությունն իր դրոշմն է դրել… Դա ինձ համար մեծ պատիվ էր:

Եղբայրների արձանացած պատկերին նայելիս՝ զգացվում էր, թե ուր որ է՝ նրանք պատրաստ էին դուրս ժայթքելու կարծր քարի միջից ու նորից մարտի նետվելու թշնամու դեմ՝ հանուն գալիքի, մեր վաղվա օրվա՝ շարունակելով իրենց լուռ հաղթարշավը…

Ես՝ հայոց բանակի զինվորս, ոգեշնչված նրանց անխորհուրդ սխրանքից, անձնազոհությունից, միշտ պատրաստ եմ զենքը ձեռքիս նետվելու մարտի՝ պաշտպանելու հերոսների արյան գնով ինձ ժառանգված այս մի բուռ հողակտորը՝ իմ ազատ ու անկախ հայրենիքը:

Հավերժ փա՛ռք հերոսներին…

ՍԵՐՅՈԺԱ ԱՎԵՏԻՍՅԱՆ
ավագ սերժանտ
դասակի հրամանատար

Խորագիր՝ #13 (980) 4.04.2013 – 10.04.2013, Բանակ և հասարակություն


04/04/2013