Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍՅՈՒՆՅԱՑ ԱՇԽԱՐՀԻ ՓՈՔՐԻԿ ԺԱՌԱՆԳՆԵՐԸ



Տոնական միջոցառում հայոց բանակի 21-րդ տարեդարձի առթիվ

Շարունակվում են տոնական միջոցառումները հայոց բանակի 21-րդ տարեդարձի առթիվ։ Վերջերս իմ հեղինակային «Սյունյաց աշխարհի թագավորությունը» նկարազարդ հեքիաթի գրքերով հյուրընկալվել էի Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Վազգեն Սարգսյանի անվան թիվ 1 նախակրթարան։ Եռագույն դրոշները պարզած, զինվորական համազգեստներով մանկապարտեզի սաները մեկիկ-մեկիկ ծաղիկներ դրեցին Սպարապետի դիմանկարի առջև, ապա իրենց դաստիարակների հետ ուղևորվեցինք զորամաս։ Խրոխտ քայլերով բեմ բարձրացան և ռազմահայրենասիրական բոցաշունչ երգերով խանդավառեցին ողջ սպայական անձնակազմին։ Նրանց ծափողջույններով նվագակցում էին զինվորները։

Բանակի կազմավորման, անցած ճանապարհի մասին հուշերը պատմեցին և գնահատանքի խոսքով ելույթ ունեցան նախակրթարանի տնօրեն Սաիդա Ադունցը, փոխգնդապետ Բաբայանը, որոնք երախտագիտության խոսքեր ասացին շնորհալի սաներին։ Հրամանատարության կողմից պատվոգիր շնորհվեց Սաիդա Ադունցին, որն իր դաստիարակների հետ անխոնջ աշխատանքով մեծապես նպաստել էր հայրենանվեր միջոցառման կայացմանը։

Պահը հուզիչ էր և ոգեշնչող։ Ես իմ մանկական գիրքը սիրով նվիրեցի փոքրիկներին, իսկ զորամասի գրադարանին նվիրեցի իմ «Հույսի ծառերը կխոսեն դարերում», «Ճերմակ աղավնիներ», «Գանձասարը» գրքերը։

Ոգևորությունն ու խանդավառությունը, որ դեռ շարունակվում էր միջոցառումից հետո, վկայությունն էր այն իրողության, որ կայացել է, զորեղ է հայոց բանակը։

Եվ Վ. Սարգսյանի անվան նախակրթարանի փոքրիկ սաները ժառանգորդն են այդ ամենի և վաղը զինվորի համազգեստ հագած պատվով կշարունակեն նախնիների սուրբ գործը։

ՀԱՅԿՈՒՇ ՕՀԱՆՅԱՆ

Խորագիր՝ #13 (980) 4.04.2013 – 10.04.2013, Բանակ և հասարակություն


04/04/2013